1778 թվականի Հայաստանի քարտեզի՝ Աշխարհացոյց Հայաստանեայցի պատկերագրությունը՝ որպես հայկական զինանշանի արդի նախագծի օրինակ

 

1778 թվականին Վենետիկում, Հնդկաստանի Մադրաս քաղաքում գործող վաճառական Շահամիր Շահամիրյանի պատվերով լույս է տեսնում Հայաստանը ուրվագծող քարտեզը՝ Աշխարհացոյց Հայաստանեայցը: Քարտեզն առանձնահատուկ է ոչ միայն հայկական պատմական տեղավայրերի և հարակից շրջանների գծագրությամբ, այլև իր ձևավորմամբ և պատկերագրությամբ: Ցուցադրվող պատկերը քարտեզի ստորին կենտրոնական հատվածը զբաղեցնող ցուցատախտակն է: Այն բովանդակում է հայերի նախահայր՝ «Հայկի» ու «Արամի» և հայ թագավորների՝ «Մեծն տիգրանի» ու «Մեծն տրդատի» կերպարները (Տիգրանի և Տրդատի անունները քարտեզում տրված չեն գլխագրերով), որոնց գլխավերևում առանձնանում է ցուցատախտակի դեկորատիվ զարդարանքը: 

Դեռևս 1772 թվականին Մադրասի տպարանում Շահամիրյանների ջանքերով (հատկապես Հակոբ Շահամիրյանի) լույս տեսած Տետրակ, որ կոչվում է Հորդորակ, հրապարակախոսական երկը, հենվելով Խորենացու պատմության վրա, ժամանակագրական սկզբունքով գնում է «մեր հսկաների, քաջերի և հաղթող թագավորների հետքերով», որոնց, հեղինակի համոզմամբ, հայերից շատերը «բնավ չեն մտաբերում» կամ որոնց մասին «չեն էլ լսել»: Ինպես ճանաչելու, այնպես էլ «նախնյաց որդիների քաջությանն ու արիությանը հասնելու և նմանվելու» հարցն է դնում Հորդորակը հայ երիտասարդի առջև՝ կորսված հայրենիքը՝ «սեփական և արդար ժառանգությունը», այլադավան բռնապետերից ազատելու համար: Հայաստանի քարտեզի համար պատմական այրերի պատկերագրությանն է դիմում քարտեզի պատվիրատուն: Կերպարները, որոնք միմյանց հետ պատմականորեն չեն առնչվում և վերցված են պատմական տարբեր ժամանակներից, ամբողջանում են մի գաղափարի՝ հայերի հերոսական անցյալի հիշողության շուրջ: Նոյի ժառանգ Հայկի առասպելական ուժը,  «հայրենիքի համար նահատակության պատրաստ» Արամի, «կատարյալ առաքինությունների տեր» թագակիր Տիգրանի և արքունական մականը վայր դրած և սրբերի շարքին անցած Տրդատի կերպարները, հաղթելով իրենց ժամանակը, ներկայում խորհրդանշականորեն տալիս են միասնական Հայաստան երկրի պատմական ներկայի սիմվոլիկ պատկերը:

Այս չորս կերպարների գլխավերևում պատկերված դրոշների վրա համապատասխա-նաբար երևում են խորհրդանշաններ, որոնք կապվում են հայ թագավորական տների զինանշանների հետ: Սույն քարտեզում յոթգլխանի վիշապն ըստ երևույթին համապատասխանում է Հայկի, առյուծը՝ Արամի, արծիվը՝ Տիգրանի և խաչակիր գառը՝ Տրդատի տան հետ: Այս՝ դեռևս քննության արժանի ենթադրական զուգահեռներն այնուամենայնիվ մեզ թույլ են տալիս մտածել խորհրդանշանների՝ որպես զինանշանային մի համակարգի մասին: Արդյոք սույն պատկերը 1778 թվականին պետականության բացակայության պայմաններում մտածված չէ՞ր որպես ապագա Հայաստանի համապարփակ զինանշան. մի պատկեր, ինչի վերափոխված և վերամշակված տարբերակներին ենք հանդիպում մինչև մեր օրերը հասած հայկական զինանշանային պատկերներում:

Պատկերը հրապարակվում է ըստ՝ 1778 թվականի Աշխարհացոյց Հայաստանեայց քարտեզի՝ Ազգային գրադարանում պահվող օրինակի: