Ռուսական մամուլը՝ Հակոբ և Դավիթ Արզանովների Հայոց թագավորության պատմության ուրվագծման փորձ գրքի (Մոսկվա, 1827 թ.) առնչությամբ

 

Պետականության ինչպիսի՞ ըմբռնումներ է մեզ ժառանգել 19-րդ դարասկզբի ռուսահայ հասարակական-քաղաքական միտքը: Այս հարցին մոտենալու եզրեր է տալիս Մոսկվայում գործող Հակոբ և Դավիթ Արզանով եղբայրների՝ 1827 թվականին հրատարակած Հայոց թագավորության պատմության ուրվագծման փորձ ռուսալեզու գիրքը: Վերանայելով 5-րդ դարի պատմագիտական ժառանգությունը՝ վերջինս առաջ էր քաշում միապետականության իդեալը՝ իբրև հայ ազգի պատմական անցյալի խորքերում բնականորեն ի հայտ եկած և նրա բարօրությունը պաշտպանող պետական կարգ: Արզանովների՝ այս գաղափարը հիմնավորող դատողությունների ճանապարհն ու մոտեցումներն արժանացել էին ժամանակի ռուսական մամուլի ուշադրությանը: Ստորև ներկայացված հոդվածը, որ լույս էր տեսել նույն թվականի Московский телеграфъ ամսագրի համարներից մեկի «Մատենագիտություն» բաժնում, քննադատական արձագանք էր սույն գրքին: Թեև նշված չէ հեղինակի անունը, այնուամենայնիվ տեքստի բնույթից և գրելաոճից կարելի է ենթադրել, թե հոդվածագիրը ամսագրի գլխավոր խմբագիր Նիկոլայ Պոլևոյն էր:[1]Նիկոլայ Պոլևոյի կողմից հայ պատմագիտական ժառանգությանն անդրադարձող գրախոսականի ենք հանդիպում նույն ամսագրի՝ 1831 թվականի համարներից մեկում: Սրա, ինչպես նաև ներկայացված հոդվածի բռնած քննադատական ելակետից ենթադրել ենք Ն. Պոլևոյի՝ որպես սույն հոդվածի հեղինակ լինելը: Այնուամենայնիվ մեր ենթադրությունը փաստական հավաստման կարիք ունի և պետք է ընդունել վերապահորեն:

Ռուս գրախոսն իր ուրախությունն էր հայտնում գրքի հրատարակության առթիվ՝ քննելով դրա պատմագիտական նշանակությունը և վերջում հավելյալ անդրադարձ կատարելով նաև գրքում տեղ գտած նկարազարդումներին: Մի կողմից՝ գրքի հրատարակությունը հեղինակն անհրաժեշտ էր դիտարկում իր ժամանակների Ռուսաստանում «արևելյան գրականության» հանդեպ մեծացող հետաքրքրության համատեքստում: Սակայն մյուս կողմից՝ նա քննադատաբար էր մոտենում թե՛Արզանովների գրքի բովանդակությանը, թե՛ նրանց՝ որպես արդի պատմագիտության սկզունքներին հավատարիմ հեղինակների: Քննադատը կասկածամտությամբ էր վերաբերվում հայերի՝ 5-րդ դարի պատմության այն մեծ արժանիքին, որը տալիս էին Արզանովները: Որոշ հեգնական, որոշ լրջմիտ տոնով նա որպես «պատմահայր» ըմբռնված Խորենացուն դիտում էր որպես մի «հեքիաթագրի», որի պատմություններին, ըստ նրա, անվերապահորեն հավատում էին երիտասարդ հայ հեղինակները: Արժեզրկելով այս ժառանգությունը՝ արժեզրկվում էր այն գլխավոր հենարանը, որի վրա կառուցված էր Արզանովների՝ հայոց պատմության գիտական շարադրանքի հիմնական թեզը՝ հայերի՝ որպես առաջին բարի միապետական իշխանություն ունեցած ազգի դրույթը: Քննադատը միաժամանակ զուգահեռում էր Արզանովներին իրենց հին պատմիչների հետ՝ անուղղակիորեն մատնանշելով նրանց անտեղյակությունը պատմագիտության և քննադատության արդի սկզբունքներից:

Արզանովները պատմական աղբյուրների հետ աշխատելու հիմքում էին դրել դրանց վերանայման քննադատական մոտեցում, որն, ըստ երևույթին, Մոսկվայի կայսերական համալսարանում ստացած կրթության և ռուս դասախոսներ՝ մասնավորապես Միխայիլ Կաչենովսկու ու Ալեքսեյ Մերզլյակովի ազդեցության արդյունք էր: Այնուամենայնիվ, ռուս հոդվածագրի դիտարկմամբ, հաջողված չէր ոչ իրենց աշխատանքի պտուղը, ոչ էլ նրանց՝ որպես արդի հեղինակների կայացումը: Եվ չնայած սրան, նրա համոզմամբ, հայ հեղինակները հայկական պատմական աղբյուրները դարձնում էին նյութ եվրոպացի և ռուս ուսումնասիրողի համար՝ տեղակայելով դրանք վերջիններիս պատմագիտության շրջանակում: Սակայն դրա հետ մեկտեղ Արզանովների սեփական դատողությունների բացակայության քննադատությունը ինքնուրույն մտածողության բացակայության քննադատություն էր, որն ուղենշում էր երիտասարդ հայ հեղինակների՝ կիսակատար գաղափարաբանությամբ հայկական պետականության սահմանման փորձը:

Հրապարակվում է ըստ՝ «Հայոց թագավորության պատմության ուրվագծման փորձ, գրված Հ. և Դ. Արզանովների կողմից։ Հնագույն պատմություն, զարդարված 26 փորագրանկարներով։ Հրատարակվել է հեղինակների ծախքով։ Մոսկվա, 1827 թ, Ս Սելիվանովսկու տպարան, 4, XXII և 182 էջ:», անստորագիր գրախոսական, ըստ՝ Московский телеграфъ, 1827, մաս 14, թիվ 8, էջ 314-317, թարգմանությունը ռուսերենից՝ Աննա Համբարձումյանի՝ Մարիամ Դանիելյանի աջակցությամբ:

 

Հայոց թագավորության պատմության ուրվագծման փորձ, գրված Հ. և Դ. Արզանովների կողմից։ Հնագույն պատմություն, զարդարված 26 փորագրանկարներով։ Հրատարակվել է հեղինակների ծախքով։ Մոսկվա, 1827 թ, Ս Սելիվանովսկու տպարան, 4, XXII, և 182 էջ։

Ցանկանալով որքան հնարավոր է լայնորեն տարածել մեր ժամանակներում ավելի ու ավելի սերտացող կապերը արևելյան գրականության հետ` մենք ուրախացանք երկու երիտասարդ հայ գրականագետների գրքի երևան գալու կապակցությամբ։ Հավասարապես տիրապետելով մայրենի լեզվին և ռուսերենին` նրանք մի քանի տարի հատկացրել են՝ կազմելու հայոց պատմական աշխատություններից կարևորագույն փաստերի ընտրանի, և որն այժմ ներկայացված է հանրության դատին։ Թեպետ գրքի վերջում չի ասվում` ունենալու է այն շարունակություն, թե ոչ, այնուամենայնիվ նախաբանից ենթադրում ենք, որ ամբողջ աշխատությունը պետք է բաղկացած լինի երեք մասից։ Հրատարակված առաջին մասն ընդգրկում է հնագույն պատմությունը՝ [с.м.]-ից[2]Ռուսերեն «с. м.» հապավումն ըմբռնելի չէ, գուցե ենթադրում է՝ сначала мироздания: մինչև ք.ծ. 428 թվականը։

Դատելով այն բանից, թե ինչ է մեզ հայտնի մինչ այժմ, հայ գրականությունը, թերևս, չի կարող եվրոպացիներին հրամցնել այնպիսի գանձեր, որոնք նրանք արդեն իսկ գտել և դեռևս ակնկալում են գտնել արաբական, չինական, պարսկական և հնդկական գրականության մեջ։ Այնուամենայնիվ ընդունենք, որ հայ գրականությունից մեզ դեռևս շատ քիչ բան է հայտնի։ Հավաստիացնում են, թե հայկական վանքերի և բազմաթիվ հարուստ հայերի գրադարաններում պահվում են գրքերի և ձեռագրերի հսկայական հավաքածուներ, և թե դրանցում կգտնվեն հայ պատմագիրների, բանաստեղծների, փիլիսոփաների և այլնի, և այլնի հոյակապ ստեղծագործությունները։ Այդ պարագայում մնում է միայն ցանկալ, որ լուսավորությունը խորապես թափանցի այս բազմաքանակ ազգի մեջ և Եվրոպայի հետ իր գանձերով կիսվելու մղում արթնացնի։ Նրան իսկ ավելի պատիվ կբերի այն, երբ իմանանք, որ հասարակական գործունեությունից զատ այս ազգն առանձնանում է նաև մտավոր գործունեությամբ։ Իսկ մեր օգուտը կլինի այն, որ մի ավել բան կհավելենք մարդկային իմացության գանձարանին։

Եթե հարցնեն մեր կարծիքը պարոն Արզանովների աշխատանքի մասին, կհաստատենք վերն ասվածը, որ նրանց աշխատանքը բավականին օգտակար ենք համարում, խնդրում ենք շարունակել գործը, ավելի ու ավելի ծանոթացնել մեզ հայ գրականությանը և անգամ հույս ունենք, որ նրանց օրինակը լավ ներգործություն կունենա իրենց ցեղակիցների վրա:

Ինչ վերաբերում է բուն գրքին, ապա այն հայ հեղինակների գործերից քաղված ընտրանի է` Եղիշե, Ղազար Փարպեցի, Ագաթանգեղոս, Մովսես Խորենացի և նորագույն ժամանակների հայ գրող Միքայել Չամչյան, ով ապրել է XVIII դարի վերջին (բացառությամբ Մովսես Խորենացու` սրանք մեզ բոլորովին անծանոթ անուններ են, որոնց հանդիպում ենք գրքի նախաբանում). ընտրանի, որ տրվել է ամբողջությամբ այս հեղինակների ոգով, որոնք բոլորովին չէին իմանում, թե ինչ բան է պատմությունն ու քննադատությունը։ Եվ մենք շնորհակալ ենք պարոն Արզանովներին, որ նրանք մեզ փոխանցում են ամեն բան ճիշտ այն տեսքով, ինչ տեսքով նրանք գտել են իրենց աղբյուրներում։ Նրանք չեն առաջարկում որևէ հետազոտություն կամ քննադատական ուսումնասիրություն, այլ խոսում են իրենց մատենագիրների և պատմագիրների լեզվով՝ նրանց պատմությունների բոլոր տարօրինակություններով։ Իրենց կողմից նրանք ավելացնում են միայն աշխարհագրական (բավականին հետաքրքիր) դիտողություններ։ Եվրոպացի պատմաբանն այստեղ իր համար նյութեր կարող է քաղել։ Իհարկե վերջինս պետք է փաստերը դիտի բոլորովին այլ աչքով, քան արել են հայ պատմագետները։ Ներկա պատմական գիտությունների կատարելության պայմաններում նույնիսկ Մովսես Խորենացուն, որ համարվում է հայ մեծագույն պատմիչներից մեկը, պետք է ակնածել առավելապես որպես հեքիաթագրի, քան պատմագրի։

Ուսումնասիրելով Արզանովների քաղվածքները՝ մենք տեսնում ենք, որ հայ պատմիչները սկսում են իրենց պատմությունը մ.թ.ա. 21-րդ դարից: Որպես հայոց առաջին թագավոր են նրանք համարում Հայկին՝ Հաբեթի ծոռնորդուն, որը աշտարակաշինության ժամանակ ավագներից երկրորդն էր` Բելից հետո, և ասում են, թե Հայկը հաղթել ու սպանել է Բելին, որ հայոց արքա Արան գերեվարել է Շամիրամին, և որ Զարմայրը մասնակցել է Տրոյական ճակատամարտին, որ Ադամը խոսել է հայերեն և այլն, և այլն։ Նման հեքիաթները վաղուց հայտնի են մեզ նաև այլ ազգերի պատմություններից և նույնիսկ հերքման կարիք չունեն: Այնուամենայնիվ հետաքրքիր են դրանք, քանի որ ցույց են տալիս ազգի և նրա գրականության ոգին։

Պարոն Արզանովների դիտողություններից որոշներն ընթերցելիս՝ խոստովանենք, որ երբեմն կանգ էինք առնում և մտորում՝ արդյոք նրանք իսկապես հավատո՞ւմ են իրենց նախնիների այս բոլոր պատմություններին: Մեզ այսպես էր թվում այն պատճառով, որ որոշ հատվածներում նրանք չեն տարանջատում իրենց սեփական կարծիքը այն կարծիքից, որ գտել են նրանք հայոց պատմության աղբյուրներում: Խորհուրդ ենք տալիս նրանց առավել հստակ ներկայացնել իրենց սեփական կարծիքը Հայոց պատմության գրքի շարունակության մեջ, հատկապես այն ժամանակաշրջանից սկսած, երբ այն պետք է արդեն իր իսկական բնավորությունը ստանա, և չլինի հեքիաթների ու ճշմարտությունների հավաքածու:

Պե՞տք է  արդյոք հավելել, որ գրքին կից 26 նկարները, որ ներկայացնում են Հայաստանի առասպելական և պատմական կերպարներին, ըստ էության, արդի հորինվածքներ են։ Բավական է նայել Հայկի դիմանկարին, որտեղ Հաբեթի թոռը պատկերված է նորագույն ժամանակների ասպետական հագուստով, կամ Արտաշատին (թերևս նկատի ունի Արտաշեսին- Ա. Հ.)՝ կզաքիսի մորթուց քղանցքներով ծիրանի հագած։

Ծանոթագրություններ

Ծանոթագրություններ
1 Նիկոլայ Պոլևոյի կողմից հայ պատմագիտական ժառանգությանն անդրադարձող գրախոսականի ենք հանդիպում նույն ամսագրի՝ 1831 թվականի համարներից մեկում: Սրա, ինչպես նաև ներկայացված հոդվածի բռնած քննադատական ելակետից ենթադրել ենք Ն. Պոլևոյի՝ որպես սույն հոդվածի հեղինակ լինելը: Այնուամենայնիվ մեր ենթադրությունը փաստական հավաստման կարիք ունի և պետք է ընդունել վերապահորեն:
2 Ռուսերեն «с. м.» հապավումն ըմբռնելի չէ, գուցե ենթադրում է՝ сначала мироздания: