Եղիշե Չարենցն իր Երկիր Նայիրի վեպը գրել է 20-րդ դարասկզբի համաշխարհային իրադարձությունների հետնախորքին: Չարենցի գործերի ակադեմիական հրատարակությունն իրականացրած Ալմաստ Զաքարյանի դիտարկմամբ վեպը գրելիս հեղինակն հենվել է ոչ միայն անձնական հիշողությունների, այլ նաև ընտանեկան և հասարակական քննարկումների վրա, որոնք ծավալվում էին 1918 թ. Թիֆլիսում: Այս համատեքստում Զաքարյանը միևնույն ժամանակ անգնահատելի աշխատանք է տարել վեպի համար նախատիպեր հանդես եկած դեպքերի ու մարդկանց մասին փաստական հարուստ տեղեկություններ ի մի բերելով:
Ներկայացված հատվածը Կարսի վերջին նահանգապետ Ստեփան Ղորղանյանի հուշերից է, որն օգնում է հասկանալ բազմաէթնիկ Կարս քաղաքի մշակութային առնձնահատկությունները` դիտված քաղաքի կառավարման տեսանկյունից: Սա մի հարց է, որը կիսատոններով է արտահայտվում վեպում, հիմնականում ներկայացվելով իբրև ազգային գործն իր ձեռքը վերցրած երևելի կերպարների ռոմանտիկ ըմբռնումներ: Այս հատվածն օգնում է հասկանալ այդ ռոմանտիկականությունն իր օբյեկտիվ պայմանների մեջ: 1880-ական թթ. ռուսական տիրապետության տակ անցած Կարս քաղաքն այդ շրջանից ի վեր փորձ էր արվում ռուսական դարպաս դարձնել Արևելքում: Ուստի, ռազմական հագեցվածությամբ բազմաէթնիկ և բազմամշակութային այս քաղաքը յուրօրինակ էր նրանով, որ առօրեականության տեսանկյունից այն որքան արևմտյան, նույնքան էլ արևելյան էր: Ղորղանյանը Կարսի նահանգապետ էր նշանակվել 1919-1920 թթ., երբ կարճ ժամանակով քաղաքը հայերի տնօրինության տակ էր անցել: Մինչ այդ, 1917-ին, նա Կարսի զինվորական վարչական շրջանի պետն էր և քաշվել էր հրապարակից նույն թվականին` հիասթափված կառավարման այն եղանակներից, որոնք որդեգրել էր ազգային կառավարությունը: Ղորղանյանի` իբրև փորձառու կառավարչի համոզումն այն էր, որ «երկիրը կառավարելու սիստեմը ստեղծում է ինքը` ժողովուրդը, և այն գաղտնիքը, թէ ինչ է պէտք երկիր կառավարելու համար և թէ ինչպէ՞ս է պէտք կառավարել այդ երկիրը` մշակում և ձևակերպում է ինքը, կեանքը»: Ըստ նրա, «Այդ մեծ գաղտնիքը` երկրի սովորութիւնների, նրա ճաշակի, նրա հակումների բաղադրութիւնն է: Եւ օգտագործել այդ բարդ բաղադրութիւնը երկրում իրաւակարգ ստեղծելու համար` եղել է միշտ այն պատմական հանգոյցը, որի շուրջը բորբոքուել են այնչափ կրքեր, արիւն ու այնչափ` ես…» (էջ 27): Ներկայացվող հատվածում ի ցույց է դրվում, թե ինչպես է այս նրբություններին տիրապետող Ղորղանյանը փորձում կարգուկանոն հաստատել ձեռքից ձեռք անցնող քաղաքում` մշակութայնորեն չկայացած այս աշխարհի անիշխանության լեզուն նույն այդ աշխարհում գործող սովորություններին համաձայն բանեցնելով:
Հատվածն վերահրատարակվում է ըստ` Կարսի մարզը Հայաստանի Հանրապետութեան կազմում (1919 Ապրիլ – 1920 Հոկտեմբեր). Կարսի նահանգապետ Ստեփան Ղորղանեանի յուշերը, աշխ.` Վլ. Յարութիւնեանի (Երևան։ Հեղ. հրատ․, 2018), էջ 35-40: Բնագիրը համեմատվել է Հայաստանի ազգային արխիվում պահվող բնօրինակի հետ և ըստ այդմ կատարվել որոշ շտկումներ (ՀԱԱ, ֆ. 477, ց. 1, գ. 1, թթ. 108-152):
Նորից Կարսում, իմ բանակցութիւնները անգլիական հրամանատարութեան հետ` իշխանութիւն կազմակերպելու մասին
Տաճկաց զօրաբանակի հեռանալուց յետոյ, անգլիացիք ձեռբակալեցին 18 եկվոր թուրք խռովար[ար]ներ, Կարսի նահանգը «կառավարող» Շուրան, աքսորեցին նոցա Մալթա կղզին և ցրեցին այդ «ինքնորոշվող» հաստատութիւնը։ Բայց նահանգը կառավարելու համար անգլիացիք կազմեցին, գնդապետ Պրօսսօրի գերիշխանութեան տակ, մի խորհուրդ տեղացիներից, որի մէջ մտան մի ռուս, մի մօլական, 2 յոյն և 5 ոիւրք։ Այդ խորհրդի անձնական կազմը վերին աստիճանի անյաջող էր։ Ռուս ներկայեացուցիչը մի գնդապետ էր։ Երբ նորա մեծ հայրենիքը տակնուվրայ եղաւ, և Կարսի պարիսպների վերայ, 45 տարուց յետոյ, նորից ծածանվեց տաճկական դրօշակը՝ նա հնարաւոր համարեց մնալու Կարսում, և տրամադրեց իրան թուրքերին։ Իսկ երբ վերջինները թողեցին Կարսը, նա տեղաւորուեց Շուրայում և մեծ եռանդով պաշտպանում էր ազգերի «ինքնորոշման» սկզբունքը… Այդ աղմկալից և անցնող օրերում, նա տենդոտ լցնում եր իր տունը երկրի բոլոր վայելքներով և չափազանց դժգոհ էր, որ հայերը չեն ուզում ճանաչել «Կարսի Հանրապետութիւնը»։
Մօլօկանը մօտակայ Բլագօդարնօյէ մօլօկան գիւղի մի մեծ վաշխառու էր և երբեմն կառապան Կարսում։ Շատ անգամ, երբ ռուս իշխանութեան օրով ես Կարսի շրջանի պետն էի, նա առանձին պատկառանքով տանում էր ինձ կառքով։ Իսկ այժմ, ճաշակելով «ինքնորոշման» գաղափարը, նա հաւակնութիւն ուներ երկիր կառավարելու… Յոյներից մէկը նոյնպէս ռուս բանակի սպաներից էր։ Վերջի պատերազմում նա մեծ յաջողութեամբ զարդարեց թէ իր կուրծքը ռուս շքանշաններով և թէ իր գրպանը ռուս վոսկով և այսօր ծարաւի էր և իշխանութեան։
Երկրորդ յոյնը – պետական յեղաշրջումից առաջ գործավար էր Կաղզուանի գաւառի Խօրասան գաւառակում, իսկ այժմ, որպէս օրէնսգէտ, վարում էր խորհրդում նահանգի վարչական մասը։ Թուրքերից մէկը, ռուս իշխանութեան օրով, Կարսում մրգի խանութ ունէր, երկրորդ թուրքը մսագործ, ղասաբ, երրորդը` գիւղական ուսուցիչ, և վերջինը` նորաւարտ բժիշկ Արդահանի գաւառից։ Այդ մարդիկը անուանել էին իրենց «մինիստրներ» և իրար մէջ բաժանել «պօրտֆելները»։ Կառապանը, ըստ իր մասնագիտութեան, վերցրել էր «հաղորդակցութեան» մինիստրի պօրտֆելը, ռուս գնդապետը, որի տանը վերջում յայտնուեց հեռագրական պարագաների մի մեծ պահեստ, յատկացրել էր իրան պօստ-հեռագրի մինիստրի պաշտոնը։ Գիւղի վարժապետը դարձել էր «լուսաւորութեան և արվեստների» մինիստր, մրգավաճառը – ֆինանսների, ղասաբը – պետական հսկիչ, իսկ պրիստաւի նախկին գործավար յոյնը – արդարադատութեան մինիստր էր կոչվում։ Բժիշկը, որ մի ֆանատիկ թուրք էր և Բաքվի Մուսաֆաթ կուսակցութեան գործակալը, վերապահել էր իրեն խորհրդի նախագահի բազկաթոռը և «պրեմիեր» էր կոչվում…
Ախորժակների և ձգտումների այդ հետաքրքիր համերգի սրտովը չէր, իհարկէ, Կարսի նահանգը Հայաստանի Հանրապետութեան կցելը։ Նոքա ամեն կերպ խուսափեցին նոր իշխանութիւնից և փորձեցին լրտեսութիւն անել անգլիացիների մօտ եկվոր հայերի վերաբերմամբ։ Այն բանը, որ հայկական նահանգապետի պաշտոնով եկել է մի մարդ, որ ճանաչում է այդ «մինիստրների» թէ տակը և թէ վրեն…
Միւս օրը Երևանից եկաւ գեներալ Դիվի, և ինձ հրավիրեցին անգլիական շտաբը խորհրդակցութեան։
Կարսի նահանգը կառավարելու համար, ասաց ինձ անգլիացի գեներալը, մենք կազմակերպել ենք խորհուրդ, և դուք պետք է գրաւէք այդ ատեանում նախագահի աթոռը, որպէս primus inter pares – որպէս աւագը հաւասարների մէջ։ Ես առարկեցի գեներալին, որ մեր կառավարութիւնը չի ժխտում, իհարկէ, ժողովրդի գործակցութիւնը, բայց մենք ունենք երկրի պայմաններին համապատասխան մեր կառավարչական սիստեմը և մեր օրէնքները։ Մեր խորհրդակցութիւնը տևեց մի քանի ժամ և ոչ մի եզրակացութեան չը հանգաւ, որովհետև գեներալը յամառ պնդում էր, որ Կարսի նահանգի մինիստրները և նոցա խորհուրդը պէտք է Կարսում լինի և ոչ թէ Երևանում։
Միւս օրը Կ․Պօլսից եկաւ անգլիական գեներալ Միլլ, և ինձ նորից հրաւիրեցին անգլիական շտաբը։ Դարձեալ նոյն ակադեմիկ խնդիրները, և գեներալները պնդում էին, որ ես ընդունեմ նոցա առաջարկած կառավարչական ձևը։ Մեր այդ առիթով տեսակցութիւնը վերսկսվեց և երկրորդ օրը, և անգլիացիները ոչ միայն յամառում էին՝ այլև սպառնում։ Տեղեկացրեցի այդ բոլորի մասին Երևան, և երկար տարուբերվելուց յետոյ, չորրորդ օրը, այցելեցի անգլիական շտաբը և հայտնեցի գեներալի Դիվիին, որ ես ընդունում եմ գոյութիւն ուեցող «խորհուրդը», և խնդրեցի հրաման արձակել, որ ես այսօրվանից փաստացի ստանձնում եմ Կարսի նահանգապետի պաշտօնը։ Բայց նախքան [կա]տարել իմ այդ պահանջը, գեներալ Դիվի խնդրեց ինձ, որ ես մի յուշագիր կազմեմ, իմ որպէս նահանգապետի, անելիքների մասին և ներկայացնեմ գեներալ Միլլին։
Միւս օրը ես երեք թերթից բաղկացած ֆրանսերէն մի գրութիւն ներկայացրեցի գեներալին։ Իմ կառավարչական սիստեմի նախագիծը հաւանութիւն էր գտել գեներալ Միլլի և գեներալ Դիվիի կողմից, և գնդապետ Պրօսսօր, Կարսի ամրութիւնների անգլիական հրամանատարը, հենց նոյն օրը գրաւոր հրաման արձակեց ինձ Կարսի նահանգապետ ճանաչելու մասին։ Միւս օրը, շրջապատված իմ պաշտօնեաներով և ներկայութեամբ տեղացի հայ և թուրք անուանիների, ես հանդիսաւոր կերպով ընդունեցի անգլիացիների կազմակերպած խորհուրդը, որ փաստացի պէտք է կառավարէր Կարսի նահանգը։ Բայց ես ընդունեցի այդ «մինիստրներին» ոչ որպէս primus inter pares, ոչ թէ որպէս աւագը հաւասարների մէջ, այլ որպէս իշխող ու թելադրող։ Եւ «մինիստրների» տրամադրութիւնը իսկոյն մարեց։ Խորամանկ բժիշկը, ի դիմաց «խորհրդի», յայտնեց երկրի գոհունակութիւնը ինձ նորից Կարսի նահանգում տեսնելու առիթով և իրանց մեծ պատրաստակամութիւնը կատարելու իմ հրամանները։ Ակներև էր, որ «խորհուրդը» այլևս գոյութիւն չունէր…
Խորհրդի անդամները, յետոյ, պատկառանքով սեղմում էին իմ պաշտօնեաների ձեռքերը և աշխատում նոցա մերձենալու… Այդպէս է Արևելքի հոգեբանութիւնը։
Տեղեկացնելով կատարուածի մասին մինիստր նախագահին, ես հեռագրեցի Աղէքսանդրապօլ, որ Կարսի նահանգի համար պատրաստ երկրորդ հետևակ բրիգադան շարժուի դէպի Արփաչայ, և որ իրաւունք տան և գաղթականութեանը անցնելու սահմանը։
Միւս օրը Աղէքսանդրապօլ-Կարսի ամբողջ խճուղին բռնուեց անհամար սայլերով ու բեռներով, իսկ երկաթուղու յատուկ գնացքներն էլ բերում էին դէպի Արփաչայ հազարաւոր տարագիր թշուառներ։
Պատմական Շիրակը նորից հմայուեց իր հարազատ, գուրգուրալից լէ-լէ-ով, այդ մեր սրտին և հոգուն ընտանի եղանակը հայրենիքի կարօտն էր երգում և մաճկալի այդ առաձգական և հմայիչ հառաչանքը տանում էր մեզ դէպի մեր երազների քաղցրութիւնը… Գաղթականական գնացքները գալիս էին Կարս լուսաբացին։ Այդ միջոցում կայարանումն էին Կարսի գաւառապետը, Կարսի վոստիկանապետը, քաղաքագլուխը և Խնամատար հաստատութիւնների ներկայացուցիչը։ Պէտք էր ցուցակագրել գաղթականութիւնը, պէտք էր սայլեր պատրաստել գաւառները ցրվող ժողովրդի համար, պէտք էր հոգալ նոցա ուտելիքը։ Այդ բոլորը պահանջում էր բուռն, հոգատար աշխատանք, և ես պէտք է վկայեմ, որ մարդիկ անում էին ինչ կարող էին։
Առաւօտվայ ժամը հինգից ես ինքս վոտի վերայ էի արդէն և շատ սիրում էի դիտել, թէ ի՞նչ բերկրանքով հազարաւոր ընտանիքներ շտապում էին «տուն»։ Նոքա օր առաջ շտապում էին դէպի իրենց այն հինաւուրց թոնիրը, ուր տարիների բախտը և ձախորդ օրերը համեմել են հայրենիքի կարօտը։ Բայց մինչ այդ բոլորը, ես կարգադրեցի, որ մեր զօրաբանակի անցնելու ճանապարհով Արփաչայի ափերից մինչև Կարս նրան հանդիսաւոր դիմաւորէ երկրի թուրք ազգաբնակութիւնը։ Իսկ երբ զօրաբանակը մօտենում էր քաղաքին, ես, շրջապատուած քաղաքացիական պաշտօնեաներով, մի բուռն հայերով և թուրք հոգևորականութեան ու թուրք անվանիների մեծ բազմութեամբ, հանդիսաւոր դիմաւորեցի Հայոց Հանրապետութեան Զօրաբանակը և մեծ շուքով, ի ցոյց թուրքութեան, առաջնորդեցի զօրքը դէպի Կարս։
Բայց դառնանք մեր վերաբերմունքին դէպի խորհուրդը, որ պէտք է, ըստ անգլիացիների, կառավարէր նահանգը։
Ստանձնելով պաշտօնս, ես կանչեցի ինձ մօտ խորհրդի անդամներից ամենախորամանկին, այն յոյնին, որ երբեմն գործաւար էր ռուս վոստիկանատանը։ Ես գիտէի, որ նա Խորասան գաւառակի յոյն գիւղերից է և մեծ ցանկութիւն ունէր այդ վայրում իշխանութիւն ունենալու։ Բացատրելով նրան, որ իմ ցանկութիւնն է նահանգի բոլոր վայրերում ունենալ այնպիսի պաշտօնեաներ, որոնք, որպէս տեղացիներ, մօտ ծանօթ են երկրի անցուդարձին, ես ասացի, որ վստահում եմ նրան Խորասան գաւառակի պետի օգնականի պաշտօնը և իրաւունք եմ տալիս այսօրվանից պատշաճ ուսադիրներ կրել…
Յոյնի ուրախութեանը չափ ու սահման չը կար։
Պաշտօնավարութեանս երկար տարիների ընթացքում ես սովոր եմ ժողովրդի հետ անմիջական յարաբերութիւններին և չէի կարող զրկել ինձ այդ բաւականութիւնից և նահանգապետի դերում։ Այդ է պատճառը, որ իմ բնակարանի առջև, աւելի քան որևէ հիմնարկութեան մօտ, դուք վաղ առաւօտվանից կը տեսնէիք ժողովրդի մեծ բազմութիւն։ Այստեղ էին և թուրքերը և քրդերը և կարափափախները, յոյները, եզիդիք, թուրքմենները, լազգիք և թիւրքերը, և ես սիրում էի այդ մարդկանց հետ խօսել մտերմաբար, առանց, իհարկէ, թարգմանի, և ամէն մէկի հետ իր լեզվով և իր բառբառով։ Եւ հազիւ թէ պէտք է ասել, որ այդ երկրի սրտովն էր։ Յոյնի նոր պաշտօնի լուրը ամենքից շուտ իմացաւ փողոցում խառնված մեծ բազմութիւնը, և ես լուսամուտից դիտում էի, թէ ի՜նչ մեծ հետաքրքրութիւն առաջ բերեց այդ կարգադրութիւնը ժողովրդական խաւերում։
Մի ժամից յետոյ, երբ ես անցնում էի փողոցով, հանդիպեցի խորհրդի անդամ «ֆինանսների մինիստր» թուրքին։ Նա երկիւղածութեամբ և պատկառալից գլուխ իջեցրեց ինձ և երբ ես հարցրեցի նրա քեֆը, տաճիկը խոնարհվելով ասաց․ «Սպասում եմ Ձեր հրամաններին և յոյս ունեմ, որ գեներալը իր խոնարհ ծառային էլ անտես չի առնի իր շնորհներում…»։ Ես հասկացայ, իհարկէ, որ նա ակնարկում է յոյնին պաշտօն տալը, և մի երկու ժամից յետոյ ես կանչեցի նրան ինձ մօտ։ Ես կազմակերպում եմ, ասացի ես թուրքին, որ պատկառալից կանգնած էր դռան մօտ, Կարսի քաղաքային ինքնավարութիւնը, դու լաւ ծանօթ ես բազարի, շուկայի անցուդարձին, և ես քեզ բազարբաշի եմ նշանակում, բազարի տնտեսական վերակացու։ Տաճիկը արդէն իր դերումն էր և խոնարհ գլուխ տալով, շտապեց այդ նորութիւնը աւետել փողոցի բազմութեանը։ Միւս օրը, բլող խորհրդի նախագահ թուրք բժիշկը ունկնդրութիւն խնդրեց ինձանից։
– Սկզբում Շուրան, յետոյ անգլիացիք,– կեղծալից ասաց խորամանկ բժիշկը,– բարձեցին վերաս խորհրդի նախագահի պաշտօնը, մինչդեռ ես միշտ սիրել եմ բժշկութիւնը…
– Ձեր հայրենի Արդահանի շրջանը, բժիշկ,– ասացի ես,– նահանգի մութ անկիւններից մէկն է, և իմ առաջի հոգսերից մէկն է այնտեղ մի ձեռնհաս գաւառական բժիշկ նշանակել։Ընդունելով իմ առաջարկը, Արդահանի գաւառական բժշկի պաշտօնը, դուք կատարած կը լինէք թէ Ձեր հայրենի երկրի և թէ Ձեր նահանգապետի բուռն ցանկութիւնը։
Խորամանկ թուրքը բաւականութիւնից ժպտաց և ասաց.
– Այդ հենց իմ piade/ideria-ն է…
Միւս օրը, գիշերը, ես ստացայ մինիստր նախագահ Խատիսեանից հետևեալ հեռագիրը․ «Կառավարութիւնը յանձնարարում է Ձեզ, պարոն նահանգապետ, յայտնել նահանգի իսլամ ազգաբնակութեանը և նրա անունից կառավարութեանը դիմող բժիշկ Հաջիեւին, որ կառավարութիւնը շատ գնահատում է նահանգի թուրք ազգաբնակութեան հեռագրում արտայայտած ամենահպատակ զգացմունքը և երկրի գոհունակութիւնը հայկական իշխանութիւնից և պատվիրում է Ձեզ, պարոն նահանգապետ, ստեղծել նահանգում այնպիսի կացութիւն, ուր թուրքերը զգան իրենց ազատ, հաւասար ու երջանիկ…»։
Միւս օրը, վոստիկանապետի միջոցով ես տեղեկացրեցի Ղազուն, թուրք հոգևոր կառավարութեան նախագահին և բժիշկ Հաջիեւին, որ մինիստր նախագահի հրամանով պէտք է այցելեմ մզկիթը, և ժամ նշանակեցի։ Շրջապատված իմ շքախմբով, նշանակված ժամին իմ կառքը կանգ առաւ մզկիթի առաջ, ուր ինձ մեծ հանդէսով ընդունեց հոգևորականութիւնը, անվանիները և Կարսի ամբողջ թուրք ազգաբնակութիւնը։ Մզկիթում ես կարդացի մինիստր նախագահի հեռագիրը, Ախունդը և բժիշկը այդ առիթով երկար ճառեր արտասանեցին, և երբ ես կառք էի նստում, թուրք ամբոխը երկար գոչում էր,– Եաշասըն էրմէնի հոքիւմութի – Կեցցէ Հայոց կառավարութիւնը…
Միւս օրը բժիշկը խնդրեց մինիստր նախագահի այդ հեռագրի պատճենը և ես պատուիրեցի ընտիր թղթի վերայ տպել այդ հեռագիրը։
Երբ առանձին յանձնարարութիւնների իմ պաշտօնեան յանձնում էր Ախունդին և բժիշկին այդ հեռագրի պատճէնը, այդ երկու անվանիները, պատկառելիից երկու ձեռքով ընդունելով այդ գրութիւնը, ասացին – Ամէն… Մինիստր նախագահ Խատիսեանի հեռագիրը պատասխան էր այն դիմումի, որ թուրք ազգաբնակութիւնը հեռագրով արել էր կառավարութեանը։ Մի կողմից տեսնելով իշխանութեան անաչառ վերաբերմունքը, միւս՝ ցանկանալով նահանգապետին հաճոյանալ, թուրքերը դիմում են Երևան իրանց ամենահպատակ յայտարարութիւնով և ստանում կառավարութեան նախագահի այդ պատասխանը։ Այդպէս են ասիացիք իրանց բոլոր տրամադրութիւններում։ Մի երկու օրից յետոյ պաշտօններ ստացած խորհրդի անդամները պատրաստւում էին մեկնելու իրանց պաշտօնատեղին, երբ եկաւ ինձ մօտ «հաղորդակցութեան մինիստր» կառապան մօլականը։
– Դուք ինձ պահանջել էք, նահանգապետ,– ասաց մօլականը…
Ես չէի կանչել նրան, բայց հասկացայ, որ այդ մի պատրվակ էր ինձ տեսնելու։
– Դու, կարծեմ,– ասացի ես նախկին կառապանին,– մի ժամանակ փոստի սայլակներ ունէիր, ես մտադրութիւն ունեմ նահանգում Զեմսկի համայնական փոստ կազմակերպել և այդ աշխատանքը ուզում եմ քեզ յանձնել…
– Այդ հենց իմ գործն է, գեներալ, ի՜նչ խորհուրդ, ի՜նչ Շուրա, ի՜նչ բան…
Եւ «խորհուրդը», ինչպէս տեսնում էք, լուծված էր արդէն։ Իսկ երբ մի երկու օրից յետոյ ես այցելեցի գեներալ Դիվիին, նա ասաց ինձ ժպտալով,– ինչպէ՞ս են, գեներալ, Ձեր խորհրդի գործերը…