Նազարյանցի «Ֆրանսիական Րեվօլուցիայի պատճառքը»

 

Հիրավի ինքնատիպ և ուրույն մտածող լինելով հանդերձ՝ Ժան-Ժակ Ռուսոն մի մեծ փիլիսոփայական ավանդույթի մաս է։ Ծնունդով ժնևցի փիլիսոփայի մտավոր գործունեությունը ծավալվել է 18-րդ դարի ֆրանսիական լուսավորիչների հետ սերտ, թեպետև խորդուբորդ առնչության մեջ։ Խորապես ազդված լինելով Ֆրասուա Վոլտերից՝ նա ենթարկվել է վերջինիս սուր քննադատությանը, եթե ոչ ծաղրին, մտավոր և անձնական լարված հարաբերություններ է ունեցել էնցիկլոպեդիստների, մասնավորապես Դիդրոյի և Դ’Ալամբերի հետ, միաժամանակ տպագրվել նրանց հրատարակած Հանրագիտարանում։ Հաճախ կարելի է տեսնել, որ հետագա սերունդների մտածողները Ռուսոյին շատ հաճախ հիշում և հիշատակում են իր այս «ոխերիմ բարեկամների» շարքի մեջ. այս առումով բացառություն չեն նաև 19-րդ դարի հայ լուսավորիչները։

Ուրեմն Ռուսոյի հայկական ընդունելությունն ըստ էության հասկանալու համար առանցքային է տեսնել հայ մտածողների շրջանում 18-րդ դարի ֆրանսիական փիլիսոփայության հանդեպ նրանց վերաբերմունքը. փիլիսոփայություն, որի հարազատ զավակն էր ինքը Ռուսոն։ Փիլիսոփայական այս ավանդույթը 19-րդ դարի հայ իրականության մեջ խիստ կարևորվել է գիտությունների վրա իր շեշտադրմամբ ու լուսավորության կարևորմամբ։ Նշանակալի է սակայն, որ նույն այս ավանդույթի հանդեպ մեզանում կա նաև հստակ արտահայտված դիմադրություն եթե չասենք բացահայտ հակակրանք ու թշնամանք։ Սա հատկապես հստակ երևում է հայերի արդիականացման ցանկացած քաղաքական ծրագրերին և արդի հայկական ազգային պետություն հիմնադրելու գաղափարին դեմ դուրս եկող հայ լուսավորիչների երկերում։ Այս առումով նշանային է ռուսահայ իրականության մեջ առանցքային լուսավորիչ Ստեփանոս Նազարյանցի խիստ քննադատական վերաբերմունքը փիլիսոփայական այդ ավանդույթի հանդեպ, ինչի խտացված պատկերը կարելի է տեսնել վերջինիս խմբագրությամբ լույս տեսնող Հիւսիսափայլ ամսագրում հրապարակված «Ֆրանսիական Րեվօլիւցիայի պատճառքը» ծավալուն պատմական հոդվածում։

Տեքստը հրատարակվում է ըստ՝ Ս. Նազարեանց, «Ֆրանսիական Րեվօլույիայի պատճառքը», Հիւսիսափայլ, 1858, թիվ 4, էջ 278, 282-286։

 

[Բնագիր]

Յառաջացաւ Ֆրանսիայի մէջ տասնևութերորդ դարու ասած փիլիսոփայութիւնը, մի այնպիսի վայրենի գործողութիւն իմացականութեան հանդէսի մէջ, որ երկիւղ կար թէ պիտոյ է դա քարուքանդ առնէ բոլոր հին հիմքերը, կործանէ ամենայն հաւատ և բոլոր հիմնական կանոնները. մի թշնամի զօրութիւն, որ կարող էր ցած խորտակել, բայց տկար էր վերստին շինելու համար. մի ահարկու քայքայողական, բայց ոչ վերականգնող և ժողովող կարգ։ Վօլտէրը էր և մնաց այն նորանոր կարծիքների աղբիւրը և շարժող զօրութիւնը, որ այն միջոցին դեռևս նոր յառաջանալով, բայց օրէ օր սաստկանալով, վերջումը պիտոյ է հեղեղի պէս պատէին բոլոր Ֆրանսիա…

Այն կարծիքական փիլիսոփայութիւնը որ մանուկ արքայի խնամատարի ապականեալ օրերումը յառաջացած էր, սկսեց կերպարանք ստանալ Լուդովիկոս տասնևհինգերորդի ժամանակումը, մի ահաւոր, չարագուշակ կերպարանք։ Դորա հետևողքը որ յառաջուց ցան և ցիր, ջոկ ջոկ ներգործումէին, և իւրեանց վստահութեամբ աւելի, քան թէ բազմութեամբը նշանաւոր էին, շատացան, հասարակութեան բոլոր կարգերի մէջ ճիւղաւորվեցան և կացուցին մի մօտ դաշնակից, կատարեալ հերձուած, որոնց անդամակիցքը ամրապէս կապված էին միմեանց հետ, մի քանի մեծանուն հեղինակներից ստանումէին իւրեանց շարժառիթը, ուղղութիւնը, չափ ու կշիռը. դոցա խորհուրդը, ձգտողութիւնը և սկզբնական կանոնները լինելով մի և նոյն, դոքա համաձայն էին միմեանց հետ, շատ անգամ առանց տեսանելու միմեանց, առանց խօսելու միմեանց հետ կամ թէ բան հասկացնելու մինը միւսին։ Այս հերձուածը դղրդեց բոլոր նեցուկները ազգի քաղաքական, իմացական և բարոյական կեանքի, այլև վնասողապես մօտեցաւ նա բոլոր ընկերական կարգերի արմատին, ապականելով այն բոլոր հիմնական կանոնները և իրողութիւնքը որոնց վերայ հիմնած է հաւատը, խառնափնդորելով բոլոր ըմբռնողութիւնքը և արհամարհելով բոլոր կրօնապաշտական ըզգացողութիւնքը։ Այդ փիլիսոփայությիւնը յիմարաբար մտածումէր թէ կարո՛ղ է մեկնել տիեզերքի խորհուրդը ֆիզիքական զօրութենների պատահական ազդեցութեամբ կամ թէ հարկաւոր շարժողութեամբ, որին միայն հաւատումէր նա։ Նա մտածումէր հասկանալ հոգին, ուրանալով նորա առանձին սկզբնապատճառը և ընդունելով նորա մէջ մի նուրբ մեքենաշարժութիւն աւելի նուրբ նիւթերի. Նա մտածումէր թէ ճանաչել է բարոյականութեան յատուկ աղբիւրը, ըստ որում մարդերի ձգտողութեան մէջ ոչինչ բան չէր տեսանում, եթե ոչ, մի իւրասիրական հաշիւ ու համար, և կանոնները մի աւելի նուրբ զգայական անձնապաշտութեան յառաջ էր բերում, որպէս թէ դոքա՛ էին մեր յատուկ բնութիւնը, մեր յատուկ կոչումը այս աշխարհի վերայ։ Այսպէս, այդ փիլիսոփայութեան թունաւոր շունչից և նորա կործանողական ձեռքի տակ չքացաւ հաւատը դէպ ի Անտեսանելին, մարդկային բնութեան աննիւթ ձգտողութիւնը և դորա հետ միասին նորա արժանաւորութիւնը, նորա տնկակից մեծութիւնը և այն փրկաւէտ վարդապետութիւնքը կրօնի որ ժողովրդի մէջ, միները սանձահարումէին, միւսերը մխիթարումէին և ամենեցուն օգտակար էին։ Այս ուսման հեղինակները և հետևողները աստուածապէս պաշտումէին արարածը և հայհոյումէին արարիչը, ուրախանումէին, որ թողել էին հոգուն խեղդամահ լինել մարմնեղէն նիւթի մէջ, և այդպէս մարմնի եղծանվիլը համարումէին կեանքի վերջին սահմանը և վախճանական նպատակը։ Այսպիսի վատթար ուսմամբ թուլացնումէին առաքինի մարդերի յոյսը և թեթեւացնումէին յանցաւորների արժանաւոր երկիւղը, որ այդպէս ջարդուփշուր առնեն սրտերի մէջ այն գուշակութիւնքը թէ կայ մի վերնագոյն աշխարհատնտես կառավարութիւն։ – Ով Ֆրանսիա, այս ինչ ապիրատութիւնք են, որ պատմութիւնը արձանագրել է իւր անջնջելի տախտակների վերայ, գալոց ազգերը խրատելու և զգուշացնելու քո յանդուգն որդիների արարքից։

Երբ որ այս տիտանքը (հսկաները) ներս էին յարձակվել երկնաքաղաքի մէջ և կարծումէին թէ յաւիտեան քանդել էին հաւատը դէպ ի հանդերձեալ կեանքը, այնուհետև չը խնայեցին և երկրաւոր բաների դեռ ևս ոտքի վերայ եղած կարգը։ Եւ սորանց կամեցան նոքա քարուքանդ առնել, մի նոր, կատարեալ շինութեան հիմք պատրաստելու համար. և երբ որ փորձեր արած էին հոգևոր աշխարհը մարդերի սըրտից դուրս խլել, այնուհետև այս ժամանակաւոր աշխարհը պիտոյ է ամենայն պակասութիւն լցուցանէր, կատարվելով նոցա մտացածին կարգաւորութիւնը հասարակութեան։ Վայելչապէս վերաշինելու համար, պիտոյ էր գետին ու հող ձեռք բերել. ուրեմն պիտոյ էր սկսանել այդ բանը, քանդելով բոլոր հին շէնքերը։ Օրինապատշաճ կառավարութիւնը որով թագաւորութիւնը դեռ ևս ոտքի վերայ էր պահվում, բամբասումէին, որպէս բռնութեան և խորամանկութեան գործ։ Այն կարգադրութիւնները որ յառաջացած էին ազգի որպիսութենից և հաստատած ու սրբած էին ժամանակի ձեռքով, ցոյց տրվեցան որպէս բարբարոսութեան պտուղներ և որպէս խաւարի որդիք։ Այն իրողական արմատը որի հետ ճիւղաւորված էին ազգերի կեանքը և նոցա գլխի անցքը, որ և այդ ազգերի օրէնստուութիւնը յառաջ էր տարել, սնուցել էր և կերպարանագործել էր, ամենից յառաջ կամէին դոքա բնաջինջ առնել որպէս մի առատաբոյս մոլախոտ։ Թագաւորների և իշխանների կարողութիւնը այդ աշխարհուղղիչ մարդերի աչքումը երևումէր մի հընացած ու մաշված յափշտակութիւն որին չափից դուրս համբերած էին ազգերը։ Եւ առաւել ընտիրքը դոցանից էին, այդ իմաստունների խօսքով, միայն խոհեմ և խորամանկ բռնակալք, կամ թէ շատ շատ, մի ողորմելի փոխանակ ժողովրդի իշխանութեանը որ միայն արդար ու պատշաճաւոր էր։ Քաղաքացոց հասարակութիւնը պիտոյ է, բանականութեան կանոններին համեմատ, հիմնաւորված լինէր յառաջուց արած դաշնաւորութեան վերայ, որ ունէր միայն զօրութիւն, ինչքան որ դաշնաւորքը իւրեանց կարծիքը և իւրեանց հայեացքը չէին փոխած. և այսպէս կարող էր քաղաքական կարգը, օրէնքի թոյլտուութեամբ, ամենայն օր երևել ու չքանալ։ Սոցա խօսք ու զրոյցը էր ամենների ազատութեան ու հաւասարութեան վերայ, որ խաբէաբար քարոզումէին նոքա որպէս մի հատիկ անպայման խորհուրդը և ամենամեծ բարին մարդկութեան։ Այս կարծեցած ազատութիւնը որ ոչ այն աստուածեղէն օրէնքով, որ ուրացել էին, և ոչ այն առօրեայ օրէնքներով որ նա ինքը տալիս էր իւրեան և վերացնումէր ինչպէս կամէր, կարող չէր սահմանափակվիլ, սանձահարվիլ և չափաւորվիլ, էր տիրապէս կապից արձակված իրաւունքը աւելի զօրեղ մարդերի, մի ազատութիւն անիրաւ լինելու և անպատիժ մնալու, և մի անամօթ ձեռնամերձութիւն աւելի տկարների սեփականութեանը։ Այս, երազի մէջ տեսած ազատութիւնը, որ չը կամէր ուշադիր լինել հասակի, սեռի, զօրութեան, իմացականութեան, աշխատասիրութեան և հանգամանքների բնական անհաւասարութեանը, կարող էր միայն մի հաւասար ճանապարհ բանալ ցանկութենների և ախտերի առաջև, բայց ոչ մի մարդու օրինաւոր պահանջողութենների հաւասարութիւնը կարող չէր ապահով կացուցանել օրէնքի առաջև։

Այս կորստական ուսմունքը որ ունէին նմանը նմանին որոնող մի ազգակցութիւն մարդկային բնութեան բոլոր ախտերի, զգայական ձգտողութենների և անասնական նիւթերի հետ, մի անսովոր յաջողութիւն ստացան և շուտով յաղթող հանդիսացան հին բարոյական կանոնների վերայ։ Այդ ուսմունքը հանճարով ըմբռնած և յառաջ տարած, շողշողիւն մոլորեցուցիչ իմաստակութեամբ ըստ երևութին ապացուցած, հատու (կտրող) սրամտութեամբ ջատագոված, երևակայութեան բոլոր ծաղիկներովը զուգած ու զարդարած, ընդունեցին ամենայն կարելի ձևեր, որ կաշառեն ամենայն կարգի ընթերցողների սիրտը։ Ոմանք գրաւվեցան այդ մարդերի ուսումնականութեան արտաքին պատրաստութեամբը և սրամտութեամբը, միւսերը իւրեանց խելքը տանել տուեցին մի սուտ և խաբէական ճարտարախօսութենից. շատերը չը կարողացան ընդդիմանալ կատականքի և հեգնութեան նետերին, մեծ մասը ունայնասիրութեամբ, հպարտութեամբ և թեթևամտութեամբ մոլորվեցան և կարծումէին իւրեանց անձը վերադաս կացուցանել իւրեանց ժամանակակից մարդերից և անցած դարերից, սոցա կարծեցեալ կանխակալ սովորութիւնքը հեռացնելով իւրեանցից և ծառայելով ժամանակի ասացեալ լուսաւորութեանը։ Այդքան մեծ արուեստով պատրաստած և այդքան անվաստակելի հաստատուն կամքով տարածած թոյնը անգործ չը մնաց, այլ հետ զհետէ ներս մտաւ ազգի բոլոր կարգերի մէջ։ Մեծատունքը ամեններից յառաջ ապականվեցան. մեծամեծների կենցաղավարութեան մէջ համարվումէր մի նուրբ կրթութիւն, ծաղր առնել ամենասուրբ բանի վերայ, բարի վարքի և հիմնական կանոններին տալ մի ծիծաղելի կերպարանք, և անամօթ յանդգնութեամբ խօսել տէրութեան, կրօնի, պատկառելի մարդերի և իրողութենների վերայ։ Ազնուականքը վայելումէին իւրեանց առանձնաշնորհութիւնքը և ինքեանք ծաղր էին առնում դոցա, իւրեանց առաւելութիւնը ցոյց տալու համար։ Հոգևորների մի մասը վայելումէր եկեղեցու հարստութիւնը, փափկանումէր իւր արդիւնաւոր վիճակի եկամուտքից և մի և նոյն միջոցին իւր օրինակով արհամարհումէր բարի վարքը և իւր խօսքերով քրիստոնէական կրօնի վարդապետութիւնքը։ Մեծատունների միջից անց կացաւ ապականութիւնը դէպ ի աշխատաւոր մարդերի կարգը։ Անհաւատարմութիւնը և անհնազանդութեան ու խռովարարութեան հոգին օրէ օր աւելի զարթեցրին ժողովրդի մէջ։ Թէատրոնական դրուածների, ռօմանների և երգերի մէջ փչումէր մի և նոյն անաստուածութեան հոգին, որ գիտնական գործերի մէջ ստացաւ մի աւելի ծանր կերպարանք։ Այն ուսումնականքը և մատենագիրքը որ երդուել էին հաւատարմապէս ծառայել այդ հերձուածի դրօշակի տակ և քանքարներով նշանաւոր էին կացուցել իւրեանց անձը, ստացան մի անլսելի փառք. այսպիսիքը մեծարվումէին որպէս ազգի պարծանք, պատկառելի էին որպէս բանականութեան գործակատարք, և կոյր հնազանդութեամբ հետևումէին դոցա որպէս ազգի ուսուցիչների։ Այս հերձուածի պարագլուխքը շուտով նախապատիւ հանդիսացան բոլոր հասարակութենների մէջ և առաւելապէս պատուելի ու որոնելի դարձան։ Դոքա թագաւորումէին և կացուցանումէին առաջին իշխանութիւնը տէրութեան մէջ, որովհետև երևումէին դատաւոր ամենների վերայ, առաջնորդումէին նոցա և գերազանց էին ամեններից, և ամենայն մարդ թէ շատ և թէ փոքր շողոքորթումէր նորանց, որոնումէր նոցա հաւանութիւնը և ոչինչ բանից չունէր այնքան երկիւղ, ինչպէս նոցա յանդիմանութենից։

Այսպէս ահա յառաջացաւ մի ջրհեղեղ գաղափարների և կարծիքների, որ գնալով գնալով աճեցին և զօրացան, քաղաքական մարմնի բոլոր երակների մէջ թափվեցան և կամաց կամաց, բայց անընդհատ պիտոյ է տէրութեան հիմնախարիսխների տակը փորէին և կործանէին։ Կառավարութիւնը իմացաւ այդ չարագործութիւնը. բայց դա, թէև ոչ անպատիժ ու ծածուկ մնաց, այնու ամենայնու օրըստօրէ զօրացաւ ու տարածվեցաւ։ Կառավարութիւնը շատ թեթևամիտ էր, քան թէ կարող էր նկատել այդ չարագործութեան բոլոր ահաւորութիւնը և մեծութիւնը. շատ թոյլ ու անհոգ, քան թէ կարող էր ծանրութեամբ, խստիւ և համակից կերպով յաղթահարել դորան։ Նոյն իսկ հրամայողքը շատ անգամ մասնակից էին ընդհանուր խառնակութեանը և, զոր օրինակ Արժանսօնեանքը և Շօաղեօլը յաջողութիւն էին տալիս այնպիսի մատենագիրների որ արժանի էին պատժի, բայց գիտէին խորամանկութեամբ և ճարտարութեամբ գովասանութեան խունկ ծխել նոցա քթին։