Արդի եվրոպական մտքի առանցքային հանգրվաններից մեկը եվրոպական լուսավորության դեմ սահմանված ռոմանտիկական շարժումն էր։ 18-րդ դարի վերջին ձևավորված և 19-րդ դարի առաջին կեսին ծավալված այս շարժման առաջին սաղմերը ծագել էին նույն եվրոպական լուսավորության ներսում՝ միաժամանակ հակադրվելով դրան։ Շատ առումներով այն հենված էր լուսավորության դրոշակակրի՝ ֆրանսիական լուսավորության վառ ներկայացուցիչ Ժան-Ժակ Ռուսոյի կերպարի ու ժառանգության վրա։ Վերջինս «պատերազմ էր հայտարարել» ֆրանսիական լուսավորության ամենանվիրական սկզբունքների դեմ՝ մերժելով ֆրանսիական լուսավորությունը բյուրեղացնող խմբի, այսպես կոչված` էնցիկլոպեդիստների այն համոզումը, թե գիտություններն ու արհեստները և ավելի լայն ասած մարդկային քաղաքակրթությունը բարերար ազդեցություն են ունեցել մարդու վրա։ Հակառակը, Ռուսոյի աչքում քաղաքակրթության ներգործությամբ մարդն ապականվել է և կորցրել իր նախնական, բնական բարությունը։
Հետագայում լուսավորական իդեալների դեմ ուղղված ռոմանտիզը տարածվեց Եվրոպայի տարբեր անկյուններում և մասնավորապես խորը արմատներ ձգեց 19-րդ դարի սկզբի գերմանական մշակույթում։ Հայ մտավորական շրջանակները նույնպես անմասն չմնացին այս շարժման ներհակ հրապույրից։ Հատկանշական է, որ 19-րդ դարի հայ անդրանիկ լուսավորիչները եվրոպական լուսավորական մտքին հաղորդակից էին դառնում լուսավորական ավանդույթի հետ լարման մեջ գտնվող ռոմանտիկական շարժման առավելապես գերմանակա՛ն տարատեսակի պրիզմայի միջով։ Սրա լավագույն դրսևորումներից է Դորպատի լութերական համալսարանի առաջին հայ ուսանողի՝ Խաչատուր Աբովյանի պարագան, ում մտքի ու գործունեության վրա ռոմանտիզմը թողել է անջնջելի դրոշմ։ Հակիրճ, բայց դիպուկ կերպով այս առանցքային ներգործությունը որսացել է պատմաբան Աշոտ Հովհաննիսյանն՝ իր Աբովյան աշխատության մեջ։ Ներկայացվող փոքրիկ հատվածի մեջ հատկապես արժեքավոր են այն ընդգծումները, որոնք ցույց են տալիս Ռուսոյի և գերմանական ռոմանտիկների ազդեցության տակ Աբովյանի մտածողության ներքին փեղեկումներն ու տագնապները, տատանումները՝ բնության ու քաղաքի, բնական անաղարտության ու արդիացման ցանկության` միմյանց հակադրված բևեռների միջև։
Վավերագիրն ըստ՝ Աշոտ Հովհաննիսյան, Աբովյան (Յերեվան։ 1933, Պետհրատ), էջ 46-48։
Աբովյան
[հատված]
Աբովյանի դեմոկրատական այս դիրքորոշման վրա զգալի յե, անշուշտ, Ռուսսոյի հզոր շունչը. Ռուսսոն ազդել եր մանավանդ նրա մանկավարժական հայացքների վրա: Գրողի թղթերի մեջ հանդիպում ենք «Ժյուլի կամ Նոր Ելոյիզա» անվան խուլ հիշատակությունը: Հնարավոր ե, վոր Աբովյանը ձեռնարկած լինի համանուն գործի թարգմանությանը:
Հարկավ, նրանից չեր այս, վոր Աբովյանը «գյուղի» մարդ եր, գյուղի գաղափարախոս և այլն: Սանտիմենտալիզմը, վոր Աբովյանի աշխարհազգացողության և ստեղծագործության բնորոշ մի գիծ դարձավ, քաղաքի ծնունդ եր, վորչափ քաղաքն եր, և հատկապես Դորպատը, վոր դուրս եր մղել նրան կյանքի սովորական հունից, մտածողության և զգացողության տրորված ուղիներից, սաստկացնելով նրա նյարդերի լարվածությունը, բորբոքված, անհավասարակշիռ վիճակի մեջ դնելով նրա հոգեկան աշխարհը: Հետագայում, յելք փնտռելով հասարակական հակասությունների ցանցերից, Աբովյանը խուսափում եր բնության ծոցը. Վրաստանում և Հայաստանում կատարած բազմաթիվ շրջագայությունները, Արարատը բարձրանալու նորանոր փորձերը դեպքերի պատահական բերմունք չեյին լոկ, այլև բուռն ներքին պահանջ Աբովյանի համար: Պատահական չեր նույնպես, յերբ հոգևոր կոչումից իրեն ազատելու դիմում ուղղելով Էջմիածին, Աբովյանը խոստովանում եր, թե անկարող ե կրել հոգևոր կոչում, քանի վոր՝ «փոփոխութիւն մտաց և վարուց իմոց ոչ կարեն պատասխանել ճիշտ ծանր և ժուժկալ կենցաղավարութեան հոգևորական վիճակի և այլն»:
Սանտիմենտալիզմի արտահայտություններից մեկն եր այս նույն չափով, վորչափով նաև Աբովյանի հետագա՝ ընտանիքից դեպի վանք դիմելը, նրա ձգտումը՝ «բառնալ» կրկին Քրիստոսի խաչը, վերստեղծել Հայաստանի նոր վոսկեդարը, այն տարբերությամբ միայն, վոր այստեղ սանտիմենտալ աշխարհազգացողությունը հասնում ե լարման այն կետին, յերբ նա անզգալիորեն փոխանցվում եր ռոմանտիզմին, վորտեղ արևակեզ բնությունն ընկղմվում ե, կարծես, գիշերային խավարի մեջ: Դորպատյան հիշատակարանում Աբովյանը նկարագրում ե իր հանդիպումը ռուս ռոմանտիկական բանաստեղծության պարագլուխ Ժուկովսկու հետ: Շվեյցարիայի վրայով նոր վերադարձած լինելով Իտալիայից՝ Ժուկովսկին Մոնբլանի վողջույնն եր հաղորդում Արարատի գագաթը բարձրացած արևելցուն: Աբովյանը հարգանքով ու համակրանքով ե խոսում նշանավոր ռուս բանաստեղծի մասին, վորի համար ևս 30–ական թվականների Դորպատը ռոմանտիկական ներշնչումների մի աղբյուր եր: Աբովյանի, ինչպես Նազարյանցի համար ևս, Դորպատը մտավոր ջրապտույտի այն վայրն եր, վորտեղ Sturm und Drang–ի դասականության հետ միաժամանակ նրա վրա ազդում եր գրական ներհակ հոսանքը, ռոմանտիզմը: Անշուշտ դորպատյան հովերի մի վերհուշ եր, յերբ հետագայում Նազարյանցը Շիլլերի անկումնային տրամադրություններն արտահայտող «Մեսինական հարսի» և «Կասանդրայի» թարգմանության հետ մեկտեղ զետեղում եր «Հյուսիսափայլ»ում Շատոբրիանի «Ռենե»ն և «Աթալա»ն: Իր գրությունների մեջ Աբովյանը ևս տուրք եր տալիս, անշուշտ, ռոմանտիկական ազդեցությանը, յերբ ծառանալով դասական չափ ու ձևի դեմ՝ ազատ եր արձակում պարզության և սրտալիության սանձերը, բռնկելով վորպես զգացմունքների անզուսպ մի հրաբուխ: Ռոմանտիկական գույն ե ստանում հաճախ նրա սերը դեպի մարդը, բարեկամը, կինը, հայրենիքը, ժողովուրդը, ազգը, յեկեղեցին: Ռոմանտիզմի կնիքն են կրում նրա այն եջերը, վորոնց վրա նկատելի յեն հեղինակի յերևակայության հիվանդագին ջղաձգությունները, նրա վերապրած մղձավանջի մռայլ տեսիլները…