Վաղարշակ թագավորի պատկերը՝ իբրև միապետականության իդեալի տեսողական արտահայտություն

 

Հայ քաղաքական մտքի պատմությունը ժառանգել է հայերի միապետական անցյալի իդեալներ, որոնց ըմբռնման համար արժեքավոր նյութ է տրամադրում 19-րդ դարասկզբի ռուսահայ մտավորականների գործունեությունը: Միապետականության՝ որպես հայկական քաղաքակրթության ձևավորման ակունքներում հաստատված կարգի գաղափարն էր առաջ քաշում 1827 թվականին Մոսկվայում լույս տեսած Հակոբ և Դավիթ Արզանովների Հայոց թագավորության պատմության ուրվածգման փորձ գիրքը: Հեղինակների համոզմամբ՝ միապետականության հիմքերը պետք էր որոնել Հայկ նահապետի կառավարման ժամանակներից սկսած իսկ: Ըստ նրանց՝ միապետական կարգն իր առավել կուռ տեսքը ստացել էր մասնավորաբար Արշակունիների թագավորության շրջանում՝ հատկապես Վաղարշակ թագավորի՝ որպես օրենսդիր միապետի իշխանության ժամանակ: Սրանց հակառակ՝ անբարո միապետների օրոք, որոնք իրենց հետ բերում էին օտար զավթիչների կողոպուտներ ու գայթակղություններ, միապետական կարգը խոտորվում էր, ուստի և այլափոխվում ու գահավիժում էր առօրյա հասարակական կյանքը: Ընդունելով, որ Հայկը տապալել էր բաբելոնյան արքա Բելին՝ Հայաստանն էր դառնում բարի միապետական իշխանության օրրանը: Միապետականությունն, ուստիև, ըմբռնվում էր որպես այն միակ պետական կարգը, որը բնականորեն ապահովում էր հայ ազգի բարօրությունը: Միապետականության այս իդեալն Արզանովների համար ելակետային էր հայոց պատմությանը՝ որպես համաշխարհային՝ մասնավորապես ռուսական լուսավորության մեջ պատշաճ տեղ տալու առնչությամբ:

Լուսավորության գաղափարին սերտաճած միապետականության պատկերացումներն առանձնահատուկ կերպով մարմին էին առնում գրքում տեղ գտած պատկերազարդումներում: Սրանք՝ որպես հայոց պատմությունը տեսողական մակարդակում ընթերցողին հասու դարձնելու և տպավորելու գործիք, Արզանովների համար ոչ պակաս կարևոր էին, քան բուն տեքստի շարադրանքը: Ներկայացված պատկերներից մեկը՝ «Վաղարշակ օրէնսդիր» խորագրով (նկ. 1), ակնհայտորեն վերարտադրում է Վենետիկի Մխիթարյան միաբանության՝ 1815 թվականին հրատարակած Ազգասէր գրքի «Վաղարշակ պարթև հայոց թագաւոր» խորագրով փորագրանկարը (նկ. 2)[1]Գուցե եղել է նաև մեկ այլ օրինակ, սակայն մեր փնտրտուքը բացահայտել է միայն Մխիթարյան միաբանության մի քանի հրատարակություններում տպագրված պատկերի այս տարբերակը:: Որքան էլ մոտ են թվում այս պատկերները իրենց ընդհանուր բնույթով և շոշափած թեմայով, այնուամենայնիվ տարբեր են դրանք իրենց կատարման եղանակով: Պատկերների բովանդակային հիմքում է Մովսես Խորենացու պատմությունից մեզ հասած Վաղարշակ թագավորի նկարագրությունը: Ըստ սրա՝ Վաղարշակի առաջ արծիվներ էին պահում երկու Արծրունիներ, իսկ երկու մարդ, Վաղարշակի հրամանով, նրան՝ որպես երկրում օրենքներ հաստատած թագավորի, հիշեցնում էին մի կողմից՝ բարին, մյուս կողմից՝ վրեժխնդրությունը: Սրա հետ մեկտեղ Վաղարշակն էր, որ առաջին անգամ հայոց պատմությունը և ազգին հասկանալու փորձ էր արել, ըստ Խորենացու, Մար Աբաս Կատինային ուղարկելով իր եղբոր՝ Արշակ Մեծի մոտ՝ ուսումնասիրելու բոլոր եղած մատյանները: Այս մանրամասների տարակերպ պատկերագրական արտահայտությունն ենք գտնում ներկայացված երկու պատկերներում:

Վենետիկյան տարբերակը, տառացիորեն ամփոփելով վերը բերված նկարագիրը, Վաղարշակին՝ որպես կենտրոնական ֆիգուրի, ներկայացնում է «բարին հիշեցնող» կերպարի հետ միաձույլ՝ որպես բարու և օրենքի ամբողջություն: Այս երկուսն անքակտելիորեն շաղկապվում են մյուս կենտրոնական կերպարների և հետին ֆոնում գրեթե ուրվագծված զինվորների խմբի հետ: Բարու ու օրենքի առաջնահերթության շեշտադրումը թե՛ բովանդակության, թե՛ կատարման տեսակետից չունեն որևէ աղերս մյուս պատկերի հետ: Այստեղ Վաղարշակը երևում է հաստ ու կոպիտ ծալքերով հագուստով՝ նստած պալատում, որը պատկերված է պայմանական լույս ու ստվերով և անկատար հեռանկարային լուծումներով: Նա շրջապատված է միայն նախարարներով, իսկ թագի փոխարեն կարծես արծվի փետուրներ լինեն (վերջինիս որևէ հիշատակություն չենք գտնում Խորենացու Պատմության մեջ): Մնացած կերպարները ներկայացված են խորհրդանշաներով՝ թագավորի առջև պատվանդանին աջից ու ձախից դրված են «օրէնք» և «законь» գրվածքներով գրքեր, որոնց վրա հենված են սուրն ու արքունական մականը, իսկ վերջիններիս վրա դրված է, ըստ երևույթին, Մար Աբասի գիրքը՝ «պատմութիւն» գրությամբ:

Եթե վենետիկյան պատկերը պատկերագրական դետալների սահուն անցումներով և պատմողականությամբ ամփոփում է պատմական իրողություններն այնպես, ինչպես գտնում ենք Խորենացու մոտ, ապա դրա ռուսահայկական տարբերակը շեշտադրում է Վաղարշակի՝ որպես միապետի ուժն ու իշխանությունը և դրանցո՛վ հնարավոր դարձած մշակույթն ու օրենքը՝ որպես հայերի՝ լուսավորյալ ավանդույթ ունեցող ազգի մոնումենտալ խորհրդանշաններ: Մխիթարյանների՝ քաղաքական նպատակներ չհետապնդող մշակութային գործունեությունից քաղված պատկերների ու դրանց անբարեձև այլափոխությամբ՝ ռուսաստանյան միջավայրում այդ նույն պատկերների վրա դրվում էր պետականության իմաստ, ավելի կոնկրետ՝ միապետականության գաղափար: Կիսակատար ու անխնամ աշխատանքն էր, ուրեմն, ուղենշում միապետականության իդեալը կայացնելու ճանապարհը:

Առաջին պատկերը հրապարակվում է ըստ՝ Яковъ и Давыдъ Арзановы, Опытъ начертанiя исторiи царства армянскаго (Москва: Въ Типогафiи Семена Селивановскаго, 1827), երկրորդը ըստ՝ Ազգասէր (Ի Վենէտիկ: ի Վասն Սբյն Ղազարու, 1815):

 

նկար 1

 

նկար 2

Ծանոթագրություններ

Ծանոթագրություններ
1 Գուցե եղել է նաև մեկ այլ օրինակ, սակայն մեր փնտրտուքը բացահայտել է միայն Մխիթարյան միաբանության մի քանի հրատարակություններում տպագրված պատկերի այս տարբերակը: