Ռուսոյի մանկավարժության ընթերցումը՝ որպես արդիության հայ ըմբռնման օրինակ

 

Սկսած դեռ եվրորպական արդի առաջին փիլիսոփաներից, արդի մարդու առողջությունն ու կյանքի բարելավումը եղել է լուսավորական մտքի առանցքային մտահոգություններից մեկը։ Այս առումով պատահական չէ, որ արդի իմաստով մանկավարժության նախակարապետ ու առաջնեկ համարվող Ջոն Լոքի ու Ժան-Ժակ Ռուսոյի կրթական տեսություններում կենտրոնական դեր է զբաղեցնում դաստիարակությամբ առողջ արդի մարդ կերտելու սկզբունքը։ Հատկանշական է, սակայն, որ Ռուսոյի համոզմամբ մարդկային առողջության հիմքում ընկած է մարդու բնական՝ վայրենի վիճակը, և ուրեմն՝ առողջ կյանքը հակադրված է քաղաքակիրթ կյանքին։ Այս իմաստով Ռուսոյի մանկավարժության մեջ առողջության կարևորումը սուր հակասության մեջ է արդի, քաղաքակիրթ կյանքի հետ։

Իրենց աշխարհն արդիացնել փափագող հայ լուսավորիչների ծրագրերում, եվրոպացի մտածողների, մասնավորապես Ռուսոյի մանկավարժական հորդորների համաձայն առողջ մանուկներ դաստիարակելու մղումն ակնհայտ է։ Հատկանշական է, սակայն, թե ինչպես էին հայ լուսավորիչներն ըմբռնում Ռուսոյի ուսմունքներն ու առաջարկները։ 1860-ականներին Պոլսում լույս տեսնող Կիլիկիա պարբերականի խմբագիր բժիշկ Բարունակ Ութուճյանի ստորև հրապարակվող փոքրիկ հոդվածը Ռուսոյի մանկավարժության հայկական ընթերցման յուրահատկությունները ցուցադրող մի լավ օրինակ է։ Մի կողմից հոդվածագիրը կարևորում ու գովերգում է Ռուսոյի դաստիարակչական այն խորհուրդները, որոնք, իր համոզմամբ, նպաստում են ֆիզիկապես ու հոգեպես առողջ արդի սերունդ մեծացնելուն։ Ութուճյանը մասնավորապես կարևորում է մայրական կաթով երեխաներին սնելու, մաքրակենցաղության և Ռուսոյի՝ մի շարք այլ հորդորներ։ Մյուս կողմից հոդվածագիրը քննադատում, շրջանցում կամ անուշադրության է մատնում Ռուսոյի հենց նույն այդ հորդորների հիմքում ընկած կամ դրանց հետ սերտորեն փոխկապակցված այն սկզբունքներն ու մոտեցնումները, որոնցում արևմտահայ խմբագիրը տեսնում է հակասություններ ու ներքին լարումներ։ 

«Լավը» վերցնելու և «վատը» դեն նետելու առաջին հայացքից ողջամիտ թվացող այս մոտեցումը խիստ բնութագրական է հայ լուսավորիչների՝ արդի եվրոպական, մասնավորապես Ռուսոյի մանկավարժության ընթերցման եղանակին։ Անկախ այն բանից, թե ինչպիսի գնահատական կտանք ընթերցման այս ձևին, պետք է շեշտել, որ դրանում լավագույնս բյուրեղանում է բաղձալի արդիության և դրան հասնելու եղանակների ըմբռնումը հայ լուսավորիչների համար։ Արդիությունը, փաստորեն, հակասություններից ու ներքին լարումներից զուրկ, ցանկալի ապագա է, որին մոտենում ես ուղիղ ու անհակասական ճանապարհով. նույնքան պարզ «ողջամտությամբ», որքան միանշանակ ու պարզ է հենց արդիության պատկերացումն ինքը։

Հրապարակվում է ըստ՝ Տ. Մ. Բ, Իւթիւճեան, «Տղաքներն առողջ մեծցնելու նոր գրութիւնները (երրորդ. գրութիւն Ժ. Ժ. Ռուսօյի)», Կիլիկիա, 1867, թիվ 4, էջ 129-133։

 

 

ՄՕՆԹԷյնի և Լօքի՝ տղաքներ մեծցնելու արդէն յիշեալ երկու գրութիւնները, նախնեաց դաստիարակութեան օրինակ և խստակեցութեան սկզբունքն ունէին: Իսկ Ժ. Ժ. Ռուսօյի և իրմէ ետքը Հիւֆլանտի գրութիւններն աւելի մօտ են բնութեան: Ջանալ, կարելի եղածին չափ, տղայոց ֆիզիքական դաստիրակութիւնն, իր բնական պայմաններուն մէջ բերել, առանց որոց, ընկերական կեանքը, սովորութիւնք և նախապաշարմունք մէկ կողմանի միշտ հեռացնելու վրայ են: Ասոնք էին ահա երկու փիլիսոփայից գիշեր ու ցօրեկ խորհածնին: Այսու ամենայնիւ, այս երկու փիլիսոփայից մէջ սա տարբերութիւնը կար որ, Ռուսօ, իր գրութեամբն, ընկերութեանց գաղափարն աւրելով, զանոնք տխուր, հիւանդոտ և մաղձոտ կընէ. ընդհակառակն, Հիւֆլանտ Գերմանացի Առողջաբան Բժիշկն, անշահախնդիր և միշտ ճշմարիտ փիլիսոփայութեան բարձր և վեհանձն սահմաններէն չէր զատուեր: Ժ. Ժ. Ռուսօ հետևող եղաւ Լօքի, ինչպէս էր Լօք՝ Մօնթէյնի, զի կըսէ թէ Լօքէն ետքն ինքն է միայն Գաղղիոյ մէջ այս բարձր խնդրոյն վրայ գրողն:

Տ. Մ. Բ, Իւթիւճեան:

 

Ռուսօյի գրոց առաջին տպագրութիւնն եղած է 1762ին, որոնց մեծ մասին մէջ, տղայոց ֆիզիքական դաստիարակութեան վրայ խօսած է:

“Ամէն բան աղէկ ելած է Արարչին ձեռքէն, կըսէ Ռուսօ, բայց ամէն բան կգէշնայ մարդուս ձեռքը: Մարդս կպնդէ հող մը սնուցանել՝ ուրիշ հողի մը սնունդներով, ծառ մը՝ ուրիշ ծառի մը պտուղները տալու, կխառնէ և կշփոթէ կլիմաները, տարերքն ու եղանակները: Շան, ձիու և գերիին բնութիւնն ու տեսակը  կփոխէ. ամէն բան տակնու վրայ կընէ. ամէն բանի ձևը կփոխէ. հրէշք ու տձևութիւն կսիրէ. ինչ որ բնութիւնը կարգադրած ու շինած է, չուզեր որ նոյնը մնայ, մինչև անգամ մարդս. կուզէ որ ամէն բան իր կամացն, քմացն ու հաճոյիցն յարմարցնէ”:

Ռուսօ այս սկզբամբ կանարգէ լուսաւորեալ կենաց շատ նորասիրութիւնները. կպօռայ թէ մարդս բարի և առողջ կծնի, բայց առած դաստիարակութիւնը զինքը չար և տկար կընէ. և կաւելցնէ թէ, ֆիզիքական դաստիարակութիւնը պէտք է ըլլայ, ինչպէս որ է Թայիթիցի կամ Քարայիպ կոչուած վայրենի ժողովրդոց մէջ: Խիստ բարկութեամբ կբողոքէ, ձիգ գօտիներու, ֆասկեայի, փօուսէյի, օրօրոցի դէմ, ևայլն: Այսու ամենայնիւ, իծնէ վատառողջ տղայոց վրայ բնաւ խղճալ չունի. միշտ խստակեցութիւն կքարոզէ. “բնաւ վրաս չպիտի առնեմ, կըսէ, հիւանդոտ և տկար տղու մը դաստիարակութիւնը. մինչև անգամ 80 տարեկան ալ ապրի. չեմ ուզեր ունենալ այնպիսի աշակերտ մը, որ միշտ անօգուտ է, և պիտի ըլլայ, թէ իրեն և թէ ուրիշներուն. որ պիտի զբաղի միշտ ինքզինքը նայելու, և որուն մարմինը պիտի վնասէ հոգւոյն դաստիարակութեանն: Ի՜նչ պիտի օգտիմ այնպիսւոյն ընդունայն տեղը խնամքներս տալով, եթէ ոչ կրկնել ընկերութեան կորուստն, և մէկու մը համար՝ երկու մարդէ զրկել: Թող ուրիշ մը, իմ այս պաշտօնս կատարէ. ես հաճութիւն տալէ ետքը, կգովեմ իր բարեսրտութիւնը. բայց իմ գործս չէ, չեմ ուզեր բնաւ, ապրիլ սովրեցնել անոր, որ միայն մեռնիլն ագիլել կերազէ”:

Մենք Ռուսօյի այս տողերն հոս դնելով, ըսել չենք ուզեր թէ մեր սկզբունքն ալ այս է, և կամ մեր միտքն է ազգայնոց ալ նոյնն ընդունել տալ, բնաւ երբէք. մեր միակ նպատակն է զգուշացնել Ռուսօն յաճախ կարդացող Գաղղիագէտ ազգայինքն, և համոզել թէ որչափ հռչակաւոր և գիտնական ալ ըլլայ փիլիսոփայ մը, տակաւին պէտք է գիտնալ թէ գրածներուն շատն անընդունելի են:

Այսու ամենայնիւ, պէտք չէ ուրանալ որ, եթէ Ռուսօյի առաջին քայլերը ծուռ են, սակայն խիստ գովելի, պատուական և օգտակար խրատներ գրած է տղայոց առողջութեան վերաբերեալ. մասնաւորապէս, մայրական կաթնտուութեան բարոյական և ֆիզիքական կարևորութեան, կաթնտու կանանց կերակրոց տեսակին ու քանակութեան, տղայոց հազար ու մէկ ձայներուն նշանակութեան, յաճախ բաղանիք երթալու և լուացուելու անհրաժեշտ կարևորութեան, գիւղերու մէջ բնակելու օգտակարութեան, և վերջապէս՝ կենաց առաջին տարիներն առողջաբանութեան կանոնաց համեմատ ապրիլն խիստ կարևոր ըլլալուն վրայ:

Ռուսօյի տողերը կարդալով կհասկցուի թէ ինչո՜ւ համար Գաղղիացի մայրերն այնքան կսիրէին Էմիլը (Ռուսօյի գրքին անունն է), և անոր հեղինակին հետ տեսութիւն ընել կփափաքէին, որուն նպատակն անշուշտ անձին հետ տեսութիւն ընելու առիթն ունենալ էր յաւէտ, քան թէ խրատներէն օգտիլ:

Ռուսօյի՝ Վիրթէմպէրկ իշխանին գրած նամակները կապացուցանեն թէ որչափ մեծ ազդեցութիւն և համբաւ վաստկած էր տղայք դաստիարակելու մասին: Ինչպէս 1764 Սեպտեմբեր 6ին գրած նամակին ընթերցումը խիստ օգտակար է: Սոյն նամակը կհաստատէ թէ Ռուսօ, Գաղղիացի փիլիսոփայն, միշտ հաւատարիմ իր սկզբանցը, մայրերն իրենց զաւակնին, իրենց կենսատու կուրծքին ստեանց կաթովը մեծցնելն ամենուն գլխուն մէջ խօթելու համար, գիտէր Անաքռէօնի փափկութեան հետ, Էսքիւլաբի խստութիւնն ըստ պատշաճի ընկերացնել:

Ինչպէս քիչ մը վերը յայտնեցինք թէ ի՞նչ կմտածէր Ռուսօ մայրական և օտար կանանց կաթնտուութեան, ասոնց սնունդին, ձիգ գօտիներուն, փօուսէյի վրայ, ևայլն: Այս վերջիններուն վրայ շատ երկար խօսած է. զի խիստ կբարկանար տղաքներն օրօրոցէ սկսեալ գերութեամբ պահուելուն: “Լուսաւորեալ մարդը, կըսէ Ռուսօ, կծնի, կապրի և կմեռնի գերութեան մէջ: Ծնելու օրը, զանի, ձիգ գօտիներու մէջ կփակեն, և մահուան օրն ալ պատանքի. քանի որ մարդու կերպարանք կկրէ, այսինքն կապրի, վատառողջ և վնասակար սովորութեամբ կտանջուի: Նորածին մանկանց ոտքերն ու ձեռքերն պէտք է անդադար երկնցնել ու շարժել, որովհետև ինն ամիս մօրն արգանդին մէջ կծիկի նման ժողվուած մնացած են: Զանոնք կերկնցնեն, իրաւ է, բայց շարժիլն արգիլելով: Ծնողք կարծես թէ կվախեն, զաւկնուն ապրելու նշանները տեսնելու: Այնպէս որ մարմնոյն ներքին մասանց շարժումն, որ միշտ աւելնալու վրայ է, մեծ արգելք կունենայ, մարմինն անշարժ մնալով: Խեղճ մանուկն անդադար կդնդէ ունայն տեղը, որով օր ըստ օրէ ուժէ իյնալով կտկարանայ: Ծնողք, մանաւանդ մայրերը, չեն գիտեր որ զաւկներնին աւելի պակաս սեղմուած էին իրենց արգանդին՝ քան թէ այն ձիգ գօտիներուն մէջ: Չեմ գիտեր, կըսէ, նոյն ինքն Ռուսօ, թէ ի՜նչ կշահին արևու լոյս տեսնելով: Կենթադրեն թէ տղաքներն իրենց շարժման մէջ ազատ թողլով, կրնան գէշ ձևեր առնուլ և ոտք կամ ձեռք ծռել կամ ծռմռկել: Այս այնպիսի սխալ ու ծուռ դատողութիւն մ’է, մեր սխալ իմաստութեան, և մինչև ցարդ ալ անապացուցանելի մնացած է: Ձիգ գօտիներու սովորութիւն չունեցող շատ ազգաց միլիոնաւոր տղայոց մէջ և ոչ մէկ խեղանդամ (սախատ) մը կտեսնուի. որովհետև տղաքներն իրենց փափուկ հասակին մէջ դեռ այն ուժը չունին որ վնասակար ըլլայ նոցա անդամոց. և երբ պատահմամբ կարգէ դուրս շարժում մ’ընեն, ցաւն անմիջապէս իմաց կուտայ նոյն դիրքը փոխելու:

Բարեբաղդաբար և ոչ մէկ երկրի մը մէջ, ոչ շանց և ոչ կատուներու ձագերը ձիգ գօտիներու (ֆասկեայ) մէջ առնելու սովորութիւնը մտած է. այսու ամենայնիւ, ո՜վ տեսած ունի, այս պատճառաւ, սախատ կատու կամ շուն: Կըսուի թէ տղայքն աւելի ծանր են. այս ճիշտ է, բայց համեմատաբար աւելի տկար են: Տղայք, որք հազիւ կրնան շարժիլ, ի՜նչպէս կուզես որ սախտին, եթէ զանոնք կռնակի վրայ երկնցնես, ամենքն ալ թոսպազիի նման առանց դառնալու կարող ըլլալու պիտի մեռնին”:

Ընթերցողք կրնան մեզ հետ խոստովանիլ թէ ո՜րչափ օրինաւոր և օգտակար են Ռուսօյի այս տողերն. և մանաւանդ կապացուցանեն թէ ի՜նչ է Ռուսօյի սկզբունքն յաղագս ֆիզիքական դաստիարակութեան մանկանց: Բայց ըստ Առողջաբանութեան՝ Ռուսօյի գրութեան մէջ շատ սխալներ կան, զի մարդս ոչ անասուն է, և ոչ տղան, անասնոյ ձագ. ծնած օրէն ընկերական, այսինքն՝ ընկերութեամբ ապրելու է. ընկերութիւնը նախ զանի պիտի խնամէ, ինչպէս և ինքն ալ մեծնալէն ետքը, նոյն պարտքը պիտի վճարէ իր նմանին: Շան և կատուի ձագերը մեծ գէշութիւն պիտի իմանային, եթէ իրենք ալ նորածին մանկան նման խնամքներով մեծնային, ինչպէս որ նորածին մանկունք ալ պիտի մեռնէին առանց այս խնամոց: Բնութիւնն, անասնոց համար այնպիսի պայմաններ կպատրաստէ, որոնց կեանքը կապահովուին, որովհետև նոքա անկարող են իրենց պէտք եղածն ընելու: Իրաւ է որ գինին անասնոց կվնասէ. բայց մարդոց համար կենսատու ըմպելիք մ’է. սակայն ոչ թէ մեր ազգայնոց շատերուն, ամէն երեկոյ, շուկային դարձին հոգնած և անօթի, խօլթուխներու, մէխանանիրու և ուրիշ տեսակ զբօսատեղիներու մէջ թունաւոր գաւաթներով վրայի վրայ, գինովնալու չափ, և աւելի խմածնուն նման:

Եթէ բնութիւնն, ինչպէս կըսէ Ռուսօ, ոգելից կամ խմորեալ բան մ’ըստեղծած չէ, բայց և այնպէս մարդուս խելք և իմացականութիւն տուած է, իր առողջութեանն ու բարւոքկեցութեանը համար ամէն բան հնարելով ըստ պատշաճի գործածելու: Եթէ ճշմարիտ ըլլար Ռուսօյի այս կարծիքը, մարդս պէտք էր ուտել փշրած ցորենն իբրև հաց, և խմել խաղողին ջուրն իբրև գինի: Հաց և գինի, վնասակար փափկութիւններ պիտի ըլլային ըստ Ռուսօյի, որ նոյն ինքն Գաղղիոյ հռչակաւոր Մօնմօռանսի, բանաստեղծական գիւղին մէջ, ամէն կերակուրի ատեն, պօուտօյի գինիին ամէնէն ընտիրը կխմէր…

Բայց ինչ որ ալ ըլլայ Ռուսօյի գրութիւնն, անուրանալի է թէ շատ օգտակար ճշմարտութիւններ թողուց իր և շատ ազգի մէջ:

“Չեմ գիտեր, կըսէ Տիկին տը Սթաէլ, թէ Ռուսօյի գրութեան համեմատ պիտի մեծցնեմ զաւակս”:

Մենք այս չպիտի հարցնենք, և կուզենք որ մեր ազգայինքն ալ նոյն հարցումը չընեն. — մենք պիտի հետևինք Ռուսօյի այն խրատներուն, որք առողջաբանութեան օրինաց համեմատ են. մենք՝ մեզ պէտք եղածն առնելով, մնացածներն իբրև պատմութիւն կկարդանք: Մեր նպատակն ալ, տղայոց ֆիզիքական դաստիարակութեան վերաբերեալ կանոններն ազգայնոց հաղորդել ըլլալով, բոլոր պէտք եղածները յառաջ պիտի բերենք, այս բարձր խնդրոյն վրայ գրող հեղինակաց գործերն աչքէ անցնելէ ետքն, ինչպէս որ ըրինք մինչև ցարդ: