Փոստային բացիկ՝ թողարկված Հայաստանի անկախության առաջին տարելիցի առիթով

 

1916-ին Թիֆլիսում հիմնադրված Հայ արվեստագետների միության անդամներից շատերը, ինչպես օրինակ՝ Մարտիրոս Սարյանը, Հակոբ Կոջոյանը, Ալեքսանդր Թամանյանը, Հայաստանի անկախության հռչակումից հետո իրենց ներդրումն են ունենում հանրապետության պետական խորհրդանշանների՝ դրոշի, զինանշանի, նամականիշերի ու փոստային բացիկների գեղարվեստական ձևավորումներում։ Առաջին հանրապետությունից մեզ հասած փոստային բացիկի հազվագյուտ օրինակ է 1919-ին Հայաստանի անկախության առաջին տարելիցի առիթով թողարկված և ստորև ներկայացվող բացիկը։ Թեև դրա հեղինակը մեզ հայտնի չէ, այդուհանդերձ, բացիկն ուշագրավ է Առաջին հանրապետությունում անկախության քաղաքական ըմբռնումները գեղարվեստական հարթության դիտանկյունից բացահայտելու առումով։

Բացիկում, չնայած խորհրդանշական բազմաթիվ մոտիվների առկայությանը՝ դիտողի ուշադրությունը, առաջին հայացքից, գրավում է պատկերի կենտրոնական հատվածի ողջ մակերեսը զբաղեցնող դրոշը։ Դրոշի գերիշխող դիրքը պայմանավորված է ոչ միայն իր մասշտաբայնությամբ, այլև միակ գունավորված առարկան լինելու իրողությամբ, հանգամանք, որ սև ու սպիտակ պարզ տոնայնությամբ հատկանշվող գրաֆիկական այս պատկերում դրոշն առանձնացնում է վառ արտահայտչականությամբ։ Պատկերում ազգային պետության խորհրդանշանի՝ թե՛ գունային և թե՛ ծավալային այս ընդգծումը երևան է հանում ազգային անկախության՝ իբրև բացարձակ և գերագույն գաղափարի սրբացված արժեքն Առաջին հանրապետությունում։ Հարկ է նկատել միաժամանակ, որ ինչպես Առաջին հանրապետության քաղաքական ղեկավարների աչքում ազգային անկախության բարձր գաղափարը հակադրվում էր ներկայի անմխիթար իրականությանը, այնպես էլ բացիկի ներքևում՝ դրոշի հովանու ներքո պատկերված և Առաջին հանրապետությունը ներկայացնող իրականությունը կարծես «ենթարկված» լինի անկախության խորհրդանիշին։ Դրոշը, այդ իրականությունից վեր խոյանալով դեպի երկինք, ի հայտ է բերում ազգային անկախության՝ կյանքից ու իրականությունից վեր դասված «երկնային», հոգևոր բարձր արժեքի ըմբռնումն Առաջին հանրապետությունում։ Ազգային անկախության և առկա իրականության միջև՝ պատկերում ամրագրված այս լարումն առհասարակ ուղենշային պետք է համարել Առաջին հանրապետության քաղաքական ու մշակութային կյանքի կայացման համար։

Բացիկը վերահրատարակվում է ըստ՝ Հայկ Դեմոյան, Հայկական ազգային խորհրդանշաններ (Երևան։ Տիգրան Մեծ, 2012)։