Հայաստանում խորհրդային կարգերի հաստատմամբ իշխանության գլուխ անցած հին մեծամասնական գործիչների (Ալեքսանդ Մյասնիկյանի, Արտաշես Կարինյանի, Ասքանազ Մռավյանի և այլոց) առջև քաղաքական, տնտեսական, սոցիալական և այլ բնույթի հրատապ խնդիրների շարքում առաջնային կարևորություն ձեռք բերեց նաև երկրում գեղարվեստական կյանքի կայացումն ու ստեղծագործական միջավայրի կազմակերպումը: Դրանց գրեթե լիակատար բացակայությունը ոչ երկրորդական այն պատճառներից էր, որը զգալիորեն պայմանավորեց 1920-ականների առաջին կեսին քաղաքական գործիչների ու արվեստի աշխատողների միջև փոխօգնության ու գործակցության հաստատված սկզբունքը: Աներկբայորեն այդ սկզբունքն է նաև տասնամյակի սկզբի խորհրդահայ արվեստն ու դրա կայացումն ըմբռնելու առանցքային ելակետերից մեկը: Պատահական չէ, որ նոր՝ սոցիալիստական հասարակարգ կառուցելու ճանապարհին անհրաժեշտաբար նոր արվեստ ստեղծելու հրամայականի առջև կանգնած խորհրդային իշխանությունների համար կենսական նշանակություն ունեցավ հեղափոխությունից հետո ավագ սերնդի արվեստագետների (Մարտիրոս Սարյանի, Հակոբ Կոջոյանի, Գաբրիել Գյուրջյանի և այլոց) Հայաստան տեղափոխվելու փաստը: Միաժամանակ նույն այդ արվեստագետների համար խորհրդայնացված երկիրն ըմբռնվում էր իբրև խաղաղ շինարարության նոր ասպարեզ, որտեղ ստեղծագործական աշխատանքի անցնելու վերջիններիս նպատակադրումն անմիջապես արժանացավ պետական քաղաքական անվերապահ աջակացության:
Ստորև ներկայացվող բնագիրը 1921 թվականին Երևանում կայացած խորհրդային առաջին ցուցահանդեսի հանդիսավոր բացմանն անդրադարձող հոդվածն է: Լուսավորության ժողովրդական կոմիսար Աշոտ Հովհաննիսյանի, արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Ասքանազ Մռավյանի, ինչպես նաև Հայ արվեստագետների միության նախագահ Եղիշե Թադևոսյանի ելույթներից հատվածներ ներկայացնող այս հոդվածն ուրվագծում է հետհեղափոխական առաջին տարիներին նոր՝ խորհրդային հայրենիքում գեղարվեստի կայացմանն ու զարգամանն ուղղված քաղաքական գործիչների ու արվեստի աշխատողների մեկտեղված ջանքերը: Ի վերջո այդ գործակցության հատկանշական ցուցիչ էր նաև ուշագրավ այն փաստը, որ խորհրդային առաջին պատկերահանդեսը միաժամանակ դեռևս 1916 թվականին կազմակերպված Հայ արվեստագետների միության թվով հինգերորդ ցուցահանդեսն էր: Սա ինքնին նշում էր նոր արվեստի ստեղծման գործում հին արվեստագետների ներուժը բացահայտելու քաղաքական գործիչների նպատակադիր մոտեցումը: Մյուս կողմից այդ մոտեցում էր հենց, որ ժամանակ էր տրամադրում ու տեղ էր բացում նույն հին արվեստագետների համար լծվելու նոր՝ խորհրդային արվեստի ստեղծմանը՝ դրանով ազդարարելով վերջիններիս ստեղծագործության նոր հանգրվանի մեկնարկը:
Ստորև ներկայացվող վավերագիրն ակնառու կերպով երևան է բերում 1920-ականների առաջին տարիներին արվեստի աշխատողների ու քաղաքական գործիչների համատեղ աշխատանքի ուշագրավ մի դրվագ:
Հրապարակվում է ըստ՝ «Հայ արւեստագէտների պատկերահանդէսի հանդիսաւոր բացումը», Խորհրդային Հայաստան, 22 յուլիսի 1921 թ.: Բնագիրը հրապարակվում է նույնությամբ, սակայն ընթեռնելիության ապահովման նպատակով կատարել ենք ուղղագրական և կետադրական ուղղումներ, նույնաձևության բերել տարընթերցումները:
Հայ արւեստագէտների պատկերահանդէսի հանդիսաւոր բացումը
Ամսիո 19-ին, երեկոյեան ժամի 6-ին, բանւորական տան դահլիճներում ժողովրդական լուսաւորութեան կոմիսարիատի նախաձեռնութեամբ բացւեցաւ հայ արւեստագէտների առաջին պատկերահանդէսը:
Բանւորական տան դահլիճում զետեղւած կային հայ նկարիչների մօտ 300 զանազան գործերը: Ցուցահանդէսին ներկա էին ժողովրդի աշխատաւոր դասակարգից հոծ բազմութիւն և բացւեց պետական նւագախմբի «Ինտերնացիոնալ»-ով:
Առաջին ճառախօս ժողովրդական Լուսաւորութեան կոմիսար ընկ. Ա. Յովհաննիսեանը, ողջունելով Հայաստանի կենտրոնում բացւող հայ արւեստագէտների անդրանիկ պատկերահանդէսը, փաստացի և մանրամասն կերպով բացատրեց կուլտուրայի նշանակութիւնը և դերը հասարակական պետական կեանքում, բնորոշեց գեղարւեստը հայ իրականութեան մէջ անցեալում և ներկայումս, միանգամայն ցոյց տալով հին բիւրօկրատիայի և կղերականութեան ազդեցութիւնը ժամանակակից կուլտուրայի վրա:
Ընկեր Ա. Յովհաննիսեանը որոտընդոստ ծափերի մէջ վերջացրեց իր ճառը հետևեալ խօսքերով.— «Հանդիսականներից շատերը գուցէ ստացած չլինեն այսօրւա ցուցահանդէսով գեղարւեստական լիուլի հաճույք, և ցուցադրւած նկարներից ոման[ք] մօտ չզգան իրենց գեղարւեստական ճաշակին, նկարներ, որոնք կարող են լինել ժառանգութիւն հին կարգերի և հին ըմբռնումների, բայց ես հաւատացած եմ, որ մօտիկ ապագայում, յանձինս մեր հայ նկարիչների ստեղծագործ եռանդուն աշխատանքին, մենք պիտի կարողանանք ցուցադրել նոր ապրումներին համապատասխան նկարներ, յաջորդ պատկերահանդէսով, հարազատ ու ճաշակին:
Երկրորդ ճառախօսը հայ արվեստագէտների միութեան նախագահ ընկեր Ե. Թադէոսեանը մի քանի բառերով բացատրեց միութեան սկզբնական գործունէութեան և նպատակի մասին, վերջացնելով իր ճառը հետևեալ խօսքերով.— «Մենք, հայ արւեստ[ագետներս], ընդունակ չենք գեղեցիկ խօսել, մեզ համար ճառերը մեր գեղարւեստական արտադրութիւններից: Մեր ուժերը տրամադրելով Խորհրդային Հայաստանի կառավարութեան, որին շնորհակալութեան խօսք ունենք ասելու հայ նկարիչներս, այսպիսի ծանր օրերին մեր կառավարութեան կողմից մեզի ցոյց տւած լայն աջակցութեան և քաջալերանքին համար»:
Վերջին ճառախօս Արտաքին գործերի ժողովրդական կոմիսար ընկեր Մռաւեանը, իր սրտագին ողջոյնի խօսքը ուղղելով աշխատաւոր դասակարգի գեղարւեստասէր հանդիսականներին, մասնաւորապէս հայ նկարիչներին, հակիրճ և պերճախօս փաստերով վեր հանեց Խորհրդային իշխանութիւնների գնահատող և ուշադիր վերաբերմունքը դէպի գեղարւեստը, որի առաջին ապացոյց մենք բոլորս ականատես ենք այսօր այս անդրանիկ պատկերահանդէսով:
Ընկ. Մռաւեանը իր ճառի վերջում Հայաստանի կառաւարութեան կողմից ասաց .— «Ողջունում եմ Հայաստանի աշխատաւորութեան և մասնաւորապէս հայ նկարիչ ընկերներին, որոնք թողած Թիֆլիսի և այլ հեռաւոր ու հանգստաւէտ վայրերի վայելքը, եկել են Հայաստան իրենց վրձինի գեղարւեստական արտադրութիւնը հրապարակ բերելու և միացնելու Խորհրդային Հայաստանի կառավարութեան մեծ ու վսեմ նպատակներին»:
Պատկերահանդէսի հանդիսաւոր բացումը վերջացաւ ժամի 7 և կեսին, ազդարարելով ներկաներին, որ յաջորդ օրերում ևս, ցուցահանդէսի սրահները ազատ են բոլորի համար:
Ներկաները ցրւեցին գեղարւեստական բաւարար հաճույքի գոհ տրամադրութեամբ: