18-րդ դարում Մադրասի հնդկահայ գործիչների քաղաքական ծրագրի ուսումնասիրությունը մեզ տանում է 17-րդ դարի Նոր Ջուղա՝ շոշափելու շահական Պարսկաստանի սրտում բնավորված հայ գաղութի կյանքի հանգամանքները: Նախիջևանի հայերով կազմավորված այս համայնքի վաճառական հայերն էին, որ, լքելով իրենց շենացրած օջախները, դժվարին կացության պայմաններում պետք է գաղթեին Հնդկաստան՝ այլադավան տիրապետողներից փրկության ու ապրելի կյանքի որոնումներում: Գաղթականական պայմաններում ջուղայեցիների վաճառականական արհեստի ձիրքը հայերին օժտում էր մի յուրահատուկ միջնորդի կարգավիճակով տեղացիների և եվրոպացիների միջև հարաբերությունների ձևավորման գործում, որն անհետևանք չէր մնում հայերի արվեստային կյանքի վրա:
17-րդ դարում վենետիկյան, հոլանդական արվեստի գործերի ներմուծումը Պարսկաստան երբեմն իրականանում էր հայ վաճառականների միջնորդական առաքելության շնորհիվ: Ուստի պատահական չէր ջուղայեցի մեծահարուստ հայերի կամ նրանց ջանքերով կառուցված տների պատերի նկարազարդումների վրա եվրոպական արվեստային ոճերի ազդեցությունը: Այդպիսի մի օրինակ է ներկայացվող պատկերը, որը Սուքիասի անունով հայտնի տան որմնանկարներից մեկն է: «Սուքիասի տան» եվրոպացի ուսումնասիրողներն իրենք են հարցադրել, թե եվրոպական որ՝ բրիտանական, հոլանդական, թե ֆրանսիական ոճն է գերիշխում տան նկարազարդումներում: Պատկերում անգլիացի կամ հոլանդացի ազնվականի այս կերպարը, ֆրանսիական արքունական կանացի հագուստ հիշեցնող լանջաբացվածքով կանացի մերկության ընդգծումը, հետին պլանում վերածննդյան հեռանկարի սկզբունքի կիրառությունը զանազան եվրոպական ոճերի համադրություն են: Այնուամենայնիվ, տեղի տալով եվրոպական պատկերագրության դետալային մշակվածությանը, դրանք պահպանում են տեղական դպրոցի տեխնիկական կոպտությունը:
Սակայն ոչ բոլոր որմնանկարներն էին հիացմունքի արժանանում եվրոպացի ճանապարհորդների հուշերում: Բրիտանացի ճանապարհորդներից մեկը բարեհաճությամբ չի հիշում Նոր Ջուղայում պատվավոր դիրք զբաղեցնող Խոջա Նազարի տան պատկերները. «Իրեն քրիստոնյա էր նա կոչում, սակայն … նրա տունը կահավորված էր այնպիսի զազրելի նկարներով, այնպիսի տգեղ կեցվածքներում, որոնք հիշատակվելու վայել չեն»: Եվրոպական արվեստի ազդեցությամբ կանացի մերկության պատկերումը պարսկական կենցաղավարության մշակույթի կամ «արևելյան խնջույքների» մաս էր դարձել՝ չվրիպելով հայ խոջաների աչքից: Թերևս հայ վաճառականներին բնորոշելիս պատմաբան, գրող և հասարակական գործիչ Լեոն առանձնացնում էր «իսկական վաճառականներ», որոնց համար «մարմնապաշտությունն ու կերուխումը միակ հասկանալի սրբությունն» էին՝ տրված հարբեցողությանը, զեխությանն ու կանանց: Մինչդեռ, սրան հակառակ, հայ վաճառականների մի մասը, հատկապես բրիտանական ազդեցությամբ, բռնեց հայերի մտավո՛ր ժառանգության կերտման ճանապարհը:
Այս ավանդույթն էր, որ պայմանավորում էր Հնդկաստանում՝ հիմնականում ջուղայեցիներից բաղկացած Մադրասի խմբակի գործունեությունը: Եվրոպական արվեստի ու մտավոր ավանդույթի յուրացումը՝ կուտակված հարստության հետ մեկտեղ, փոխանցվելով «հորից որդի», դարձան հնդկահայ գաղութի գործիչների՝ հայերի ազատագրության գաղափարաբանությունը և ապագա պետության իրենց բաղձանքը կյանքի կոչելու փորձերի կարևորագույն հենարանները:
Պատկերը հրապարակվում է ըստ՝ https://shorturl.at/j4899 էլեկտրոնային կայքի լուսանկարի, լուսանկարիչ՝ Ամին Ալիջանլու: