Խրիմյան Հայրիկի նամակը որբության և արդիականության խաչմերուկում. Ադո Ադոյանի «ազգային կոմունիզմի» ծիլերը

 

Նուէր որբերին միօրյա թերթի 1915 թվականի դեկտեմբերի 9-ի համարում, որ ստեղծվեց ի նպաստ հայ որբերի, տպագրվում է Խրիմյան Հայրիկի` այն ժամանակվա դրությամբ անհայտ մի նամակ՝ ուղղված Բաքվի Մարդասիրական ընկերությանը:  Նամակն ընկերության արխիվից գտել է հասարակական-քաղաքական գործիչ, հրապարակախոս Դավիթ Անանունը, ով և անհրաժեշտ է համարել անդրադառնալ նամակի անպատասխան մնալու հանգամանքին և դրա բովանդակությանը նույն թերթում:

1878 թվականին գրված այդ նամակում Խրիմյանը խնդրում է օգնության ձեռք մեկնել ոմն վանեցի Նազարեթին, որը նավթի հանք է գտել Վանի մոտակայքում և այն շահագործելու արտոնություն  ստացել թուրքական կառավարությունիցՀենց այդ նույն թվականներին  Խրիմյանը կազմակերպում է սովից տուժածների և գաղթականների նպաստավորումը՝ արդեն իսկ սկսած լինելով հայկական գավառների բարեփոխման գործը: Խրիմյան Հայրիկի այս խնդրանք-կոչի մասին է գրում Դավիթ Անանունը` ապշած, որ նամակը մնացել էր անպատասխան մի կազմակերպության կողմից, որը հենց առաջինը պիտի արձագանքեր դրան: Անանունը ընդգծում է  հայ ժողովրդի և նրա ճակատագրի ամենացավալի կողմերից մեկը, որ հայկական կապիտալի ներկայացուցիչները գտնվում են օտար հողերում, իսկ այն նյութական բարիքները, որոնք իրենք պիտի շահագործեն, ի շահ ժողովրդի, գտնվում են իրենցից հեռու, հայրենի հողում: Եվ չի կարող Հայաստանը գնալ արդի եվրոպական մշակույթին ընդառաջ քանի դեռ ունևոր հայը չի աջակցում իր սեփական ազգության աշխատավորին:

Հատկանշական է այս երկու հեղինակների տեքստերի համադրումը որբերին նվիրված թերթում: Որբության և  արդիականության հատման այս կետում Խրիմյանը արդիկանացումը տեսնում էր համատարած կրթության, արդյունաբերական առաջընթացի և հայերի դեպի իրենց հողերի վերադարձի մեջ: Անանունը իր հերթին տոգորված լինելով հայության հավաքման խնդիրներով, դեմ էր  մեկուսացմանը, նյութական արժեքի կարևորումը համարում էր որոշիչ՝ հոգևոր և մտավոր զարգացման համար: Նույն այս կետերը անհրաժեշտաբար կարևորում էր նաև Ադո Ադոյանը իր ստեղծագործական և պաշտոնավար կյանքի ընթացքում:  Ազգային արխիվում պահվող Ադո Ադոյանի գործում են գտնվում Դավիթ Անանունին նվիրված նյութերը, որոնք ակնհայտորեն ցույց են տալիս, որ Ադոյանը մանրամասն ուսումնասիրել է Անանունի  հոդվածները, «Ռուսահայերի հասարակական զարգացումը XIX դարում» եռահատորյակը: Այս նյութերից հստակ է դառնում, որ Ադոյանը հոդված էր պատրաստում Անանունի մասին, որը սակայն չի տպագրվել: Ադոյանը թե՛ կարևորում է Անանունի դրական վերաբերմունքը ռուսական հեղափոխության և մարքսիստների հանդեպ, թե՛ Անանունի «հոգեղեն անոթ» ստեղծելու  և Թուրքահայաստանում  ազգային-ազատագրական ինքնավարությունը կիրառելու մասին խորհուրդը արևմտահայերին: Իսկ   Սիրո և ընտանիքի էվոլյուցիան աշխատության մեջ Ադո Ադոյանը դիմում է Խրիմյանի Դրախտի ընտանիք երկին` հատկապես կարևորելով կաթողիկոսի այն գաղափարը, որ հայ ժողովրդի ամենասոսկալի աղետը ամուսնականն է և միայն տնտեսության, ուսման ու դաստիարակության զարգացմամբ կարելի է կանխել օրհասական աղետը: Հատկանշական է, որ Աղասի Խանջյանի կառավարման տարիներին Ադոյանը կապված էր վերոնշյալ երեք բնագավառների հետ. մեծ կարևորություն էր տալիս ազգային արդյունաբերության և տնտեսության զարգացմանը, խորհրդային կրթահամակարգում ռեֆորմների ակտիվ կողմնակից է դառնում, որը տանում է  նրա մասնագիտացմանը ընտանեկան դաստիարակության բնագավառում:

Բնագիրը հրատարակվում է ըստ` Դավիթ Անանուն, «Խրիմեան հայրիկի նամակը», Նուէր որբերին, 9 դեկտեմբերի 1915:

 

Հնից ու նորից

I

Խրիմեան Հայրիկի նամակը

Առ բարերար և մարդասիրական

ընկերութիւն Սուրբ Լուսաւորչի ի Բաքու։

_____

Լսելով արդէն Ձեր մարդասիրական ընկերութեան սուրբ և բարի նպատակ, որոց հիմն և սկզբունք Աւետարանի քարոզած վարդապետութիւնն է, կըվստահիմ աներկբայապէս սոյն յանձնարարութիւնը գրել առ Ձեզ։

Բնիկ վանեցի պ. Նազարէթ որ ինձ քաջ նախածանօթ հայրենեաց անձնանուէր մի անձն է և որ այժմ այդ կողմ հասած իւր ձեռնարկութիւնը իրագործելու համար։ Այդ անդուլ վաստակաւոր մշակը գրեթէ ութ տարի կըլինի որ Վանայ մօտ տեղերում մի նաւթի հանք գտած է և յաջողեցէր է արտօնութիւն ստանալ թուրքիոյ կառավարութիւնէն բազում աշխատութեամբ. այս մասին համար լիովին տեղեկութիւն կարող էք ստանալ իրմէն։ Ուստի կըխնդրեմ, որ Ձեր մարդասիրական ընկերուիթւնը օգնական ձեռք կառկառէ դորան. վասն զի այս ձեռնարկութիւնը իր ուժին հետ անհաւասարէ. և արդէն Ձեզ քաջայայտէ թէ մեր հայրենեաց որդիքներ պատերազմի երեսէն մեծամեծ աղէտներ կրելով անկարող են օժանդակել այսպիսի ձեռնարկութեան։

Իսկ դուք որ մեր հայրենեաց զարգացման և յառաջադիմութեան համար հիմնէր էք այդ ընկերութիւնը, որ Մարդասիրական անունը կըկրէ երբէք չեմ կարծէր թէ խտրէք Վասպուրականի հայն։ Մանաւանդ երբ նկատէք թէ այսպիսի մի ձեռնարկութիւն մեր ժողովրդի նիւթական կեանքը բարուոքելու։ Միայն մտաւորական զարգացումն բաւական չէ, այլ պէտք է մտքին հետ հաց պատրաստել հայրենեաց կարօտ որդիքներուն։ Մեր հայրենեաց հարստութեան աղբիւրներ անբաւ են. բայց խցուած են նորա ակներ. պէտք է արուեստով և ճարտարապետութեամբ բանանք այդ ակները։

Այսչափ գրելով կըյուսամ, որ սոյն յանձնարարութիւնը վստահապէս ընդունիք յօգուտ հայրենեաց և ի փառս ձեր մարդասիրական ընկերութեան։

Մնամ աղօթանուէր Ձեզ

Խրիմեան Հայրիկ

1878․ նոյեմբերի 15

ի Կ. Պօլիս

 

II

Խրիմեան Հայրիկի նամակի առիթով

 ———

Խրիմեան Հայրիկի այս նամակը, որ հրատարակում ենք անփոփոխ, մենք հանել ենք Մարդասիրական Ընկերութեան արխիւից։ Այդ նամակի վրայ Մարդասիրականի խորհուրդը մակագրած ունի. «Առ այժմ թողնում առանց պատասխանի»։ Տարօրինակ է, չէ՞։ Մի հոգևորական խօսում է արհեստի և ճարտարապետութեան, հայրենիքի հարստութեան փակ աղբիւրների բացման մասին, իսկ նրանք, որ աշխարհական լինելով, աւելի շատ պիտի մտահոգեն այդ մասին, որ ապրելով մի վաճառաշահ և արդիւնաբերական քաղաքում՝ հէնց գործ ունին արհեստի ու ճարտարապետութեան հետ, – այդ մարդիկ որոշում են անգիտանալ նիւթական բարիքի հեռանկար բացող առաջարկը։ Սա հայ ազգային կեանքի վիրաւոր կողմն է կազմում. հայ հայրենիքի հարստութիւնների աղբիւրները մնում են առանց մշակման ու շահագործութեան, իսկ հայ ունևոր դասակարգի դրամագլուխները դեգերում են օտար հորիզոններում։ Եւ այս պատճառով հայութիւնը կապիտալիստ դասակարգ ունի՝ առանց արդիւնաբերական զարգացած կեանք ունենալու իր հողի վրայ, իր հոծ բնակութեան վայրերում։ Հարկաւ, այս երևոյթի պատճառը պիտի փնտրել մեր դժնդակ պատմական անցեալում։ Հէնց այդ դժնդակ պատմութիւնն է հաւանօրէն իր խորհուրդը փսփսացել Բագուի ունևորներին, որ անյուսալի ձեռնարկ է գոյք և դրամագլուխ գործադրել Վանի պէս մի վտանգաւոր վայրում, որ Թիւրքիայի յեղյեղուկ կեանքը երաշխիք չի ներկայացնում արդիւնաբերական կեանքի զարգացման համար։ Բայց, վերջապէս, ո՞վ պիտի հայ հայրենիքին այնպիսի քաղաքական կեանք պարգևէ, որ նրա հովանու տակ հնարաւոր լինի բանալ հարստութեան «խցուած ակները», որ հայ ժողովուրդն էլ ամուր փարէ արդի եւրոպական կուլտուրային, որ կապիտալիստական հասարակակարգի կուլտուրան է։

Մի օտար մարդ, մի ոչ-հայ մեր հարցին կըպատասխանէր, թէ ապահով հայրենիքի մտահոգութիւնը նախ և առաջ գուրգուրանքի առարկայ պիտի լինի հայ ունևոր դասակարգի համար։ Սա բնական է և տրամաբանական։ Սակայն ցաւը նրա մէջն է, որ մեր նոյն դժնդակ անցեալը հակառակ պատասխանն է կերտել։ Հայ ազգի բոլոր խաւերը տոչորւում են հայրենիքի կարօտով, բայց այս զգացումը խորթ է հայ ունևոր դասակարգին։ Մենք այստեղ լոկ արձանագրում ենք փաստը։ Տեղը չէ պատճառաբանել մեր ասածը, նիւթական և հոգևոր հիմունքներ առաջ մղել՝ նրա ճշմարտութիւնն ապացուցանելու համար։ Ընդունենք, որ հայ հայրենիքի իդէալը կերտուել է առանց առևտրա-արդիւնաբերական բուրժուազիայի գործակցութեան և որ այդ դասակարգը պատրաստի տուն է փնտրում՝ առանց աշխատանքի նեղութիւն կրելու նրա կառուցման վրայ։ Խրիմեանի նամակը և այդ նամակի անգիտացումը գալիս են ապացոյց ծառայելու մեր ասածին։

Դ. Անանուն