Քաղաքական ազատագրությունն ու կենցաղը խորհրդահայ վիպագրության մեջ․ Երկիր Նայիրի և Այրվող այգեստաններ (hետազոտության ուրվագիծ)

 

Եվրոպական և ռուսական համալսարաններում ուսանած երիտասարդների ջանքերով հայկական միջավայր թափանցած Լուսավորության արդիական գաղափարների հետնախորքին էին 19-րդ դարի վերջերին ձևավորվում հայ քաղաքական կուսակցությունները: Նրանք մի կողմից ունեին 19-րդ դարի առաջին կեսի արևելահայ լուսավորիչների` քաղաքական ինքնուրույնությունից զուրկ իրենց ժողովրդին ժամանակի առաջադեմ գաղափարներով տոգորելու փորձը, մյուսից` համոզումը, որ այդ փորձի բաղձալի հանգրվանը քաղաքական ինքնուրույնության նվաճմամբ արդի ազգ դառնալն է: Հարցն ավելի էր սրվում հատկապես հայության արևմտյան հատվածի ճակատագրի հետ կապված, քանի տիրապետող էր դառնում մտայնությունը, որ արևելյան հատվածը կրթությամբ լուսավորվելու իր հեռանկարներում կապված է Ռուսաստանի ու Եվրոպայի առաջավոր մտքին, մի բան, որից զուրկ էր արևմտյան մասը և որն էլ դառնում է կուսակցությունների առանցքային խնդիրը: 

Ազգի քաղաքական ազատագրության հարցն իր ողջ սրությամբ ծավալվում է 19-րդ դարի երկրորդ կեսի մամուլի բանավեճերում ու գրականության էջերում` քաղաքական մակարդակում գործնական հանգրվանի հասնելով 20-րդ դարի առաջին երկու տասնամյակներին արդեն` միմյանց հաջորդած պետական երկու միավորումներում: Իսկ  խորհրդահայ գրականությանն ու պատմագրությանը ժառանգություն է անցնում քաղաքական բուռն իրադարձությունների հետահայաց քննարկումը: 

Հարցը, թե տարամետ ինչ հոսանքներ էին ձևավորվում ազատագրության գաղափարի շուրջ, և թե որքանով էին դրանց հասու ժողովրդական լայն զանգվածները, լայնորեն քննարկվում է պատմագիտական գրականության մեջ (Աշոտ Հովհաննիսյան, Լեո և ուրիշներ), իսկ թե ինչպես էին դրանք իջնում, վերաձևակերպվում ու նստում միջին ու ստորին խավերի ըմբռնումներում, թեմա է դառնում գեղարվեստական գրականության մեջ: 

Դարավերջի ու դարասկզբի քաղաքական իրադարձություններին հետահայաց անդրադարձող գրականության պակաս չկա մեզանում: Բայց դեպքերին անդրադարձած վեպերից երկուսն են` Եղիշե Չարենցի Երկիր Նայիրին (1924) և Գուրգեն Մահարու Այրվող այգեստանները (1966), որտեղ տարբեր դիտանկյուններից իհարկե, բայց կարմիր թելով անցնում է ազատագրության գաղափարի վերաձևակերպումները սոցիալական տարբեր խավերի շրջանակներում և թույլ տալիս խոսել քաղաքական օրակարգերի` որպես արդիականացման հարացույցների և դրանց ժողովրդական ընկալումների միջև լարումների մասին: Թեև տարբեր են երկու վեպերում պատկերվող քաղաքական իրադարձությունների շրջանակը (Երկիր Նայիրիում` Առաջին համաշխարհային պատերազմին հայերի մասնակցությունն ու Կարսի անկումն են առանցքում, Այրվող այգեստաններում` Վանի ինքնապաշտպանությունն ու անկումը) ակնհայտն այն է, որ արդի քաղաքական գաղափարներն իրենց պարարտ ենթահողն են գտնում բուրժուական միջին խավի` մանր առևտրականների, գավառական ուսուցիչների և արհեստավորների մոտ: Սա այն խավն է, որը հանդես է գալիս մի կողմից` իբրև առաջադիմական գաղափարներին հաղորդ նվիրյալ, մյուս կողմից` սեփական շահը գնահատող ու գործնական հատկություններով օժտված սուբյեկտ: Երկու վեպերում էլ արդի քաղաքական իդեալների ժողովրդականացումն անցնում է այս խավով: Ասենք, Մազութի Համոն (Երկիր Նայիրի) կամ Օհաննես աղան (Այրվող այգեստաններ) ազատագրության գործն իրենց ձեռքն են վերցնում կամ սատարում այն ոչ միայն որովհետև ազգային մտահոգություններ ունեն, այլ նրանք են տեղացի ազդեցիկ այն մարդիկ, որոնք կարող են բորբոքել ազատասիրության տենչը: Այդպես լարման մեջ են հայտնվում ազգային իդեալներն ու առօրյա կյանքը` մի կողմից` այս մարդկանց օժտելով խորը, երբեմն ավերիչ հակասություններով, մյուս կողմից` վտանգելով հաստատված կարգուսարքը: 

Ավերիչ այս հակասություններն իջնում են մինչև ընտանիք: Գաղափարներով տոգորված մարդկանցով ընտանիք մտնելով ` նրանք վտանգում են ընտանեկան կապերն ու աղբյուր դառնում մեծ ավերածությունների: Սա այն մեծ անակնկալն էր, որին չէր սպասում ընտանեկան հարաբերություններն իբրև կայունության ու ջերմության աղբյուր ընդունող հանրությունը: Եվ եթե հասարակական մակարդակում գաղափարական տարաձայնությունները վերաճում են ահռելի վտանգների, ընտանեկան մակարդակում հանգեցնում են ողբերգությունների, որոնց մասին կամ խոսվում է կիսաձայն, ինչպես Չարենցի վեպում (ընտանիքներում տեղի ունցող դժբախտությունները` չբացահայտված հանգանքներում ինքնասպանություններ, մատնություններ, բամբասանքներ և այլն), կամ էլ ծածկվում թանձր լռությամբ, ինչպես Մահարու վեպում (այդպես էլ չի խոսվում այն մասին, թե ինչպես է մութի մեջ արձակված զարկն այդքան դիպուկ կերպով խլում հարազատի կյանքը): Որքան էլ այս ողբերգությունները քաղաքան լարումների ծնունդ են, դրանք, ինչպես ընտանեկան մյուս հարցերը փակ, ընտանիքի ներսում լուծվող հարցեր են ընդունված կարգի համաձայն, ուստի ներսթափանացած գաղափարները ոչ թե վերափոխում են ընտանեկան դրությունը, այլ դրանց առջև հայտնված մարդուն մենակ թողնում քայքայվող հարաբերություններն ըմբռնելու բարդության և հրատապության առջև:    

Ազատագրության արդի քաղաքական իդեալների ու դրանց վերաձևակերպումներով ժողովրդական կյանքում ի հայտ եկած ներհակությունների քննությանն է նվիրված այս հետազոտությունը, որը ուշադրության է առնելու վերջիններս հատկապես նշված երկու գործերի համատեքստում: