Արևելահայ շրջանակներում Վարդան Մամիկոնյանի տեսքը երևակայելու, նրան պատկերի վերածելու մեզ հայտնի առաջին դեպքը 1837 թվականից է։ Նահատակ սուրբն այս թվին երևում է տիրացու նկարիչ Հովհաննես Աֆանդյանցի մի մեծադիր պատկերում, որ կոչվում է «Գրիգոր Լուսավորիչը և հայ հոգևոր ու աշխարհիկ գործիչները» (պատկերը պահվում է Հայաստանի ազգային պատկերասրահի գրաֆիկական նկարչության ֆոնդում)։ Մեզանում վիմագրական առաջին փորձերից այս մեկն ամպոտ երկնքի տպավորություն թողնող պայմանական տարածության մեջ համաչափ դասավարությամբ կառուցված բազմաֆիգուր հորինվածք է։ Այստեղ կենտրոնում Գրիգոր Լուսավորչի կերպարն է, որի առանցքի շուրջ են հավաքված այնպիսի գործիչներ, ինչպես «Տրդատ թագաւոր հայոց», «քույրն Խոսրովդուխտ», «Սբ. Սահակ Պարթև», «Սբ. Մեսրոպ թարգմանիչ» , «Գրիգոր վկայասեր», «Գրիգոր Պահլավունի», ինչպես նաև «Քաջն Վարդան», «դուստր Շուշան» և այլք։ Էջմիածնական նկարչի պատկերած այս աստղաբույլից կարող ենք ենթադրել, որ վերջինս, ազդված լինելով առհասարակ հինգերորդ դարը վերահառնեցնելու 19-րդ դարի լայն միտումից, միաժամանակ ավելի կապված է եկեղեցական ավանդույթին։ Սրա նշանն է Գրիգոր Լուսավորչի հովանու տակ բացի հինգերորդ դարի մատենագիրները, ընդհուպ մինչև տասնմեկ, տասներկուերորդ դարերի կաթողիկոսներին ներառելը։ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում սերտած դասական արվեստի սկզբունքներով կառուցված այս կայուն ու փակ կոմպոզիցիայի աջ թևի մի հատվածն են զբաղեցնում սուրբ Վարդանն ու իր դուստրը։ Սուրբ սպարապետի կերպարն այստեղ, հետաքրքրականորեն, ոչ այնքան առաջնորդող զորավարի, որքան հռոմեացի պատանի զինվորի է հիշեցնում՝ միաժամանակ ուրվագծելով զորավարի պատկերագրության որոշ առանձնահատկություններ, որոնք հետագա տասնամյակներին իրենց հաստատուն տեսքը պետք է ստանային։
Ներկայացվածը նկարիչ Աֆանդյանցի մասին մեզ հասած թերևս միակ վկայությունն է, որ գտնում ենք Գյուտ Աղանյանի Դիւան Հայոց պատմության աշխատության ծանոթագրություններում։ Ինքն էլ իր հերթին բերելով Իսահակ եպիսկոպոս Տեր-Գրիգորյանի մի վկայություն-նամակը՝ Աղանյանը հարկ է համարել բազմահատոր Դիւանի իր էջերում հատուկ նշում անել Էջմիածնի տպարանի հիմնադիր, մեզանում վիմագրության արվեստի առաջնեկներից և արդեն դարադարձին մոռացության մտնված նկարչի մասին. անգնահատելի մի տեղեկություն, որ թույլ է տալիս արևելահայ արդի արվեստի ծագումը տեսնել հայ եկեղեցու և Ռուսական կայսրության հետ բազմաշերտ հարաբերության մեջ։
Հրապարակվում է ըստ՝ Գյուտ Աղանյան, Դիւան հայոց պատմութեան, գիրք ԺԱ (Թիֆլիս։ Էլեքտրաշարժ տպարան Ն. Աղանեանցի Պօլից, 1913), էջ 464-465։
***
Դժբաղտաբար մինչև այժմ ոչ ոք չը տուաւ Էջմիածնի տպարանի պատմութիւնը և նրա հրատարակութիւնների լիակատար ցանկը, մանաւանդ Սիմէոնի օրոք Էջմիածնի թղթագործարանի պատրաստած թղթի վրայ տպուած գրքերի ցուցակը։ բայց շատ հետաքրքրական է այդ պատմութիւնը. օրինակ՝ ոչ ոք Էջմիածնի միաբաններից երևի չգիտէ, որ այդ տպարանը շնորհիւ Տիրացու և նկարիչ Յովհաննէս Տէր-Մկրտչեան Աֆանտովի մի ժամանակ ունեցել է և՛ վիմագրատուն և նրա վիմագրական «չարխ»-ի մէջ առաջին անգամ տպուել է կայսր Նիկոլայ Պաւլովիչի պատկերը։ Մեր ձեռքին գտնւում է Էջմիածնի միաբան «Ծաղկազարդ Իսահակ եպիսկոպոս մ՛՛ տէր Գրիգորեան երևանցու 1839 մայիսին (N 29) մի նամակ Էջմիածնից ուղղուած Պ. Բուրգի յաջորդ Եփրեմ վարդապետ Ալթունեանին, ուր հեղինակը հետևեալ կարևոր տեղեկութիւններն է տալիս այդ մասին.
«Տէր Մկրտչեան Աֆանտով՝ պարկեշտ և համեստաբարոյ շնորհափայլ և նկարիչ 4 աստիճանաւոր Տիրացու Յովհաննէս սիրեցեալն մեր, որ յառաջ քան զայս եկեալ էր ‘ի կայսերախնամ Տիրապահ քաղաքն Մօսկով, առ ‘ի ուսումն ընկալնըլոյ զարհեստն Տպարանի և զնկարչութիւն, որև՝ ուսեալ էր ըստ կարողութեան իւրոյ զԼիտօղրաֆի Տպելն զանազան ձևն. և զնկարչութիւնն… (բազմակետը նամակագրինն է) Նորին սրբազնասուրբ Վեհափառ Օծութիւնն (Հովհաննէս VIII կաթ. Կարբեցի), ‘ի նորին կայսերական բարձրութենէն խնդրեալ էր վասն սորա որ անդէն գայցէ այդր ‘ի Ս՛՛ Պետերբուրգ. առ ‘ի մտանել եակադեմի ուսումնարանն՝ որ լաւ ևս՝ ուսցի. զկնի վերադարձման Ն՛՛ Կ՛՛ Բարձրութեանն աստէն, ‘ի նոյն աշնան. եկն գոյն Յովհաննէս տիրացուն աստ. փայլեցոյց զուսեալ շնորհն իւր ‘ի սուրբ Աթոռոջս. որոյ՝ տպարանի միջին յօրինեաց զՄեծ մեքենայ չարխ մի Լիտօգրաֆի. որով Տպեաց զպատկեր Բարեփառ Հզօր Թագաւորին Մերս Հայաստանի, և կայսերն Ռուսաց Նիկօլայ Պաւլօվիչի, որոյ Տէր տացէ կեանս խաղաղականս հանդերձ թագուհեաւն և ժառանգակցօքն վասն պարծանաց սրբոյ Աթոռոյս և մերս աշխարհի. զկնի տպելոյ պատկերին որ տպեաց և զուարճացոյց Ն. Ս. Օծութեանն, և սրբազան Սինօթին, և մեր ամենեցուն. լուաւ գայ՝ թէ կայսրն հարցումն է արարել թէ ո՞ւր մնաց Աֆանդով ասացեալն հարկադրեցին որ յանձն առնու գալն այդր. որև՝ էառ յանձն զնեղութիւնն և զվիշտն յաղագս եակադեմի ուսումնարանն մտանելոյ. որ Ն՛՛ Ս՛՛ Վ՛՛ Օծութիւնն և Բ՛՛ սրբազան սիւնհոդոսն ետ բաշբօրդ և ուղաւորեցին հալ այդր իւր աղքատ քսակաւն։
Վասնորոյ ես, վասն Ձեր աղօթամատոյց գոլով հանապազօր, խնդրեմ Ձերդ հարազատ եղբայրութենէն հայրական շնորհ ցուցանէք դմա ‘ի մխիթարութիւն պանդխտութեան իւրոյ, որում այնքան սիրեցի, և այնքան սիրեմ որպէս հարազատ եղբօր, վասնորոյ՝ փափագեցի այսու գրովս հարցանել զողջութենէն Ձերմէ, և յանձ առնու զդայ ի շնորհս Մարդասիրութեան Ձերոյ ի պատիւ և ի պարծանս սրբոյ Աթոռոյս ի սէր մերս նուաստութեան։
Եւ մինչ եկն այսր գոյն տիրացու Յովհաննէսն, ըստ որում ամուսնացեալ էր յառաջագոյն, ստացաւ Աստուծով զորդի մի սիրելի Մկրտիչ անուն յիշատակ ինքեան զոր տէր պահպանեսցէ աղօթիւ Ձերով վասն իւրոյ մխիթարութեան։
Խնդրեմ յառաջագոյն քան զայս՝ որ գրեալ եմ առ սէրդ իմ գրեսցես մեզ զպատասխանի գրոցս ցնծալով ևայլն… մերս բազմաշխատ նկարիչ Յովնաթանեան նկարիչ պարոն Մկրտումի միջակ որդի սիրեցեալ Աղայ Յովնաթանն ևս է այդր, մերս կողմանէն սիրով և օրհնութեամբ մատուսցես նմա զողջոյն և օրհնութիւն անթառամելի սիրով…
Հիւրընկալ Յովհաննէս վարդապետն մեծի պահոց աւագ շաբաթն տկարացաւ և գնացեալ Երևան վախճանեցաւ անդ՝ և բերեալ ‘ի սուրբ Գայանէի վանքն անդ օծին Աւագ ուրբաթ օրն և բերեալ ի գերեզմանատունն հանգուցին … էր սա՝ անդամ սինօթի և տպարանի կառավարիչ»։
