Օրենքն ու կենցաղը դատարաններում. Տիգրան Հախումյանի անդրադարձը խորհրդային դատական կենցաղին

 

1920 թվականի խորհրդային կարգերի հաստատմամբ Հայաստանում ազդարարվեց տեղական կյանքի ու կենցաղի արդիականացման նախագծի հեղափոխական մեկնարկը: Ինքնին քաղաքական ձեռնարկ լինելով՝ կենցաղի վերակառուցման խորհրդային նախագծի ներդրումը ենթադրում էր քաղաքական սահմանված օրենքի ուժով հայաստանյան բարքի ու կենցաղի կանոնակարգում: Սակայն 1920-ականների սկզբին արդեն ակնհայտ էր նոր՝ խորհրդային օրենքով հին կենցաղի վերափոխման հավակնության խնդրականությունը. հին վարքուբարքի կրող նոր՝ խորհրդային քաղաքացիներն օրենքը հաճախ ըմբռնում էին համաձայն հին սովորությունների՝ ըստ այդմ փոփոխելով ինքնին օրենքի բովանդակությունը կամ կիրարկման ձևերը, իսկ նոր հաստատված կարգն օրենքի ուժով վերակազմակերպում էր տեղական կենցաղը՝ արդյունքում ձևավորելով տակավին կենսունակ հին կենցաղի ու դեռևս չձևակերպված նոր բարքերի գոյակցում: Օրենքի ու կենցաղի միջև առաջ եկած այս լարումը, որ հաճախ ցավագին կերպով երկուստեք փոխակերպում էր թե´ սահմանված օրենքը, թե´ հաստատված կենցաղը, խորհրդային արդիականացման էական կողմն է նշում:

1925 թվականին Խորհրդային Հայաստան թերթում տպագրված գրականագետ, իրավապաշտպան Տիգրան Հախումյանի «Կյանքը յեվ կենցաղը դատարաններում» վերնագրով հոդվածն օրենքի ու կենցաղի միջև գոյացած այս լարումը բացահայտող ուշագրավ դեպքերից է: Վերնագրում ամրագրված, կարծես ինքնին հակասական թվացող հոդվածագրի նպատակադրումը՝ քննել կյանքը և կենցաղը դատարաններում, ուղենշում է դատարանն իբրև օրենքի ու կենցաղի բախման, դրանց խնդրահարույց հարաբերման տիրույթ դիտարկելու Հախումյանի հետաքրքրական քայլը: 1920-ականներին օրենքի հետ նոր հարաբերությունների հաստատման բարդ համայնապատկերն է, որ Հախումյանը բացահայտված է տեսնում հենց դատարանի առօրյայում՝ նախևառաջ ու գլխավորապես «սովորական, մանր» գործերում ու «աննշան» պրոցեսներում: Դրանց քննությունն է, ըստ հեղինակի, հնարավոր դարձնում նոր օրենքի հետ հարաբերության մեջ ի հայտ բերել ապրվող կյանքն ու կենցաղը, ինչպես և պարզորոշել նույն այդ կենցաղի հետ հարաբերվող օրենքների կենսունակությունն ու դրանց գործադրման պատեհությունը:    

Օրենքի ու կենցաղի միջև ակտիվ փոխհարաբերման ու փոխազդման ողջ բարդությամբ հանդերձ՝ իրականությանը մոտենալու ջանքը մինչև 1920-ականների երկրորդ կես որդեգրված հստակ քաղաքական մոտեցում էր: Համաձայն այդ մոտեցման՝ նոր օրենքը կոչված էր ոչ թե արմատախիլ անելու հին կենցաղը, այլ ինքնին ենթակա լինելու փոփոխման՝ համաձայն կյանքի առաջադրած նոր պահանջների: Հախումյանի հոդվածն այս կերպ ամրագրում է մի քաղաքականություն, որը հստակորեն արձանագրում էր «օրենսդիրի նախատեսածի» և «կյանքի առաջացրածի» միջև տարբերությունը: Այս կերպ դատական կենցաղում ի հայտ եկող օրենքի ու կենցաղի միջև հակասություններն է Հախումյանը դիտում իբրև կյանքի իրական փոխհարաբերությունների ցուցիչ՝ բացորոշելով 1920-ականներին արդիականացման արդյունքում քաղաքականության ու բարքի՝ փոխազդեցությամբ ծավալվող դինամիկ ընթացքը:

Բնագիրը վերահրատարակվում է ըստ՝ Տիգրան Հախումյան, «Կյանքը յեվ կենցաղը դատարաններում», Խորհրդային Հայաստան, 7 հուլիսի 1925 թ.: 

 

Կյանքը յեվ կենցաղը դատարաններում

Դատարանի և դատական կյանքի մասին այն հատ ու կտոր հոդվածները, վոր յերբեմն լույս են տեսնում այս կամ այն որաթերթում, հարկավ չեն կարող տալ մեր դատական կենցաղի թույլ ստվերանկարն անգամ:

Նմանապես վոչինչ չեն ասում հետաքրքիր ընթերցողին և այն պատահական հաշվետվությունները, վոր սակավ առ սակավ յերևում են մեր մամուլի մեջ այս կամ այն «խոշոր» պրոցեսի առթիվ: Նրանք իրենց վորոշ նշանակությունն ունեն իհարկե, սակայն դժվար չե ըմբռնել, վոր միմիայն խոշոր պրոցեսները չեն, վոր արտացոլում են մեր ներկա կյանքի մեջ տիրող բազմապիսի փոխհարաբերությունների իսկական պատկերը: Ավելին կասենք. այդ փոխհարաբերություններն ու նրանց խայտաբղետ բազմաձևություններն ավելի մեծ չափով արտահայտվում են հենց այն պրոցեսներում, վորոնք յերբեք չեն կարող «խոշոր» կոչվել, վորոնք սովորական են, մանր կոչված գործեր են և հենց այդ պատճառով ել բնորոշ են և տիպական: Յեվ հենց այդ պրոցեսներն են, վոր մասնավորելով մեր արդի կյանքի և կենցաղի ընդհանուր կանոնները, այսպես ասած, կոնկրետացնելով նրանց մեջ ծավալվող փոխհարաբերությունները, տալիս են մեր այժմյան իրականության պարզորոշ պատկերը: Նա, ով դատարաններում միմիայն ինտրիգ ե վորոնում, նա, ով հետաքրքրվում ե միմիայն այն պրոցեսներով, վորտեղ քրեայական հանցագործի դերում հանդես են գալիս իրեն քաջ ծանոթ հասարակական այս կամ այն դիրքի տեր անձնավորությունները,նրա համար անշուշտ դատարանը լոկ մի «թամաշա» յե, մի վայր, վորտեղ հետաքրքիր մերկացումներ են կատարվում և նոր նոր բաներ են բացվում հին ծանոթների կյանքից: Սակայն նրանց համար, ովքեր իրենց փորձասեր հայացքը նետում են մեր կյանքի և կենցաղի բոլոր անկյունները՝ գտնելու համար այն, ինչ վոր բնորոշ ե և հատկանշական մեր որերի և ժամանակի տեսակետից, այդպիսիների համար առավել կարևորություն ունին դատարանական առորյան, մանր գործերը, աննշան պրոցեսները, վորովհետև հենց այստեղ են բաշխվում և խաչաձեվվում մեր կյանքի այժմյան բոլոր փոխհարաբերությունները:

Յեթե ճիշտ ե, վոր յուրաքանչյուր ժամանակաշրջան պիտի բնորոշվի իր կենցաղային կերպարանքով, վորպիսին անկասկած հենված ե հասարակական ուժերի տնտեսական փոխհարաբերությունների վրա, ապա՝ միանգամայն ճիշտ ե նաև այն, վոր այդ կենցաղի ամենահարազատ պատկերները մենք պետք ե վորոնենք գլխավորապես դատարաններում, վորոնք տալիս են այդ կենցաղի կոնկրետացրած նյուանսները՝ իրենց բոլոր հատկանշական կողմերով:

Անվիճելի յե, վոր մեզանում այսոր խորհրդային կարգերը դեռևս իրենց վորոշ և վճիտ կենցաղը չեն ստեղծել: Այդ յերկար տարիների խնդիր ե և գուցե տասնյակ տարիների ընթացքում նոր յերևույթների և նոր փոխհարաբերությունների կողքին մենք տեսնելու յենք հինը կամ հնի այս կամ այն բնորոշ նորաձևությունը: Սակայն հենց այդ տեսակետից ել հետաքրքրական ե դատական առորյան, վորովհետև նա կարողանում ե զարմանալի վարպետությամբ արտացոլել թե՛ մեկը և թե՛ մյուսը:

Պետական մարմիններն որենքներ են մշակում և այդ որենքները հրատարակում են, քաղաքացիները յենթարկվում են պետական իշխանության կողմից սահմանված նորմաներին և կանոններին: Սակայն պետությունն որենք հրատարակելիս դեռ չգիտե, թե այս կամ այն դեկրետը, որենքը, ինչպե՞ս պետք ե բովվեն մասսայական հոգեբանության մեջ, կարգավորելով գոյություն ունեցող փոխհարաբերությունները, ի՞նչ նոր փոխհարաբերություններ պետք ե ստեղծեն և ի՞նչ նոր կանոնների պահանջ պետք ե առաջադրեն պետական իշխանությանը:

Վո՞րտեղից պետք ե քաղի պետությունն այն նյութերը, վորոնք անհրաժեշտ են հրատարակված որենքի կենսունակությունը չափելու համար, յեթե վոչ դատական պրակտիկայից:

Վո՞րտեղից պետք ե իմանա պետությունը, թե ինչ նոր փոխհարաբերություններ ծագեցին հրատարակված որենքից հետո, յեթե վոչ՝ այն կենդանի և ամենորյա փորձից, վոր կուտակում են դատարանները, քննելով բոլոր նորանոր վեճերն ու հանցագործությունները:

Յեթե վերցնենք միմիայն մեր բնակարանային որենսդրությունն իր զարգացման ամբողջ պրոցեսում, իր բոլոր հետագա փոփոխություններով հանդերձ, ապա՝ մի՞ թե չենք կարող պարզ և վորոշակի գաղափար կազմել տնտեսական և կենցաղային այն բոլոր փոխհարաբերությունների մասին, վորոնք առիթ են դարձել այդ որենսդրության վարիացիաների: Իսկ քի՞չ են արդյոք և այն քրեյական հանցագործությունները, վոր ծագել են հենց հատկապես բնակարանային ճգնաժամի շուրջը և նրա պատճառով: Վորքա՜ն կռիվներ, ընդհարումնե՜ր, փոխադարձ վիրավորանքնե՜ր են քննվում դատարաններում հենց հատկապես այն պատճառով, վոր սղմված վերին աստիճանի սահմանափակ «բնակարանային տերրիտորիայի» վրա, քաղաքացիներն իրենց սիրտն են հովացնում այդ մանր ու յերբեմն զավեշտական ընդհարումներով:

Իսկ յեթե մոտենանք խնդրին խորհրդային իշխանության ընդհանուր շինարարական քաղաքականության եվոլյուցիայի տեսակետից, ապա մի՞թե չենք նկատի և այն փոփոխությունները, վոր աստիճանաբար հանդես են գալիս նույն այդ բնակարանային որենսդրության մեջ և վորոնց իմաստն եավելի և ավելի ընդարձակել տնատերերի իրավունքների սահմանները, վորպեսզի նրանք հնարավորություն ստանան նորոգել և վերաշինել իրենց քանդված և ավերակ տները:

Յեթե ավելի խորանանք, կը տեսնենք, վոր այս յերևույթն իր հերթին ծնունդ ե տվել և մի այլ տեսակի պրոցեսներիբնակարանից տնվորին վտարելու գործերին: Այս հողի վրա իր հերթին ծագում են և վորոշ քրեյական բնույթ ունեցող հանցագործություններ, վորոնք և կազմում են մեր ժողդատարանների գծերի բավական խոշոր տոկոսը:

Յեվ իրոք յեթե վորոնելու լինենք փոխադարձ վիրավորանքների, կռիվների և հայհոյանքի պատճառով դատարան հասած գործերի բուն պաճառը, ապա կը տեսնենք, վոր բոլոր այդ գործերի 90 տոկոսը, յեթե վոչ ավելին, արդյունք յեն բնակարանային տագնապից առաջացած անհարմարությունների:

Միաժամանակ կա և մի այլ հանգամանք, վոր նույնպես վորոշ չափով ուժ ե տալիս բնակարանային և այլ անհարմարությունների շուրջը «պայքարողներին»:

Վո՞րն ե այդ հանգամանքը: 

Դժվար չե ընդունել, վոր հիմա շատ քիչ մարդ կը գտնվի, գլխավորապես քաղաքներում, վոր վորևե գործով դատարան գնացած չլինի,կամ վորպես տուժող, կամ վորպես պատասխանող, կամ վորպես մեղադրյալ, վկա, ատենակալ և կամ վորպես սոսկական դիտող: Հետևաբար, դժվար չե ընդունել նաև այն, վոր դրանք բոլորն ել քիչ շատ գաղափար ունեն մեր որենսգրքերից և մասնավորապես Քրեյական Որենսգրքից: Այդպիսիներն անշուշտ գիտեն, վոր սովորական կռիվների, հայհոյանքի և այլ վիրավորանքների համար պատիժը կամ մինչև 6 ամիս հարկադիր աշխատանք ե, կամ տուգանք մինչև 500 ռուբլի և կամ՝ այդ յերկուսը միասին:

Այդպիսիների դատողությունը շատ պարզ ե: Ո՞վ պետք ե մեզ վրա 500 ռուբլի տուգանք դնի, շատ շատ տուգանեն մի 10-15, գուցե 25 ռուբլով: Իսկ հարկադիր աշխատանքը վոչինչ բան ե, վորովհետև յերբեք չի կիրառվում, իսկ յեթե կիրառվի,դա պատիժ ել չե, վորովհետև և վարձ կը տան, և առաջին հերթին մի գործ կը տանհետևաբար վախենալու բան չկա:

Այս հանգամանքն ե, վոր մարդկանց չափազանց անզուսպ և սանձարձակ ե դարձրել և վորոշ չափով այս հանգամանքն ե, վոր վերջերս առիթ ե տվել մեր դատարաններին բոլոր այն դեպքերում, վորտեղ որենքով թույլատրվում ե հարկադիր աշխատանքները փոխարինել տուգանքով,կիրառել այդ վերջինը:

Այնուհետև նույն այդ բնակարանային տագնապի շուրջը ծագում են և այլ փոխհարաբերություններ, այս անգամ, սակայն վոչ քրեյական, այլ քաղաքացիական կարգի:

Քննվում են բազմաթիվ ապահարզանների գործեր. ի՞նչն ե պատճառը: Շատ պարզ ե: Բնակարանային ճգնաժամից դրդված, լոկ մի անկյուն ունենալու համար մարդիկ ամուսնանում են, սենյակը կա, բայց ամուսիններին իրար կապող վոչինչ: Հետևանքըանվերջ դժգոհություններ, կռիվներ անհամաձայնութուն և վերջըապահարզան: Այստեղից ել ծագում են ապրուստի միջոցների հայցախնդիրները և այլն:

Այս ե կյանքը: Իր բոլոր ձևակերպումներով նա բաղխվում ե դատարանական դռներին, խուժում ե ներս, մերկացնում ե այն ամենը, ինչի կողքից մենք ամեն որ անցնում ենք առանց նկատելու և գնահատականը տալու: Նա խուժում ե դատարանների դահլիճները, հոսում ե վարար գետի նման և կամ նորանոր որենքների և նորմաների պահանջ ե առաջադրում, կամ այնպես ե կերպարանափոխում գոյություն ունեցող որենքը և նրանով սահմանված փոխհարաբերությունները, վոր չեր կարող նախատեսել և վոչ մի որենսգիր:

Այդ ե պատճառը, վոր այսոր մենք դեռ չենք կարող ասել, թե մեր հանրապետությունների մեջ գործող բոլոր որենքներն ել հենց այն են, ինչ վոր հարկավոր ե, կամ թե՝ մեր կոդեքսներով նախատեսված են հանցագործությունների բոլոր տեսակները: Բնավ յերբեք: Անալոգիայի (ըստ նմանության) մասին սահմանված քրեյական որենսգրքի 10-րդ հոդվածի հաճախակի գործադրությունն ինքնին պարզ ապացույց ե, վոր մեզանում (ինչպես և այլուր) վոչ միայն նախատեսված չեն գոյություն ունեցող և կամ յենթադրելի բոլոր հանցագործությունները, կամ փոխհարաբերությունները, այլև ամեն մի նոր որը մեզ մի նոր տեսակի հանցագործություն ե հրամցնում, կամ թե կանգնեցնում ե մեզ մի նոր տեսակի քաղաքացիական փոխհարաբերության առջև: Որինակի համար, մենք մինչև այսոր գիտեյինք, վոր գոյություն են ունեցել այսպես կոչված «յերկաթուղային նապաստակներ», այսինքն առանց տոմսակի ճանապարհորդողներ: Բայց այժմ ռադիոյի զարգացմանը զուգընթաց, յերբ կարելի յե ունենալ փոքրիկ, գրպանի ապարատ և տանը նստած համերգներ լսել,հանդես են յեկել և «ռադիո նապաստակներ», վորոնք նույնպես առանց համապատասխան վճարը տալու, գողանում են ռադիո-եներգիան և պետք ե պատժվեն: Բայց վո՞ր հոդվածով, վորպես ինչի՞ գողեր և ի՞նչ գողեր: Կամ ելեքտրական լույսի գողերը, վորոնք մեկ լամպից ավելի իրավունք չունենալով, գաղտնի կերպով անց են կացնում յերկրորդը, յերբեմն նաև ելեքտրական հարթուկ են սարքում տանը, կամ՝ ելեքտրական վառարան:

Որենսդիրն այդ բոլորը չեր նախատեսել և չեր ել կարող նախատեսել: Այդ կյանքն ե առաջացրել և միմիայն վերջերս ե, վոր արդեն կարգավորված ե և՛ այդ հանցագործությունների վորակումը և՛ պատժաչափը: 

Յեվ այսպես, մեր շուրջն ու մեր շրջապատում ծավալվող կյանքի վո՛ր ասպարեզն ել վերցնենք, վոր կողմն ել վոր նայենք, կը տեսնենք, թե ինչպես են գալիս և իրար են բաղխվում մարդկային իրար հակասող և իրար ժխտող շահերն և փոխհարաբերությունները՝ ամեն որ մի նոր չնախատեսված հանգամանք ծագեցնելով, կամ աստիճանական մահացման յենթարկելով գոյություն ունեցող հին փոխհարաբերություններից վորև ե մեկը: 

Այդ բոլորը գալիս, կուտակվում և յեփվում ե այն հսկայական կաթսայում, վորը կոչվում ե դատարան և վորը միակն ե, վոր ի վիճակի յե կարգավորել այդ բոլոր բարդ և խճճված փոխհարաբերությունները, պարզել հսկայական այդ շփոթի մեջ տիպականը, ընդհանուրը, կենցաղայինը, նորը:

Մեր ներկա ժամանակներն ու նրանցից ծնունդ առած նոր հոգեբանությունն ու փոխհարաբերություններն ուսումնասիրողը չպիտի կարողանա անուշադրության մատնել արդի դատարանը, յեթե միայն նա կամենում ե ընդգրկել կյանքի յերևույթներն այնպես, ինչպես վոր նրանք կան իրականության մեջ: Նա չպետք ե կարողանա ասել իր հեղինակավոր խոսքը, յեթե անտես ե առնելու պերճալեզու այն միջավայրը, վորտեղ զարմանալի խայտաբղետությամբ և համոզիչ տիպականությամբ կոնկրետանում և միս ու վոսկոր են ստանում կյանքի իրական փոխհարաբերություններն իրանց ամբողջ հասակով մեկ:

Ահա թե ինչու ժամանակն ե արդեն, վոր մենք սովորենք մոտենալ մեր դատարաններին, վոչ միայն վորպես մի հիմնարկի, վորտեղ մեր անձնական գործերն են քննվում, կամ՝ վորպես մի վայրի, վորտեղ ամեն որ առատորեն իր ջրերն ե կլկլացնում կուրյոզների աղբյուրը, այլ վորպես հասարակական և քաղաքական հսկայական նշանակություն ունեցող մի հաստատություն, վորտեղից, վորպես կյանքի դպրոցից, մենք պետք ե նյութեր ամբարենք և յեզրակայություններ հանենք մեր ներկա ժամանակների վոգու և նրանց գծած հասարակական զարգացման ուղիների մասին: