Քաջ Վարդանը Լենկթեմուրի դեմ. ժողովրդական մի ավանդություն

 

19-րդ դարի երկրորդ կեսից հայերի շրջանում ազգագրական նյութեր հավաքելու, դրանք դեռևս ձևակերպվող ազգային ինքնության համար հիմնանյութ դարձնելու գործին շատ գրագետներ էին լծված։ Այս մտավորական հետաքրքրության շրջանակում է դիտելի ներակայցվող վավերագիրը, որը մի հատված է տնտեսագետ, գրող Սողոմոն Եղիազարեանցի (Եղիազարով) «Մեր ժողովրդական գրականութեան էտնօլօգիական նշանակութիւնը» հոդվածից։ Հեղինակն այստեղ, ի թիվս շատ այլ ժողովրդական ավանդությունների, բերում է սուրբ Վարդանի մասին հավաքչական իր աշխատանքի արդյունքում ի հայտ եկած մի ավանդություն։

14-15-րդ դարերում Լենկթեմուրի արշավանքների դառը օրերին ժողովրդի երևակայությունն օգնության է կանչում իր սիրած հերոսին՝ Վարդան զորավարին։ Ավարայրի ճակատամարտի նահատակ սուրբն այստեղ պարսիկների փոխարեն կռիվ է մղում թաթար-մոնղոլ նվաճողի դեմ։ Զրույցում հերոս սուրբը ժողովրդական դյուցազունին վայել ձևով նախ ջարդ է տալիս թշնամուն և հետո հրեշտակի դրդմամբ միայն սուրը դնում պատյանն ու հաղթվում բռնակալից։ Վարդանի գլխատվելը, հետաքրքրականորեն, կարծես ոչ թե ճակատագրական ջրբաժան է պատումի մեջ, այլ մի անախորժ դիպված։ Զրույցը պատմողները գիտեն Վարդանի նահատակության մասին, սակայն սա չի խանգարում օտար բռնակալի դեմ իրենց պաշտպանելու դուրս եկած զորավարին կտրած գլուխն առնել ձեռքն ու շարունակել ճանապարհը։ Պատմության այս տարօրինակ, գրեթե կոմիկականի հասնող շրջադարձն ի հայտ է բերում ժողովրդական երևակայության մեջ Վարդանի՝ նահատակությունից անդին անցնող, հարատևող ուժը։

Հրապարակվում է ըստ՝ Սողոմոն Եղիազարեանց, «Մեր ժողովրդական գրականութեան էտնօլօգիական նշանակութիւնը», Մշակ, 21 մարտի, 1881 թ.։

 

 

Պատմական երգեր։ 

1․ Վարդանայ պատերազմը.

 

ՍՎարդան[1]ՍՎարդան = սուրբ+Վարդան։ խէծած (հեծած) կարմիր ջօրին (ջորի)
Գնաս խասաւ (հասաւ) Մասիս սարին.
Զըմէն (բոլոր) ղօչուն (զորք) գլխին ժողվեց (ժողովեց).
Մասսա ոտքին իրեք (երեք) օր կռվեց (պատերազմեց),
Լանգ-Թէմուրի զօչուն ջարդեց (կոտորեց)։
ՍՎարդան խէծած կարմիր ջորին,
Աչքը թալեց (նայեց) սև ամբերուն (ամպ).
Գլխուն վերև մթնած երկինք,
Մէջ ամբերուն Աստուածածնու գօտիկ[2]Աստուածածնու գոտի = աղեղն։ (գոտի)
Աստծու խրիշտակ (հրեշտակ) երկնքէն իջաւ,
ՍՎարդանին ձէն տուաւ (գոչեց).
«Վարդա՛ն, Վարդա՛ն խէրիք (հերիք) կռվէս,
«Անօրինի արուն (արիւն) թափես։»
ՍՎարդան զիր թուր (սուր) ի բուն դրեց,
Գլօխը (գլուխ) կախուց, վէզը ծռեց։
Լանգ-Թէմուրը զիր թուր քաշեց,
ՍՎարդանայ գլօխը կռեց (կտրեց)։
ՍՎարդան գէտնէն (գետին) գլօխը վերուց (վեր առնել),
Խեծաւ ջոօրին ու շուտ փախուց։
Գնաց, խասաւ Մակուա սարին,
Գլօխ պախեց (պահել, թագցնել) մըջ մութ էրուն (այր)։

 

Այս թանգագին երգի մէջ նկարագրած է Վարդանայ պատերազմը։ Երգի հեղինակը շեղվում է պատմութիւնից, որովհետև Վարդանը, ինչպէս յայտնի է պատմութիւնից, պատերազմեց պարսից դէմ և ոչ թէ Լանգ-Թամուրի (Тамерланъ), որը աւերեց Հայաստան միայն XIV դարում։

Երգի բովանդակութիւնը համարեա համապատասխան է ժողովրդի աւանդութեան։ Վարդանը ժողովելով իր բոլոր զօրքը, գնում է Մասիս լեռան ստորոտը Լանգ-Թէմուրի դէմ պատերազմելու։ Երեք օրեայ պատերազմից յետոյ Վարդանը կոտորում է Լանգ-Թէմուրի զօրքը։ Բայց յանկարծ երկինքը ամպում է և աղեղի (Աստուածածնայ գօտին) կամարը կապվում է երկնքում։ Հրեշտակը  երևելով Վարդանին, հրամայում է արիւնահեղութիւնը վերջացնել։ Քաջն հնազանդվելով Աստուծոյ կամքին, սուրը տեղը դնելով կեռում է իր շլինքը և Լանգ-Թէմուրը նրան սպանում է։ Սպանվելուց յետոյ Վարդանը, վեր է առնում իր գլուխը, հեծնում է ջորին և փախչում Մակու գաւառը։ Մակուայ ձորի մէջ ջորին նեղանում է և էլ չէ կարողանում վազել։ Վարդանը իջնելով ջորուց՝ նզովում է ջորուն ասելով՝ «թող քո ծնունդը չորանայ»։ Այս օրից ջորին կորցնում է իր ծննդական ընդունակութիւնը։ Մեր ռամիկ ժողովրդի կարծիքով Վարդանի անէծքն է պատճառը, որ ջորին չէ կարող ծնել։ Սրանից յետոյ Վարդանը զարկում է և քարափը բաժանվում է երկու մաս, ճանապարհը բացվում է նրա առաջ։ Վարջապէս Վարդանը հասնում է մի մութ այրի, որտեղ և թագցնում է իրեն նահատակած գլուխը։ Մի ուրիշ աւանդութեան համեմատ Վարդանը պատերազմում է պարսից դէմ կրկին Մասիս լեռան մօտ և ոչ Տղմուտ գետի ափում, Աւարայրի դաշտում։ Մեր ռամիկ ժողովրդի շատ մասը մինչև այսօր էլ Մասսայ ոտքը անուանում է «Աւարարի» դաշտ։

Այս երգը մենք առաջին անգամը լսեցինք աշուղ Սարգսից։ Նա ինքը Նոր-Բայազեդի գաւառիցն էր և, եթէ չենք սխալվում, Դդմաշէն գիւղից։ Աշուղ Սարգսից յետոյ մենք շատ աշուղների խնդրեցինք երգել Վարդանայ երգը. բայց իզուր, որովհետև ոչ ոք նրանցից, բացի ընդհանուր աւանդութիւնից Վարդանայ մասին, այս երգը չէր գիտում։ Մենք շատ աշխատեցինք բացատրել՝ թէ այս երգը ընդհանուր ժողովրդական է, թէ չէ աշուղ Սարգսի շարադրութիւն և մինչև այսօր այս հարցը չը պարզվեց մեզ համար։ Ումը որ չը լինի այս երգը, այսուամենայնիւ մենք հրատարակում ենք։ Գուցէ վերջը բացատրվի այս հարցը։

 

Ծանոթագրություններ

Ծանոթագրություններ
1 ՍՎարդան = սուրբ+Վարդան։
2 Աստուածածնու գոտի = աղեղն։