Խորհրդային կարգերի հաստատմամբ Ռուսաստանի օրինակով Հայաստանում ևս Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կազմում հաստատվեց կանանց բաժինը: Դեռևս 1919 թվականին կին բաժինների ստեղծման կուսակցության վճռական քայլն ուղիղ փոխկապակցված պետք է տեսնել 1920-ականներին մեկնարկած մշակութային հեղափոխության և մասնավորապես կենցաղի վերափոխման խորհրդային նախագծի հետ: Ընտանեկան կենցաղի կազմակերպման գործում իրենց առանցքային դերակատարման շնորհիվ կանանց ազատագրումն ինքնին պետք է նշեր նաև հաստատված կենցաղաձևերի ու բարքերի հաղթահարումը: Ողջ 1920-ականների ընթացքում մասնավոր կենցաղի դեմ պայքարի և տնային տնտեսության հանրայնացման (հանրային խոհանոցներ, լվացքատներ, մանկապարտեզներ և այլն) ուղղությամբ տարված աշխատանքները նպատակ ունեին կնոջն ազատել տնային տնտեսություն վարելու և երեխաների ընտանեկան դաստիարկությամբ զբաղվելու պարտականությունից՝ ստեղծելով քաղաքական, հանրային կյանքում վերջինիս ներգրավվման համար համապատասխան պայմաններ։ Ուստի որքան վճռական էր կենցաղի արմատական փոփոխման քաղաքական հայտը, նույնքան և ակնհայտ էր նոր կենցաղի հաստատման գործում կանանց հատկացվող հատուկ դերը։
Ստորև ներկայացվող արխիվային փաստաթուղթն ամփոփ կերպով անդրադառնում է Խորհրդային Հայաստանի կին բաժնի առաջին տարիների գործունեությանն ու աշխատանքի կազմակերպման տեղական բարդություններին: Այն բացորոշ կերպով է ի հայտ բերում կանանց խնդիրների և կանանց կենցաղի վերաբերյալ հստակ քաղաքականությունների կիրառումը, միաժամանակ նաև Հայաստանում տիրող այն պայմանները, որոնք իրենց հերթին խոչընդոտում էին պետական քաղաքականությունների ներդրմանը: Այդ կերպ տեքստն ուրվագծում է տեղում իշխող պայմանների ու այդ պայմանները հաղթահարելուն կոչված քաղաքական ձգտումների միջև ձևավորվող խորհրդային նոր իրականությունը, երբ, հոդվածագրի իսկ հավաստմամբ, կինը «ձեվականորեն» ստացել էր իրավունքներ, սակայն փաստացիորեն շարունակում էր կապված մնալ «ընտանեկան ոճախին»: Ուրեմն անխուսափելիորեն 1920-ականներին նոր կենցաղի հաստատման հրամայականը պետք է կապվեր կանանց ազատագրման նախագծի կյանքի կոչելու ու կանանց կենցաղը բարելավելու քաղաքական հետևողական ծրագրի հետ: Կանանց խնդիրների և դրանց լուծման համար քաղաքական միջոցներ առաջադրող խորհրդային իշխանության միջև կապող օղակ էին դառնում հենց կին բաժինները, որոնք ընդհուպ մինչև 1920-ականների վերջ գործում էին կանանց կենցաղը վերափոխելու առաջնագծում:
Բնագիրն ըստ՝ <Ա․ Նելլի․> Անուշ, «Հայաստանի Կին Բաժինների <Երեք Տարվա Գոյության Առթիվ. 1921-1923 թ.>», Հայաստանի ազգային արխիվ, ֆոնդ 1, ցուցակ 3, գործ 256, թերթ 55-58:
Ներկայացվող բնագիրը մինչ հրապարակումը խմբագրական բավական լուրջ աշխատանքի կարիք ուներ: Նախևառաջ հիշատակելի է, որ մեքենագիր բնագրի վրա սև գրչով ջնջումներ և հավելումներ են կատարված, որոնցից ուշագրավը հեղինակի անվան դեպքն է. Ա. Նելլին փոխարինված է Անուշով: Այս պահին դժվարանում ենք ասել, թե երբ, ում կողմից, ինչ պայմաններում են կատարվել փոփոխությունները: Այնուամենայնիվ հրապարակվող արխիվային նյութը մեզ հետաքրքրել է նախևառաջ բովանդակային առումով, ուստի կատարված միջամտությունների հետ կապված ճշգրտումներն առաջնային չեն համարվել: Բնագրում արված հիշյալ միջամտություններն առնված են սուր չակերտների մեջ:
Ա. Նելլի ստորագրությամբ հեղինակի մասին ցավոք մեզ ոչինչ հայտնի չէ: Անուշը, ըստ Բախտիար Հովակիմյանի ծածկանունների բառարանի, գրող Արշանուշ Փորսուղյանն է (տե´ս Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան (Երևան: ԵՊՀ հրատ., 2005), էջ 57), ով 1920-ականների ընթացքում երևանյան պարբերականներին ակտիվորեն թղթակցած հեղինակ է եղել: Կին բաժնի փաստաթղթերում Անուշի ստորագրությամբ հանդիպող նյութերից կարելի է ենթադրել, որ վերջինս եղել է նաև բաժնի անդամ:
Ներկայացվող բնագրի լեզուն բավականին յուրօրինակ է: Տեքստի շարադրանքն ավելի մոտ է բանավոր խոսքին, քան գրավոր, որի հետևանքով է գուցե, որ բնագիրը տեղ-տեղ անհասկանալի է: Սրանից ելնելով՝ բնագրում կատարել ենք փոքրիկ կետադրական կամ քերականական միջամտություններ, որոնք օգնում են հեղինակի միտքը պարզաբանել: Այդ միջամտությունները կատարել ենք առանց նշելու: Նույն նպատակով նաև որոշ դեպքերում նույնաձևության ենք բերել տարաձև կիրառությունները: Մի քանի դեպքերում անհրաժեշտություն է եղել բառային հավելումներով պարզաբանել միտքը: Հավելված բառերը վերցված են փակ փակագծերում: Առանձին դեպքեր իրենց հերթին կարիք ունեին հավելյալ բացատրության, որոնք տվել ենք ծանոթագրությամբ: Տեքստում հանդիպող այն նախադասությունները, որոնց միտքը չափազանց խճողված է, գերադասել ենք արմատական վերաշարադրման չենթարկել:
Բնագրի պատրաստման գործում ուղղորդելու համար շնորհակալ ենք Սիրանուշ Դվոյանին:
Հայաստանի Կին Բաժինների <Երեք Տարվա Գոյության Առթիվ. 1921-1923 թ.>
Այսոր երբ լրանում ե Հայաստանի խորհրդայնացման III րդ տարին նրա հետ միասին լրանում ե նայեվ Կին բաժինների գործնեության III րդ ամյակը: Հայաստանի Կոմ. Կուսակցությունը առանձին աշխատանք աշխատավոր կանանց մեջ սկսել ե 1921 թ. Հայաստանի խորհրդայնացումի որից, յեվ այդ աշխատանքի անհրաժեշտությունը բղխում եր կյանքից: Աշխատավորուհին իրեն դասակարգային գիտակցությունով յեվ ընդհանուր մտավոր մակարդակով ավելի հետամնաց եր, շնորհիվ դարերից ի վեր ստեղծված նրա կյանքի սոցիալական, տնտեսական պայմանների: Թեյեվ առաջին հայացքից թվում եր, վոր կին բանվորուհուն զատել ընդհանուր բանվոր դասակարգից դա միանգամայն հակասում եր նրա դասանակարգային սկզբունքներին յեվ ընդհանուր շահերին, բայց այդ այդպես չեր: Կին բանվորուհին վոչ թե մեկուսացվում եր, վոր պայքարի իր իրավունքների համար ինչպես բուրժուական երկրներում ՛՛կանանց ֆեմինիստական շարժում՛՛, վորը խորհրդային երկրներում վոչ թե առանձին շարժում եր ստեղծվում, այլ Կին բաժինները մի ոժանդակող մարմիններ եին բանվոր դասակարգի պայքարի հաջող ելքի համար: Այդ այն եր, վորպես զի կին բանվորական մասսան պասիվ դրությունից անցնի դեպի ակտիվ գործունեության իր դասակարգային պայքարի ընթացքում: Անհրաժեշտ ե նրա գիտակցությունը բարձրացնել յեվ լրացնել մտավոր կյանքը, վորպես զի նա կարողանա ամրացնել իր քաղ. իրավունքը: Ահա այդ իրագործելու համար Կոմ. Կուսակցության գծով յեվ իդեոլոգիայով:
1921 թ. Կենտկոմին կից Կին բաժնի ապարատ ստեղծելուց հետո, անհրաժեշտ եր նման բաժիններ ստեղծել նայեվ բոլոր գավկոմներին կից, վորպես զի հնարավոր լիներ հանրապետական մաշտաբով այդ աշխատանքը տանել: Առաջին հայացքից թվում եր, վոր հեշտությամբ կարելի կլիներ լուծել այդ խնդիրը բայց այդ այդպես չեր: Նախ ի նկատի ունենալով այն հանգամանքը, վոր մեր միջավայրը լինելով մեշչենական, ավելի հետամնաց հայացք ուներ կնոջ վրա յեվ միշտ կնոջ առաջադիմության արգելք կհանդիսանար:
Յերկրորդ այդ այն ե, վոր այդ աշխատանքները պետք ե տանեին կին կոմունիստները, վորոնց թիվը այդ շրջանում շատ սահմանափակ եր, յեվ միյուս կողմից ել նրանք դեռ այդ աշխատանքների մեջ վոչ մի հմտություն յեվ փորձառություն չունեին: Մեր ձեռքի տակն եր միայն Խորհրդ. Ռուսաստանի երկամյա փորձը, վորի վրա հենվելով յեվ պետք ե մեզ մոտ ստեղծեինք այդ աշխատանքները:
Կին բաժինները դեռ իրենց գոյության սաղմային դրության մեջն եին, այն ել վոչ դեռ բոլոր գավառներում, յերբ վրա հասավ Փետրվարյան հեղափոխությունը յեվ ամիս ու կես տեվող քաղաքացիական կռիվները: Ժամանակավոր դադարեցին այդ աշխատանքները երբ կուսակցությունը բոլորովին ուժերը լարված ռազմական գործի համար եր մոբլիզացիայի ենթարկվել: Հակահեղափոխությունը ճնշելուց հետո, 1921 թ. Ապրիլից այսինքն, երբ նորից Հայաստանում վերահաստատվեցին խորհրդային կարգերը, այդ ժամանակից միայն Կին բաժնի աշխատանքները ավելի հիմնական հողի վրա ե դրվում: Առաջին հերթին հարվածային կարգով Կոմ. Կուսակցությունը մոբլիզացիայի ե ենթարկում կին կոմունիստներին յեվ լծում նրանց այդ աշխատանքներին: Առաջին շրջանում երբ մենք դեռ ապրում եինք հեղափոխական շրջան, Կին բաժնի աշխատանքները կրում եին զուտ ագիտացիոն բնույթ, վորի ժամանակ մենք կարողանում ենք ընդգրկել աշխատավոր կանանց ավելի լայն մասսաները: Հայաստանի կինը վոր դարեր շարունակ եղել ե ճնշված թե քաղաքական-հասարակական կյանքում յեվ թե ընտանիքում միշտ ել եղել ե պասիվ դերում: Հոկտեմբերյան հեղափոխության գրոհի տակ միայն կարողացել ե ազատագրվել այդ ճնշումից ու թեվակոխել նոր կյանքի ուղին:
1921 թ. ամառը տեղի ունեցավ համահայաստանյան կանանց առաջին համագումարը, վորտեղ Հայաստանի աշխատավոր կինը առաջին քայլերն ե անում մասնակցելու հասարակական կյանքին: Այդ համագումարին նա երեվան հանեց իր ամբողջ հեղափոխական տրամադրությունը յեվ թափը: Համագումարին մասնակցում եին բանվորուհիները յեվ գեղջկուհիները թվով մոտ 300, վորոնք գուցե մինչ այդ իրենց գյուղի չորս պատերից են կողմը չեին ել անցել:
Յեվ ահա Կին բաժինների միջոցով եր, վոր կարելի եղավ նրանց դուրս քաշել ընտանեկան նեղ կյանքի շրջանակից: Պետք ե հիշատակել նայեվ այն հետաքրքրությունը, վորը ցուցադրվում եր նրանց կողմից, այն ժողովների յեվ զրոյցների ժամանակ նոյն երեվոյթն եր նկատվում: Գյուղերում պատահում եր կանայք իրենց ցուցակներ եին կազմում, դա ապացույց եր նրա, վոր հայ գեղջկուհու մեջ առաջացել եր հետաքրքրություն դեպի հասարակական քաղաքական կյանքը:
Յերկրորդ հանգամանքը այդ այն եր, վոր մինչ նոր տնտեսական քաղաքականությունը Հայաստանում գոյություն ունեին խոշոր քանակությամբ արհեստանոցներ թե պետական յեվ թե մասնավոր, ինչպես որինակ կարուձեվի ջուլհականոցներ յեվ այլն, վորտեղ մեծ թվով կանայք եին աշխատում, վորով յեվ կարողանում եին իրենց գոյությունը պահպանել: Այսպիսով կային, վորոշ ոբեկտիվ պայմաններ, վորոնք նպաստում եին Կին բաժնի աշխատանքներին: Հիմնական ձեվը մեր աշխատանքների այդ շրջանում պատգամավորական ժողովներ եին, վորոնց միջոցով Կին բաժինները կարողանում եին կապվել աշխատավոր կանանց լայն մասսաների հետ: Բացի կուլտ-կրթական յեվ քաղաքա-դաստիարակչական աշխատանքից, վորը տարվում եր նույն այդ պատգամավորական ժողովների միջոցով հարկավոր եր նայեվ կանանց մոտիկից ծանոթացնելու խորհրդային ապարատներին յեվ նրանց գործերի հետ միջոցով[1]Միջոցով բառից առաջ կա մեծ բացակ: Հավանաբար հեղինակի մտքին եղել է հավելում կատարել, որը հետագայում չի արել: երբ պատգամավորուհիները ուղարկվում եին այս կամ այն հիմնարկությունը պրակտիկ աշխատանք տանելու, վորը միայն նրան հնարավորություն կտար իրեն յեվս մասնակից լինելու այդ աշխատանքներին:
Յերկրորդ շրջանը կին բաժինների գործնեության նոր տնտեսական քաղաքականության I-ին շրջանն եր: Երբ փակվում են թե պետական յեվ թե մասնավոր արհեստանոցներ, ձեռնարկություններ յեվ խոշորագույն թվով անգործ կանայք վոչ վորակյալ շպրտվում եին փողոց: Նոր տնտեսական քաղաքականությունը ծանր հարված ե հասցնում կնոջ տնտեսական յեվ ընտանեկան կենցաղին: Կին բաժինների աշխատանքներին այս շրջանում արգելք են հանդիսանում աշխատավոր կանանց ծանր տնտեսական կացությունը: Ճիշտ ե ձեվականորեն կինը ստացել ե իրավունքներ, բայց փաստորեն նա դեռ կապված եր ընտանեկան ոճախին այսինքն տնտեսապես դեռ չի ազատագրվել: Այս հանգամանքի շնորհիվ ել դժվարանում են կին բաժինների աշխատանքները: Այդ ժամանակաշրջանում մինչեվ 1923 թ. նրանք ապրում եին կրիզիս: Այդ աշխատանքները տանելու համար անհրաժեշտ եր նոր ձեվեր ու մեթոդներ վորը համակերպեր ստեղծված նոր տնտեսական պայմաններին: Այդ նոյն տեսակետի վրա եր կանգնած նայեվ Հայաստանի Կոմ. Կուսակցության 2-րդ համագումարը: 1923 թ. Մարտին գործնականապես այդ հարցը իր լուծումը ստացավ Մոսկվայում Կին բաժինների խորհրդակցության յեվ 1923 թ. հուլիս ամսին Հ.Կ.Կին բաժինների խորհրդակցության [ժամանակ]. առաջին հարցը, վոր ծանրացել եր Կին բաժինների առջեվ դա կնոջ կենցաղի բարելավումն եր, վորից յեվ բխում եին մեր միյուս կուլտ-կրթական աշխատանքները: Յեվ այդ տեսակետից ելնելով Մոսկվայի խորհրդակցությունը անհրաժեշտ գտավ Անդրկովկասյան Հանրապետության Կենտ. գործկոմներին կից կազմակերպել ՛՛Կնոջ կենցաղը բարելավող հանձնաժողովներ՛՛, վորոնք պետք ե միջոցներ ստեղծեն բարեփոխություն մտցնելու կնոջ կենցաղի մեջ առաջին հերթին ստեղծելով զանազան աշխատանքային արտելներ:
Յերկրորդ հնարավորություն ստեղծել նրանց աշխատանքի վորակը բարձրացնելու, վորի հետեվանքով եր, վոր կինը արտաքսվում եր աշխատանքից:
Շնորհիվ ստեղծված տնտեսական պայմաններին այլեվս անհնարին եր աշխատանքները այնպիսի լայն չափերով տանել ինչպես եր առաջին շրջաններում: Անհրաժեշտ եր սղել ու խորացնել, կենդրոնացնելով աշխատանքը այն պունկտերում, վորտեղ համախմբված եին բանվորուհիները: Յեվ այսպիսով ուրեմն Կին բաժինները, ձեվակերպելով իրենց աշխատանքների նոր ուղին նորից սկսում են աշխատանքները կենդանանալ: Ճիշտ ե այդ շրջանում նրա աշխատանքները ավելի եին մանրակրկիտ դառնում, գլխավոր հիմքը դառնում ե կնոջ իրավունքի յեվ կենցաղային հարցի պաշտպանումը յեվ բարելավումը: Հիմա ավելի քան երբեվիցե անհրաժեշտ ե դառնում Կին բաժինների գոյությունը: Կոմ. Կուսակցությունը այդ ապարատների միջոցով ե կապվում կանանց մասսաների հետ յեվ կարողանում ե նրանց իր շուրջը համախմբել: Յերկրորդ կարեվորագույն խնդիրը, դա այն ե,[2]Նախադասությունը կիսատ է: Գուցե պակասող էջ կամ էջեր կան: Արխիվում պահպանված փաստաթուղթն էջակալված չէ հեղինակի կողմից: Այն հետագայում մի քանի անգամ թվագրվել է՝ հավանաբար արխիվի աշխատակիցների կողմից:
Թրքուհին, վորը ավելի ե ճնշված այս երեք տարվա ընթացքում դեռ նոր ե սկսել համախմբվել Կին բաժինների շուրջը, վորովհետեվ այստեղ ե նա գտնում իր շահերի անմիջական պաշտպանը:
Ավելի քան հիմա հող կա մեր աշխատանքների համար այդ ճնշված տարրի մեջ: Յեվ այսպիսով հետադարձ հայացք ձգելով երեք տարվա փորձի վրա տեսնում ենք Կին բաժինների մեծագոյն նշանակությունը յեվ նրանց գոյության անհրաժեշտությունը այս անցողակի շրջանում, երբ միայն նրանց միջոցովն ե հնարավոր աշխատավոր կանանց կապել խորհրդային իշխանության հետ յեվ թույլ չտալ, վոր նրանք նոր տնտեսական քաղաքականության հետեվանքով, աճեցող մանր բուրժուական ազդեցությունների տակ ենթարկվեն ապադասակարգման:
<Ա. Նելլի.> Անուշ
Ծանոթագրություններ
↑1 | Միջոցով բառից առաջ կա մեծ բացակ: Հավանաբար հեղինակի մտքին եղել է հավելում կատարել, որը հետագայում չի արել: |
---|---|
↑2 | Նախադասությունը կիսատ է: Գուցե պակասող էջ կամ էջեր կան: Արխիվում պահպանված փաստաթուղթն էջակալված չէ հեղինակի կողմից: Այն հետագայում մի քանի անգամ թվագրվել է՝ հավանաբար արխիվի աշխատակիցների կողմից: |