1900-ականների սկզբին հայ մտավորականությունը պատրաստվում էր գրերի գյուտի 1500-ամյակի միջոցառումներին։ Այս գործին իր ակտիվ մասնակցությունն էր բերում նաև պատմաբան, գրող, հասարակական գործիչ Լեոն։ Ներկա վավերագիրը մի հատված է Լեոյի՝ այս առիթով 1904 թվականին հրապարակված Ս. Մաշտոց աշխատության «Հետեւանքներ» գլխից։ Հինգերորդ դարում հայերի՝ պարսկական արքունիքի դեմ տարվող ապստամբությունն ու Ավարայրի ճակատամարտը հեղինակին երևում են որպես Սահակ-Մեսրոպյան դպրոցների գործունեության արդյունք և անխուսափելի հետևանք։
Լեոն նախ արժևորում է քրիստոնեությունն իբրև «արևմտեան լուսաւոր աշխարհի» բարիքների, «եւրօպական լուսաւորութեան» այն աղբյուրը, որն իր «վեհ պարզութեամբ» հայերին հասու դարձրեց Արևմտյան քաղաքակրթությանը, «հպատակեցրեց գիտութեան», և անուղղակիորեն նաև հունահռոմեական հին քաղաքակրթությանը։ Այս ավանդույթից ուժ ստացած «նոր ազգի» մտավոր հասունությունն է պատմաբանի աչքին իրեն զգացնել տալիս Եզնիկ Կողբացու Եղծ աղանդոց երկի մեջ։ «Բնության միամիտ զավակների»՝ զրադաշտական պարսիկների և Արևմտյան լուսավորության զորությունն իրենց վրա առած ու դրանով նորացած հայերի բախումը Լեոյի համար նախ և առաջ քաղաքակրթական կռիվ է, ուրեմն։ Այս ետնախորքին է, որ Ավարայրում պարտված հայերն իրենց «մտաւոր գերազանցութեամբ» արդեն կանխավ հաղթող են երևում։ Սրանից տասնամյակներ հետո իր Հայ ժողովրդի պատմություն մեծածավալ աշխատության մեջ Լեոն, ավելի վառ արտահայտելով գրի ու գիտության հանդեպ իր ջերմեռանդ հավատը, հայտարարելու էր. «Սասանյան ահեղ պետությանն ամենից առաջ պատերազմ էր հայտարարում Եզնիկի փոքրիկ և ոսկեղենիկ «Եղծ աղանդոց»-ը»։
Պատմաբանն ամբողջ գրքում հայերին միանշանակորեն զատված է տեսնում «բնության միամիտ զավակներից»՝ զրադաշտական պարսիկներից։ Ուշադրության արժանի է, սակայն, որ գրագետի մտքում Եզնիկի երկի արժանիքների մասին է խոսում այն, որ նրա «հերքումների մի մասը այժմ էլ կարելի է տալ ժողովրդին իբրև դեղ նախապաշարմունքների դէմ»։ Սա ի հայտ է բերում հետաքրքրական այն իրականությունը, ուր հարատևում են ոչ միայն Եզնիկն ու իր սխրանքը, այլև ժողովրդական «նախապաշարմունքները», որոնք ընդհանուր են եղել տարածաշրջանի ժողովուրդների համար․ արևմտյան լուսավորության և հայ ժողովրդի բարքի ներհակ մի կապ, որ նշմարվում է ընդհուպ այսօր։
Հրապարակվում է կրճատումներով, ըստ՝ Լէօ, Ս. Մեսրոպ (Թիֆլիս։ Հերմես, 1904), էջ 260-274։
Չորրորդ մաս. Հետեւանքներ
Դ.
Անկասկածելի պէտք է համարել որ հայերը իւրացրել, ազգայնացրել էին մազդեզականութեան շատ պաշտամունքներ։ Իբրև նոյն արիական ցեղին պատկանող մի ազգ, հայերը, ի հարկէ, պարսիկների հետ շատ ընդհանուր բաներ ունէին լեզուի, կուլտուրական ձգտումների, աշխարհայեցողութիւնների մէջ։ Քրիստոնէութիւնն ընդունելուց յետոյ էլ հայերը պահպանեցին ազգային հին ծէսերից մի քանիսը, հին կրօնական անունները։ Ընդունել Յազկերտի կառավարութեան առաջարկութիւնը կը լինէր հայերի համար մի թռիչք դէպի հարազատ անցեալը, վերադարձ դէպի ծանօթ շրջանը։
Բայց ազգերը առաջադիմում են, մարդկային միտքը բարձրանում է յեղափոխութեան աստիճաններով։ Բոլորովին նմանութիւն չէր մնացել Շապուհ երկրորդի և Յազկերտ երկրորդի ժամանակների մէջ։ Ներսէս Մեծի մահը բաւական էր, որ հայերը ընկնեն հեթանոսութեան գիրկը. իսկ այժմ հայը հեռացել էր այն մտաւոր հասակից, որի մէջ մազդեզականութիւնը կարող էր բաւականացնել։ Մենք ունենք այս բարեշրջման մի գեղեցիկ ապացոյցը։
Հինգերորդ դարի գրական աշխատութիւնների մէջ բոլորովին առանձնակի տեղ է բռնում մի գործ, որի նշանակութիւնը մեզ համար ահագին է։ Դա Սահակ-Մեսրոպեան առաջին աշակերտներից մէկի, Եզնիկ Կողբացու «Եղծ Աղանդոց» աշխատութիւնն է։ Այս վերին աստիճանի հետաքրքրական, իր տեսակի մէջ միակ և աննման գրաւոր յիշատակարանը ամենալաւ առաջնորդն է որ մենք պարզենք այն հարցը թէ ինչ էին սովորում և ինչ էին սովորեցնում հինգերորդ դարում։ Միայն այն հանգամանքը, որ Եզնիկի գիտական-քննադատական գիրքը գրված է Հայաստանի մէջ, հայերէն կոկ, կանոնաւոր, օրինակելի լեզուով, մի փայլուն ապացոյց է որ հինգերորդ դարում մտաւոր լարված, տենդային եռանդով առաջացող շարժումը բաւական հող էր պատրաստել որ այդ տեսակ գրքերը հասկանալի և գրաւիչ լինեն շատերի համար։ Իսկ Եզնիկի գիրքը ժամանակի բարձր լուսաւորութեան արտայայտութիւնն էր։
Քրիստոնէութիւնը երևան եկաւ մի այնպիսի ժամանակ, երբ արևմտեան լուսաւոր աշխարհում գոյութիւն ունէր կրօնական նշանաւոր շարժում։ Հին գիտութիւնը վաղուց թողել էր զուտ գիտական նպատակը, որ բնութեան և կեանքի օրէնքների մշակումն էր։ Փիլիսոփայական զանազան դպրոցներ այժմ աշխատում էին կրօն գտնել մարդկութեան համար։ Յունա-հռօմէական հեթանոսութիւնը պառաւել էր, աստուածները կորցրել էին իրանց փայլը, կրթված մարդկանց նուրբ, պահանջկոտ միտքը որոնում էր ուրիշ գաղափարներ, նոր պաշտամունք։ Եւ փիլիսոփայական բազմաթիւ սիստեմները գալիս էին բաւարարութիւն տալու ժամանակի հասունացած պահանջին։
….
Եւ այսպէս, քրիստոնէութիւնը ընդունեց յունական լուսաւորութեան մի մասը միայն։ Նա տիրապետող հանդիսացաւ արևմտեան աշխարհում, հեթանոսութիւնը տեղի տուեց ու սկսեց հետզհետէ հալվել, ոչնչանալ։ Այնուհետև քրիստոնէութիւնը երկար ժամանակ մնաց գիտութեան միակ ներկայացուցիչը։ Կարելի համարելով պահպանել հին լուսաւորութիւնից միայն այն, ինչ նա միանգամից վերցրել էր, եկեղեցին երկար դարեր մարդկութիւնից թագցրած պահեց այն բոլոր գանձերը, որոնց հետ ինքը հաշտվել չէր կարող։ Դա զրկանք էր մարդկութեան համար։
Բայց և այդպէս, ուրանալ չի կարելի, որ քրիստոնէութիւնը ահագին ծառայութիւններ մատուցեց արևմտեան աշխարհին։ Նոր, դեռ չը զարգացած ազգեր հանդէս եկան յունա-հռօմէական աշխարհի շուրջը, որոնք պիտի հաղորդակից լինէին այդ հին քաղաքակրթութեան։ Ահա դրանք հին գիտութիւնը կարող էին իւրացնել քրիստոնէութեան միջոցով միայն։ Յունական փիլիսոփայութեան բարդ ու նուրբ սիստեմները չէին կարող ճիշտ մատչելի լինել այդ ազգերին. քրիստոնէութեան վեհ պարզութիւնն էր, որ նուաճեց նրանց միտքը, ուրեմն և հպատակեցրեց գիտութեան։ Քրիստոնէութիւնն էր միայն, որ հին և նոր աշխարհների մէջ կապ դարձաւ. նա էր միայն, որ պահեց իր մէջ եւրօպական լուսաւորութեան սաղմերը, մինչև որ մարդկութիւնը հասաւ մի ժամանակի,[1]Այդ ժամանակը յայտնի է Վերածնութեան Դար անունով, երբ հեթանոսական հին գիտութիւնը ամբողջովին լոյս հայտնվեց մոռացութիւնից և մարդկային միտքը սկսեց զարգանալ անկախ եկեղեցուց։ երբ քրիստոնէութեան պահպանած փշրանքները այլ ևս չը բաւականացրին նրան և հին հելլէնական գիտութիւնը ամբողջովին ունենալու անհրաժեշտութիւնն զգացվեց։
Այդ տեսակ նոր ազգերից մէկն էր և հայ ժողովուրդը։ Իսկ քրիստոնէական այդ առաջին դարերի լուսաւորութեան արդիւնք է մեր Եզնիկը։
….
Դժուար է այժմ, հազար հինգ հարիւր տարուց յետոյ, երևակայել անգամ թէ ինչ ահագին տպաւորութիւն պիտի գործած լինի Եզնիկը հայ ընթերցողի վրա։ Թէ ինչ էր ձեռք բերում հայութիւնը Սահակ-Մեսրոպեան դպրոցների միջոցով, կարելի է դատել հէնց նրանով, որ Եզնիկի հերքումների մի մասը այժմ էլ կարելի է տալ ժողովրդին իբրև դեղ նախապաշարմունքների դէմ։ Սաստիկ նախապաշարված էր պարսիկ ամբոխը, որովհետև մոգութիւնը նախապաշարմունքների մէջ կաշկանդված մի ժողովրդի մէջ կարող էր տիրող ու հրամայող լինել։ Հայ ժողովուրդն էլ բազմաթիւ նախապաշարմունքների էր ենթարկված հեթանոսութեան ժամանակից։ Եզնիկը իր «Եղծ»-ով ոչ միայն օտար կրոններ էր հերքում, այլ և տալիս էր իր ժողովրդին այնպիսի բացատրութիւններ, որոնք պիտի ազատէին նրան նախապաշարմունքների ծանրութիւնից։
Այսպէս, նա ծաղրում, ոչնչացնում է ճակատագրի հասկացողութիւնը, ապացուցանում է որ մարդը աշխարհի վրա ունենում է մի յայտնի վիճակ, բայց դա ծնվելուց առաջ չէ սահմանվում նրա համար։ Աստղագէտները ամեն տեղ հաւատ են տարածել թէ մարդը այն բնութիւնն է ստանում, ինչ ներկայացնում է նրա ծնված րօպէին աստեղատան մէջ տիրող այս կամ այն համաստեղութիւնը։ Եզնիկը այդ էլ հերքում է գեղեցիկ պատճառաբանութիւնններով։ Նա ծաղրում է այն նախապաշարմունքները, որոնք կապված են յօրանջելու, փռշտալու հետ և բացատրում է այդ երևոյթները այնպէս, ինչպէս հասկանում էր ժամանակի բժշկական գիտութիւնը։ Միտք ապացուցանելու համար նա մի տեղ նոյն իսկ ֆիզիկական փորձ է անում։
Ահա թէ ուր էր մտաւոր գերազանցութիւնը։
Եւ այս երևոյթը միակը չէ հինգերորդ դարում։ Եղիշէն բերում է այն պատասխանը, որ ուղարկվեց Արտաշատի ժողովից. թէ՛ այստեղ և թէ՛ այն պատասխանների մէջ, որ տալիս էին բռնութիւնների ենթարկված հայ հոգևորականները պարսից ատեաններում, մենք տեսնում ենք նոյն դպրոցը, նոյն ուղղութիւնը։ Հպատակները, որքան էլ թոյլ ու անօգնական լինէին, արհամարհում էին տիրողների սրբազան պաշտամունքները, որովհետև նրանցից բարձր էին մտաւոր զարգացումով և կարողանում էին հասկանալ նրանց հոգեկան աղքատութիւնը։ Բաւական է որ մենք վերցնենք հինգերորդ դարի գրական զարդերից մէկը, օրինակ Եղիշէի պատմագրութիւնը կամ, աւելի ճիշտ ասած, դիւցազներգութիւնը և դնենք նրան պարսկական գրականութեան միակ մեզ յայտնի զարդերը կազմող կրօնական գրքերից մէկի, օրինակ, «Վէնդիդատի» մօտ (որ միւս գրքերի համեմատութեամբ աւելի ուշ ժամանակների գործ է), և համեմատութիւնը ցոյց կը տայ թէ մտաւոր գերազանցութիւնը ում կողմն էր։
Մի երկիր, որ իր դատը պաշտպանելու համար Եզնիկի պէս մի գիտնական խելք էր առաջ բերում, իսկ իր նահատակութիւնները գեղանկարելու համար՝ Եղիշէի պէս մի բանաստեղծ-փիլիսոփայ, այդպիսի մի երկիր չէր կարող ընկճվել բռնի ոյժի հետ միացած հին, երեկայական մտքի տակ։ Ընդհարումը անխուսափելի էր։
Ծանոթագրություններ
↑1 | Այդ ժամանակը յայտնի է Վերածնութեան Դար անունով, երբ հեթանոսական հին գիտութիւնը ամբողջովին լոյս հայտնվեց մոռացութիւնից և մարդկային միտքը սկսեց զարգանալ անկախ եկեղեցուց։ |
---|