19-րդ դարում և 20-րդ դարասկզբին Հայաստանի թե՛ արևելյան և թե արևմտյան հատվածներում դպրոցներն ու մամուլն իրենց վրա էին վերցրել ժողովրդական լայն խավերին լուսավորության գաղափարներով կրթելու գործը, այդ կերպ` միևնույն ժամանակ ընդառաջելով ներքնախավերի` իրենց կյանքի պայմանների անտանելիությունից ծնունդ առնող ազատաբաղձության կարիքները: Սրան ընդառաջ է 19-րդ դարակեսին իր կրթա-լուսավորական ծրագիրն սկսում Խրիմյան Հայրիկը, որի մի հանգրվանը Վասպուրականի նահանգում Արծիւ Վասպուրականի հանդեսով ու Վարագավանքում հիմնված Ժառանգավորաց վարժարանով սկսված շարժումն է: Վերջինս շինական դպրոց էր բառի լայն իմաստով, որտեղ ուսանում էին գավառներից եկած երեխաները` աշխարհագրությունից, պատմությունից, լեզվից ու հնագիտությունից ձեռք բերած իրենց գիտելիքները ամրապնդելով բնաշխարհի գործնական ուսումնասիրությամբ: Խորաթափանց հոգևորական գործչի համար այսպիսի կրթությունը գործնական նշանակություն ուներ: Իմացականորեն յուրացնելով բնաշխարհը` դրանից սերող ուսանողը կապվում էր նրան անքակտելի կապերով, մի խնդիր, որը բավականին սուր կերպով էր արտահայտված 19-րդ դարավերջին պանդխտության ուղին բռնած հայ գավառներում:
Ներկայացված նյութը մի փոքրիկ հատված է ավելի ուշ` 1878 թ. Վանում հիմնված որբանոց-վարժարանի, հետագայում հիմնադրի անվամբ վերակոչված Երամեան վարժարանի հիմնադիր Համբարձում Երամեանի Հուշարձան գրքից (հ. 2, 1929, էջ 53-55), որտեղ հեղինակն անդրադառնում է Վանում կուսակցական գործունեություն ծավալած դաշնակցական գործիչ, ծնունդով վանեցի Վահան Փափազյանի (Կոմս) Անցած օրերից հուշագրության մեջ Երամեան վարժարանի գործունեության քննադատությանը: (Կոմսի հուշագրության հիշյալ հատվածը տե՛ս այստեղ):
Երամեան որբանոց վարժարանը Խրիմյանի կրթա-լուսավորական գաղափարներով ներշնչված դպրոց էր, որն իր հարկի տակ հավաքում էր հիմնականում որբ երեխաներ` օթևան տալու հետ մեկտեղ կրթելով նրանց: «Իմ սկզբունքն էր եղած ոգեւորել նոր սերունդը ազատութեան քաղցր հեռանկարներով, բայց եւ միանգամայն սորվեցնել անոնց երազային յոյսերէն աւելի աչքի առաջ ունենալ անողոք իրականութիւնը»,– գրում է Երամեանը: Երամեանը ելնում էր նրանից, որ քանի դեռ իրենք ի զորու չեն «պատեհութիւնները» իրենց «տկար ոյժերով բռնադատել բերել ժամանակէն առաջ», ուստի հարկ էր նախ ժողովրդական զանգվածներին բարոյապես և մտավոր առումով «կանխապատրաստել» պատեհ առիթի դեպքում «գիտակցօրէն ձեռք առնելու ազատագրական գործը»: Ազատության այս պատկերացումը Երամեանը ուսանողների մեջ սերմանում էր` միևնույն ժամանակ նրանց համաշխարհային իրադարձություններին տեղյակ պահելով: Կրթության այնչափ կարևորումը, որ տեսնում ենք Երամյանի մոտ, միակողմանիորեն արտահայտում էր ազատաբաղձության թաքուցյալ, բայց միևնույն ժամանակ սրված զգացումներ, որն արտահայտվում է հատկապես, երբ նա կրքոտ կերպով վիճարկում է Կոմսի` իր կրթական սկզբունքներին ուղղված քննադատությունը, թե իբր Երամյան վարժարանն իր սաների մեջ չէր սերմանում քաղաքացիական զգացումներ:
Դաշնակցական Կոմսի հայեացքները Վանի մտաւորականութեան մասին
(հատված)
Ես նպատակ չունիմ կէտ առ կէտ պատասխանելու Կոմսին։ Անկողմնակալ ընթերցող մը անոր գրչին տակ իսկ կը տեսնէ նաև մեր կրթական գործի կամ վարժարանի յատուկ դերն ի Վան։ Կոմսը որ իր մանկութեան առաջին տարիները մեր դպրոցին մէջ ուսած էր, ինչպէս իր երէց եղբայրը Ներսէս, ապա Մաշթոց վարդապետ, միշտ հետաքրքրուած է եղեր մեր դպրոցով՝ իր Կովկասի ուսանողական շրջանին։ Իբրև յեղափոխական կուսակցութեան մը գործիչ՝ անշուշտ նա տարբեր ակնոցով պիտի դիտէր մեր գործը 1904ին։ Նա կ’արձանագրէ իմ քննադատութիւններն իրենց յեղափոխական գործելակերպի շուրջ՝ առանց յիշատակելու իմ հայեացքները և ըմբռնումները յեղափոխութեան մասին առհասարակ։ Նախորդ գլուխներու մէջ ընթերցողները կը տեսնեն արդէն թէ ես յեղափոխութեան ոգւոյն և ազատագրական նպատակին հակառակ չեմ եղած, այլ նկատի առնելով աշխարհագրապէս և քաղաքականապէս Թրքահայաստանի աննպաստ կացութիւնը՝ բաղդատմամբ պալքանեան ժողովուրդներուն, ինչպէս և հայ զանգուածներու անպատրաստութիւնը, կանխահաս համարած եմ մեր քաղաքական կուսակցութեանց յեղափոխական խիզախ գործելակերպը։ Մեր տեսութեամբ պէտք էր նախ ոյժ տալ ժողովուրդի բարոյական և մտաւոր դաստիարակութեան, որպէսզի երբ նպաստաւոր առիթներ ներկայանային ի Թուրքիա՝ ներսէն կամ դուսէն, այդ ժամանակ ժողովրդային զանգուածներն ևս գիտակցօրէն ձեռք առնէին ազատագրական գործը, ինչպէս ըրին պուլկարներն իրենց ազատագրութենէն առաջ։ Երանի թէ պատմա-փիլիսոփայութիւնը և 1904ին յաջորդող ահաւոր դէպքերը աւելի զիս անարդար հանէին։
Ես երբեք պատնիշած չէի մեր աշակերտաց միտքերը, որոնց առջև՝ իմ պատմութեան դասերով՝ շատ լայն կը բանայի անգլիական, ամերիկեան և ֆրանսական յեղափոխութեանց տիեզերական յառաջդիմութեան հորիզոնները, պատկերացնելով անոնց առաջ նաև հին Յունաստանն ու Հռոմը։ Իմ սկզբունքն էր եղած ոգեւորել նոր սերունդը ազատութեան քաղցր հեռանկարներով, բայց և միանգամայն սորվեցնել անոնց երազային յոյսերէն աւելի աչքի առաջ ունենալ անողոք իրականութիւնը։ Այդպէս շրջահայեաց գործունէութեամբ կանխապատրաստուիլ քաղաքական կամ ներքին ու արտաքին պատեհութիւններու զորս երբևիցէ՝ դժբախտաբար՝ մենք չպիտի կրնայինք մեր տկար ոյժերով բռնադատել բերել ժամանակէն առաջ կամ բախտի անիւը մեզի ի նպաստ դարձնել՝ հակառակ իրերու բնական ընթացքին։
Այնուհանդերձ, մեր աշակերտներէն շատերը՝ մտած էին արդէն այս կամ այն կուսակցութեան շարքերուն մէջ, թէև այդպիսիներուն վրայ իսկ պայծառափայլ կը շողար դրոշմը մեր տուած դաստիարակութեան։ Անոնք՝ սակաւ բացառութեամբ՝ նկատելի կը դառնային իրենց իրատես և դրական համոզումներովն ու գործերովը։ Մեր աշակերտները դարձեալ ժողովուրդէն հեռու, կղզիացած և իրենց ուսուցչական գրասեղանին կամ խանութին, իրենց վաճառատան կամ պաշտօններու պատեաններուն մէջ կծկուած խղունջներ չէին։ Ընդհակառակն բոլոր կրթական, հասարակական և ազգային ու նոյն իսկ պետական մարզերուն մէջ կը գրաւէին կարեւոր դիրքեր և այդպիսով շատ աւելի օգտակար կը հանդիսանային ժողովուրդին և յաճախ նոյնիսկ յեղափոխութեան, որ ստէպ կը դիմէր անոնց խորհուրդներուն, դրամին և նոյնիսկ պաշտպանութեան։