1920 թվականին խորհրդային կարգերի հաստատումից անմիջապես հետո երկրի ղեկավարությունը ստանձնած մեծամասնական գործիչների (Ալեքսանդր Մյասնիկյան, Սարգիս Լուկաշին, Սաքո Համբարձումյան և այլք) առջև էր դրված քաղաքական վայրիվերումներից դեռևս չվերականգնված, տնտեսապես քայքայված, հազարավոր գաղթականներ ու որբեր ունեցող երկիրը վերակառուցելու, «ազգային, խորհրդային պետություն» (Մյասնիկյան) ստեղծելու խնդիրը: Չնայած երկիրը ծայրահեղ ծանր վիճակից դուրս բերելու համար քաղաքական, տնտեսական, սոցիալական խնդիրների շուտափույթ լուծման առաջնայնությանը՝ Խորհրդային Հայաստանի վերաշինմանն ուղղված մեծամասնական քաղաքականության օրակարգում նույնպիսի հրատապ խնդիր էր կարգվել նաև երկրի մշակութային և գեղարվեստական կյանքի կազմակերպումը: Այդ նպատակով 1920-ականների առաջին իսկ տարիներին պետական գործիչների հատուկ հրավերով Հայաստան սկսեց տեղափոխվել հայ արվեստի, մշակույթի ու գիտության գործիչների մի ամբողջ սերունդ (Մարտիրոս Սարյան, Արա Սարգսյան, Դերենիկ Դեմիրճյան, Հակոբ Մանադյան և այլք):
Հակոբ Կոջոյանն այն արվեստագետների թվում էր, ում անվան հետ էր ուղղակիորեն կապվում խորհրդահայ 1920-ականների արվեստը: Սարյանի հետ միասին Կոջոյանն աներկբայորեն համարվում էր նոր՝ խորհրդային արվեստի առաջամարտիկը: Սակայն ստորև ներկայացվող՝ 1922 թվականին Լուսավորության ժողովրդական կոմիսարին ուղղված նկարչի գրությունները բացահայտում են 1920-ականների հեղափոխական արվեստի ստեղծման ու Հայաստանի արդիականացման հեղափոխական նախագծի հաճախ կարծես չերևացող, հեղափոխականության թափի տակ հետ մղված ապրվող կյանքի պայմանների, կենցաղի իրական պատկերը: Դրանք պարզորոշ կերպով երևան են բերում նկարչի ապրելու համար նվազագույն պայմաններ ապահովելու դժվարությունների թևաթափ անող դրությունն ու երկրում ինքնին գեղարվեստական գործունեություն ծավալելու նպատակադրման և առկա հնարավորությունների միջև անհամաչափությունը:
Ներկայացվող բնագրերն ուրեմն օգնում են վեր հանել 1920-ականների հեղափոխական կյանքի այն բարդ պայմանները, որոնց կրողն էր նաև «ազատ արվեստագետ» Կոջոյանը: Ի վերջո, ողջ 1920-ականների ընթացքում գեղարվեստի ճակատում հենց այդ պայմանների վերափոխմանն ուղղված աշխատանքին գործնականում լծվեց նկարիչը՝ հայաստանյան հեղափոխական կյանքն ու կենցաղն իր ողջ բարդությամբ ու հակասականությամբ դարձնելով ստեղծագործության նյութ:
Ազգային արխիվում պահվող ստորև ներկայացվող բնագրերը հրապարակում ենք ամբողջությամբ, առանց փոփոխությունների: Հաշվի առնելով 1920-ականներին ուղղագրական տարբեր ձևերի կիրառությունը՝ նույնաձևության ենք բերել միայն տեքստում առկա առանձին գրելաձևերի տարբերությունները:
Կոջոյանի գրությունները ստորագրված են 1922-ի մարտի 17-ով և մայիսի 24-ով, երբ կոմիսարի պաշտոնը զբաղեցնում էր Պողոս Մակինցյանը: Մեզ դեռևս հայտնի չէ, թե մասնավորապես որ պետական գործիչն է Կոջոյանին ուղարկել Հայաստան տեղափոխվելու հրավերը:
Բնագրերը հրապարակվում են ըստ՝ Հայաստանի ազգային արխիվ, ֆոնդ 122, ցուցակ 1, գործ 92, թերթ 67 և հակ. և 91:
Ժողովրդական Լուսաւորութեան
ընկ. Կոմիսարին,
Նկարիչ՝ Յակոբ Կոջոյեանից
Լուսավորութեան Ժողովրդական Կոմիսարիատի առաջարկութեամբ ես եկայ Հայաստան: Տեղումս ինձ յանձնեցին Գեղարուեստական-Տեխնիքական Դպրոցի մետալօպլաստիկայի բաժնի դասերը: Առայժմ ստանում եմ միայն երկու ֆունտ հաց և արդէն հինգերրորդ օրն է, որ տաք կերակուր չ’եմ ընդունել. իսկ Պարսկաստանից դուրս գալուցս առաջ թալանւել եմ, այնպէս որ դրամ բոլորովին չ’ունեմ:
Կոմիսարիատիդ՝ հայրէնիք վերադառնալու առաջարկ-գրութեան մէջ յիշւած էր, որ Կառաւարութեան կողմից մեր տնտեսական պահանջները բաւարարւելու են. նկատի ունենալով, որ, հակառակ պարագային, հնարաւորութիւն չ’եմ ունենալու օգտակար ունակութեանս մինիմալն իսկ գործադրելու գեղարուեստի ասպարիզում, խնդրում եմ Ձեզ միջնորդել ուր հարկ է, առաջին շրջանում,– քանի դեռ չ’եմ կարողացել կարգի բերել դրութիւնս,– ինձ տնտեսապէս օգնելու:
Յ. Կոջոյեան
1922 թ., 17 Մարտի, Երևան:
Լուսաւորութեան Ժողովրդական
ընկ. Կոմիսարին,
Գեղարուեստական-Տեխնիկական Դպրոցի
դասատու. ազատ արուեստագէտ՝ Յակոբ Կոջոյեանից
Բեհբութեան փող. N 56 (Տէր-Մարտիրոսեանի) տանը վարձել եմ մի սենեակ: Խնդրում եմ չ’մերժել կարգադրելու՝ դիմել ուր հարկ է, որպէսզի թոյլ տրուի սենեակումս վառել երկու հատ էլեքտրական լապտեր, որ շատ կարևոր է աշխատանքներիս համար:
Յ. Կոջոյեան
1922 թ., Մայիս 24, Երևան: