Գալուստ Տեր-Մկրտչյանն Էջմիածնի միաբանություն է մտել 1887 թվականին։ Ներկայացվող վավերագիրն առաջիններից է Մայր Աթոռի պաշտոնական ամսագրի՝ Արարատի էջերին հրապարակած նրա հոդվածների շարքում։ Ուրեմն այն ժամանակ, երբ «Միաբան» անունը դեռևս չէր դարձել հայագիտության մեջ հեղինակություն վայելող ստորագրություն, Տեր-Մկրտչյանն անդրադառնում է մի դրվագի, որ ամենախնդրահարույց ու ցավոտ կետերից մեկը կարելի է համարել Հայ եկեղեցու պատմության մեջ։ 19-րդ դարի սկզբին կաթողիկոսական գահի շուրջ ծավալված «Դավիթ-Դանիելյան կռիվն» ի հայտ է բերում երկու իրար թշնամի կուսակցությունների միջև բաժանված Էջմիածնի մի պատկեր, ուր կողմերը ծեծի, կողոպուտի ու անպատվության էին ենթարկում իրար. պատկեր, որ անհրաժեշտաբար չի տեղավորվում հավատավոր հոտին հոգևոր և մարմնական վտանգների միջով դարեր առաջնորդող մայր եկեղեցու կոկված պատմության ծիրում։
Ներսիսյան ծածկագրերն այս կռվում օգտագործել են դանիելյան կուսակցության կողմնակիցները՝ հակառակորդից թաքուն հաղորդակցվելու համար։ Նամակները, որոնք ընթերցելու բանալին Տեր-Մկրտչյանն առաջին անգամ է հրապարակ բերում, առավել ևս սրում են իրավիճակի լարված ու բուռն պատկերը։ Ենթադրաբար դեռ վարդապետ Ներսես Աշտարակեցու հորինած սրամիտ այս հնարքով իր կուսակիցները կարողացել են Դավթին գահընկեց անելու իրենց գործը տեսնել, լուծել Էջմիածնի մոմերի սպասարկման, մեռոնի յուղ հայթայթելու, իրենց համախոհներին Մայր Աթոռից փախցնելու, ինչպես նաև Ռուսաց կայսերն օգնության դիմում ուղարկելու հարցերը։ Վերծանված նամակները տեսանելի են դարձնում 19-րդ դարասկզբին եկեղեցական կյանքում ընտանեկան, խնամի-դրացիական կապերի արժեքը, կարգի ու ծեսերի տակ ընկած տնտեսական հարաբերությունները։ Դրանք նաև երևան են հանում եկեղեցական հայրերի կենդանի հաղորդակցության մի լեզու, որն առատ հղումներ ունի տարածաշրջանի այլ լեզուներին։
Մայր Աթոռում փոթորկվող կռիվն իր բոլոր երեսակներով գործնականում բացահայտելու այս փորձը ցույց է տալիս առհասարակ հակասությունների արժեքը հոգևորական գիտնականի հայացքում։ Միաբանի համար քաղաքական այս թոհուբոհում նամակների երևան հանած անցուդարձը եթե նույնիսկ ոչինչ չավելացնի ազգային պատմության մեջ, կարևոր է հայերի բարքը բացահայտելու՝ «մեր ազգային բարուց պատմության (Sitten Geschichte)» համար։ Ներկա վավերագիրն ուրեմն վառ մի նմուշ է այնպիսի գիտության, որի նպատակը ոչ թե հայոց եկեղեցու սրբացված պատկերը վերահաստատելն է, այլ դրա տակ ընկած կյանքը բացահայտելն՝ իր հակասություններով հանդերձ։
Տեր-Մկրտչյանի այս հրապարակումից ամիսներ անց Արարատում տպագրվում է Գևորգյան ճեմարանի նախկին սան Թ. Զաքարյանի (ամենայն հավանականությամբ՝ բժիշկ Թադևոս Զաքարյան) նամակը խմբագրությանը, որով վերջինս պնդում է, թե իր ուսուցիչ Գաբրիել եպիսկոպոս Այվազյանն է առաջինը բացահայտել ծածկագրերի գաղտնիքը (տե՛ս «Ներսիսեան ծածկագրի առիթով», Արարատ, 1888, թիվ 4, էջ 224-236)։ Հաջորդ ամիս մեկ այլ հրապարակմամբ Միաբանը հայտնում է, որ երևան են եկել ևս երեք նամակներ, որոնցից մեկն իսկապես ընթերցել է եպիսկոպոս Այվազյանը, սակայն կաթողիկոս Գևորգ Դ-ին տված խոստման պատճառով չի հրապարակել իր գյուտը (տե՛ս, Միաբան, «Երեք ծածկագրեալ նոր նամակ», Արարատ, 1888, թիվ 5, էջ 313-318)։ «Բովանդակութեան անյարմարութեան պատճառով» այս նամակների հրապարակումը հետաձգվում է անորոշ ժամկետով և այդպես էլ չի երևում Արարատի էջերին։
Վերահրապարակվում է ըստ՝ Միաբան, «Ներսիսեան ծածկագիր», Արարատ, 1888, թիվ 1, էջ 35-49:
Ներսիսեան ծածկագիր
Միաբան
Մեր այս 19րդ դարի սկզբում, երբ ամբողջ Եւրոպան դղրդում էր Նապոլէոն Ա-ի ոտքերի տակ, Հայ ազգը՝ Պոլսից մինչև Մոսկուա, Աժդարխանից մինչև Պարսկաստան և Տաճկաստան զբաղուած էր Կաթուղիկոսական վէճերով, որ մեր պատմութեան մէջ յայտնի են «Դաւիթ-Դանիէլեան Կռիւ» անուամբ։ Այդ կռուի վերաբերութեամբ բացի բերանացի աւանդութիւններից ունինք և շատ մեծ գրաւոր նիւթ, անթիւ նամակներ՝ թէ մասնաւոր մարդկանց մօտ և թէ դիւանատանց մէջ, պաշտօնական գրութիւններ և այլն։ Այդ նիւթի մի մասը հրատարակուած է արդէն, բայց անտիպ մնացած, մութ և նոյն իսկ գլխովին անծանօթ կէտեր դեռ շատ կան։
Ընթերցողը որպէս զի ըմբռնէ այդ գրաւոր փաստերի հրատարակութեան և մշակման կարևորութիւնը, պէտք է յիշէ որ Դաւիթ-Դանիէլեան կռիւը լոկ պարսկական բռնութեանց, պատիժների, ծեծ ու բանտի և սպանութեանց պայքար չէր, այլ դարագլուխ մեր նոր պատմութեան, մի ահագին վէճ երկու կուսակցութեան մէջ, որին մասնակցում էին ոչ միայն բոլոր Հայ ազգը, այլ և մեզ տիրող երեք մեծ պետութիւնները։ Ամենամեծ գործողն էր այդ բոլոր եղելութեանց ընթացքում Ներսէս աշտարակցին, որի կողմը (Դանիէլեան) և վերջ ի վերջոյ տանում է յաղթանակը։ Էջմիածինը աւերուեց այդ կռիւների ժամանակ, կողոպտուեց, միաբանները ցրուեցան, շատերը ծեծուեցան, կաթուղիկոսները կրեցին բանդ և պատիժ, տեսակ տեսակ անպատւութիւններ, պարսկական ճաշակով։ Կուսակցութիւնները չէին խնայում ամեն ճիգ և ջանք հակառակորդներին որսալու, թակարդի մէջ ձգելու, լրտեսելու և վնասելու համար։
Եթէ մարդկային կեանքն անգամ ապահովի չէր, ո՞ւր մնաց նամակների գաղտնիքը և ընդհանրապէս գրաւոր յարաբերութիւնները։ Տիրող կողմը բռնում էր հակառակորդների գրերը, բաց անում առանց որ և է խղճահարութեան և պարունակութիւնը իմանում։ Պատիժները թափւում էին անձրևի նման։ Միւս կողմից լռելն էլ անկարելի էր։ Էջմիածնից դուրս եղած կամ պարսպի մէջ փակուած կուսակիցները միմեանցից պէտք է տեղեկութիւն, խորհուրդ և օգնութիւն ստանային։ Այս նպատակի համար էլ գործ էին դնում ամեն միջոց։ Նոյն իսկ վանքից և յաղթող հակառակորդների ճանկերից փախչելու փորձեր եղան։
Ահա այսպիսի մի նեղ ժամանակ հնարուեց այն ծածկագրութիւնը, որի բանալին գտնելը մեզ յաջողուեց և որի մասին խօսելու ենք ներքևում։
Պ. Աղէքսանդր Երիցեան իր գրած «Ներսիսի կենսագրութեան» (1877, Թիֆլիս) մէջ ասումէ.
«Թէև լսած էինք այս մասին (ծածկագրի), բայց մեզ չէ պատահած տեսնել այդ գրութիւնները։ Հանգուցեալ Մսերեանց Մսեր մագիստրոսի «Պատմութիւն Կաթուղիկոսաց Էջմիածնի 1762-1831» գրքի մէջ (եր. 65) այս մասին տեղեկանում ենք, որ ըստ վկայութեան Մեծ. Պ. Զայրմայր Մսերեանի, Էջմիածնի մէջ մինչև հիմայ գտնւում են Դաւթեան և Դանիէլեան կուսակցութեանց թղթակցութիւնները «Ընդ միմեանս և մանաւանդ ընդ Ներսիսի վարդապետի, գաղտնածածուկ իմն և նորահնար նշանագրովք», որոց ընթերցանութեան բանալին 1862 թւին գտած է սրբազան Գաբրիէլ Այվազեան Արքեպիսկոպոսը։ Այս նշանագրերից մէկ թերթը, որը որ կարդացուած է, ներկայացնումէ մի անստորագիր նամակ, որ Դանիէլի մօտիկ անձինքներից մէկը գրած է առ Ներսէս. նամակը սկսւում է այսպէս. «Ներսէս վարդապետ հոգւոյս հատոր»։ Այս նշանագրերի հրատարակութիւնը ցանկալի է ոչ միայն իւր բովանդակութեամբ, այլ և նորա համար, որ (իմանանք թէ) դարուս սկիզբներում, այն խաւար և տգէտ ժամանակներում Ասիայի մի անկիւնի մէջ մի երկու հայ վարդապետաց սրամտութիւնը հարկից որ աստիճանի զարգացած էր և թէ ինչ մտքերը որ տեսակ նշանագրերով էին արտայայտում»։
Ես այս ծածկագրերի մասին առաջին անգամ լսեցի Շամախում 1879-80 թուին։ Գերապատիւ Թադէոս Եպիսկոպոս (այժմ Արքեպիսկոպոս) Ձիւնականը, որ թեմակալն էր, խօսելով այդ ծածկագրերի մասին, ցոյց տուեց ինձ իւր մօտ գտնուած երկու օրինակը, որ ինքն իբրև հնութեանց սիրող պահպանում էր ամենայն հոգածութեամբ։ Ընթերցանութեան մի քանի անգամ արած փորձերս ինձ չյաջողեց։ Այդ տարին էլ վախճանուեց Գեր. Այվազեան։ Միւս կողմից աւելորդ էլ էր Գեր. Այվազեանին դիմելը, քանի որ Գերապատիւ Թադէոս Եպիսկոպոսը հաւաստում էր, որ իւր մօտ գտնուած օրինակներն եղել են Այվազեանի մօտ, բայց չեն վերծանուել։ Ուրեմն և շատ դժուար է բացադրել Պ. Զ. Մսերեանցի հաւաստածը՝ թէ Գեր. Այվազ. Եպիսկոպոսը վերծանել է այդ ծածկագրերը։ Գեր. Այվազեան Արքեպիսկոպոսը կենդանի էր դեռ այդ ժամանակ և անշուշտ կարդացած կլինէր թէ Մսերեանցի և թէ Պ. Երիցեանի գրածները և զարմանալի է, որ ոչ մի կերպով պատասխանած չէ։ Գեր. Այվազեան քանքարաթագոյցներից չէր որ գտածը պահէր և չյանձնէր տպագրութեան կամ Թիֆլիսում ցոյց չտար այնչափ հետաքրքրուողներին։ Վերջապէս Գեր. Այվազեան եթէ կարդացած էր այդ ծածկագրերով գրուած մի նամակ, այնուհետև առանց որ և է դժուարութեան, մի քանի րոպէի մէջ, ինչպէս պիտի տեսնենք ներքևում, կարող պիտի լինէր վերծանել և նոյն գրութեամբ ուրիշ նամակներ։ Նա տեսել էր Գեր. Թադէոս Արքեպիսկոպոսի մօտ գտնուած երկու օրինակ ծածկագրերը, որ և առանց կարդալու վերադարձրել էր։ Իսկ այն միակ թերթը, որ իբրև թէ 1862 թուին կարդացուել է՝ եղել է անստորագիր և գրուած Դանիէլի մօտիկ անձինքների մէկից. այսինքն երկու բան, որ միասին չէին կարող լինել։ Եթէ անստորագիր էր, ուրեմն և ո՞րտեղից և կամ ի՞նչպէս իմացան, որ գրողը Դանիէլի մօտիկ անձինքներից է։ Իսկ թէ ծածկագրերը գործ էին ածում միմիայն Դանիէլեան կուսակիցները, այդ արդէն մակաբերութեան կարօտութիւն չունի և չունէր։ Երկու կուսակցութիւնն էլ եթէ ծանօթ լինէին ծածկագրերին, այն ժամանակ այլ ևս ծածկագիր չէր լինիլ, այլ մանկական մի խաղ, ինչպէս տեսնում ենք հին ձեռագրերի և արձանագրութեանց մէջ. գաւազանագիր, կէտագիր, պատուագիր ևլն, ևլն։
Բայց Ներսիսին և իւր կուսակիցներին հարկաւոր էր մի ծածկագիր, որ անվերծանելի լինէր գաղտնիքը չգիտցողներին։ Ամեն օր դէպքերը անպակաս էին և նամակները բռնւում էին, ուստի և յոյսը միմիայն ծածկագրի անընթեռնելի լինելուն վրայ էր։ Նոյնպէս անհրաժեշտ էր որ այդ ծածկագրերը լինէին նոր բան, որովհետև եթէ հին գրքերից կամ վարդապետներից սովորած բան լինէր, կարող էին ուրիշներն էլ, հակառակորդներն էլ գիտենալ. ուստի և մենք ենթադրում ենք ամենայն իրաւամբ որ այս դարի հէնց սկզբին, կամ մի երկու տարի առաջ, հնարուած պէտք է լինէին այդ ծածկագրերը և հաւանականաբար Ներսիսի, իբրև ամենասրամիտ և գործունեայ, միանգամայն խորամանկ և սաստիկ հաստատակամ մարդու, ձեռամբ։ Այս իսկ պատճառաւ մենք այս գրութեանը տուինք Ներսիսեան ծածկագիր անունը։
Մեր մօտ գտնուած (Գեր. Թադէոս Արքեպիսկոպոսի) երկու օրինակ ծածկագիր նամակները, ինչպէս և հաւանականաբար 1862 թուին Այվազեանի տեսածը, ուղղուած են Ներսիսին և կրում են սովորական, մեսրովբեան տառերով հասցէ՝ «ի ձեռս Ներսէս վարդապետ սիրական. ժամանեսցի»։ «Հասանի պա… որ Աստուած սիրողն ի Տրապը… Հասցնէ հայրա…ձեռովն»։ Երևի հանգուցեալ Այվազեանի 1862ին տեսածն էլ կրում էր «Ներսէս վարդապետ հոգւոյս հատոր» հասցէն կամ վերնագիրը, սովորական տառերով։ Սովորական տառերով ենք ասում, որովհետև եթէ այդ չորս բառը ծածկագրով գրուած և վերծանուած լինէին, մնացածն էլ, և եղած բոլոր ծածկագիր նամակները կարդացուած կլինէին։
Այսպէս կամ այնպէս մեր նպատակը չէ Հանգուցեալ Այվազեանի մասին յիշուածը հերքել դրապէս, այլ ցոյց տալ, որ հաւանականութիւնից զուրկ է Պ. Զարմայր Մսերեանցի հաւաստածը, և եթէ նոյն իսկ Գեր. Այվազեան գտած է եղել Ներսիսեան ծածկագրերի բանալին, այդ գիւտը մեզ հասած չէր և կորած մեզ համար։
—————
Սրանից մի քանի եօթնեակ առաջ գտնուելով մի քանի հարց հետ Գեր. Թադ. Արքեպիսկոպոսի մօտ, խօսք բացուեց նորից ծածկագրերի մասին, և Նորին Բարձր. Սրբազ. բարեհաճեց ցոյց տալ մեզ իւր մօտ գտնուած օրինակներից մին։ Ես 7-8 տարուց յետոյ կրկին տեսնում էի այդ ծածկագիրը և լսում նորա անվերծանելի լինելու մասին։ Յիշուեց նաև Հանգ. Այվազեանի արած փորձը և անյաջողութիւնը։ Խնդրեցի մի քանի օրով ծածկագիրն ինձ յանձնել ուսումնասիրելու։ Ոչ միայն շրջապատողներս, այլ և ես էլ յոյս չունէի յաջողութեան։
Մի շաբաթ չանցած այդ ծածկագրերի գաղտնիքն արդէն լուծուած էր։ Ահա թէ ինչպէս.
Ուսումնասիրելու առած ծածկագիրս գրուած էր դեղնած, փոքր ինչ կապուտին զարնող թղթի երկայն կտորի վրայ, որի լայնութիւնը 12 ½ սանտիմէտր, իսկ երկայնութիւնը մօտ 31 սանտ. էր։ Մի ծայրում կրումէր Ներսիսի հասցէն, ինչպէս վերևում դրինք և կարմիր կնքամոմի հետքեր։ Չկար ոչ վերնագիր, ոչ ստորագրութիւն, ոչ կանոնաւոր կետադրութիւն, ինչպէս լինումէ սովորական նամակներում։ Գրուածքի սկիզբը գտնելուն օգնեցին նամակի հին ծալուածքը, հասցէն և կնքամոմի հետքերը։
Ներսիսի և նորա ժամանակակից գործողների, մասնաւորապէս Ռէթէոս Եպիսկոպոսի և Մանուէլի անուններն որոնելը ի զուր անցաւ։ Եւ այս տեսակ ենթադրութիւնները ոչ մի հետևանքի չհասցրին։
Ամբողջ գրուածքը բաղկացած էր 68 տողից որ և նոյնութեամբ դնում ենք վերծանեալ օրինակին մէջ։
Փոքր ի շատէ գաղափար տալու համար ընթերցողին, դնում ենք նամակի սկզբից 11 տող։
Այս տեսակ վերծանութեան փորձերում, որ երկրորդ անգամն էր պատահում ինձ, այն հետևանքին էի հասել, որ յաջողութիւնը կախուած է ենթադրութիւնների ճիշտ տրամաբանական լինելուց։ Եթէ գրաւուել դիւրին և հեշտ, շուտով պտուղ խոստացող վարկածներով, անշուշտ կմոլորուի մարդ և կարծելով մի քանի բառ լուծած լինել, բոլորովին կանգ կառնէ անկարելիութեան առաջ։
Առաջին տրամաբանական հարցումը որին պէտք էր պատասխան գտնել՝ էր. ի՞նչ լեզուով է գրուած ծածկագիրը։
Մեր դարի սկզբում ընդհանրութեան մատչելի լեզուն էր միմիայն հայերէնը և մասամբ Ատրպատականի թուրքերէնը: Էջմիածնի վանականները շատ և շատ պատճառներով հաւանական էր որ լաւ չէին տիրապետում վերջին բարբառին, սակաւ բացառութեամբ։ Ուստի և ամեն հանգամանք աչքի առաջ բերելով, կարելի էր գրեթէ անսխալ ենթադրել. ա) որ գրուածքի լեզուն հայերէն է։ Պետք էր այժմ իմանալ թէ իւրաքանչիւր բա՞ռ առանձին նշանագիր ունէր, թէ՝ սովորական գրութեան նման, իւրաքանչիւր գիր – իւր առանձին նշանը։
Այս երկու ենթադրութեանց առաջինը չէր կարող լինիլ, որովհետև այս դէպքում գրուածքը պէտք է լինէր շատ աւելի կարճ, ամեն նշանագիր մի բառ լինելով։ Մտքերի արտայայտութիւնը կլինէր շատ դժուար, հոլովների և խոնարհումների անկարելիութիւն, միով բանիւ չինական աշխատանք։ Այդ տեսակ ծածկագրի հմտանալն էլ երկար տարիների և տաժանակիր պարապմունքի գործ։ Միւս կողմից մեր հին գրքերի, ձեռագրերի մէջ գործածուած այս ձևի (մի նշանագիրը- մի բառ) 200 – 300 նշաններից և ոչ մէկի նմանը գտնւումէր այս ծածկագրում։ Ուրեմն և Պ. Երիցեանի իմանալ ցանկացածը թէ «ինչ ու ինչ մտքեր որ տեսակ նշանագրերով էին արտայայտւում» պէտք էր իբրև անտեղի մի կողմ ձգել։ Թէև հարկաւոր է աւելացնել, որ բառեր և ոչ թէ առանձին գրեր նշանագրելու միտքը, որչափ էլ մեզ համար անհեթեթ երևի, նոյնչափ համապատասխան և մօտիկ պէտք է լինէր նախնեաց մտածութեան եղանակին, որոնք արդէն սովոր էին նշանագիր բառերով եթէ ոչ ծածկագրել, գոնէ սղել, պատուել և տեղ վաստակելու համար համառօտել իւրեանց գրուածքը։ Այսպիսով հասնում ենք մեր երկրորդ ենթադրութեանը.
Այս ծածկագրի մէջ իւրաքանչիւր գիր (և ոչ թէ բառ) իւր նշանագիրն ունի։
Այժմ գալիս ենք դժուարագոյն հարցմանը, որի պարզելուց կախուած է և ամբողջ խնդրի լուծումը։ Արդեօք իւրաքանչիւր գիր իւր սեպհական մի՞ նշանագիրն ունէր, թէ ըստ տեղւոյն, նայելով թէ գիրը բառի կամ տողի և կամ ամբողջ հատուածի մէջ քանիերորդն է, և ըստ այդմ՝ զանազան նշանագրերով է արտայայտուած։ Ուրիշ խօսքով. մեր ծածկագիրն արդեօք մեսրոպեան գրերի լոկ փոխանակութի՞ւն է ուրիշ նշաններով, թէ կայ և մի երկրորդ տարր, ծածկագրութիւնն աւելի բարդող՝ որ և է գրքի հատուածի կամ թուերի գումարում կամ հանում աւելացնելով ծածկագրին։
Նորագոյն ծածկագրութեանց, որոց մասին և այստեղ կանգ առնելու միտք չունինք, քիչ թէ շատ ծանօթ ընթերցողը դիւրաւ կըմբռնէ այս մեր վերջին հարցման չափազանց կարևորութիւնը և միանգամայն նորա մասին որ և է շատ կամ սակաւ հաւանական վճիռ տալու կամ ենթադրութիւն կազմելու դժուարութիւնը։
Ուստի և դիմեցի անուղղակի միջոցի. ընդօրինակելով հաշուեցի ամբողջ ծածկագրի մէջ եղած նշանագրերը և ստացայ 44 հատ նշան, որոնք և ծածկագրի այբուբենն էին լինելու։ Մի քանի անգամ ամբողջ գրութիւնն արտագրելով և գրուածքի ձևին ընտելանալով նկատեցի, որ այդ 44 նշանագրից մի քանիսը կրկին են՝ կցուած երկու գիր, ինչպէս 5 դ տողի 5 դ նշանը։ Այդ տեսակ կից գրերը դուրս ձգելով կազմած այբուբենիցս, մնաց 38 տառ – գրեթէ նոյնութեամբ սովորական այբուբենի (39) թիւը։ Այս և եղաւ առաջին նշոյլը, որ պիտի առաջնորդէր ծածկագրի գաղտնիքը լուսաւորելու։
Այս թուի վրայ հիմնուելով կարելի է ենթադրել, որ ծածկագիրը սովորական այբբենի պարզ փոխանակութիւն էր, մանաւանդ՝ դարի սկզբում բարդ փոխանակութեամբ ծածկագիր, նոյն իսկ լուսաւորեալ երկրներում, դժուար էր ենթադրել, ո՞ւր մնաց մեր մօտ։ Ուստի և աւելի խրթնութեանց մէջ մտնելուց առաջ պէտք էր ընդունել այս երրորդ ենթադրութիւնը. գ) գրերի պարզ փոխանակութիւն էր մեր ծածկագիրը. այն է՝ մի գիրը ունէր միայն մի նշանագիր։
—————
Ուրեմն և պէտք էր փորձել իմանալ վերջապէս թէ ի՛նչ գիր ի՞նչ նշանով էր արտայայտուած։
Վերջին գործողութեանը չհասած համառօտենք մեր վերի ենթադրութիւնները. ա) ծածկագիրը հայերէն լեզուով է բ) ոչ թէ բառերը, այլ գրերն են նշանագրուած և գ) մի գիրն ունի մի նշանագիր միայն։
Իւրաքանչիւր ծածկագրեալ նշանի համապատասխան տառը գտնելու համար շատ միջոցներ կան, քանի որ ծածկագրի լեզուն ենթադրուած է։
Հայերէնի մէջ ամենից շատ հանդիպող գրերն են ա, ո, և ն։ Այս երեքից այբը և ոն բառերի վերջում շատ սակաւ են պատահում, մինչդեռ նուն՝ ընդհակառակը։ Ուստի և յաճախագոյն պատահած նշաններից երկուսը ենթադրեցի այբ և նու։ Ընդօրինակեցի բոլոր կարճ բառերը, երկու գրով, երեք գրով, կամ կրկնուած գրով, այն է՝ այն բազմագիր բառերը, որոց մէջ մի և նոյն նշանագիրը երկու կամ երեք անգամ էր պատահում։ Յաճախ պատահած միագիր բառը ենթադրեցի և կամ է։ Շատ փորձերից յետոյ, առանց շփոթուելու անյաջողութիւնից և մանաւանդ առանց կպչելու այս կամ այն ենթադրութեանը, աչքիս ընկաւ իւր յատուկ կազմութեամբ եօթներորդ տողի (տես ծած. օրին.) վերջին բառը, որն ըստ ինքեան պէտք է լինէր երեք բառից՝ առաջինը երեք գրով, երկրորդը միագիր, և երրորդը առաջինի կրկնութիւն։ Այդպիսի որոշակի կազմութեամբ մի բառ հայերէնի մէջ կարող էր լինել. «շատ և շատ» կամ «այլ և այլ»։ Սակայն վերի ենթադրութեամբ այբը մեզ յայտնի էր և այդ եօթներորդ տողի վերջին բառում չըկար մեր ենթադրած այբը. պէտք էր որոնել ուրիշ յարմարագոյն բառ։ «Շատ և շատ» ի փոխանակ ենթադրեցի «իսկ և իսկ», որ և իսկ և իսկ եղաւ ծածկագրի բանալին։
Եթէ «իսկ և իսկ»ն ուղիղ էր, տասներորդ տողում կար մի բառ մեր ենթադրած այբով և ինի, սէ, կեն տառերով, որ և կարդացւում էր «սաս.իկ»։ Կէտը նշանակում է անծանօթ նշանագիր – որ լինելու էր՝ տիւն՝ «սաստիկ»։ Այս ենթադրութեամբ՝ վերևում մի քանի անգամ պատահած եռագիր բառը կարդացւում է՝ «.ստ», այն է՝ «ըստ»։ Այսպիսով մեզ ծանօթ են այժմս միմեանց հաստատող ենթադրութեամբ ա, ն, ի, ս, կ, և, տ, ը՝ ութը գիրը։ Կծիկն սկսաւ քանդուիլ։ Դժուարութիւնը լուծուած էր։ Հետզհետէ գտնուեցան այբուբենի միւս բոլոր գրերը. պակասում էր ֆէն, այն էլ երկրորդ ծածկագիր նամակից դուրս եկաւ «Թիֆլիզոյ» (Թիֆլիսից) բառում։
Ահա բոլոր նշանագրերը, թարգմանուած սովորական այբբենով.
Այս այբբենով իւրաքանչիւր ոք կարող է առանց մեծ դժուարութեան կարդալ Ներսիսեան ծածկագրի ամեն օրինակ։ Ես խոստանում եմ ամեն այդ ծածկագրերից ունեցողներին, եթէ ինքեանք դժուարանան՝ կարդալ և վերադարձնել – եթէ ինձ ուղարկեն իրենց ունեցածը, և վերջապէս հրատարակութեան յանձնելով մեր գտածը, յուսով եմ ամենքին միջոց տուած լինել անձամբ կատարելու նոյնը, ազատելով կորստից այս հազուագիւտ պատմական նշխարները։
Սինօդի արխիւում ինձ դեռ չյաջողուեց գտնել այս ծածկագրից։ Երկու երեք օրինակ ունի Գեր. Սարգիս Եպիսկոպոս, անդամ Սինօդի, որ նոյնպէս սիրող է հնութեանց և որ անշուշտ չի զլանայ մեր ընթերցողներին իւր ունեցածը։ Լսում ենք որ մի քանի օրինակ էլ գտնւում են Ներսէս Ե.ի ազգականների մօտ։
Այս ծածկագրեալ նամակների ժողովածուն, եթէ յաջողի մեզ կազմել, կլինի հազուագիւտ և թանկագին պատմական հաւաստիք։ Այս նամակներով կծանօթանանք Ներսիսի կուսակցութեան ներքին և գաղտնածածուկ գործողութեանց։ Եւ եթէ մի նոր բան էլ չաւելանայ ազգային պատմութեան, գոնէ սա մեծ նիւթ կլինի մեր ազգային «բարուց» պատմութեան (Sitten Geschichte) համար, որ դեռ ամենևին չէ ուսումնասիրուած։
—————
Առաջին նամակ
Հոգւոյս ցանկալւոյ, աչացս լոյս,
Ներսէս րաբունւոյդ մատու-
ցանեմ ողջոյն գրկախառ համ-
բուրիւ։ Սէր իմ, զպատուէրսն, որ
ընդ Էվճիլարցի Մանուկին, գի-
տակ եղաք և ըստ յարգւոյդ և մեր
բնիկ մտաց կամեցաք իսկ և իսկ
կատարել, բայց ըստ մեր պայմա-
նի և ժամադրեալ ժամու ոչ եկին։
Գիտացաք որ վս (վասն) սաստիկ եկիւղին
չկարողացան գալ։[1]Մինչև այստեղ բնագրի տողերի չափը պահեցինք, ընթերցողին համեմատութեան դիւրութիւն տալու համար. վերևում ծածկագրով դրուած օրինակը այս 11 տողն է։
Լո՛ւր հոգի իմ, մեր անունաս (անվնաս) հասնիլն առ ցանկալիդ այսպէս պարտիս առնել. կոչել ի Քօ՛րօն բնակել (բնակեալ) գօջի (թերևս Ղօչի) ռէսն և յանձնել նմա դ (4) քաջ անձինք և բ (2) ազնիւ ձիս, զի ինքն Շամտինի տղայի ըռհաթն (ըռահաթ) է, կարող է աներկիւղ գալ շրջիլ և ի Սահաթայ գիւղօրայսն և այսու ձևով ի ձեռս բերել զՄելիք Մինասն և ի ձեռս նորին ծանոցանել (ծանուցանել) մեզ և մեք ի պայմանադրեալ ժամում ի գիշերին ելցուք ի պարսպէն և ի լուսանալն առաւօտուն ավ (աստուծով) գտցուք զԶօռայ գեատուկի։
Այսպէս պարտիս պատուիրել և ամի (ամենայնի) զգոյժ (զգոյշ) լինիլ. զի դա զիս և ես զդա լաւ գիտեմք. քաջ է և հմուտ ամ (ամենայն) ճանապարհացն լե՛ր անհոգ։
Եւ զայս ինչ կարծիս ունիմ ի գեօջի ռէսէն, հրամանքդ ևս խորհեա՛ և ապա կատարումն տուր բանիցն, զի դա բարեկամ և ծանօտ (ծանօթ) է փաշայի Գէորգին. մի գուցէ ծանուսցէ նմա և մեզ վնաս լիցի։ Յայսմանէ միամիտ լեր և ապա խօսիր։ Յայս կարծեացս եթէ անհոգասցիս միւսքն ամ (ամենայն) կարողանաս ի գլուխ բերել։
Եթէ ըստ այսմ լինիցի՝ Աբրահամն Աժտարխանցի և Յակոբն Պօլսեցի թարց կարծեաց ընդ իս բերելոց եմ, Տիրցւ (տիրացու) Բարսեղն լինի թէ զկնի քանի աւուրց յղեսցուք։
Ո՛վ ջանիկ, զարմանամ թէ զիա՞րդ մաժէք (մաշէք) զոգիս մեր, օրէ օր ձգելով զօծումն Սրբազան Տեառնս (Դանիէլի) մերոյ, որոյ մաքոր (մաքուր) գարշապարացն համբոյրս մատուցանեմ թաղձեալ սրտիս. և միջակտուրս առնէք զմերայինսն։ Թէ այսպէս և թէ այնպէս. թողլով զա (զամենայն կամ զառաջին) պատճառսն, ջանացէք զայդ կատարել։
Վասն անցից և որպիսութեանց ոչինչ ունիմ գրելի, գիտելի է և լինելոց է, միայն թէ զԱնտօն վարդապետ սիրական եղբօրս եղբայրն յորժամ գայցէ յադր (յայդր) ի խնամս ունիցիս։
Առ ձեզ եղեալ եպիսկոպոս հարցս՝ Կլկլ բաբայիս, Գրիգոր բնիկ սիրելւոյս, Աւրանցի ցանկալւոյս մաքուր զաջսն համբուրեմ և զանոյշ խաթրսն հարցանեմ. լե՛ր ողջ ի սէր։
Կար” Յով”
Ճանճոտն մեր սուրբ աջդ համբուրէ և ասէ. մեռաք պոսէպոս տալով։
Գրի ի սուրբ աթոռս յամսուս իզ (26)»։
Ծանօթութիւն առաջին նամակի. Այս նամակի գրողն է Յովհաննէս Կարբեցի վարդապետը (յետոյ Կաթուղիկոս)։ Նամակը գրուած է Էջմիածնում (ի սուրբ աթոռս)։ Ամիսը և տարեթիւն յայտնի չեն, սակայն իմ կարծիքով ԳՐՈՒԹԵԱՆ ՏԱՐԻՆ Է 1801 ԹԻՒԸ, ԻՍԿ ԱՄԻՍԸ — ՅՈՒՆԻՍ. ուրեմն այս նամակը գրուած է 1801 թ. յունիսի 26ին Էջմիածնից Ուչքիլիսէ (երեք խորան կամ Ս. Յովհաննու վանք)։ Կարբեցու ինքնագիր կենսագրութիւնից (անտիպ) որ գրուած է 1802ին Թիֆլիսում, երևումէ, որ նա մօտ 45 տարեկան հասակում 1802ին Թիֆլիսումն էր և Էջմիածին չէր վերադառնում Դաւթի երկիւղից։ Դաւիթը 1801 թ. ապրիլի 28ին կաթուղիկոս օծուեցաւ Էջմիածնում։ Ներսէսը Ուչքիլիսէից ճանապարհ ընկաւ, յօգուտ Դանիէլի աշխատելու համար և հասաւ Կ. Պօլիս 1801 յուլիսի 19ին։ Ուրեմն այս նամակը գրուած պէտք է լինի 1801 ապրիլ 28ից յետոյ, երբ Կարբեցին դեռ Թիֆլիս չէր փախել, և 1801 յուլիսից առաջ՝ երբ Ներսէսը դեռ Բայազիտ կամ Ուչքիլիսումն էր և Պոլիս չէր գնացել. թուականն ուրեմն հաստատ 1801ն է. մնումէ ամիսը, որ պէտք է լինի կամ մայիսի 26 և կամ յունիսի 26: Մեր կարդացած երկրորդ ծածկագիր նամակից (տե՛ս ներքևում) երևումէ, որ Ռէթէոս Եպիսկոպոսին Թիֆլիսից խորհուրդ էին տալիս Կարբեցուն ընկերներով Էջմիածնից փախցնել Ներսիսի մօտ Ուչքիլիսէ. «իսկ Աբրահամ գրէ և զայս թէ Յովհաննէսն իւր համախոհիւքն առ քեզ յղեսցուք» (Բ. նամակ)։ Այս երկրորդ նամակի թուականն է յունիսի 12 (անշուշտ 1801): Ուրեմն և մեր կարդացած առաջին նամակը, որ երկրորդից յետոյ է ժամանակով, գրուած է ոչ թէ մայիսի, այլ յունիսի 26ին։ Նամակի մէջ հանդիպող յատուկ անունների մեծ մասը կարելի է մեկնաբանել։ Ներսէսը պիտի կանչէր Քօ՛րուն գիւղի (Զօռի միւս կողմը Մուսունի մօտ) Գօջի կամ Ղոչի ռէսին (տանուտէր) որ Շամտինի տղայի (հաւանօրէն քուրդ իշխան) հողումն էր բնակւում (ըռահաթ – հարկատու, հպատակ) և կարող էր Սահաթայ (Սահաթլար) գիւղերը գալ շրջել և Մելիք Մինասի հետ տեսակցել։ Մելիք Մինասը շատ յայտնի էր այն ժամանակը և սորա մասին Սինօդի արխիւում էլ շատ տեղեկութիւնք կան. Բլուր գիւղիցն էր, ուր և մինչև այժմս յիշում են նորան։ Էվճիլարը Մարգարայ իջևանից ոչ հեռու, Երասխի մօտ հայաբնակ գիւղ է և ուխտատեղի։ Զօռայ Գեադուկը (լեռնային անցք, перевалъ) գտնւումէ սահմանում, Բայազիտի ճանապարհին։
Աժդարխանցի Աբրահամը և Պոլսեցի Յակովբը, որ թարց (առանց) կարծեաց Կարբեցին հետը փախցնելու տանելու էր Էջմիածնից, երևումէ որ կուսակից և հոգեկից ընկերներ էին։ Երկուսն էլ չկարողացան Կարբեցու հետ գոնէ Թիֆլիս փախչել։ 1804ին հանդիպում ենք մենք նորանց Էջմիածնում, ուր և յունիսի 20ին, Հռիփսիմեանց տօնի օրը, վանքի պարսպից Ռուսաց և Պարսից պատերազմին մտիկ անելիս գնդակահար սպանուեցան։ Աժդարխանցի Աբրահամը, արդէն սարկաւագ էր և անուանւում էր Տրդատ, իսկ Յակովբը վարդապետ էր և կրում էր «Վարժապետ» մականունը։ Սարկաւագութեան ժամանակ անուն փոխելը եթէ ոչ միշտ գործածական, սակայն անսովոր դէպք չէ և Յակովբի ընկերակցութիւնը ապացոյց է մեր ենթադրութեան հաւանականութեանը՝ որ Աբրահամն ու Տրդատը մի և նոյն անձնաւորութիւնն է։ Տիրացու Բարսեղը յետոյ նշանաւոր եպիսկոպոս դարձաւ։ Ներսիսի մօտ գտնուած եպիսկոպոսներին բարև ուղարկելիս Կարբեցին յիշում է Կլկլ բաբայ, որ է Կըլկըլ մականունեալ Յովյաննէս Եպիսկոպոսը։ Աւրանցի ցանկալիս՝ Աւրան Մշու գաւառում մեծ հայաբնակ գիւղ է, Աւրանցի ցանկալին է ուրեմն Աւրանցի Յովհաննէս Եպիսկոպոսը։ (Տե՛ս այս երկու Յովհաննէսների Եփրեմին գրած նամակը 1802 յունիս 1. Նիւթեր Ներսէս Ե.ի Կենս.) Փաշայի Գէորգը երևումէ որ Դաւթի կուսակիցներիցն էր թերևս և ազգական։ Անտօն վարդապետ սիրական եղբայրը, Գրիգոր բնիկ սիրելին և Ճանճոտը թէ ովքեր են ինձ յայտնի չէ։ Պոսէպոս տալ այն ժամանակուայ լեզուով նշանակումէր պատերի տակ կուչ եկած ման գալ։ Զարմանալի չէ որ Դաւթի մօտ Էջմիածնում փակուած՝ պոսէպոս տալով էին ման գալիս։
Այս առաջին նամակի ծածկագրի ձևը շատ վարժ և գեղեցիկ է, մինչդեռ երկրորդինը անվարժ է շատ և վրիպակներով լիքը։
Երկրորդ նամակ
(Ծածկագրով) «ի ձեռ Ներսէս վարդապետին,
ի Ուչքիլիսէ ի ձեռ Ներսէս վարդապետին հասցէ։
Ներսէս վարդապետ ազնիւ եղբայր իմ,
Յուիս (Յունիս) ամսոյս է (7) Դաւթիս մարդիք ի Թիֆլիզոյ եկին թղթովք Սօլօմօնին, Կարապետին, Աբրահամին և Մաղաքիէլի Յովհաննէսին։ Գրեալ են թէ ժողովեցաք առ Կաւալիցկին, խօսեաք վասն քո և նա ասաց թէ զորն կամիք նա է ձեր կաթուղիկոսն. և ըստ այսմ ասաց թի (թէ) յառաւօտուն բազմութեամբ գնալ առ ինքն թի (թէ) առ Կնօրինն գնասցուք։ Գնացեալ ի յառաւօտն քո բանն գլուխ հան. իսկ Աբրահամն կարճ գրէ թէ՝ կոնդակն փողոցսն կարդացաք և խստացան (խոստացան) մոմն տալ և անունդ գ (3) ժամս յիշեցաք։ Չիք – Կարապետն գրէ թէ՝ մեզ Կնօրինն խոստացել է Ղռամաթն բերել տալ և այլ այսպիսիք։
Իսկ Աբրահամ գրէ և զայս թէ Յովհաննէսն իւր համախոհիւքն առ քեզ յղեսցուք։
Արդ թէպէտ երևի թէ փարայի տուզախ է, այլ մի գուցէ շփոթն տեւեսցէ. այդի թուղթս առ մեծամեծս թէ Հայոց և թէ Ռուստաց (Ռուսաց) և օրինակս Պօլսոյ բանից շուտով առաքեսջիք։ Թէպէտ այս բանից լրովքն յուսակտուր էաք, մինչ օրինակ Մանուէլի գրոյն տեսի, յիրաւի նորոգեցան կեանք մեր։
Մի բազմակընիք ևս որ յղեալ եմք չգիտեմք էհաս թէ որպէս եղև գրես։
Կամիմք առ Կայսրն և առ Սինօթն Ռուսաց ևս շինել և յղել առ Եփրեմ հայր սուրբն։ Եթէ պապշաճաոր (պատշաճաւոր) է համարիք առ ձեզ առաքեմք, յղել ձեր թղթովքն։
Մեռոնի իւղի պատրաստութիւն տեսէք և այս նիւթից հոգսն ևս հոգացէք. իսկ մնացելոց բանքն ղօլայ է։ Ի Պօլսոյ և կափ (կամ) ի Կարնոյ կարելի է թէ գտանի բերել տայցէք։
Պալասան 150 տրամ, միայսալի որ է զուգի ձէթ՝ 30 տրամ, ամբար 5 տրէմ, Մուշկ 5 տրէմ, լատան 15 տրէմ։ Այսոքիկ դուք բերել տուք. իսկ միւսքն յետոյ ևս հոգացուի։
Արդ սա (Դաւիթ) որպէս թէ զօրութիւն առեալ մինչև 60 թուղթս գրէ ի Թիլֆիզ և ի կողմն Հաշտարխանու և առ կայսն (կայսրն)։ Լե՛ր ողջ ի Տէր ի սէր, Ռէթէոս։
Թուղթքդ հասին առիս. մանսէրից միոյ հասանիլն իմացան, յետինս ոչ։ Յունիսի ժբ (1801) ի սուրբ Էջմիածին։
Ծանօթութիւն երկրորդ նամակի. Այս նամակի գրող Ռէթէոս եպիսկոպոսը շատ յայտնի է իբրև Ներսիսի կուսակից և խնամի։ Ներսիսի քոյր Գայիանէն Վաղարշապատում ամուսանացած էր Ռէթէոսի եղբօր՝ Յովհաննէսի հետ։ Իշխան Սոլոման Արղութեանը Յովսէփ Արքեպիսկոպոսի յանկարծահաս մահից յետոյ յայտնի է որ Դաւթի կուսակիցներից էր, որոնք և Թիֆլիսում աշխատում էին Դաւթի համար։ Նամակից երևումէ որ Թիֆլիսցիք խոստացել են (երևի դադարացրել էին) Էջմիածնի Տաճարում վառելիք մոմը տալ, ինչպէս և մինչև օրս էլ տալիս են, և Դաւթի անունը երեք եկեղեցում յիշել են։ Գրումէ մեռոնի պատրաստութիւն տեսնել, որ Դանիէլը կաթուղիկոսանալով Եքեք- խորանում մեռոն օրհնէ, ինչպէս և եղաւ։ Գիւմիւշխանցի Մանուէլ Ալթունեան կամ Շահինեան, Ներսիսի ընկեր և ջերմ Դանիէլեան, այն ժամանակ գտնւում էր Պօլսում։ Իսկ ինչ վերաբերումէ այն բանին թէ Էջմիածնից կամենում են Կայսեր և Ռուսաց Սինօդը խնդրագիր ուղարկել, այդ էլ կատարուեցաւ 1802ին։ Ուղարկուեցաւ 3 օրինակ. մինը Կայսեր, միւսը Սինօդին և երրորդը Աբրոսի մետրապոլտին։ Կաւալիցկին է այն ժամանակուայ Վրաստանի Ռուս կառավարիչ Կովալենսկին, որ Դաւթի կուսակից էր ինչպէս և Ռուսաց դեսպանը Պոլսում՝ Թամարան. մինչդեռ Եփրեմ Արքեպիսկոպոսը և Լազարեանները ջերմ Դանիէլեաններ էին։ Կնորինն է այն ժամանակ Կովկասում եղած ռուս զօրաց ընդհանուր հրամանատար Կնորրինգը։
Ծանոթագրություններ
↑1 | Մինչև այստեղ բնագրի տողերի չափը պահեցինք, ընթերցողին համեմատութեան դիւրութիւն տալու համար. վերևում ծածկագրով դրուած օրինակը այս 11 տողն է։ |
---|