Ջոն Լոքի «Որոշ խոհրդածություններ կրթության վերաբերյալ» գրքի Մատթեոս Մամուրյանի  թարգմանության մի առանձնահատկություն

 

Եվրոպական արդի մանկավարժության առանցքային մոտեցումները ձևավորվել են ֆրանսիական լուսավորիչ Ժան-Ժակ Ռուսոյի փիլիսոփայության հետ սերտ կապի մեջ։ Ռուսոն անգամ համարվում է արդի իմաստով մանկավարժության` որպես առանձին գիտակարգի հիմնադիր։ Սակայն, կարևոր է շեշտել, որ Ռուսոյի մանկավարժական հայացքներն իրենք մի մեծ չափով ազդված են եղել նրանից մոտ կես դար առաջ ապրած բրիտանացի էմպիրիստ Ջոն Լոքի Որոշ խոհրդածություններ կրթության վերաբերյալ աշխատությունից։ Ըստ էության, Ռուսոյի Էմիլը, նրա գլխավոր մանկավարժական երկը, գրված է Լոքի հիշյալ աշխատության հետ երկխոսության մեջ։ Էմիլում բազմաթիվ են այն հատվածները, որտեղ գրեթե նույնությամբ կրկնվում են Լոքի գործնական առաջարկները. երեխաների հանդեպ մարմնական պատժի բացառում կամ խիստ սահմանափակում, նրանց առօրյայի հագեցումը խաղերով ու զբոսանքներով, արհեստների ուսուցման վրա հատուկ շեշտադրում և այլն։ Սակայն այս երկու մտածողների համար սկզբունքորեն այլ է այն ընդհանուր մթնոլորտը, որում պետք է կրթվի երեխան, և այն նպատակը, հանուն որի մանուկների կրթությունը պետք է կարևորվի։ Լոքի համար իր բոլոր խոհուրդները ելնում են Բրիտանիայում արդեն գոյություն ունեցող կյանքի ձևերից և նպատակ ունեն այդ նույն կյանքի ձևերի մեջ մնալով` այդ կյանքը բարելավել։ Այս իմաստով Լոքի համար առաջնային կարևորություն են ստանում բրիտանական գյուղացու, բրիտանական ազնվականի բարքերն ու սովորույթները։ Ռուսոյի համար՝ հակառակը, կրթությունը ոչ միայն կապված չէ գոյություն ունեցող կյանքի ձևերի հետ, այլև ուղղված է դրանց դեմ։ Կրթության նպատակն է փոխել կյանքը, փոխել այն եղանակները, որոնցով մարդիկ ապրում են։ Այս առումով Ռուսոյի կրթական ծրագիրը խորապես քաղաքական է. այն նպատակ ունի կրթական քաղաքականությամբ փոխել կյանքն ու մարդկանց բարքը։ Պատահական չէ, որ Ռուսոյի փիլիսոփայության մեջ դաստիարակությամբ մանուկ հասակից մարդու բարքը փոխող մանկավարժի և պետական համակարգի օգնությամբ ժողովրդի վարքի վրա խիստ սահմաններ դնող օրենսդրի կերպարները զուգահեռ շատ գծեր ունեն, երբեմն անգամ նույնական են։ Մեզանում արդի կրթության տարածվելուն զուգընթաց դժվար չէ տեսնել, որ կրթության այս երկու պատկերացմուներից առավել տարածված է եղել երկրորդը։ Ռուսոյական կրթական ոգին գրեթե համատարած է հայ լուսավորիչների շրջանում։ Նալբանդյանի համար, օրինակ, թե՛ կրթվելը, թե՛ պետական իրավական համակարգ կառուցելը հենվում են սեփական կյանքին՝ բարքին դեմ գնալու նույն սկզբունքի վրա։ Այս ետնաբեմին բնորոշ է նույն Նալբանդյանով ոգեշնչված մեկ այլ հայ լուսավորականի՝ Մաթևոս Մամուրյանի մոտեցումը։ Վերջինս հայ իրականության մեջ, որքանով մեզ է հայտնի, Լոքի Խորհրդածությունների միակ թարգմանիչն է։ Բնութագրականը, սակայն, նրա  թարգմանության մեջ այն է, որ թարգմանիչը գրքին նախորդող փոքրիկ նախաբանում Լոքի կրթական նախագիծին մոտենում է հետահայաց կերպով` Ռուսոյի փիլիսոփայությանն առավել բնորոշ անկյան տակ։ Մամուրյանը համեմատում է մանկավարժին օրենսդրի հետ և դաստիարակության գործի հաջողման հետ լծորդում հայ ազգի ապագան։ Մանկավարժը Մամուրյանի աչքում դառնում է ոչ թե սովորությունների վրա հենվող, դրանք ներսից դարմանել ջանացող գործիչը, այլ սրբազան օրենք հիշեցող ճշմարիտ սկզբունքների ուժով հայերի բարքը փոխող մեկը։ Այս առումով այնքան սուր է մեզանում մանկավարժությունը ռուսոյական, այսինքն՝ կյանքի հաստատված ձևերը արմատապես փոփոխելու անկյան տակ դիտելը, որ անգամ հակառակ փիլիսոփայական դիրքորոշմամբ հեղինակների աշխատությունները մեր լուսավորչիներն ինքնաբերաբար տեսնում են նույն լույսի ներքո են տեսնում։ 

Վավերագիրն ըստ՝ Մատթեոս Մամուրեան, «Լոքի Դաստիարակութեան վրայ. Յառաջաբան», Կիլիկիա, 1960, թիվ 5, էջ 349-351։

 

Լոք
Դաստիարակութեան վրայ

Յառաջաբան

Դաստիարակութեան վրայ որչափ գրուի, դարձեալ գրելիքը չի հատնիլ. պատճառը՝ նրա բնական աղբիւրը երբեմն պղտորում է, երբեմն թիւր շաւիղ է առնում կամ  լիովին ցամաքում ներքին կամ արտաքին պարագաներից: Ուստի մեծ և առաքինի մարդիկ նորա բուն ակունքը, որ ծնողաց սրտումն է բղխում, ջանք են անում բանալու և մարդս իր մարդկութեան մէջ կանգնեցնելու: Ճշմարիտ է, հօր ուղիղ դիտողութիւնն և մօր սէրն և գորովը տղայի առաջին դաստիարակն են, սակայն երբ նրանք իրանց պաշտօնը թերութեամբ են կատարում, մոռանում են կամ չեն իմանում, այն ժամանակը բնութեան ամենընտիր օրէնքը խանգարում են և ամէն կողմից թշուառ հետևութիւններ են յառաջ բերում և մարդս նախախնամութենից իրան շնորհած ձիրքն և կոչումը անտես առնելով, տակաւ առ տակաւ անբան արարածներու կարգն է ընկնում: Ուստի այս թշուառութեան առաջն առնելու համար գիտութիւնը վրայ է հասնում. դաստիարակութեան բնական և յառաջադէմ օրէնքը, որ մարդուս յատկութիւններից քաղած է, ի գիր է առնում և նորից ընծայում է մարդուն:

Ինչպէս ամէն ազգ իր օրէնսդիրը, նոյնպէս ամէն մարդ յայտնի կամ անյայտ իր դաստիարակն ունեցել է իր կեանքին մէջ. առաջինը օրէնքներ է հաստատել ժողովրդեան սովորութեան և վիճակին համեմատ. երկրորդը հոգիներ է մարզել, քաղաքացիներ պատրաստել: Ուրեմն մի դաստիարակի պաշտօնը աւելի ծանր և կարևոր է քան թէ օրէնսդրինը, որուն կարևորութիւնը այնքան թեթևանում է, որքան որ ընտիր դաստիարակութեան պտուղները հասուն, ազնիւ և գեղեցիկ լինին ու շատանան: Ամէն դար քաղաքակիրթ ազգաց մէջ նոր նոր դաստիարակութեան դրութիւններ է թափում, դարձեալ Եւրոպա գոհ չէ և միշտ գանգատում է, թէ դեռ կատարեալ դաստիարակութեան ճանապարհի վրայ չէ կանգնած:

Ուստի թէ որ միահամուռ իրանց հայրենիքումը կեդրոնացած և լուսաւորեալ ազգերը այսպէս տրտնջում են.,Հայք՝ որ ցիր և ցան կենում են աշխարհիս ամէն կողմը այլևայլ սովորութիւններու և բարուց ներքև, ո՞րչափ ևս առաւել հարկաւորութիւն ունին ուղիղ և գործադրելի դաստիարակութեան սկզբունքներ սովորելու, որոնք ի գործ դրուելով իբրև մի բարոյական կապ, մերազնէից նժդեհ հոգիները միմեանց հետ կարող կլինին կապելու:

Ահա Ճոհն Լոքի դաստիարակութեան վրայ խորհրդածութիւնները նոյն պայմանները բովանդակելուն համար և մենք յարմար դատեցինք թարգմանելու և մեր սիրելի ազգին նուիրելու: Այս հեղինակս, որ եօթնևտասաներրորդ դարումը իբր իմաստասէր նշանաւոր եղել է և փիլիսոփայութեան աշխարհին մէջ մի մեծ յեղափոխութիւն է ներգործել, դաստիարակ լինելով մի մեծանուն Լօրդի որդւոյ, ինքնափորձ, պարզ, խորունկ և գործնական տեսութիւններ քաղած է դաստիարակութեան վրայ, ինչպէս որ յետագայ յօդուածներիցը ընթերցողը կարէ դատել և մինչև այսօր այս նիւթիս վրայ ընտիր և ընդունելի գրուածներից մինն ևս համարուել է այս իմաստասիրինը:

 

Մ. ՄԱՄՈՒՐԵԱՆ