1928-ին ստալինյան առաջին հնգամյակի մեկնարկը ոչ միայն երկրի տնտեսական զարգացումն արմատապես փոխող իրադարձություն էր, այլև երկրի ողջ քաղաքական կուրսը բեկող իրողություն: 1927-28-ին Հայաստանում կառավարության փոփոխությունը, որ նախևառաջ նշում էր կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի քարտուղարի պաշտոնից Աշոտ Հովհաննիսյանի հեռացումը, ազդարարում էր կուսակցության ստալինացման սկիզբը: 1928-ին Խորհրդային Հայաստանի արդեն նախկին կառավարությունը քաղաքական ամենաբարձր ամբիոններից մեղադրվում էր աջ ազգայնական, նացիոնալիստական թեքման մեջ: Ստալինյան այս մեղադրանքը սակայն միաժամանակ վեր էր հանում պատմությունը հետահայաց «մաքրելու», մեծամասնականների կուսակցությունը «մաքրագործելու» ստալինյան օրակարգը:
Խորհրդային Հայաստանի նախկին ղեկավարությունը կազմող ազգային կոմունիստների (ինչպես նախկին դաշնակցական ու սպեցիֆիկ Ալեքսադր Մյասնիկյանի, նախկին հնչակյան Ֆլորա Վարդանյանի, Դաշնակցության նախկին համակիր ու սպեցիֆիկ Աշոտ Հովհաննիսյանի և այլոց) քաղաքական անցյալն իբրև մեղադրանք հրապարակ բերելն այլ բան չէր, քան հետահայաց նույն այդ անցյալից հրաժարման, այդ անցյալը ջնջել-մաքրելու ստալինյան քաղաքական հրամայականի կենսագործումը: Հայ քաղաքական մտքի հետահայաց ջնջման ստալինյան այս արարքը 1920-ականներին խտացել էր Դաշնակցություն կուսակցությանը տրվող գնահատականի մեջ: Նախկին կառավարության դեմ հնչող մեղադրանքների առանցքում Դաշնակցությունն իր սոցիալական ծագմամբ ոչ թե բուրժուական, այլ մանր–բուրժուական կուսակցություն համարելու հանգամանքն էր: Սա մի գնահատական էր, որ ինքնին ենթադրում էր տեղ տալ հայ կուսակցությունների ծագման սոցիալ–տնտեսական ու գաղափարական հիմքերի կայացման բարդ պատմությանն ու հայ քաղաքական մտքի կայացման հակասալից ծավալումներին:
Ստորև ներկայացվող վավերագիրը բառի ուղիղ իմաստով ակնառու է դարձնում պատմությունը հետահայաց ջնջելու ստալինյան օրակարգը: Վավերագիրը 1928-ին հրատարակված Քաղաքական բառարանի այն էջն է, որտեղ տրված է Դաշնակցություն կուսակցությանն անդրադարձող բառահոդվածը: Ստալինիզմի հաստատմամբ Դաշնակցության մանր-բուրժուական կուսակցություն լինելու գնահատականը քաղաքական հրահանգով փոխվել էր: Դրա արդյունքում հետահայաց ուղղակիորեն «մաքրագրվել» էր նաև բառահոդվածը, որտեղ Դաշնակցությունը մանր-բուրժուական կուսակցություն գնահատելու նախաստալինյան պատմությունից մնացել էր միայն դրա ջնջված հետքը:
Հրապարակվում է ըստ՝ Քաղաքական բառարան (Մոսկվա: ԽՍՀՄ ժողովուրդների կենտրոնական հրատ., 1928), էջ 110: