Ցեղասպանությունից հետո Խորհրդային Հայաստանի որբանոցներում մեծացող սերունդը էապես պայմանավորել է երկրի դիմագիծը, ի թիվս այլոց, արվեստի ու գրականության, գիտության և քաղաքականության ոլորտներում: Որբերի այս ավանդն իր դերը կատարել է նաև ժամանակակից Հայաստանի կայացման գործում ։ Այնպես որ, ցեղասպանության և պետականության կայացման բարդ գործընթացերում որբը հայ արդիականության անբաժան մասն է, եթե չասենք՝ առանցքային դերակատարներից մեկն ու հայության արդիական փորձը էականորեն խտացնող ինքնությունը։
Վանի Խորգոմ գյուղում ծնված հասարակական-քաղաքական գործիչ և լրագրող Ադո Ադոյանը, իր զարմիկի՝ Արշիլ Գորկու նման, ցեղասպանության ու գաղթի հետևանքով հանգրվանում է Երևանում։ Ադոյանի որբանոցային կյանքն սկսվում է, մի կողմից, բռնությամբ կորսված հայրենի գյուղն ու մանկության աշխարհը մեջքի հետևում, մյում կողմից՝ համաշխարհային նոր ու արդար հասարակարգ կերտելու կոմունիստական օրակարգին վճռական նվիրումով։ Ի՞նչ կապ կարող է լինել գյուղացի պատանու՝ տնազրկության ու ծնողազրկության դաժան փորձառության և կոմունիզմին նվիրվելու մտայնության մեջ, հատկապես երբ կոմունիզմը Ադոյանի աչքում էապես մարմնավորում էր գյուղի նահապետական դրվածքի ու բարքի հաղթահարման քաղաքական հնարավորությունը։ Դեռ որբանոցից Հայաստանում պատկոմական շարժման ակունքներում գտնվող Ադոյանը կուսակցական իր ճանապարհն սկսում է կրթամանկավարժական ու հրահանգչական գործից՝ պայքարելով հատկապես ազգային
գաղափարախոսական ակունքներից սնվող սկաուտական շարժման դեմ։ «Առաջին հնգամյակով» նա մտնում է իր քաղաքական գործունեության բուռն շրջանը՝ գաղափարաբանական ճակատում հետևողականորեն, բայց և միանգամայն ազնիվ մղումներով, կյանքի կոչելով «ներքին թշնամիների» անխնա մերկացման ստալինյան ծրագիրը, որը նա համարում էր հայության ազգային զարգացման հնարավորություն։ Արդեն 1937-ին Ադոյանն ինքը մեղադրվում է ազգային հարումների մեջ, աքսորվում, վերապրում աքսորը, վերադառնում և կյանքի գուցե թե գլխավոր գործը համարում սիրո և ընտանիքի խնդիրների պատմա-գաղափարական արծարծումը՝ մարմնավորված նրա Սիրո և ընտանիքի էվոլուցիան ստվարածավալ երկհատորյակում։ Այսպես Ադոյանը դառնում է հետստալինյան Խորհրդային Հայաստանում սիրասեռային կյանքի ու ընտանիքի խնդիրների թերևս ամենանշանակալի հանրային խոսնակը։
Գյուղական հենքը, ծնողազրկության փորձառությունն ու հիմնարկային կյանքով դեռահասների կազմավորման պետական քաղաքականությունները ուշադրության կենտրոնում պահելով՝ կփորձենք բացահայտել նահապետական բարքի քաղաքական հաղթահարման կոմունիստական ծրագրի հմայքը գյուղացի որբի համար՝ հատկապես նկատի ունենալով որբի՝ ընտանեկան կյանքի ավերման հետևանքով ձևավորված սիրո ու ջերմության ընդգծված կարիքն ու այդ կարիքը հիմնարկային դաստիարակությամբ վերաուղղորդելու որբանոցային քաղաքականությունները։ Այս դասավորության մեջ նահապետական կյանքը, տնազրկության աղետը, կոմունիզմն ու սիրասեռային կյանքը միահյուսվում են որբության փորձառության շուրջ, փորձառություն, որի հետ էր կապվում հայի ինքնությունն անցած դարի առաջին կեսին, քանզի Հայաստանում էին գտնվում աշխարհի մեծագույն որբանոցները։ Եթե ցեղասպանությունից հետո ԱՄՆ-ում և Եվրոպայում հայը նախևառաջ խղճահարության արժանի որբն ու սովյալն էր, ապա ԽՍՀՄ ղեկավարության՝ մասնավորապես Անատոլի Լունաչարսկու աչքում որբը մարդու նորագույն տեսակն էր, Հայաստանը՝ «որբերի հայրենիքը»։
Այս նոր մարդու հատկապես սեռային դաստիարակության շնորհիվ էր նաև կերտվելու կոմունիզմ կառուցող երկրի նոր քաղաքացին, քանի որ որբի հասարակայնորեն բացասական կողմերը կոմունիստական պետության տեսակետից դիտվում էին որպես առավելություններ․ պոտենցյալ քրեածին, հոգեխանգարմունքի ենթակա ու սեռավարակակիր լինելը միաժամանակ նրա քաջության, արկածախնդրության և հարուստ երևակայության մասին կարող են վկայել։ Այս բաղադրիչներին եթե գումարենք կոմունիստական ծրագրի տեսակետից չափազանց կարևոր այն մեկնաբանությունը, որ որբի ծնողազրկությունն ու տնազրկությունը միաժամանակ նրա ազատության՝ ծնողական ու ընտանեկան հսկողությունի՛ց ազատության գրավական կարող են լինել, ապա կստանանք կոմունիստական քաղաքականությունների համար որբի չափազանց կարևոր այն գծերը, որոնք առկա էին նաև Ադո Ադոյանի կյանքի ու գործունեության պարագայում։
Այս գծերի վրա, միաժամանակ, թևածում էր արվեստի գերող հմայքը որբերի համար։ Ստալինի ծնողական ֆիգուրի ներքո կառուցվող խորհրդային համակարգի առաջամարտիկներից լինելով՝ Ադոյանն այս համակարգը միաժամանակ տեսնում էր իբրև ազգային զարթոնքի հնարավորություն, որը նրա աչքում մասնավորապես արտահայտվում էր արվեստի ու մշակույթի ասպարեզում։ Նա իր քաղաքական գործունեությամբ ամեն կերպ աջակցում էր այս ասպարեզի կայացմանը, ինչի նշանակալի օրինակ է այն, որ Ադոյանի ջանքերով է ի վերջո հաջողվում լույս ընծայել Չարենցի Գիրք ճանապարհին։ Քաղաքական ու գաղափարական իր գործունեությանը զուգահեռ Ադոյանն ինքը ստեղծագործում էր՝ թարգմանում Պուշկին, կծու քառատողեր գրում նույն այն պաշտոնյանների մասին, որոնց հետ աշխատում էր քաղաքական ասպարեզում։ Իր հերթին Ադոյանն ինքը դառնում էր գրական ստեղծագործությունների հերոս հատկապես բախտակից նախկին որբ գրողների ստեղծագործություններում (Գուրգեն Մահարի, Սարմեն)։ Եվ ամենևին պատահական չէ, որ նույն՝ Սիրո և ընտանիքի էվոլուցիան աշխատությունը Ադոյանն անվանում է «սիրավեպ»՝ մատնացույց անելով զրկանքի անասելի փորձն ու դրանով ձևավորված կարիքներն արվեստով ձայնելու որբական ռազմավարությունը։