Որբերի հիմնը

 

Նոր տարվա հիմնի խոսքերի հեղինակը Ռափայել Պատկանյանն էր, ով բանաստեղծության մեջ երանի է տալիս այն օրին, երբ հայերը կվերադարձնեն իրենց հողերը և կապրեն ազատագրված Հայաստանում: Ազգային ազատագրական շունչը Պատկանյանի մոտ սրացավ Մոսկվայում, երբ հաղորդակից լինելով ռուս հեղափոխական մտքերին, որոշեց տեղափոխվել Պետերբուրգ, որտեղ էլ և գրեց «Ազգասերը», «Արաքսի արտասուքը», «Հայրենիքը»: Գերցենի և «Ռուսական ազատ տպարանի» հետ Միքայել Նալբանդյանի  առաջին ծանոթությունը եղավ Պատկանյանի միջոցով:

Սույն բանաստեղծությունը Ադոյանը պահում էր իր անձնական փաստաթղթերում: Դեռ երբ որբանոցում էին, վանեցիներ Մահարու, Արշիլ Գորկու, Վ.Հացագործյանի և ալաշկերտցի Վ.Շառոյանի հետ միասին ընդհատակյա թերթ էին տպագրում, որտեղ հողերի ազատագրման և հայրենիք վերադառնալու բաղձանքն էին գրի առնում և տարածում: Որբերի մեջ լուրջ քաղաքական խմորումներ էին տեղի ունենում և նրանցից ամենավտանգավորին՝ Շառոյանին, ուղարկում են թշնամու գիրկը՝ թաթար խռովարարների մոտ, որտեղ և նա սպանվում է: Մնացածը գնում են պետական որբանոցներ, որոնց մեջ և Ադո Ադոյանը: Մահարին ոգևորված չէր բոլշևիկյան իշխանության նորամուտով Հայաստան, ինչպես նրա մյուս վանեցի ընկերները: Այս վավերագրի տողերում Խորհրդային միությունը վերջ դրեց որբ ընկերների՝ մի օր հայրենիք վերադառնալու անուրջներին: Որ վերադառնալու նպատակը անրջային էր, փաստում է այն, որ սույն տողերը կապված են հենց մանկական ամենասիրելի տոնի՝ Նոր տարվա հետ, որի ընթացքում իրականանում են ամենացանկալի երազանքները: Երազը ի չիք դարձավ, նրանք արթնացան և հայտնվեցին խորհրդային իրականության մեջ: Սակայն այդ երազը չմոռացան ոմանք: Դրանք նախկին որբերն են, որոնք դարձան  խորհրդային իշխանության պաշտոնյաներ, գիտնականներ, գրողներ:

Այս բանաստեղծության մեջ Ադոյանը ներկայացված է որպես վկա, հիշող: Որպես կոմունիստական տպագրական գլխավոր օրգանի՝ Լենինյան ուղիով ամսագրի խմբագիր, նա վկայում է իր որբությունը: Իր ֆիզիկական ներկայությամբ, իր գործունեությամբ վկայում է կորսված անցյալը: Մահարին որբի մեկնությունը տալիս է մասնագիտությանը կից, կարծես որբ լինելը նույնպես մի հմտություն է, որ կազմակերպում է մարդու գոյությունը: Որբությունը դառնում է խնդրո առարկա, գիտակարգ՝ բանաստեղծական համատեքստում: Մահարին իր սերնդակիցներին ներկայացնում է որպես մի հսկայական միության ստեղծման հիմնակմախք, որոնց հիշողությունը ջնջելով, նրանց որբացրին պատմականորեն հենց նույն միություն կերտողները, որպեսզի դարձնեն մարդկության նոր տեսակ: Մահարու տողերը փաստում են այդ ջնջման անհնարինությունը, քանզի որբությունը իր ֆիզիկական գոյությունից վերածվում է գաղափարի՝ հոգեբանական, բարոյական, հասարակական: 

Արդ, ինչպես Պատկանյանը ժամանակին լքեց իր հայրենի վայրը՝ արտասահմանում սովորելու և ավելի տարածական մասշտաբով հեղափոխական բովերի միջով անցնելու համար, այնպես էլ Ադոյանը և իր նմանները իրենց ձևով նահապետական աշխարհից անցան դեպի կոմունիստական աշխարհ՝ ազգային ազատագրական պայքարի հիշատակը վառ պահելու համար։

Գուրգեն Մահարի, «Տարեմուտի լույսերի տակ», Երևան, հունվարի մեկ 1959

ՀԱԱ, ֆ.1304, ց.89, գ.117, թ.2

 

Տարեմուտի լույսերի տակ
1919 թվականի, դեկտեմբերի 31-ին, գիշերվա ժամը 12-ին,

Հայ ժողովուրդը վերջին անգամ
Երգեց իր «Նոր տարվա հիմնը»:
Երնեկ թե այս նոր տարին
Վերջ տար հայի ցավերին,
Չարը կորչեր ու բարին
Բույն դներ մեր սրտերին…
Վերջին անգամ:
Ո՞վ է հիշում հիմա այս սրտամորմոք, սրտակեղեք երգը…
Բայց հիշողներ կան:
Ոզո՞ւմ եք թվեմ մի քանիսին,
Նրանց դուք ճանաչում եք:
Ահա նրանք:
Նախկին որբ, այժմ՝ մինիստր
Անդրանիկ Շահինյանն ու իր
Տեղակալ Սամսոն Գասպարյանը,
Նախկին անապաստան, արդ՝
Գիտնական, ֆիզիոլոգ Էզրաս
Հասրաթյանը, նախկին որբ, այժմ՝
Խմբագիր՝ (տես ՙԼենինյան ուղի՞)
Ադո Ադոյանը, նախկին որբ,
Այժմ առևտրի մինիստրի տեղակալ
Արտաշես Պետրոսյանը, նախկին
Որբուհի, այժմ՝ գիտնական Ազնիվ
Պետրոսյանը, նախկին որբեր,
Այժմ՝ նորին դպրություն Նայիրի
Զարյանն ու Վաղարշակ Նորենցը:
Շարունակե՞նք: