Քաղաքականության նպատակը․ կյանքի սովորական ընթացքից վեր բարձրանա՞լ, թե՞ դրա ներսում ապրել

 

Մեզանում լուսավորական քաղաքական մտքի վառ արտահայտված առանձնահատկություններից է դրա հոգևոր-կրոնական իմաստավորումը։ Հայ լուսավորիչները քաղաքականության հիմքում տեսել են բարոյական գաղափարների համաձայան ապրելու հանձնառությունը. հանձնառություն, որը մարդուն վեր է բարձրացնում իր զգայա-նյութական իրականությունից և իրեն շրջապատող կենդանական աշխարհից։ Բարոյական պարտքի գիտակցումն այսպես ճանապարհ է բացում մարդու բանական ու հոգևոր բնության կենսագործման համար։ Բարոյականության հոգևոր-կրոնական իմաստավորում է ենթադրել նաև հայ լուսավորիչների համար ոգեշնչման աղբյուր հանդիսացած ֆրանսիական լուսավորությունն ու մասնավորապես Ժան-Ժակ Ռուսոյի քաղաքականության ըմբռնումը։ Վերջինս թեև քաղաքականությունը տարանջատում է հիմնարկային կրոնից, սակայն մարդու բարոյական կյանքի հնարավորությունը տեսնում է բնության օրենքների անհրաժեշտությունից դուրս գտնվող վերզգայական գաղափարներին նվիրվելու մեջ։ Ավելին, ժողովուրդների պատմության մեջ պետությունների հիմնադրման վճռական այն պահը, երբ օրենսդիրն, ի հեճուկս սեփական բնական կրքերի ու զգացումների, հաստատում է երկրի հիմնադիր օրենքը, Ռուսոն բնորոշում է կրոնական հասկացությամբ՝ համարելով այն ոչ ավել ոչ պակաս, քան հրաշք։ Քաղաքական գործչի՝ որպես ինքն իր իրականությունից վեր ելնող հերոսի այս պատկերն է տոգորել հայ առանցքային լուսավորիչներից շատերին՝ այդ թվում, օրինակ, Նալբանդյանին ու Մամուրյանին։

Քաղաքական մտքի ավանդույթի այս ետնաբեմին փիլիսոփայական տեսնկյունից հետաքրքրական է Ռուսոյի մտերիմ բարեկամ, իսկ հետագայում ախոյան շոտլանդացի լուսավորիչ Դեյվիդ Հյումի բարոյականության ու քաղաքականության ըմբռնումը։ Վերջինիս համար բարոյականությունը չունի զգայա-նյութական իրականությունը զանցելու, դրանից սկզբունքորեն վեր խոյանալու չափում։ Հյումի տեսանկյունից բարոյականության, դրա իմաստի ու նշանակության մասին կարելի է խոսել միմիայն մարդկային բարքերի ու սովորությունների շրջանակի ներսում։ Սա նշանակում է հարցը տեղակայել մարդու զգայա-նյութական իրականության ներսում. իրականություն, որի հետ հակադրության մեջ էր տեսնում քաղաքականության հոգևոր նշանակությունը թե՛ ռուսոայական միտքը և թե՛ դրանով ոգեշենչված հայ լուսավորությունը։ Այս իմաստով Հյումի բարոյափիլիսոփայությունը հայ քաղաքական մտքի փիլիսոփայական շրջանակը քննադատելու հարթություն է տրամադրում։

Ստորև ներկայացվող վավերագիրը հատված է Հյումի՝ որպես քաղաքական փիլիսոփայի առաջին կարևոր հետազոտողներից մեկի՝ Դունքան Ֆորբսի Հյումի փիլիսոփայական քաղաքականությունը գրքից։ Այստեղ հեղինակն ընդգծում է Հյումի քաղաքական մտքի «աշխարհիկ» բնույթն իրեն ժամանակակից փիլիսոփաների հետ հակադրության մեջ։ 

Հարապարակվում է առաջին անգամ, թարգմանությունը՝ Աշոտ Գրիգորյանի։ Թարգմանությունն ըստ՝ Duncan Forbes, Hume’s Philosophical Politics (Cambridge, London, New York: Cambridge University, 1975), էջ 68-69։

 

Հատված Հյումի փիլիսոփայական քաղաքականությունը գրքից

Հետևաբար այն, ինչ Հյումն առաջադրել է իր ժամանակակիցներին, բնական օրենքի հիմնարար սկզբունքների բացառապես փորձառական՝ ուրեմն և բացառապես աշխարհիկ (կամ հակառակը) տարբերակն էր։ Դա մի փորձ էր բարոյականության և օրենքի մասին գիտությունը հիմնել մարդու մասին գիտության վրա, որը կարիք չուներ կրոնական վարկածների, ոչ էլ, ի դեպ, Հոբսի[1]Խոսքը անգլիացի առանցքային քաղաքական փիլիսոփա Թոմաս Հոբսի մասին է, ով իր կենդանության օրոք ձեռք էր բերել աթեիս փիլիսոփայի վատահամբավություն։ (Ծնթ. – Ա.Գ.) աթեիստական վարկածի. մի փորձ, որը ձերբազատվել էր «բոլոր նախապաշարմունքներից» և «հետևողական էր», ի տարբերություն Գրոտիուսի և Պուֆենդորֆի ուսմունքների։[2] Խոսքը վաղարդի շրջանի հոլանդացի և գերմանացի քաղաքական փիլիսոփաներ Հուգո Գրոտիուսի և Սամուել Պուֆենդորֆի մասին է, որոնք առանցքային նշանակություն են ունեցել բնական օրենքի միջնադարյան ըմբռնումն արդի քաղաքական միտք ներմուծելու գործում։ (Ծնթ. – Ա.Գ.) Բացառապես փորձառական և աշխարհիկ լինելով էր Հյումի քննությունը «հետևողական», այդպիսին լինելու բերումով էր այն տարբերվում Հաչիսոնի[3]Խոսքը բարոյական սենտիմենտալիզմի դպրոցի կենտրոնական ներկայացուցիչ՝ շոտլանդացի բարոյափիլիսոփա Ֆրենսիս Հաչիսոնի մասին է։ (Ծնթ. – Ա.Գ.) և Հաչիսոնի երաշխավորած հեղինակների բնական օրենքի «փորձառական» տեսությունից, այն է՝ Պուֆենդորֆի, Լոքի (եթե և այն չափով, որքան Լոքի ուսմունքը բնական օրենքի «փորձառական» տեսություն կարելի է, կամ կարելի էր համարել) և այլոց։ Սա նշանակում էր էտել արդարության գաղափարների համընդհանուր և վերին իմաստը։ Նույնը վերաբերում է և հասարակության գաղափարին՝ իբրև բանական այնպիսի էակների հասարակությանը, որոնց համար արդարությունը նշանակում է ամբողջի բարօրության առաջմղումն ու այդ լույսի ներքո՝ յուրաքանչյուրին իր հասանելիքը տալը։ 

Ծանոթագրություններ

Ծանոթագրություններ
1 Խոսքը անգլիացի առանցքային քաղաքական փիլիսոփա Թոմաս Հոբսի մասին է, ով իր կենդանության օրոք ձեռք էր բերել աթեիս փիլիսոփայի վատահամբավություն։ (Ծնթ. – Ա.Գ.)
2  Խոսքը վաղարդի շրջանի հոլանդացի և գերմանացի քաղաքական փիլիսոփաներ Հուգո Գրոտիուսի և Սամուել Պուֆենդորֆի մասին է, որոնք առանցքային նշանակություն են ունեցել բնական օրենքի միջնադարյան ըմբռնումն արդի քաղաքական միտք ներմուծելու գործում։ (Ծնթ. – Ա.Գ.)
3 Խոսքը բարոյական սենտիմենտալիզմի դպրոցի կենտրոնական ներկայացուցիչ՝ շոտլանդացի բարոյափիլիսոփա Ֆրենսիս Հաչիսոնի մասին է։ (Ծնթ. – Ա.Գ.)