Վարդան Մամիկոնյանի՝ մեզ համար ճանաչելի պատկերը ունի իր անհամար տարբերակները և դրանցով այնքան ծանոթ է ամեն հայի, որ ասես կտրվել է իր նախնական տարբերակից, դրա ստեղծման պատմական պահից ու հեղինակից։ Ներկայացվող պատկերներից մեկն այս բազմաթիվ տարբերակներից առաջինն է։ Այն լույս է տեսել 1863 թվականին Ռափայել Պատկանյանի նախաձեռնած Հիւսիս լրագրում՝ որպես Գաբրիել Պատկանյանի «Վարդան Մամիկոնյան» պատմական բանաստեղծության նկարազարդում։ Աշխատանքի հեղինակը Ռափայելի եղբայր, նկարիչ Հովհաննես Պատկանյանն է։ Նույն 1863-ին հայր Պատկանյանի բանաստեղծությունը լույս է տեսել նաև առանձին գրքույկով՝ համալրված նկարիչ որդու երեք աշխատանքներով. «Վարդան Մամիկոնեան. ստրատելատ եւ քաջ սպարապետ հայոց», «Վասակ Սիւնի», «Ս. Ղևոնդ երեց»։ Սակայն, ինչպես ցույց են տալիս Ռափայել Պատկանյանի նամակները, Հովհաննեսն այս գործերից երկուսը՝ Վարդան Մամիկոնյանը և Վասակ Սյունին, արել է 1856 թվականին՝ իբրև եղբոր «Քաջ Վարդան Մամիկոնյանի մահը» պոեմի նկարազարդումներ։ Երկու այս պատկերները, որոնցից մեկը մնացել է անհայտ, մյուսը տարածվել ու մտել հայության սրտերը, պատկերագրական ներքին կապ ունեն իրար հետ։
Վասակի պատկերը ցույց է տալիս ալեհեր, խստատես մի ծերունու. սաղավարտի ճակատին արևի շողեր հիշեցնող նշան է, կողային մասում բազմած է զրադաշտական ավանդույթում արեգակի հետ զուգահեռվող առյուծի նշանը։ Ի տարբերություն Վասակի դիմանկարի, որ առանց շրջանակի և հետնախորքի՝ ասես սփռված լինի գրքի էջով մեկ՝ Վարդան Մամիկոնյանի թերթը երկտակ շրջանակի մեջ է առնված՝ առանձնահատուկ շուք հաղորդելով պատկերին։ Թերթը եզերող պարզ, գծային շրջանակի մեջ տեղադրված է իր հերթին շրջանակված օվալաձև պատկերը, որի ընդհանուր մուգ ետնախորքը մոտավոր օվալի մեջ է առնում հերոսի լուսավորված դեմքը։
Երկու կերպարների սաղավարտներն ընդհանուր գծերով մոտ են իրար։ Սակայն Վասակի սաղավարտի փետրազարդը վերածվել է դեպի ծոծրակն իջնող չոր մազափնջի՝ ասես սրելով Քրիստոսի նոր հավատը խանդավառ հեղափոխականությամբ պաշտպանող սպարապետի և հին կրոնի ու հին կյանքի ձևերի կողքին կանգնած ծեր մարզպանի տարբերությունը։ Չնայած սպարապետի կայուն դիրքին՝ սաղավարտի բաշը դինամիկ շարժման տպավորություն է ստեղծում՝ փրփրուն ծածանվելով գլխի եզրագծով մեկ։ Այս շարժումը շարունակվում է վզին իջնող մազերի ու արդեն դեպի վեր՝ մորուքի խոպոպներով՝ դիտողի հայացքը կենտրոնացնելով հերոսի՝ լույսի մեջ երևացող սևեռուն կիսադեմի և այն կրկնող խոյի նշանի վրա։ Աստծո գառան՝ նահատակվող Հիսուսին հղող խորհրդանշանը մեր այս պատկերում վերածվել է մարտակա՛ն նահատակի՝ խոյի։ Տեղակայված հերոսի ճակատին՝ այն նույն անկյան տակ է պատկերված, ինչ Վարդանի դեմքը. մռութը դեպի վար ձգված ֆորման կրկնում է հերոսի քթի, իսկ խոյաձև ոլորվող կոտոշը՝ սաղավարտի ուրվագիծը։ Հերոսի հետ նույնացած մարտական նահատակի այս նշանը ներկա է այս պատկերի նույնիսկ ամենաոճավորված ժամանակակից տարբերակներում։ Սրա վրա հատուկ շեշտ դրել է ինքը՝ նկարիչը՝ պատկերի վրա լույսի տեղաբաշխմամբ։
Օվալաձև մակերեսին լույսով լուծված մյուս շեշտը սպարապետի ձեռքն է ու սուրը։ Ի տարբերություն մարզպանի, ում սուրը մերկացած է ու պատրաստ մարտի, միաբան հայերի զորքն ինքնակամ նահատակության տանող զորավարի սուրը պատյանի մեջ է ու հակառակ կողմով կրծքին սեղմած այնպես, որ պատկերի ներքևի լուսավոր շեշտը վերածում է խաչի ֆորմայի։ Սուրն ինքնին պատկերում վերածվում է խաչի, ինչը երկրորդում է բռնակին երևացող խաչի նշանը։ Սա ասես ուղիղ վերապատկերում է նկարչի բանաստեղծ եղբոր տողերը. «Թըրովն ու խաչով տուեց մեծ երդում – / Յաղթել կամ փառքով ընկնիլ գոռ դաշտում»։
Հրապարակվում է ըստ՝ Գաբրիել Պատկանեան, Քաջ Վարդան Մամիկոնեան (Սանկտ-Պետերբուրգ։ Ռափայել Պատկանեանի տպարան, 1863), էջ 1, 42։

