Էդուարդ Իսաբեկյանն իր ստեղծագործության մեջ Դերենիկ Դեմիրճյանի Վարդանանք պատմավեպի մոտիվներին մի քանի անգամ և մի քանի տարբեր միջնոցներով է անդրադարձել։ Նկարիչն ունի բուն վեպի նկարազարդման գրաֆիկական մի քանի շարքեր՝ տարբեր տեխնիկաներով, գույնով (գուաշ, յուղաներկ) ու մատիտով, և առանձին դրվագների մեծադիր կտավներ («Պատասխան Հազկերտին», «Ավարայրի ճակատամարտ»)։
Ներկայացվող պատկերներն իր ամբողջ կյանքի ընթացքում նկարչին հետաքրքրող այս թեմայի շրջանակում արված նույն մոտիվի երկու տարբերակ են՝ մեկն արված 1945-ին, մյուսը՝ 1952-ին։ Իրարից ժամանակային ահագին հեռավորությամբ արված այս երկու շարքում էլ Իսաբեկյանն ընտրել է պատմավեպի սարսռացնող այն դրվագը, երբ Վարդան Մամիկոնյանն իր որդուն՝ Զոհրակին, «ստույգ մահի դեմ» է ուղարկում. «Զինվորները լուռ ցած դրին Զոհրակին։ Վարդանը իջավ բլրակից, մոտ գնաց։ Զինվորները մռայլ կախեցին գլուխները։ Վարդանը թիկնոցը մի փոքր ետ տարավ։ Իսկույն ետ ծածկեց։ Տեսածը ահեղ բան էր»։
1945-ին արված առաջին տարբերակում նկարիչն աշխատել է գուաշով։ Պատկերի մակերեսն ամբողջությամբ թրթռում է պաստելային կապույտներով ու կանաչներով։ Վարդանի և մանկադեմ Զոհրակի կերպարները տեղադրված են լայն, կարծես անկախ պատկերված ողբերգությունից ծաղկող տարածության մեջ։ Հողի կանաչին խառնված թույլ կապույտները մակերեսի վրա կապվում են վերևի աջ անկյունում խտացող ամպերին՝ ստեղծելով միջավայրի ընդհանրական զգացողություն։ Վարդանի ձախ ձեռքի շարժումը համընկնում է հետևում զինվորներից մեկի ձեռքի ընթացքին, որն այնուհետ դեպի ձախ ներքևի անկյունը շարունակվում է Զոհրակին ծածկող թիկնոցի ծալքերով մինչև թուլացած գետնահար ձեռքն ու խոտերի մեջ երևացող սուրը։ Ձևերի այս ռիթմը, ինչպես նաև գույնով ակտիվացրած մակերեսը մարդկային ապրումների կենդանության զգացողություն են հաղորդում պատկերին։
1952-ին, երբ հետպատերազմյան Խորհրդային միությունում առավել սրվել էր գաղափարական պայքարի պաթոսը և արվեստի գործիչներից պահանջվում էր անընդհատ ինքնաքննադատությամբ վերանայել իրենց գործը, Իսաբեկյանը նորից է մոտենում այս նույն մոտիվին։ Այստեղ արդեն մակերեսը մատիտով ու ածուխով է մշակված։ Տարածությունն առավել պայմանական է, կերպարները բերված են առաջ՝ ստեղծելով հերմետիկ ու փակ զգացողություն։ Եթե նախորդ պարագայում կերպարները պատկերի մակերեսի ընդհանրության մասն էին, այս աշխատանքում խիստ ուրվագծված, կտրուկ անցումներով առաջին պլան են գալիս վշտահար հոր և արդեն երիտասարդ զինվոր որդու դիմագծերը։ Հետևի պլանում պատկերված զինվորները չոր, գրեթե երկրաչափական ձևերով կառուցված երկնքի մաս են թվում՝ Վարդանի դիմագծերի վրա պահելով դիտողի աչքը։ Նկարելաեղանակի այս կոպտացումը, տարածության առավել պայմանականացումը, վշտի փակ ու սեղմված պատկերը կարծես նկարի մակերեսի մակարդակում ի հայտ է բերում հաղթանակից հետո երկրում նոր թափ առած գաղափարայնության սեղմվող օղակը։
Հրապարակվում է ըստ՝
Էդուրադ Իսաբեկյան, «Վարդան և Զոհրաբ» (Դ. Դեմիրճյանի «Վարդանանք» գրքի նկարազարդում), 1945, թուղթ, գուաշ, 60×48 սմ, Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդապահոց
Էդուրադ Իսաբեկյան, «Զոհրապի մահը» (Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» պատմավեպի նկարազարդում), 1952, թուղթ, մատիտ, ածուխ, ռետուշ, 47×36 սմ, Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդապահոց