1941 թվականին ֆաշիստական Գերանիան հարձակվեց Խորհրդային Միության վրա։ Միության բոլոր հանրապետություններում՝ այդ թվում և Խորհրդային Հայաստանում սկսվեց ոչ միայն ռազմական, այլև պետական և հասարակական մյուս ոլորտների ուժերի գերլարում՝ հանուն ռազմաճակատի։ Այս համատեքստում է Գրական թերթը «գրիչը զենքի պես սրելու» կոչերի կողքին նույն տարվա սեպտեմբերից սկսում «Հայ ժողովրդի հերոսական անցյալից» հոդվածաշարը՝ ոգեկոչելու «Հայ ժողովրդի օտարերկրյա բռնակալների ու հափշտակիչների դեմ մղած դարավոր պայքարը»։ Ներկայացվող վավերագիրը հրապարակվել է որպես այս հոդվածաշարի մաս։
Հոդվածի հեղինակ, Երևանի համալսարանի Հայ գրականության ամբիոնի վարիչ, գրականագետ Մկրտիչ Մկրյանն այստեղ ելնում է պատերազմի մեկնարկով շիկացած իր ներկայում վարդանանց պատերազմը ոգեշնչման աղբյուր դարձնելու կենսական հրամայականից։ Սա է թերևս պատճառը, որ բազմաթիվ ձեռագրերի, դրանց արտագրողների վրիպակների, իրար հակասող վկայությունների և այս ամենի շուրջ հայագետների բուռն բանավեճերի միջով մեզ հասած պատմությունը տեքստում երևում է առանց որևէ թեականության՝ իբրև անքննելիորեն վկայված ճշմարտություն։ Մկրյանն ասես կենդանացնում է վարդանանց հերոսներին իր ներկայում՝ միաժամանակ սառեցնելով նախորդ դարում նոր նոր ձևավորվող հայ պատմաբանասիրության մեջ բուռն թափ առած քննական բանավեճերը։ Եղիշեի Վասն Վարդանայ և հայոց պատերազմին երկի փաստականորեն վավերական լինելու, դրա և Ղազար Փարպեցու աշխատության մեջ ի հայտ եկող տարբերությունների և հայերի ապստամբության մյուս մանրամասների շուրջ 19-րդ դարի վերջին արդի պատմաբան Անտոն Գարագաշյանը բացեց մի մատենագիտական բանավեճ, որին նույն շրջանում արձագանքեցին խնդրով զբաղվող այլ բանասերներ ու պատմաբաններ։ Մկրյանի հոդվածում, սակայն, սա երևում է իբրև «բուրժուական պատմագրության» առավելապես քաղաքական դիրքավորում․ հերոս սպարապետին «վարկաբեկող» հայացք, որն իր քաղաքական լինելու պատճառով իսկ կորցնում է գիտական արժանահավատությունը։
Քաղաքական սուր՝ դասակարգային լարման մեջ դնելով Եղիշեի շուրջ մատենագիտական բանավեճը՝ Մկրյանն ինքը պահում է քաղաքական ի՛ր դիրքը։ Հանուն Քրիստոսի հավատի և Քրիստոսի օրինակով մահվամբ մահը հաղթահարելու վարդանանց ապստամբությունը հոդվածում ի հայտ է գալիս իբրև «ազգային ազատագրության և անկախության» պայքար։ Եղիշեի երկն իր կրոնական ոգուց դուրս բերելով՝ հեղինակն առավել ժողովրդականություն է տալիս ապստամբությանն այնքան, որ վարդանանց հերոսներին ընծայած Ժողովրդի գնահատանքը բռնում է քրիստոնեական հավատքում բարձրագույն վարձքի՝ երկնային փառքի տեղը։
Հրապարակվում է ըստ՝ Մ. Մկրյան, «Վարդան Մամիկոնյանի կերպարը Եղիշեի պատմության մեջ», Գրական թերթ, 30 սեպտեմբերի 1941 թ.։
Վարդան Մամիկոնյանի կերպարը Եղիշեի պատմության մեջ
Հինգերորդ դարի գրող Եղիշեի «Պատմություն Վարդանանց» գիրքը հայ ժողովրդի ստեղծած մեծ կուլտուրայի հոյակապ կոթողներից մեկն է։ Այստեղ էպիքական հզոր շնչով, հորդաբուխ լիրիզմով ու հրեղեն լեզվով նկարագրված է Սասանյան Պարսկաստանի ծանր լծի դեմ հերոսական հայ ժողովրդի մղած ազատագրական մեծ պայքարը, որի ղեկավարն էր սպարապետ Վարդան Մամիկոնյանը։
Եղիշեի պատմությունը լինելով իր ժամանակի ամենագիտական գործերից մեկը՝ միաժամանակ մի մեծ դյուցազներգություն է, սկզբից մինչև վերջ տոգորված բոցաշունչ հայրենասիրության իդեայով ու զգացմունքով։ Դարեր շարունակ այն եղել է հայ ժողովրդի ամենասիրած գրքերից մեկը. Վարդան Մամիկոնյանի հերոսական, պոետիկ կերպարը հուզել ու ոգևորել է նրան. ներշնչել է գրողներին՝ ստեղծելու բազմաթիվ գեղարվեստական գործեր։ Աբովյանին, Ալիշանին, Մուրացանին և շատ ուրիշ հայ գրողների դժվար է պատկերացնել առանց Եղիշեից ստացած ոգեշնչման։
***
Ոչինչ ավելի լավ չի կարող մարդուն բնութագրել, քան պատմության մեջ կատարած նրա գործը։ Դիմենք պատմության։ Արշակունիների դինաստիայի վերանալուց հետո՝ հայերն իսպառ չէին զրկվել անկախությունից. այն ժամանակ թագավորությունն ընկավ նախարարների ձեռքը՝ գրում է Եղիշեն։ Պարսկաստանի Սասանյան բռնակալները հայ ժողովրդին հաստատապես իրենց լծի տակ առնելու համար ձեռնարկեցին նրա անկախության վերջին մնացորդները ջնջել՝ աշխատելով նախարարներին իրենց ժառանգական իշխանությունից զրկել և երկրում քրիստոնեության փոխարեն՝ զրադաշտականություն տարածել։ Այսպիսով, այն ժամանակ պայքարը զրադաշտականության դեմ՝ քրիստոնեության համար, պայքար էր ազգային ազատագրության և անկախության համար։
Եվ ահա Սասանյան Պարսկաստանի թագավոր Հազկերտը իր հազարապետի՝ խորամանկ ու դաժան ծերունի Միհրներսեհի խորհրդով՝ խիստ հրամանով իր մոտ է կանչում հայ, վրացի և աղվան բոլոր նշանավոր իշխաններին և փրփուրը բերանին հազար ու մի սպառնալիքով ստիպում է նրանց ընդունել մազդեզանց կրոնը։
Իշխանները ստիպված են լինում առերես ուրանալ։ Հազկերտը նրանց հետ դնելով մոգերի և ուսուցիչների մի ահագին խումբ, ինչպես և զորք՝ ետ է ուղարկում։ Մոգերը ճանապարհին դեռ, – ասում է Եղիշեն, – վիճակ էին գցում իրենց մեջ, թե ո՛ւմ ո՛ր մարզը պետք է ընկնի և ո՛ւմ ո՛ր մասը պետք է հասնի ծրագրված թալանից ու կողոպուտից։
Ժողովուրդը լուր առնելով իշխանների և մոգերի գալու մասին՝ ցասումով բռնկած ոտքի է կանգնում և սկսում է զինվել։ Առաջին ընդհարումը տեղի է ունենում Անգղ կոչված գյուղաքաղաքի մոտ։ Երբ մոգերը փորձում են եկեղեցիների դռները ջարդել՝ ժողովուրդը հարձակվում է նրանց վրա և ետ շպրտում։ Բայց այստեղ Սյունյաց իշխան Վասակը, որ թագավորի կողմից Հայաստանի մարզպան էր կարգված, դավաճանորեն, խորամանկությամբ կարողանում է առժամանակ մտքերը խաղաղեցնել և մոգերին խումբ-խումբ ցրում է զանազան վայրեր, որպեսզի իրենց գործը շարունակեն։
Իսկ ժամանակի մեծ հայրենասերը՝ Վարդան Մամիկոնյանը չհանդուրժելով այդ ամենը՝ գաղտնի ձեռնարկում է ընդհանուր ապստամբության նախապատրաստման և երբ մոգերի ու պարսիկ զորքի անլուր արարքներից ժողովրդի զայրույթը լեռնանում է, մի գիշեր ապստամբության կողմնակիցները հանկարծ հավաքվում են սպարապետի կայանը և խնդրում գործի անցնել։ Վարդանն իհարկե չի հապաղում։ Հավաքվածները երդումով ուխտ են կռում՝ մինչև վերջ պայքարել իրենց նպատակի համար. այն ժամանակ մի իշխան դեմ դուրս գալով՝ չի միանում նրանց. նրան տեղն ու տեղը քարկոծում են և ահա սկսվում է եռալով հոսել հրաբխային լավան. «Յայնժամ ամենեքեան ի նախանձ բարկութեան բրդեցան, մինչև ամենայն տեսողաց երիկամունք դողային, որք առ ոչինչ համարեցին զպարգևս արքունի և առոտն հարին զհրամանս ահագինս»։
Ազատագրական մեծ պայքարի դուրս եկածները ամբողջ գիշեր զինվելով՝ առավոտյան Վարդանի ղեկավարությամբ հարձակվում են Զարեհավանի մոտ գտնվող պարսկական բանակի վրա և ջարդում. ձերբակալում են մարզպան Վասակին, բայց նա խոսք տալով պայքարին միանալ՝ խաբեությամբ ազատվում է։ Կարճ ժամանակում ոչնչացվում են և առանձին բերդերում եղած կայազորներն ու երկիրն իսպատ մաքրվում է թշնամու զորքերից։
Բայց ահա լուր է ստացվում, որ Հազկերտի հրամանով Ճորա պահակի մոտ գտնվող պարսից բանակը մտել է Աղվանք և շարժվում է դեպի Հայաստան։ Վարդանն ստեղծված սպառնալից իրադրությունը ճիշտ կշռադատելով՝ աղվաններին օգնելու, մյուս կողմից թշնամու մուտքը Հայաստան թույլ չտալու համար՝ զորքը բաժանում է երեք մասի, մի մասը ուղարկում է Ատրպատականի սահմանը պահելու, մի մասը հանձնում է Վասակին, որպեսզի սա իր իսկ առաջադրած ծրագրով՝ Սյունիքից գաղտնի ճանապարհներ անցնելով՝ թիկունքից հարվածի թշնամուն, իսկ մնացած մասը ինքը վերցնելով՝ սրընթաց արշավով մտնում է Աղվանք։ Վասակը, որն առաջուց իր մոտ էր պահել այլ դավաճան իշխանների, ոչ միայն հանձն առած պարտավորությունը չի կատարում, այլև գաղտնի լուր է ուղարկում Սեբուխտ մարզպանին, որ ահա ինքը հայերի ուժը ջլատել է՝ երեքի բաժանելով, որ Վարդանի բանակը փոքրաթիվ է, և խրախուսում է անմիջապես ճակատամարտի բռնվել նրա հետ։ Հավատացած լինելով, որ Վարդանը կպարտվի՝ Վասակը ապստամբում է և սկսում երկիրը քարուքանդ անել ու Վարդանի հետ գնացած իշխանների տները կողոպտելով՝ ընտանիքները գերության վարել։ Սակայն նրա հաշիվները սխալ են դուրս գալիս։
Վարդանը չնայած իր ուժերի համեմատական փոքրության՝ Կուր գետի ափերի մոտ հարձակվում է Սեբուխտ մարզպանի բանակի վրա և մեծ ջարդ տալով ցիրուցան անում։ Պարսից բանակի խղճուկ մնացորդները շպրտվում են գետի մյուս ափը։ Վարդանը շարունակելով արագաթափ արշավը մաքրում է Աղվանքը պարսիկներից, հասնում մինչև Հոնաց դուռը (Ճորա պահակ), կոտորում պարսիկ պահապաններին, խորտակում դուռը և փոխադարձ օգնության դաշն կնքում հոների (կովկասյան լեռնականների) հետ։ Հենց այդ ժամանակ լուր է ստացվում Վասակի դավաճանության մասին։ Վարդանը շտապում է ետ դառնալ։ Նրա բանակը այդ ժամանակվա պայմաններում կատարում է մի անօրինակ արագ երթ՝ Ճորա պահակից մինչև Հայաստան ահագին տարածությունն անցնելով մեկ ամսվա ընթացքում։ Վասակը լսելով Վարդանի վերադարձը՝ այնքան հանկարծակիի է գալիս, որ ամեն ինչ թողնելով փախչում, թաքնվում է Սյունյաց կողմերը։
Անհաջողությունից գլուխը կորցրած Հազկերտը փորձում է հայերին խաբեությամբ իրեն ենթարկել. նա հայտարարում է, թե ինքը կհրաժարվի բռնության իր քաղաքականությունից, եթե վայր դրվի զենքը։ Սակայն, ասում է Եղիշեն, բոլորը մտածում և խոսում էին իրար հետ ասելով. «Քանի՜ լիրբ է խորամանկ խաբէութիւն նորա… Զի որ ինքն իւր չար է՝ այլում բարի ոչ կարէ լինել, և որ ինքն ընդ խաւարագնա, այլում ոչ առաջնորդէ ճշմարտութեան լուսով։ Որպես զի չիք յանիրաւութենէ արդարութիւն, այսպես և ոչ ի ստութենէ ճշմարտութիւն, սոյնպես և ի խռովասէր մտաց ակնկալութիւն խաղաղութեան»։ Հասկանալի է, որ մեծ պայքարով ձեռք բերված ազատությունից ժողովուրդը չէր կարող ինքնակամ հրաժարել։
Այստեղ նկատենք, որ բուրժուական պատմագրությունը հանձին Գարագաշյանի, դատապարտել է Վարդանի գլխավորած ժողովրդական այս հերոսական պայքարը, գտնելով, որ հայերի ուժը շատ փոքր էր, և նրանց վիճակն անհույս։ Նա մեծ զորավար Վարդանին համարում է կրոնական մոլեռանդությամբ տարված մի տաքգլուխ անձնավորություն։ Գարագաշյանը սխալվում է և աղավաղում է պատմությունը։ Իրոք ազատասեր հայ ժողովուրդը ստեղծել էր մի այնպիսի բանակ, որից դողում, սարսափում էր թշնամին։ Այդ պարզ երևում է նոր հարձակման համար՝ պարսիկների ձմռան ընթացքում տեսած երկար պատրաստությունից և հարձակման վախճանից։
Ձմռան Փայտակարան քաղաքն է գալիս հազարապետ Միհրներսեհը, որի ձեռքն էր գտնվում փաստորեն ողջ իշխանությունը, և անձամբ ղեկավարում Հայաստանի վրա հարձակվելու պատրաստությունները։ Նրա առաջի գործն է լինում իր մոտ կանչել թաքստոց մտած Վասակին՝ հայերի ուժի ու ղեկավարների անձնական հատկությունների մասին տեղեկություններ ստանալու և նրա միջոցով այդ ուժը երկպառակելու համար։ Վասակն սկսում է քայքայիչ աշխատանքը. նրան հաջողվում է իշխանների և հոգևորականության փոքր մասին Հազկերտի կողմը գրավել, սակայն նրանց զորքը հավատարիմ է մնում Վարդանին և չի հեռանում բանակից։ Փայտակարանում Միհրներսեհը պարսիկներից, բռնությամբ և կաշառքով հպատակ ազգություններից հավաքած զորքերից կազմակերպում է մի ահագին բանակ, որի հրամանատարությունը հանձնելով Մուշկան Նիսալավուրտին՝ ինքը վերադառնում է թագավորի մոտ։
Գարնան պարսկական բանակը առաջ շարժվելով մտնում է Հայաստանի Հեր և Զարևանդ գավառը։ Վարդանն անմիջապես մի զորաբաժին Առանձար սեպուհին հանձնելով՝ ուղարկում է պարսիկների ուժը կռվով հետախուզելու և նրանց ցրված ասպատակները ոչնչացնելու։ Առանձարը հարձակվելով ներխուժած բանակի մի թևի վրա՝ ջարդում և հարկ եղած տեղեկությունները հավաքելով՝ հաջողությամբ վերադառնում է։ Վարդանը պատրաստում է հիմնական ուժերը թշնամուն դիմագրավելու համար։ Այստեղ Եղիշեն պատմում է այնպիսի մանրամասնությունները, որոնք ավելի ցայտուն կերպով բնութագրում են խիզախ զորավարի հերոսական կերպարը։ Վարդանն, ասում է Եղիշեն, հոգ էր տանում ամեն մի զինվորի համար և հայրաբար խնամում և ո՛ւմ ի՛նչ պակասում էր՝ աշխատում էր լրացնել։ Այդ ահեղ և ճակատագրական ժամին նա իր անձնական օրինակով և նշանավոր քաջերի մասին պատմելով ոգևորում և պայքարի ու կռվի ոգի էր ներշնչում իր մարտիկներին։ «…Եւ զուարթագին զինքն ցուցանէր ամենեցուն։ Եւ ըստ պատերազմական կարգին՝ զքաջ արանց զյիշատակարանս երկրորդէր առաջի նոցա»։ Հոյակապ է և շատ բնորոշ ճակատամարտից առաջ՝ Վարդանի արտասանած ճառը, որն, իհարկե պատմիչի ստեղծագործությունն է, և հիանալիորեն արտացոլում է զորքի սպարապետի և հայ ժողովրդի ազատասիրական ոգին. «Արդ աղաչեմ զձեզ, ո՛վ քաջ նիզակակիցք իմ, մի՛ երկուցեալ զանգիտեսցուք ի բազմութենէ հեթանոսացն, և մի յահագին սրոյ առն մահկանացուի զթիկունս դարձուսցուք, զի եթէ տացէ տէր յաղթութիւն ի ձեռս մեր, սատակեսցուք զօրութիւն նոցա զի բարձրասցէ կողմն ճշմարտութեան. եւ եթէ հասեալ իցէ ժամանակ կենաց մերոց սուրբ մահուամբ պատերազմիս, ընկալուցք խնդությամբ սրտին, բայց միայն յարութիւնս քաջութեան՝ վատութիւն մի՛ խառնեսցուք»։
Ճամբին ամեն ինչ քարուքանդ անելով, մարդկանց կոտորելով ու կողոպտելով՝ Մուշկան Նիսալավուրտը հասնում է Արտազ գավառը և բանակ դնում Ավարայր գյուղի մոտ Տղմուտ գետի ափին։ Շուտով նույն տեղն է հասնում հայկական զորաբանակը։ Մուշկանը և Վասակը անընդհատ պատգամավորներ են ուղարկում ու ամեն կերպ փորձում են հայերին խաբել զանազան խոստումներով, որ դիմադրություն ցույց չտան. սակայն ոչ մի արդյունքի չեն հասնում և երբ, հեգնությամբ նկատում է Եղիշեն, Մուշկանին այլևս պատգամավոր չի մնում հայերին խաբելու՝ որոշում է կռվել։
Հայ ժողովրդի պատմության մեջ անմոռաց Ավարայրի ճակատամարտը տեղի է ունենում 451 թվի հունիս ամսին։ Վաղ առավոտյան հայկական զորաբանակը Վարդանի հրամանով չորս գնդի բաժանված՝ առաջինը գետն անցնելով հարձակվում է թշնամու վրա. բորբոքում է կատաղի ճակատամարտ, որը փառահեղորեն նկարագրում է պատմիչը. «Եվ ամբոխ աղաղակեն երկոցունց կողմանց՝ իբրև ի մեջ ամպոց շփոթելոց՝ ժայթմունս գործէր և հնչումն ձայնից զքարանձաւս լեռանցն շարժէր»։ Նկատելով, որ պարսիկները ճնշում են գործադրում հայերի ձախ թևի վրա և խախտում շարքերը՝ Վարդանն իր գնդով հարձակվում է այնտեղ և ջարդում պարսից բանակի աջ թևը, ապա մխրճվելով Մուշկանի բանակի դասավորության խորքը՝ մրրկաթափ հարվածով ցաք ու ցրիվ է անում և փախուստի մատնում թշնամու ամենաընտիր զորամասը՝ Մատյան գունդը։ Պարսիկների համար այդ ճգնաժամային մոմենտին Մուշկան Նիսալավուրտը նկատում է, որ Վարդանն իր զորախմբով շատ առաջ անցնելով կտրվել է մյուս գնդերից. այն ժամանակ նա ձայն է տալիս փղերի զորաբաժնի հրամանատար Արտաշիրին առաջ անցնել և պաշարել նրան։ Վարդանն իր քաջ նիզակակիցներով մեծ կոտորած է անում Արտաշիրի փղավոր զորքի մեջ, բայց ի վերջո այդ անհավասար կռվում ընկնում է հերոսական մահով։
Կատաղի մարտը շարունակվում է մինչև մութն ընկնելը։ Կորցրած լինելով իրենց ղեկավարներին՝ հայերը մյուս օրը հետ են քաշվում և ամրանալով բերդերում՝ շարունակում են դիմադրությունը։ Ավարայրի դաշտում պարսից բանակը հայերից եռապատիկ ավելի կորուստ է ունենում և չի կարողանում (չնայած թվական ահագին գերակշռության) վճռական հաղթանակ տանել։ Տեսնելով, որ անհնար է կռվով հայերի դիմադրությունը ընկճել և խիստ դժգոհ մնալով Ավարայրի արդյունքից՝ հազկերտը հետ է կանչում Մուշկանին ու Վասակին և ստիպված՝ փոփոխություն է մտցնում իր քաղաքականության մեջ։ Նա հրաժարվում է հայերին բռնի զրադաշտականացնելու մտքից։ Պարսկաստանում Վասակը զրկվում է պատիվներից. նրա վախճանը լինում է շատ անփառունակ, այնտեղ նա, գրում է Եղիշեն, «Իբրև զշուն մեռաւ և իբրև զէշ քարշեցավ»։
Հնագույն ժամանակներում հայ ժողովուրդը ստեղծել է շատ գեղեցիկ առասպելներ. դրանցից մեկն ասում է, որ կռվի դաշտում ընկած քաջերը չեն մեռնում. առլեզները լիզելով վերքերը կենդանացնում են նրանց. այստեղ խոր ճշմարտություն կա։ Արդար գործի համար ընկած քաջերը – հերոսները իրոք կենդանանում են մնալով ժողովրդի հիշողության մեջ ու բարի օրինակ դառնալով հետագա սերունդների համար։ Այդպիսի հերոսներից է և Վարդան Մամիկոնյանը։ Նա անմահ է, ինչպես Եղիշեն է իր մի հանճարեղ աֆորիզմով ազդարարում բոլոր նրանց, որոնք գիտակցաբար պայքարում են ճշմարտության ու առաքինության հաղթանակի համար.
«Մահ ոչ իմացեալ մահ է, մահ իմացեալ անմահութիւն է»։