Վարդան Մամիկոնյանի ձիարձանը Երևանում բացվեց 1975 թվականին՝ դրա գեղարվեստական լուծումների մասին ընդլայն խոսակցությունների տեղիք տալով։ Սրանից մի տասնամյակ և ավել անց՝ 1992 թվականին, երբ Հայաստանը՝ իբրև անկախ հանրապետություն, Արցախյան պատերազմի բովում իր կայացման առաջին քայլերն էր անում, Ազատամարտ թերթը հրատարակում է արձանի հեղինակ Երվանդ Քոչարի ներկայացվող խոսքը։ Արձակագիր, լրագրող Կլարա Թերզյանի գրի առած այս արժեքավոր զրույցը չգիտենք՝ երբ է տեղի ունեցել, այդուհանդերձ, հատկանշական է նոր պետության հիմնադրման տարիներին Վարդան Մամիկոնյանի կերպարին անդրադառնալու թերթի միտումն ինքնին։
Զրույցում Քոչարը նախ ուրվագծում է այն հիմնական ոգեշնչման աղբյուրները, որոնք կայացրել են ձիարձանի իր հղացումը։ Ներսիսյան դպրոցում Մանուկ Աբեղյանի դասերից մինչև Դերենիկ Դեմիրճյանի Վարդանանքը ձգվող այս շղթան թույլ է տալիս տեղակայել Քոչարի աշխատանքը հայերի՝ իբրև ազգի կայացման նախախորհրդային և հետխորհրդային մտավորական ջանքերի հետնախորքին։ Միաժամանակ, Քոչարն այստեղ ի հայտ է բերում սպարապետի պատկերի մի ծննդաբանություն, որն իր համար անձնապես սկսվում է հորից։ Դպրոցական Երվանդի համար հայրը «անգիր, առանց որեւէ լուսանկարի նայելու», «շշմեցնող արագությամբ» նկարում էր Վարդանին։ Անկասկած, հոր նկարածը նույն այն տեսքն ուներ, որն «ամեն հայ մարդ, ուր էլ որ լինի, ճանաչում է, իր սրտի ու մտքի մէջ պահում իբրեւ Վարդան Մամիկոնեանի կերպար»։ Այս կետում է Քոչարը վկայում մեզ ծանոթ պատկերի հեղինակին ու դրա ստեղծման պատմությունը, ըստ որի՝ արդի հայ նկարչության նախակարապետ Ստեփանոս Ներսիսյանն է պատկերել առաջին Վարդանին՝ հայագետ Կարապետ Եզյանի պատվերով։ Չնայած ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Ներսիսյանը նշված 1860-ական թվականներին այլևս Պետերբուրգում չէր, այդուհանդերձ Քոչարի այս վկայությունն անգնահատելի է սպարապետ սրբի պատկերի ձևավորման շղթայի օղակները պարզելու գործում։
Հրապարակվում է ըստ՝ «Իմ «Վարդան զօրավար»ը», Ազատամարտ, 27 հունվարի-1 փետրվարի 1992 թ.:
Իմ «Վարդան զօրավար»ը
«Սասունցի Դաւթի» հանճարեղ արձանը կերտելուց յետոյ, հայ գեղարուեստական իրականութեան եւ ժողովրդի մէջ Երւանդ Քոչարի նոր ստեղծագործութիւնը՝ «Վարդան Մամիկոնեան» արձանի ստեղծումը բուռն հետաքրքրութեան եւ վէճերի առիթ տուեց։ Եղան, ինչպէս արձանի ինքնատիպութեամբ հիացած մարդիկ, այնպէս էլ՝ աւելին ակնկալող, կերպարի գեղարուեստական լուծման հետ չհամաձայնող մօտեցումներ։ Այս առումով կարծում ենք մեր ընթերցողներին կը հետաքրքրեն հէնց իր՝ Քոչարի մտածումները, ինչպէս հայոց մեծ զօրապետի պատմական անձի, այնպէս էլ նրա գեղարուեստական կերպարի ընդհանրացման մասին։
***
Դեռ պատանի հասակից երազել եմ ստեղծել նրա վսեմ կերպարը։ Ներսիսեան դպրոցի աշակերտ էի եւ կաւագործական խմբակի անդամ, երբ իմ շատ սիրելի ուսուցիչ Արսէն Շահբազեանը, որ վարում էր խմբակը, ինձ յանձնարարեց ստեղծել Վարդան Մամիկոնեանի կերպարը՝ հարթաքանդակի ձեւով։ Մինչ այդ հայրս իմ եւ քոյրերիս համար թղթի վրայ շշմեցնող արագութեամբ նկարում էր Վարդան Մամիկոնեանի կիսադէմը՝ այնպէս, ինչպէս որ ես պէտք է քանդակէի։ Նկարում էր անգիր, առանց որեւէ լուսանկարի նայելու։
Անցան տարիներ, տասնամեակներ։ Եւ ահա Սասունցի Դաւթի կերպարից յետոյ ծառացաւ իմ առջեւ հին երազիս ասպետը՝ Վարդան Մամիկոնեանը։ Կարծես ճակատագրական մղումով իրականացրի իմ իղձը։ Ինչպիսի՞ն պէտք է լինէր Վարդան Մամիկոնեանը։ Ի՞նչ վիճակով, ի՞նչ կերպարանքով։ Տարիների ընթացքում հարստացրել էի իմ երազանքը։ Դեռեւս պատանեկութեանս տարիներին, Ներսիսեան դպրոցում, երբ անցնում էինք Եղիշէ, ես այնքան կլանուած էի, որ յիշում եմ՝ մի օր Մանուկ Աբեղյանը դարձաւ ինձ.
— Հը՞, Քոչարեան, կարո՞ղ ես նկարել։
Երանի հիմա լինէր Մանուկ Աբեղեանը, ոգեշնչող այդ սքանչելի ուսուցիչը, եւ ասէր, թէ արդեօք կարողացե՞լ եմ կերտել Վարդանի վեհ կերպարը։ Այնուհետեւ պակաս չի ոգեւորել Պատկանեանի Վարդանը։ Եւ, վերջապէս, Դերենիկ Դեմիրճեանի «Վարդանանք»-ը։ Պակաս նիւթ եւ լուսաբանութիւն չի տուել հէնց Վարդան Մամիկոնեանի ճառը, որ պահուած է Մատենադարանում։
Այս բոլորը ի մի բերելով, ջերմացնելով եւ է՛լ աւելի բովանդակալից դարձնելով, կարծես թէ ամբողջացաւ ցանկացածս կերպարը։ Վարդանը պէտք է լինի ձիու վրայ, մերկացրած սուրը ձեռքին, նա պիտի լինի շարժման մէջ, դինամիկ։ Այդ ոգով եւ մտայղացմամբ ես արեցի մէկ մետրանոց մօտ եօթը տարբերակ գիպսից։ Բայց դեռ բաւարարուած չէի, չնայած, Նկարիչների միութիւնը ինձ պատուիրեց Վարդան Մամիկոնեանի ձիաւոր արձանը, որը ցուցադրուեց եւ բարձր գնահատուեց։ Բայց ես դարձեալ շարունակում էի որոնել Վարդան Մամիկոնեանի վերջնական կոմպոզիցիոն հեծեալ կերպարը, որը, ի վերջոյ, գտայ։
Վարդանն Աւարայրի ճակատամարտում ունէր 60 հազար զինուոր։ Մինչդեռ թշնամին՝ Յազկերտը, ունէր մօտ 200 հազարանոց բանակ։ Բացի դրանից, նա Վարդանի դէմ էր հանել հազար փիղ, որ այն ժամանակուայ տանկերն էին։ Պարսիկները փղերին հին գինի էին խմեցնում եւ թողնում կռուի դաշտ։ Ամեն փղի վրայ մարտկոցներ կային, որտեղից նետեր էին տեղում հայերի վրայ։
Հայն իր արեան մինչեւ վերջին կաթիլը գիտէ մարտնչել, եթէ նոյնիսկ պէտք է զոհուել։ Վարդանն այդ անհաւասար կռուի մէջ մտաւ, քանի որ գիտէր՝ մահ ոչ իմացեալ մահ է, մահ իմացեալ՝ անմահութիւն։ Այս բարձր նշանաբանով զրահաւորուած Վարդանը իր վահանը գցել է մէջքին եւ ահարկու սուրը բարձրացրած՝ արշաւում է թշնամու վրայ։ Նա բարոյապէս բարձր է թշնամու զօրութիւնից։ Նրա դիրքն արդէն յաղթողի վսեմ դիրք է։ Վարդանը նստած չէ ձիու վրայ, այլ բարձրացել է մի փոքր, աջ ոտքով յենուել ասպանդակին, որպէսզի էլ աւելի հուժկու լինի իր թրի հարուածը։ Նա ամբողջապէս բացուած է եւ մարմնի ոչ մի մասը չի թաքցւած, չի պատսպարուած, քանզի նա չի վախենում մահից, նա ճանաչում է մահը, նա ընկճել է մահը։ Իսկ ձին, իր հաւատարիմ ձին, պէտք է ներդաշնակ լինի տիրոջ հետ, մարդը եւ կենդանին պէտք է իրար լրացնեն։ Ուստի ձին էլ տիրոջ նման պէտք է բացուած լինի, պէտք է որ ձիու չորս ոտքերն էլ օդի մէջ լինեն։ Առջեւի երկու ոտքերը օդում պէտք է կրկնեն տիրոջ ձեռքերի շարժումը, իսկ յետեւի երկու ոտքերը պէտք է օդում լինեն, որպէսզի ձին անկաշկանդ սլանայ։ Ձիու եւ տիրոջ միասնութիւնը, ներդաշնակութիւնը գտնւած է, բայց ինչպէ՞ս պահել ե՛ւ ձին, ե՛ւ ձիաւորը օդի մէջ, վերջապէս պէտք է հողի վրայ ամրանան։
Նորից էւրիկա, ձիու սմբակների տակից բարձրանում է փոշի, ամպակերտ բարձրանում է եւ հասնում ձիու փորին։ Ահա այն յենակէտը, որ կարող է արձանին հաստատել հողի վրայ, որ իբրեւ պատուանդան կը պահի ամբողջ արձանը։
Այս արձանը իր մտայղացմամբ երեք հիմնական կէտերով միանմուշ է համաշխարհային արձանագործութեան ամբողջ պատմութեան մէջ։ Որո՞նք են այս արձանի առանձնայատկութիւնները։ Առաջին, որ ոչ մի տեղ եւ ոչ մի ժամանակ ձիաւոր մոնումենտալ արձանը չի իջնում թեքութեամբ՝ վերեւից ներքեւ։ Վարդանը իր ձիով վերեւից ներքեւ է սլանում, եւ ամբողջ արձանը սուր անկեան ձեւով մխրճւում է թշնամու բանակի մէջ։
Այն ինքնատիպ, երբեք չկրկնուած շարժումը արուած է ոչ թէ կամայականութեամբ, այլ կամեցել եմ ասել, քանի որ զաւթիչները, երբ արշաւել են Հայաստան, գրաւել են մեր սեւահողերը, դաշտավայրերը եւ մեզ քշել են դէպի լեռները, ուրեմն մեր հակահարւածը պէտք է լինի լեռներից դէպի ներքեւ, դէպի դաշտավայր։ Եւ դրա համար Վարդանը, իբրեւ արծիւ, վերեւից մխրճւում է դաշտավայր եկող թշնամու բանակի մէջ։ Ձիու վերեւից ներքու սլանալը պատճառաբանուած է եւ արդարացուած։
Երկրորդ. այս արձանի ձիու չորս ոտքը օդի մէջ են, կարծում եմ նոյնպէս եզակի է եւ արդարացուած։
Եւ երրորդ, ոչ մի տեղ եւ ոչ մի ժամանակ չի կանգնեցուել ձիաւոր արձան, որի սմբակներից ելած փոշին քանդակուած լինի։ Հին հանճարները ոչ միայն չեն քանդակել ձիու ոտքերից ելած փոշին, այլեւ չեն նկարել։ Լէոնարդոյի աստուածային հանճարն իր Անգիարի կռիւը նկարելիս, որտեղ գետնի վրայ թաւալւում են ձիերը, մարդիկ, որոնք դրօշակի համար մահուան կռիւ են մղում, ոչ մի հատիկ փոշի չի նկարել։ Կամ միւս աստուածային հանճարը՝ Ռաֆայէլը, որ նկարել է Կոստանդիանոսի պատերազմը, որտեղ նոյնպէս ձիերը թաւալւում են գետնի վրայ։ Կամ սուրբ Գեւորգը, որ ձիով կոխկռտում է հրէշին, նոյնպէս փոշու մի հատիկ ցոյց չի տրուել, չի նկարուել։
Բացի այս բոլորից, Վարդանի արձանը գաղափարային եւ շատ կարեւոր սկզբունքային առանձնայատկութիւն պէտք է ունենայ, որով պէտք է զատուի շատ ու շատ ուրիշ արձաններից, որոնք ներկայացնում են մարտի թունդ պահը։ Ի՞նչն է էականը. Այն, որ Վարդանը այդ դժուարին պահին, որքան էլ իր ցասման մէջ է եւ անդրդուելի, չար չէ, այլ բարի է եւ մարդկային։ Նա պէտք է լինի ոչ թէ նենգ եւ դաւադիր, այլ մեծահոգի, վեհ, ինչպէս վայել է հայ մարդուն, հայ ազգային հերոսին։
Ուզում եմ մի երկու խօսք էլ ասել Վարդան Մամիկոնեանի դիմագծերի մասին, նրա հագուստ-կապուստի ու սաղաւարտի մասին, եւ թէ ինչ փաստացի տուեալներից եմ օգտուել նրա կերպարը կերտելիս։
Ցաւօք սրտի, մեզ փաստագրական ոչ մի նիւթ չի հասել։ Եւ շատ զարմանալի է, որ ժամանակի նկարիչներից եւ ոչ մէկը չի պատկերել Վարդանանց պատերազմը եւ ոչ էլ նրա անմահ հերոսին։ Չափազանց աղքատ եւ անօգնական ենք այդ ժամանակներից զրկուած լինելով։
Հայ ժողովրդի մէջ անցած դարի 60ական թուականներին ամրացել եւ սրբութիւն է դարձել մի նկար, որ պատկերում է Վարդան Մամիկոնեանին։ Այս նկարը ամեն հայ մարդ, ուր էլ որ լինի, ճանաչում է, իր սրտի ու մտքի մէջ պահում իբրեւ Վարդան Մամիկոնեանի կերպար։ Բայց, աւաղ, դա ոչ մի կապ չունի ո՛չ Վարդանի հետ, ո՛չ նրա դարի եւ ժամանակի հայ սպարապետի կերպարի հետ։ Այս նկարի պատմութիւնն այսպիսին է.
60ական թուականներին Պետերբուրգում էր ապրում նշանաւոր գրականագէտ, պատմաբան Կարապետ Եզեանը, որ երազում էր ունենալ եւ ժողովրդի մէջ տարածել հայ հին հերոսների պատկերները։ Եւ ահա մի օր Պետերբուրգի հայ եկեղեցի է մտնում մի հայ ուսանող՝ Ղարաբաղից եկած, արտակարգ գեղեցիկ, խաժակն, գանգուր մազերով եւ փոքրիկ մորուքով։ Եզեանը, նրա դիմագծերի մէջ գտնելով իր երազած հայ հին իշխանների ու հերոսների կերպարը, ուսանողին տանում է նկարիչ Ստեփան Ներսիսեանի մօտ։ Նա էլ իր գիտութեան եւ կարողութեան չափով գեղեցկատես բնորդից նկարում է իր Վարդան Մամիկոնեանին՝ սաղաւարտով, թիկնոցը սեղմած կրծքին։ Բայց ինչո՞ւ Վարդան Մամիկոնեանը հռոմէական սաղաւարտ պիտի ունենար։ Չէ՞ որ նա պարսից զօրավար էր եւ հայոց սպարապետ, ուրեմն նա պէտք է ունենար կա՛մ հայոց, կա՛մ պարսից զօրականի համազգեստ։
Պատմութեան մէջ կան եւ եղել են այդպիսի սխալներ, որոնք ժողովրդի կողմից սրբագործուել են եւ այլեւս ուղղել այդ սխալները՝ կը լինի ամենամեծ սխալը գործել խլելով ժողովրդի սրտից ու մտքից այն մտապատկերը, որին հաւատում է ժողովուրդը եւ կապուած է դրան դարերով։ Այդ նկարը հայ ժողովուրդը ջերմութեամբ եւ հաւատով է ընդունել։
Ուստի, ես գիտենալով հանդերձ Վարդան Մամիկոնեանի պատմական կերպարին չհամապատասխանող այդ կերպարը, գիտակցաբար պահպանեցի թէ՛ սաղաւարտը, եւ թէ՛ զգեստաւորութիւնը ընդհանուր առմամբ։ Չեմ ուզեցել խաթարել ժողովրդի մէջ ամրացած Վարդանի կերպարը։
Գրի առաւ Կլարա Թերզեանը