Մանկատնից դուրս գալուց հետո 1921 թվականից ներգրավվելով Հայաստանի պատկոմական (պատանի կոմունարներ) կազմակերպության ակտիվ գործունեության մեջ, դառնալով բոլշևիկյան կուսակցության գաղտնի բջիջի անդամ Երևանի պետական որբանոցում, լինելով Հայաստանի երիտասարդ կոմունիստների «Սպարտակ» կազմակերպության ակտիվ անդամ` Ադո Ադոյանը դառնում է ՀԿԿ Կենտկոմի քարտուղար Աղասի Խանջյանի վստահելի համաերկրացիներից մեկը, ով պատասխանատու պաշտոններ է զբաղեցնում վերջինիս հրամանով: 1930 թվականին Աղասի Խանջյանը ընտրվում է ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար, իսկ 1931 թվականին Ադոյանը նշանակվում է ՀԿԿ կենտկոմի մշակութային պրոպագանդայի (կուլտպրոպի) բաժնի վարիչ: 1931 թվականին Խանջյանի որոշմամբ Ադոյանը մտնում է ՀԿԿ Կենտրոնական կոմիտեի օրգան Լենինյան ուղի ամսագրի խմբագրական կազմի մեջ, որտեղ խիստ նկատողությունների ոճով հոդվածներ է գրում «հակահեղափոխական» տարրերի դեմ` կուսակցական որոշումների ներքո: Այդ հոդվածներից հատկանշական է Վահան Թոթովենցի Հայ ազգի «փրկիչ» դաշնակներ գրքույկի դեմ գրված անողոք քննադատությունը:
Ստալինյան «մեծ բեկման»` բռնի կոլեկտիվացման ու արդյունաբերականացման այս շրջանում, երբ պիտի լիկվիդացվեին նոր իշխանությանը ոչ ձեռնտու, բուրժուա մասնագետները և ազգային կուսակցությունները, առաջին հնգամյակի պլանը չորս տարում կատարելու պատվերը հնարավորինս արագ և արդյունավետ լուծելու պահանջը ստիպում է Ադոյանին լինել անխնա դաշնակցականների և նույնիսկ Թոթովենցի հանդեպ: Ակամայից զգացնել է տալիս այն հանգամանքը, որ Ադոյանը ոչ թե քննադատում է գրքի բուն բովանդակությունը, այլ չի համակերպվում այն մտքի հետ, որ Թոթովենցն ինքը դեռևս հաշվի է նստում Դաշնակցության գործունեության հետ: Ադոյանի զայրույթը հատկապես բորբոքվում է, երբ Թոթովենցը մեղադրում է կովկասահայ դաշնակցականներին ցեղասպանության իրագործումն արագացնելու և հնարավոր դարձնելու մեջ ու պաշտպանում թուրքահայ դաշնակցականներին, որոնք, հակառակը, զսպվածություն էին ցուցաբերում հակաթուրքական հարձակումների մեջ:
Ադոյանի տեսանկյունից ողջ Դաշնակցությունն էր հայերի կոտորածի գլխավոր շարժառիթը: Որբերի հուշերը դաշնակցականների, մասնավորապես Վանի նահանգապետ Արամ Մանուկյան փաշայի մասին վկայում են, որ նրանք մեղադրում էին հենց նրան և թուրքահայ դաշնակցականներին եղելության մեջ (տե՛ս Գևորգ Էմին-Տերյանի Վահան Տերյանի անհայտ նախաձեռնությունը. hայ որբերի հուշերը, Երևան, 2016, էջ 11, 46, 68):Դաշնակցությունը, ըստ որբերի, մինչև վերջ դեմ էր փախչելուն և կոչ էր անում կռվել, մինչդեռ ռուսները շատ ավելի շուտ զգուշացրել էին վտանգի մասին և խորհուրդ տվել հավաքել իրերն ու ճանապարհ ընկնել:
Վահան Թոթովենցն ինքը, 1915 թվականի ջարդերի ժամանակ, թողնելով Ամերիկայի Միացյալ Նահանգները, տեղափոխվել էր Կովկաս, դարձել կամավորական ջոկատի կազմի անդամ ու ստանձնել Անդրանիկի թարգմանչի, քարտուղարի և Հայաստան օրաթերթի խմբագրի պաշտոնը : 1917 թվականին իր խմբագրած այս պարբերականում ենք կարդում Թոթովենցի «Որբերուն» հոդվածը, որն էլ և հանդիսանում է ներկայիս վավերագիրը: Այստեղ գրողը նշում է, որ հենց որբերը կգրեն իրենց պատմությունը և որ կգա այն պահը, երբ մտրակով, դանակով, հայհոյանքներով նրանք պատասխան կպահանջեն իրենց որբության համար: Ինչ-որ առումով Ադոյանի անողոք քննադատությունն այն «վրեժխնդրությունն է», որ նա իրագործում է ավագ սերնդի ներկայացուցչի նկատմամբ` ի պատասխան նրա իսկ հնչեցրած հարցի. «Որբե´ր, ի՞նչ պիտի ընենք մենք եթէ դուք ձայն բարձրացնէք մեր փոքրութեան դիմաց»:
Հրապարակվում է ըստ` Վահան Թոթովենց, «Որբերուն», Հայաստան, 13 օգոստոս, 1917 թ.:
Որբերուն
Վահան Թոթովենց
Հիմակուհիմա ձեր պատմութիւնը գրող չիկայ։ Դուք պիտի գծէք օր մը Ձեր հոգեկան աշխարհի պատկերը։ Միայն Ձեր ձեռքով գծուած պատկերը կրնայ տալ Ձեր վշտին և տժգոյն քնարերգութեան և ահաւոր սասանման տեսիլը։
Չիկայ ոչ մէկ ձեռք, որ ըլլայ այնքան հսկայական գգուելու, իր կրակոտ աղապանքին մէջ առնելու ձեր վշտակոծ հոգին, նոյնիսկ հաւաքական-ժողովրդական գուրգուրանքը այնքան փոքր է Ձեր տրտմութեան առջև։
Ես երբեմն կը խորհեմ, թէ երբ մենք այնքան փոքր ենք, ի՛նչպէս կրնանք այսքան մեծ վիշտ ու սարսափ ունենալ։
Ինչո՞ւ մեր մորմոքը համազօր չէ մեր հասակին, մեր խորութեան։
Կըսեմ, թերևս մեծ պիտի ըլլանք, թերևս նոյն այդ մորմոքը պիտի գայ մեր հասակը բարձրացնելու, մեր խորութիւնը աւելի անդնդային դարձնելու։
Եւ երբ այս եզրակացութեան կը հասնիմ, աչքերս կը դարձնեմ Ձեզի, Որբե՛ր…, բայց ինչո՞ւ դուք կը ժպտիք, փոքրիկ քնքուշ խօսք մը կրնայ Ձեր երեսը ալեծփել ժպիտով։
Ես գիտեմ թէ ինչու չէք արտասուեր։ Արտասուքը պզտիկ վշտի մը արտայայտութիւնն է միայն, բայց ի՞նչ է այս տարօրինակ ժպիտը, որ կը բողբոջէ ձեր ամբողջ արտաքին էութեան վրայ։
Արդեօ՞ք կը հեգնէք մեզ, վերապրողներս։
ի՜նչ վատ է ապրիլ այսպէս։
Ձեր աշխարհի փիլիսոփայութիւնը մանկական չէ, որովհետև մանկութիւնը ձեր մէջ թռչուն ըլլալէ, փետուր ունենալէ դադրած է։
Ես կարդացած եմ Ձեր Գրականութիւնը, Ձեր Երգն ու Բանաստեղծութիւնը։ Ես գիտեմ, որ Դուք պիտի բարձրանաք և պիտի երգէք, թաթաւուն տրտմութեամբ, նոր քնարով և չնաշխարհիկ հանգերգութեամբ, քաղաքներէ քաղաք և գիւղերէ գիւղ, մեծ ոստաներէ ուրիշ մեծ ոստան մը։
Այսօրուան պատմութիւնը մենք կը թողունք Ձեզի, որպէսզի Դուք դարձնէք զայն մեծ և նուիրական։
Մենք փոքր ենք այսօրուան պատկերը ըմբռնելու։
Վաղը միւս օր դուք եկէք, նոր, բոլորովին նոր արտայայտութիւններով և ըսէք, որ իրերն այսպէս պէտք չէին դարսուիլ, որպէսզի այս երևոյթները չարդիւնաբերուէին։
Եկէ՛ք վաղը տաւիղով, մտրակով, ապտակով և սրբազան հայհոյանքով ուղիղ մեր երեսին, մեր փոքրութեան առջև յաղթական։
Եւ այս մեր վերապրողներուս համար, որովհետև մահը նուիրագործած է ամէն յանցաւոր շիրիմ և ամեն յիմար գանկ, որ կը յօրանջէ անապատին կամ հրդեհուած հայրենի դաշտերու ամայութեան մէջ։
Ես միայն մէկ բանէ կը վախնամ, բայց միևնոյն ատեն երկիւղով և բաղձանքով կը սպասեմ այն օրուան, յորում դուք Ձեր վշտացած ձեռքերու մէջ առած ամէն տեղ ցանցուած Ձեր ծնողներուն ոսկորները բիրտ ծեծի ենթարկէք մեզ, Ձեր ճակատագիրը դարբնել անկարող վերապրողներս։
Երկիւղալի է և ամենէն պակուցիչը օրերուն, բայց ես, իմ փոքրիկ Եղբարնե՛րս, կը հաւատամ թէ այդ ոսկորներով բրածեծի ենթարկելը միայն կը փրկէ մեզմէ շատերուս յիմարայեղձ արշաւը դէպի անկատարելիութիւն, դէպի տհասութիւն, դէպի սնոտի փառք և սէր…
Որբե՛ր, ի՞նչ պիտի ընենք մենք եթէ դուք ձայն բարձրացնէք մեր փոքրութեան դիմաց։