Մկրտիչ Խրիմյանն Ամենայն հայոց կաթողիկոս է օծվել 1893 թվականի սեպտեմբերին։ Արարատ ամսագրի սեպտեմբեր-հոկտեմբեր համարում Հայրիկին իր աքսորավայր Երուսաղեմից դեպի Մայր Աթոռ ուղեկցած պատվիրակության անդամ Մեսրոպ աբեղա Տեր-Մովսեսյանը մեծ հանդիսավորությամբ նկարագրում է կաթողիկոսի օծման արարողությունը։ Նույն համարում է տեղ գտել նաև ներկա վավերագիրը, որտեղ Տեր-Մովսեսյանը հանգամանորեն ներկայացնում է օծումից օրեր անց տեղի ունեցած Գևորգյան ճեմարանի տարեդարձի հանդիսությունը։ Աբեղայի՝ օրագրության ոճով գրված այս հոդվածը կենդանի լեզվով՝ կարծես բառացի, մեջբերում է Ճեմարանում ասված կաթողիկոսի առաջին ճառը, որը թերևս ուղենշային պետք է նկատել Էջմիածնում հոգևոր կրթության և գիտության վերաբերյալ Խրիմյանի վարած քաղաքականությունների առումով։
Հակադարձելով Ճեմարանի տեսուչի օգնական Սաղաթելյանի ճառում եվրոպական գիտության իդեալներով բարեփոխումների գնալու կոչին՝ Խրիմյանը ելնում է հայ ժողովրդի և հայոց եկեղեցու կոնկրետ կարիքներից։ Կրթությունն ու գիտությունն իբրև ինքնին իդեալներ չեն կաթողիկոսի խոսքում, այլ մարդկային գործունեությունն ապահովող, մարդկանց կյանքը բարելավող պայմաններ։ Այս մտայնության մեջ է նաև դիտելի հոգևորականի գործունեությունը մինչև կաթողիկոս դառնալը։ Ճնշված ժողովրդի վիճակը դարմանելու համար էր նախ և առաջ Հայրիկը հիմնել Վարագա վանքի տպարանն ու Ժառանգավորաց վարժարանը։ Նույն կարիքից ելնելով էր եռանդուն պաշտպանում ամբողջ ժողովրդի՝ այդ թվում և աղջիկների կրթությունը, կամ հորդորում գյուղացուն արորը փոխարինել եվրոպական երկաթե գութանով, արդիացնել գյուղատնտեսությունը։ Արդեն նորընծա կաթողիկոսի խոսքով՝ հայ ժողովուրդը նախ և առաջ երկրագործ է, ինչպես և ինքը՝ թե՛ ուղիղ և թե՛փոխաբերական իմաստով։ Գյուղացու համար երկրագործական գիտելիքի կարիքը մատնանշելով՝ Խրիմյանն իր առաջիկա աշխատանքն էլ հող հերկելու հետ է համեմատում։ Այսպիսով հայրապետն իրեն նույնացնում է հողագործ գյուղացու հետ, որի կարիքների թարգմանը կարծես լինի Ճեմարանում։
Ժողովրդի և եկեղեցու իրական կարիքներից մեկն էլ եկեղեցու սպասավորների կրթությունն է Խրիմյանի աչքում։ Ինչպես Ժառանգավորաց վարժարանը, Գևորգյան ճեմարանն էլ հայրապետի համար հոգևոր հոտի խնդիրներին ականջալուր, կրթված հոգևորականներ պատրաստելու նպատակը պետք է ունենա։ Այս է պատճառը, որ նաև լեզվական մակարդակում տեսուչի օգնականի օտարաբան մտածողությունն ու տեղական կարիքները տեսադաշտում չպահելն իմաստակություն են թվում Խրիմյանին։ Վարդապետներ, քահանաներ, վարժապետներ պատրաստելու գործը կապելով իր շոշափած խնդիրների հետ՝ հայրապետը Ճեմարանի սաների համար բացի երկրագործությունից կարևորում է, օրինակ, լեզուների իմացությունն ու բերում դեպքեր, երբ անգլերեն կամ պարսկերեն իմացող վանական չի գտնվել Մայր Աթոռում։ Հատկանշական է, որ այս երկու լեզուների մատնանշումը Խրիմյանի խոսքում կապված չէ դրանց քաղաքակրթական նշանակությամբ, այլ եկեղեցական կյանքում այս գիտելիքի իրական կարիքով։ Ճեմարանականների հետ կաթողիկոսի այս պարզ ու ընտանի զրույցն ի հայտ է բերում Խրիմյանի՝ իր նոր կոչմանը մոտենալու նրբությունը. ժողովրդի «հայրիկը» լինել և ականջալուր նրա կարիքներին՝ եկեղեցին ի սպաս դնել գործնականում դրանք բավարարելու գործին։
Վավերագիրը հրապարակվում է ըստ՝ Մեսրոպ Աբեղայ Տէր-Մովսէսեան, «Ճեմարանի տարեդարձ», Արարատ, 1893, թիվ Թ-Ժ, էջ 816-828։
Ճեմարանի տարեդարձ
Մեսրոպ Տեր-Մովսեսյան
Ամեն տարի Ս. Գէորգ զօրավարի տօնին Ս. Էջմիածնայ միաբանները և ճեմարանի սաները մեծ հանդիսով կատարում են ճեմարանի հիմնարկութեան նշանաւոր տարեդարձը։ Այս տարի այդ տօնը ընկաւ Սեպտեմբերի 25-ին, բայց որովհետև հետևեալ օրը ամսի 26-ին պէտք է Մայր Տաճարում տեղի ունենար ամենայն Հայոց Կաթուղիկոս Մկրտիչ Ա. հանդիսաւոր ս. օծման խորհուրդը, ուստի ճեմարանի տարեդարձի հանդէսը յարմար համարուեց յետաձգել մինչև հոկտեմբ. 9-ը Ս. Թարգմանչաց տօնը։
Կէս օրուայ պատարագից յետոյ, որին ներկայ էր Նորին Վեհափառութիւնը, բոլոր միաբանները շուրջառ առած հանդիսով դուրս եկան Տաճարից և երգելով «Որ յանէից» շարականը եկան Գէորգ Դ. Կաթուղիկոսի գերեզմանի վերայ և ըստ սովորութեան հոգեհանգիստ կատարեցին, հանդիսադիրն էր Նորին Վեհափառութիւնը։ Հանգուցեալի գերեզմանը զարդարած էր ծաղիկներով։ Հոգեհանգստից յետոյ աշակերտները համբուրեցին իրենց մեծ բարերարի գերեզմանը, իսկ շատերն էլ իբրև յիշատակ մի մի ծաղիկ վերցնելով՝ հեռացան։ Վեհափառը խոստացել էր ներկայ լինել նաև ճեմարանում կատարուելիք հանդիսին, ուր տեղի պիտի ունենար մի տարուայ ճեմարանում կատարուած գործունէութեան հաշուետուութիւնը։ Ճեմարանը, նրա բակը զարդարած էին և այդ տեղ էր յատուկ տեղ պատրաստած ընդունելու Նորին Վեհափառութեանը և հանդիսատեսներին։ Վերջիններս մեծ բազմութեամբ հոգեհանգստից անմիջապէս յետոյ եկել հաւաքուել էին և սպասում էին Նորին Վեհափառութեանը, որի գալով հանդէսը բացուէր. սակայն յայտնուեց, որ Նա կարգադրել է ուշացնել հանդէսը և ժամը երեքին կատարել։
Նոյն բազմութիւնը կրկին անգամ հաւաքուեց ժամի երեքին։ Նորին Վեհափառութիւնը եպիսկոպոսների և վարդապետների ուղեկցութեամբ բարեհաճեց շնորհ բերել նշանակեալ ժամանակին և իւր ներկայութեամբ կատարել տալ հանդէսը։ Երբ Վեհափառը բազմեց, աշակերտները սկսեցին երգել «Որ զշնորհս աստուածային» թարգմանչաց շարականը։ Ապա տեսչի օգնական իրաւաբանութեան կանդիտատ պ. Սաղաթելեանը ամբիոն բարձրանալով կարդաց մի ճառ։ Ճառի մէջ նա շօշափեց մի քանի խնդիրներ, որոնք իւր կարծիքով արդէն հասունացած են և ժամանակ է իրագործելու։ Այդ խնդիրներն են. Ճեմարանի ծրագիրը համապատասխան չէ ներկայ պահանջներին, հարկաւոր է հրաւիրել յայտնի գիտնականներ, պրօֆեսօրներ և նոր ծրագիր պատրաստել տալ։ Ճեմարանի շինութիւնը մեծ պակասութիւններ ունի, դասարանները փոքր են և անյարմար, պէտք է մտածել դրա մասին ևս։ Իրաւամբ շատ ուշադրութեան արժանի խնդիրներ են, բայց, մեր կարծիքով, վատ չէր լինիլ աւելացնել նաև – Ճեմարանում աւանդելիք առարկաների համար հարկաւոր է այնպիսի մասնագէտներ հրաւիրել, որոնք ուսումնասիրած են իւրեանց ուսուցանելի առարկան և ոչ թէ՝ դիցուք մատեմատիկոսը աշխարհագրութիւն դասաւանդէր կամ իրաւաբանը գրականութիւն։ Ծրագրի կազմակերպութիւնը բնականաբար մեծ նշանակութիւն ունի մի հիմնարկութեան յաջողութեան վերաբերմամբ, բայց գլխաւորը ծրագրի գործադրողներն են։ Մեր բոլոր ուսումնարանների անյաջողութեան բուն աղբիւրը իսկապէս աւելի վարիչների թուլութիւնիցն է քան ծրագրի անյաջող կազմելուց։ Հին ճշմարտութիւն է – մսագործին չը պիտի տալ կօշկակարի պաշտօն։ Պ. ճառախօոսը շօշափեց նաև մի քանի քաղաքակրթութեան վերաբերեալ կէտեր, թէ ինչ եղանակով են եւրոպական ազգերն առաջ գնում և շեշտեց մի քանի կէտեր, այն է – նոցա յառաջադիմութեան գաղտնիքը պէտք է որոնել բնական գիտութեանց զարգացման մէջ և որ այդ գիուտութեանց շնորհիւն է, որ մենք այսօր ունինք հեռախօս, հեռագիր ևլն։
Այդ ընդհանուր գծերից յետոյ նա ասաց որ իւր տեղեկագրի մէջ յիշուած են մի առ մի ուսուցիչների թիւը, նոցա դասաւանդած առարկաները, աշակերտների անունները, փոխադրութիւնը, տնտեսական հաշիւներ և ճեմարանի շինութիւնները։ Գալով ճեմարանական տարուայ ներքին կեանքին. յիշեց որ տարին խաղաղ է անցել, բացի մի դէպքից մի ուսուցչի և վերակացուի մէջ, որի հետևանքը եղել է վերջինի հեռանալը։ Ուրիշ դէպքեր բնականաբար աւելորդ էին յիշուելու…։ Աշակերտների մէջ նկատուել է ինքնօգնութեան հետքեր, նոքա պակաս գրքերը իրանք են գնել սեփական փողերով և կարդալուց յետոյ նուիրել ճեմարանի մատենադարանին։ Մենք թոյլ ենք տալիս հարցնելու, եթէ մատենադարանում ամենասովորական գրքերը պակասում են և աշակերտի գիրք գնելը յառաջադիմութիւն է նկատվում, իսկապես ի՞նչ է պատճառը, որ ցանկացած գրքերը չեն գնուած. չէ՞ որ վանքի կողմից պատրաստակամութիւն է եղել գրքերի համար վճարել։ «Իղձէ՜ր և փափագնե՜ր» յայտնել իրաւամբ շատ գովելի յատկութիւն է, բայց աւելի գովելին գործն է։
Յոյս ունենք որ պ. տեսչի օգնականի տեղեկագիրը հրատարակուելով, ընթերցողներն աւելի որոշ գաղափար կը կազմեն ճեմարանի մի տարուայ գործունէութեան մասին։ – Այդ ճառից յետոյ աշակերտները երգեցին «Ո՜հ զի չքնաղ» երգը, որ յօրինուած է յանուն Գէորգ Դ. Կաթուղիկոսի։ Գ. լսարանի մի ուսանող ճառ խօսեց և ապա երգեցին մի քանի երգեր։ Զ. դասարանցի մի աշակերտ կարդաց իւր շարադրած մի ոտանաւորը. վերջը Վեհափառը կանգնելով պարզ և հասկանալի ամենքին խօսեց հետևեալը.
Վեհափառ հայրիկը խօսում է.
Դուք խօսեցաք վերացական բաներու մասին, ես էլ կը խօսեմ մարմնացեալ բաներու մասին։ Այս օրուայ հանդէս մեր մտքին, մեր աչքին առաջ է. անի յիշատակ մը մեր մէջ առաջ կը բերէ. այդ յիշատակ կենդանի մարդու յիշատակ չէ, պատկեր չէ, նա հողի տակն է, այդ յիշատակ Գէորգ Դ-րդ Կաթուղիկոսի յիշատակն է. անի մեռեր գնացեր է, այսօր անոր գերեզմանի վրայ հոգեհանգիստ կատարեցինք։ Այն ատեն մտքէս անցաւ, թէ Հայրիկ, օր մ’ալ քո գերեզմանիդ վրայ կը գան և հոգեհանգիստ կը կատարեն. դուն էլ պիտի մեռնիս։
Գէորգ Դ-ը գիրք չէ գրեր, նա հիմներ է այս դպրոց, որու միջէն գիրք գրողներ կելնեն. այս է անոր յիշատակ։ Շատ անգամ երբ գերեզմաններուն մէջ ման կը գանք, տապանաքարերուն վերայ կը կարդանք. «Այս է տապան հանգստեան այս ինչին, այն ինչին», անոնք մեռեր գնացեր են և միայն այդքան կը յիշատակուին։ Եւրոպայ եղողներն տեսած են, թէ ինչպէս քաղաքներու մէջ կոթողներ, արձաններ են կանգնեցուցած, ատոնք բոլորն էլ մի մի յիշատակ են. և կսեն թէ մարդիկ ինչ բան ըրած են։ Ազգին մէջ շատերը կը մեռնեն, բայց ազգին շատ փոքր մասը յիշատակութեան արժանի կըլինի. իսկ մեծ մասամբ անյիշատակ կերթան։ Գէորգ Դ. մի յիշատակ թողել է Էջմիածնայ մէջ. այդ չի մեռնիր, անմահ կը մնայ. ահաւասիկ սաներ, որոնք այստեղ գիտութիւն կը սովորեն, վերջը կերթան քաղաքներ, գիւղեր, և ուր որ անոնք լինին կը յիշուի Անոր անունը, կասուի որ Ճեմարանի սաներէն է։ Ուրեմն օրհնեալ լինի Գէորգ կաթուղիկոսի յիշատակ. երանի թէ ամեն մարդ երթալէն առաջ յիշատակ մը թողնէ իր անուան համար։ Ես ալ շատ կը’ մտածեմ յիշատակ թողնել և այնպէս երթալ։ Երա՜նի, հազար երա՜նի այն մարդկան, որ ազգին մէջ յիշատակ կը թողնէ։ Մեր եկեղեցին էլ իւր խնդրուածոց մէջ կըսէ՝ «յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի». ես էլ կասեմ. յիշատակն Գէորգ կաթուղիկոսի օրհնութեամբ եղիցի։
Մենք հիմա եկեր ենք այստեղ, մեր պարտքն է պահպանել այս հիմնարկութիւն. ինք ո՜րչափ աշխատեր է, ո՜րչափ տքներ է, մենք միայն պիտի պահպանենք։ Ամեն տարի այս հանդէս կրկնուած է և ամեն անգամ կրկնուած են այս խօսքեր։ Մենք էլ աղօթենք, որ Աստուած Հայոց ազգի մէջէն շատ մարդիկ հանէ, որ ամեն ոք մէկ մէկ յիշատակ թողնէ, այն ատեն ազգը երջանիկ կը լինի։
Հիմա գանք Ճեմարանի նպատակին։ Պ. Սաղաթելեան աղուոր խօսքերով ճառ մը գրեր է, որուն մէջ շատ աշխատած է գիտութիւն ու կրօն հաշտեցնել իրար հետ։ Անոնք սկիզբէն միշտ հաշտ եղած են. մարդիկներն են որ կը զատեն։ Բայց իմանալու է գիտութիւնը որոշել. կրնամ ըսել, ես ալ գիտեմ թէ ինչ կընէ գիտութիւն։ Երբ ես թղթին վերայ կը գրեմ մի քանի խօսք, և այդ խօսքեր հեշտութեամբ կը հաղորդեն Սթանպօլ, Երուսաղէմ ևլն. շատ տեղեր, այդ բաներուն մարդիկ իրենց խելքով հասած են։ Երբ Հայաստանին մէջ առաջին անգամ հեռագիր շինեցին, քրդերը կը կարծէին թէ անոր մէջ սատանայ կայ. վասնզի խեղճ քուրդը գողութիւն կընէ և անմիջապէս հեռու տեղ կիմացուի և կարգադրութիւն կը լինի, որ բռնեն զինք. անի կը զարմանար, ի՞նչպէս իմացուեր է. խեղճը կը կարծէր թէ սատանայ կայ և կսկսէր վնասել. կը քանդէին, կը կոտրէին, տէրութիւնը միջոցներ ձեռք առաւ, մի քանիսներուն պատժեց. հիմա հեռագիրը հանդարտ կը բանէ, քուրդն էլ հասկցաւ որ անոր մէջ խելք կայ։ Ես էլ գիտեմ որ գիտութեան մէջ խելք կայ, մարդիկ կաշխատեն ամեն բանի գաղտնիքն իմանալ, անոր խորհուրդը բացատրել. անոնք կուզեն երկնքի աստղերը դիտել, քննել, տեսնել թէ անոնց մէջ էլ մարդիկ կա՞ն, կեանք կա՞յ, մեր երկրագնդին նման, թէ պարապ բաներ են. սակայն Աստուած պարապ բաներ չի ըներ. մարդիկն են որ պարապ բաներ կը շինեն։ Գիտութիւն կը սովորցունէ օգտակար բաներ մանուկներուն. օրինակ, մանուկին մէկը շատ աղէկ սորված է քիպրիտ (լուցկի) շինել. անի գիտէ ադոր համար պէտք է մեքենայ, փոսֆոր. այդ գիտենալը լաւ բան է, բայց մենակ իմանալը առանց գործադրել կարենալու, իմացողին հաց չի տար։ Պարզ կը խօսիմ, որ ամենքն ալ հասկնան։ Իմացած եղէ՛ք գիտութիւնը իւր տեղն ունի։ Անչափ մարդիկ գնացել Եւրոպայ գիտութիւն սովորել են, բայց վերջը քաղցած կը պըտըտին. չեն կրնար իրենց սովորածը գործադրել։ Պօլիս եղած ատենս մէկ այդպէս երիտասարդ եկաւ ըսաւ. «Հայրիկ, մեքենագէտ եմ, բայց գործ չեմ գտներ», բարերարներ չկային, որ անոր օգնէին. խեղճը պզտիկ նաւակ էլ չը կրցաւ շինել։ Ուրիշ մէկն ալ եկաւ՝ ըսաւ «շիմի սովորեր եմ, ֆիզիք սովորեր եմ», բայց նա էլ գործ չգտաւ, երկուքին մէջ էլ իրենց սովրած գիտութիւններն մեռան. վերջէն գացին փոքրիկ գործ մը սկսեցին և հաց գտան։ Գիտութիւն այնչափ պիտի սովորենք, ինչ չափ այդ գիտութիւն հայ ժողովրդին պէտք է. իրաւ է, աղէկ է որ մենք սովորենք շատ մը բաներ, և ժողովրդին հասկացնենք, թէ այս հողը ի՞նչ յատկութիւն ունի. կրային է, կաւային է, որ անոր համեմատ գիտնան երկիր մշակել։ Մեր ժողովուրդ երկրագործ է, այդ բաներ նա գիտէ փորձով. գիտէ թէ որ մի տեղ քանի մը տարի խոտ կամ կորնկան ցանես և այն հնձես և քանի մը անգամ այն հնձելէն վերջ տեղը վարես և ցորեն ցանես առատ բերք կտայ։ Ես էլ երկրագործ եմ. Հայրիկ այս իւր երկրագործական փորձերէն կըսէ, Վարակայ վանք երեսուն տարի երկրագործութիւն ըրած եմ. հիմա ալ եկեր Արարատեան դաշտ պիտի հերկեմ։ Չգիտեմ Հայրիկի գութանը պիտի վարի, թէ խոփը քարին պիտի զարնէ։ Կը յուսամ որ ինձի կօգնեն, մէկը լուծի վերայ նստելով, միւսը խուրիկի վերայ նստելով. վերջապէս ամենն էլ ինձ օգնելով դաշտը կը վարենք. չէ, եթէ գութանս կոտրած մնայ, վա՜յ ինձ. էլ ինձի ուրիշ բան չմնար. նստել ջարդուած գութանիս վերայ ողբալ։
Բնական գիտութիւններն՝ շիմի, ֆիզիք այնչափ պիտի առնենք, որչափ մեզի պէտք են. իսկ ինչ որ մեր երկրին համար չէ, այդ պիտի թողնենք։ Կան այնպիսի գիտութիւններ, որոնք տակաւին մայրաքաղաքներ չեն կրցած գործ դնել, ո՞ւր մնաց մեր խեղճ ժողովուրդ։ Անոր համար կարևոր է հող. այս քանի օր երկու հարիւրէն աւելի խնդիրներ ստացեր եմ, կը գանգատեն թէ հող չունինք. ժողովուրդ շատացեր, հողը սակաւացեր է։ Ժողովրդին սովորեցնելու է, թէ ինչ եղանակով կրնան քիչ հողէն պէտք եղած արդիւնքն ստանալ։ Երկրագործական արհեստ մեզի համար շատ կարևոր է, ադոր հետ էլ յարակից գիտութիւնները ունենալ աղէկ է։
Գանք Ճեմարանի բուն նպատակին։ Ամեն ժամանակ ազգէն տրտունջ կլսենք, թէ ազգը կառավարող առաջնորդներ չունի, քարոզիչ վարդապետներ չունի։ Ռուսաստանի մէջ երկու հազար քահանաներն մեծաւ մասամբ տգէտ են. հանգուցեալ կաթուղիկոսը այս բաներ լսեր է, մտածեր է, տեսեր է ժողովրդի տխուր վիճակ, ուստի շիներ է այս հաստատութիւն, որ այստեղէն դուրս գան ուսեալ քահանաներ, վարդապետներ, վարժապետներ։ Նա երբէք ուրիշ բան չէ ուզած. անի միայն մէ՛կ ճիւղ ունի. օգտակար են երբեմն նաև երկրագործական պարզ դասեր տալ։ Պ. Սաղաթէլեան կուզէ մեր Ճեմարանը նորէն մկրտել, աշխարհական ընել. շատ շնորհակալ կըլլանք, եթէ կարենանք ինչ որ մեզ հարկաւոր են այստեղ պատրաստել. այն է առաջնորդներ, քահանաներ, ուսուցիչներ. ինչու՞ այստեղէն պէտք է չլինեն կաթուղիկոսներ, այն ատեն կաթուղիկոսական կռիւներ տեղի չէին ունենալ։ Մեր պատմութենէն կիմանանք, որ Արարատեան երկրէն, Հայաստանի մեջէն արժանաւոր կաթուղիկոսներ ելեր են. թէև եղած են նաև Դաւիթ և Դանիէլեան կռիւներ։ Ուրեմն Ճեմարանի համար մի պարտականութիւն կայ. ազգին համար եկեղեցականներ պատրաստել. մենք չենք կրնար այստեղէն պրօֆեսօրներ, աստեղագէտներ հանել, վաճառականներ հանել։ Հազիւ կբաւէ երբ մենք մեր պարտքը կատարենք. մեր նպատակն է հոգևորական, վարժապետ, քահանայ պատրաստել։ Այս հիմնարկութիւն շատ փոքր է. հազիւ կը բաւէ. կը տեսնես մէկ հօգի ելեր, ժողովրդի կողմէն բաժին կուզէ, կուզէ այնպիսի մարդ ելլայ այստեղէն, որ գնայ ժողովուրդ կառավարէ, մեր ծրագիր յայտնի է. այդպէս բաներ չունինք. մենք կսորվեցնենք ինչ մեզ պէտք է։ Ունինք տասնըհինգ վարժապետներ, տասնըհինգն ալ վրայ դնենք, ո՞ւր կերթայ։ Եւրոպայում էլ շատ բաներ կընեն. բարձր տեղեր դիտանոցներ կը շինեն, աստղեր կը դիտեն, մենք ալ բարձր լեռներ ունինք, թէ որ մտածենք այդ լեռներուն վերայ դիտարաններ շինել, աղէկ բան է, բայց մեր ուժէն շատ վեր է։ Թող տանք, ան մարդիկ կառավարութեան նպաստներով շատ բան կանեն. Հայու համար աստղաբաշխութիւն աւելորդ բան է։ Ես ամենէն առաջ բոլոր արարատեան ժողովրդի համար կմտածեմ. գիտեմ որ ազգին գիտութիւն էլ պէտք է, անոնք որ մայրաքաղաքներու մէջ կապրին, կրնան երթալ գիտութիւն ձեռք բերել, մեր Ճեմարան պիտի վարդապետ, քահանայ, վարժապետ տայ, ուստի պ. Սաղաթէլեան, այս ծրագրէն դուրս չելնես. Եւրոպայ, իդէալ անհասկանալի բաներ են մեզ պէտք չէ։ Գաղափա՞ր ըսել կուզես, թէ ուրիշ բան. մեր հայերէն լեզուն ամեն տեսակ բառեր ունի իւր մէջ, այդ բառեր գործածելու է։ Այժմ դեռ ժամանակ չէ. երբ պէտք լինի գիտութեան ճեմարան ալ կունենանք, բայց թող այդ մասին հարուստ մարդիկ մտածեն. թող բագուեցին հոգայ, թիֆլիզեցին. խեղճ վանականներս ի՞նչ կրնանք ընել։ Պ. Սաղաթէլեան գիտութիւն, գիտութիւն ըսելով, մեր փոքրիկ դրամագլխին մէջքը կուզէ կոտրել. ես աս բաներ Սթանպօլէն սերտեր եկեր եմ այստեղ։
Կտեսնեմ որ շրջանակէն դուրս ելանք, հեռացանք։ Պօլիս եղած ժամանակս երբեմն սահմանադրութեան շրջանակը ինձի նեղ կուգար, և երբեմն շրջանակէն դուրս կելնէի։ Ես յատկապէս կը խնդրեմ, այս մի խեղճ վանական դպրոց է, թէև անունը ճեմարան են դրել, փոքրիկ շրջանակ ունի. մեր առարկաներ յայտնի են թէ ի՞նչ պիտի սովորցնենք։
Ա՜խ, մի՛ մեղադրէք, ցաւելով կը տեսնեմ մեր հոգևորականների վիճակ. ժողովրդին մէջ սկսել է անհետանալ կենդանի հաւատք, ցամաքել է աւետարանի զօրութիւն, պատուէրներ։ Մեր պարտքն է աշխատել ժողովրդին քրիստոնէական ճամբին վերայ պահել, դուք ալ, վարժապետներդ, մեզի պիտի համակերպիք. ես ձեզի վարդապետ կը ճանչնամ, ձեր պաշտօն այդպէս պիտի հասկնաք և ճշտութեամբ պիտի կատարէք. համաձայնեցէք։ Գիտեմ, կը խոստովանիմ ես էլ իմ նախապաշարմունք ունիմ. կը կարծէք Հայրիկ գիտութեան բարեկամ չէ. սխալէք, շատ տարաժամ է. ամեն բանի մենք չենք կրնար հասնել։ Մենք այս եկեղեցական պաշտօնեաներս զինւորական բանակ ենք, և մեզի օգնականներ պիտի պատրաստենք այստեղ։ Բոլորս էլ պիտի եկեղեցու պէտքերն հոգանք։ Աւետարանին մէջ կկարդանք, որ Հոգին Սուրբ իջաւ վերնատուն, Քրիստոս այդ եղանակով սորվեցուց ամեն բան։ Այժմ աշխատութիւն պէտք է, միայն աշխատութեամբ կրնանք ձեռք բերել, ինչ որ մեզ հարկաւոր է, պէտք է շատ աշխատենք. այս Ճեմարանն ալ մեր վերնատունն է։ Գիտեմ, մեր աշակերտներ պիտի գնան ժողովրդի մէջ գործեն, որչափ շատ բան իմանան, այնքան աղէկ կը լինի. օրինակ շատ փափաքելի է, որ մեր աշակերտներ լեզուներ իմանան կեանքի մէջ դիւրութիւններ կունենան։ Քանի մը օր առաջ անգլիացի մը եկած էր և անգլիերէն կը խօսէր, բայց մեր վարդապետներէն մէկն էլ անգլիերէն չգիտէր. բայց անիկա ուրիշ լեզուներ էլ գիտէր. գերմաներէն գիտէր, գաղիերէն գիտէր։ Ինչ աղէկ բան կլինէր, որ մեր վարդապետներ էլ լեզուներ իմանային։ Ան մարդ եկեր աշխարհ կշրջի, նախապէս լեզուներ սովորել, ապա եկեր է։ Մենք Պարսից հարևաններ ենք. հին ժամանակ իրարու շատ մօտ էինք։ Պարսկաստանի ուխտաւորները եկեր առաջնորդ կուզէին. իրենց հետ մէկ քանի թուղթեր էլ բերեր էին և ըսին որ այսուհետև այդ ձեւերուն համաձայն գրութիւններ պէտք է կատարուին. այնտեղ էլ երեսուն տարի առաջ ինչպէս որ կը գրէին, հիմա այնպէս չեն գրեր, ձևերը փոխուած են։ Անոնք այդ թղթերը ձգեցին գացին. ես այն կը մտածեմ, ո՞վ պէտք է գրէ այն ֆարսերէն բաները. Երևան պիտի խաւրեմ գրել տամ. ինչ աղէկ կը լինէր, եթէ մեր վարդապետներէն մէկը ատով զբաղուէր և ֆարսերէն գիտնար։
Այս չափս բաւական է։ Կը յուսամ թէ ամենքդ էլ ըմբռնեցիք, թէ Հայրիկ ինչ կուզէ ըսել. ամեն բան իւր ժամանակն ունի։ Շատ շնորհակալ եմ. չեմ մոռնար վարժապետներ, աշակերտներ. ամենքդ էլ աշխատեր էք, թէև երբեմն բաներ կը խօսեմ, բայց ի սրտէ ձեզի կը սիրեմ։ Աշխատեցէք իմաստակութիւն չընել, իդէալ ևլն. վերացական բառեր թողէք։ Իմ շնորհակալութիւնս նախ և առաջ մինչև հիմա եղած վերատեսուչներուն, ուսուցիչներուն, որոնք կաշխատեն Ճեմարանը առաջ տանել, ուսուցանել։ Ուսուցանել սոցա կը նշանակէ նորէն ստեղծել. Աստուած միանգամ մարդս կստեղծէ. բայց մայրը կը սնուցանէ և ուսուցիչը կը սովորցնէ. եթէ ատոնց խնամքը չը լինէր, վայրենի կը մնայինք։ Ես կ’աղօթեմ ուսուցչաց համար, Աստուած տայ անոնց կարողութիւն, զօրութիւն, որ իրենք կատարեն ճշտութեամբ իրենց պաշտօն։ Դուք էլ մեզի համար աղօթէք, որ կարողանամ պահպանել այս հիմնարկութիւն։ Հայրիկին աւանդ մըն է այս. թող Աստուած հաստատուն պահպանէ այս աւանդը ի փառս Հայաստանեայց եկեղեցու։
Խօսակցութեան ժամանակ Վեհափառը երբեմն կանգնում, երբեմն նստում էր և կարծես աւելի զրուցագրութիւն էր Նորա խօսածը, քան ճառ։ Վեհափառի ձգտումն է իւր խօսածները ամեն ոք հասկանայ, ուստի խօսում էր պարզ և անպաճոյճ եղանակով։
Խոսելուց յետոյ Վեհափառը պահպանիչ ասաց և ապա դառնալով շուրջ բոլոր կանգնած եպիսկոպոսներին ու վարդապետներին ասաց.
«Վարդապետնե՛ր, ձեզի էլ կարողութիւն կը մաղթեմ որպէս զի ինձի հետ միացած գործէք. ձեզնից ամեն մէկը կաշխատէ այս Ճեմարանի համար։ Մէկն իբրև տնտես, երկրորդն իբրև մատակարար և այլն։ Աշխարհիս մէջ ամեն բան օգնութեամբ կը լինի, թագաւորներն էլ առանց օգնութեան ոչինչ չեն աներ, անոնք թուղթ կստորագրեն, բայց գործադրողները իւր պաշտօնեաներն են։ Մարդս մենակ կրնայ մի բան ընել՝ իւր սենեակին դուռը գոցել և գրել. նա մենակ ուրիշ ոչինչ չըներ»։
Հանդիսի վերջանալուց յետոյ երբ Վեհափառ ցած իջաւ և հեռացաւ, բոլոր ներկայ եղողները սկսեցին կոչել «կեցցէ Վեհափառ Հայրիկ» և ծափահարել։ Հեռացաւ Վեհափառը ուրախ տրամադրութեամբ, իսկ աշակերտները սկսեցին երգել «Հայրիկ, Հայրիկ, քո հայրենիք Վասպուրական…» երգը։