19-րդ դարի թե՛ արևմտահայ, թե՛ արևելահայ մտավոր իրականությունը մի մեծ չափով պայմանավորված էր արդի եվրոպական մտքի յուրացման ու արժևորման փորձերով։ Հենվելով եվրոպական արդի մտավոր արտադրանքի վրա հայ մտավորականների մի հսկայական հատված ջանք չէր խնայում այդ հիմքի վրա արդիացնելու հայ իրականությունը հանուն արդիական ազգի կայացման։ Լիներ հայ արդի գրականություն, թե հայ արդի քաղաքական միտք, գիտություն, թե մանկավարժություն, այս բոլորը, ամենատարբեր ձևերով ու խողովակներով սնվում էին եվրոպական համապատասխան մտքի աղբյուրներից, ինչպես տեսնում ենք, օրինակ, ռոմանտիկ գրականությամբ ոգեշնչված Աբովյանի կամ եվրորական սահմանադրական ժողովրդավարության գաղափարով համակված Հարություն Սըվաճյանի պարագայում։
Հետաքրքիր է սակայն ուշադրություն դարձնել եվրոպական արդի մտքի աղբյուրների ընտրության այն յուրահատուկ տարբերությունների վրա, որոնք ի հայտ են գալիս արևելահայ և արևմտահայ լուսավորիչների պարագայում։ Արևելահայ լուսավորիչների մոտ, տարբեր հանգամանքենրի բերումով, մեծ դեր էր կատարում հատկապես գերմանական մտքի ռուսական ընթերցումները, ինչն օրինակ երևում է Դորպատում ուսանած նույն Աբովյանի և Նազարյանցի՝ Հերդերով ու գերմանական ռոմանտիզմով տարվածության մեջ։ Արևմտահայերի պարագայում շատ ավելի մեծ ու խորն էր արդի ֆրանսիական մշակույթի հետ կապը։ Այս հանգամանքը վառ, անգամ եթե որոշակիորեն ծայրահեղացված ու ծաղկեցված կերպով արտահայտված է բանաստեղծ և փիլիսոփա Եղիա Տերմիճիպաշյանի՝ անցած դարավերջին լույս տեսած ֆրանսերեն-հայերենի բառարանի առաջաբանում։ Այստեղ հեղինակը, ասես ամփոփելով արևելահայ մտավոր իրականության պատկերը վերջին մեկ դարի ընթացքում, հակիրճ ստվերագծում է արևմտահայ արդի մտքի ամենատարբեր ոլորտների վրա խորը հետք թողած ֆրանսիացի մտածողների ու բանաստեղծների շրջանակը։ Ուշագրավ է, որ երբ հերթը հասնում է մանկավարժությանը՝ բառարանագիրը 18-րդ դարի ֆրանսիական լուսավորության ներկայացուցիչ Ժան-Ժակ Ռուսոյին է համարում այդ ասպարեզում արևմտահայերի համար վճռական նշանակություն ունեցող ոգեշնչում։
Հրապարակվում է ըստ՝ Եղիա Տէմիրճիպաշեան, Բառարան ֆրանսերէնէ-հայերէն (Պէյրութ։ Կ. Տօնիկեան եւ որդիք, 1983), էջ 4-6։
ԱՌ ԸՆԹԵՐՑՈՂՍ
Քառորդ դար մ’առաջ Արեւմտից մէջ տեղի ունեցած քաղաքական դէպքերն երկիւղ ազդեցին աշխարհի թէ ֆրանսական լեզուն՝ իրաւամբ ստացած իր տիեզերականութիւնը պիտի կորուսանէր: Երկիւղն ի դերեւ ելաւ: Գաղղիէրէնն առաջուան չափ խօսուեցաւ ու կը խօսուի միշտ ամէն տեղ: Մեր — եթէ կրնայ այսպէս բացատրուիլ — մտաւորական լեզուն միշտ ֆրանսերէնը մնաց՝ հակառակ գուշակութեանց: Մեր պատմաբանը Միշլէնէ[1]Խոսքը Ժյուլ Միշլեի մասին է, տե՛ս shorturl.at/kEFNT։, մեր գիտունը Գլօտ Պէրնառ[2]Խոսքը բժիշկ Կլոդ Բեռնարի մասին է, տե՛ս shorturl.at/bhAVW։, մեր իմաստասէրը Լիդրէն[3]Խոսքն Էմիլ Լիտրեի մասին է, տե՛ս shorturl.at/drwDL։ կամ Դէնը, մեր գրադատը Լամէթռը[4]Խոսքը Ժյուլ Լեմետրի մասին է, տե՛ս shorturl.at/owS15։ կամ Պռիւնդիէռ[5]Խոսքը Ֆերդինանդ Բրյունետիերի մասին է, տե՛ս shorturl.at/bsJS2։, մեր մանկավարժն՝ անմահ Ռուսօն, մեր պատգամն յաւէտ՝ Ֆէռնէյի նահապետը[6]Խոսքը Վոլտերի մասին է։, մեր երգիչը Պէռանժէն, մեր նկարիչը Տը Լագռուան, մեր վհուկը Ռընան, մեր վէպը Մատամ Պօվառին, մեր գուսանը Լամալիպռան[7]Խոսքը Մարիա Մալիբրանի մասին է, տե՛ս shorturl.at/jsyMQ։, ե՜ւ … մեր մեռելն է հէ՜գ Բօլ Վէռլէն, իր տխուր ճակատագիրն ստգտանելով այն մե՜ծ ազգին, այո՛ սուգը կը պահենք տակաւին տարաբաղդ մեծ բանաստեղծին՝ որ նոր բանաստեղծութիւն մը — գերագո՛յն բանաստեղծութիւնը – գտաւ, ուր ընդ միշտ սպառած կը կարծուէր բանաստեղծությունն, եւ որ՝ մեր՝ ժամանակին բարձրագոյն բանաստեղծական հանճարը թերեւս աղքատ մեռաւ հիւանդանոցին մէջ:
Ֆրանսերէնն իր տիեզերականութիւնը կորսնցնելէ հեռու, մեր ազգին մէջ ընդարձակագոյն ծաւալում մ’ունեցաւ Ֆրանքօ – Գերմանական պատերազմէն յետոյ: Ապացո՛յց քառորդ դարու միջոցի մէջ Ֆրանսերէնէ Հայերէն ու Հայերէնէ Ֆրանսերէն եօթնեակ բառագրոց հրատարակութիւնն՝ որոնց վերջինը ներկայս, եւ ութերորդ մ’ալ գուցէ կատարելագոյնը՝ զոր ի Բարիզ բազմահմուտ հայ հեղինակ մը այս պահուս տպագրել կու տայ: Հրատարակեալ սոյն եօթը բառագրոց մէջէն, գրաբար Նորայրն եւ աշխարհաբար Նուպարը՝ բառագիրք ըլլալէ աւելի գործեր են, առաջինն ի յայտ ածած ձեռագրերովն ու նորակերտ յաճախ քաջակերտ բառերովն’ որպէս բառից ընդհանրապէս յաջողակ յարմարեցուցմամբ, եւ երկրորդն իր բազմաթիւ նորակերտ նորադէմ բառերով եւ ի լոյս բերած գաւառաբարբառներով՝ որպէս եւ երկուց լեզուաց ուսանողներուն ընծայած կարգ մ’արտակարգ դիւրակերպերով՝ ցարդ անծանօթ մեր ու նոյնիսկ օտար բառարաններուն: Այնպէս պատահեցաւ որ՝ եօթնեակ փոքր կամ մեծ բառագրոց երեքն ես յօրինած ըլլամ, ես՝ որ այնքա՜ն նուազ յարմարութիւն ունիմ բառերն իրարու տակ շարելու որքա՛ն համակրութիւն ունիմ բառերն իրարու հետ արուեստագիտօրէն հիւսելու շարակարգելու: Գրպանի Ֆրանսահայ բառարանս՝ իր գրպանաչափութեան ու բոլոր թերութեանցն հակառակ՝ Լառուսի առձեռն բառարանին տեղը կը բռնէր: Լառուսի ծաւալով ու մեր գրական բարեշրջութեան համապատասխանող Ֆրանսահայ բառագրքի մը պէտքն եւս քան զեւս զգալի կը լինէր: Եւ ահա ա՛յդ գործն է՝ զոր Պաղտատլեան տպարանն այսօր ի լոյս կ’ընծայէ:
Ծանոթագրություններ
↑1 | Խոսքը Ժյուլ Միշլեի մասին է, տե՛ս shorturl.at/kEFNT։ |
---|---|
↑2 | Խոսքը բժիշկ Կլոդ Բեռնարի մասին է, տե՛ս shorturl.at/bhAVW։ |
↑3 | Խոսքն Էմիլ Լիտրեի մասին է, տե՛ս shorturl.at/drwDL։ |
↑4 | Խոսքը Ժյուլ Լեմետրի մասին է, տե՛ս shorturl.at/owS15։ |
↑5 | Խոսքը Ֆերդինանդ Բրյունետիերի մասին է, տե՛ս shorturl.at/bsJS2։ |
↑6 | Խոսքը Վոլտերի մասին է։ |
↑7 | Խոսքը Մարիա Մալիբրանի մասին է, տե՛ս shorturl.at/jsyMQ։ |