Կուսակցական գործչի և մարդու միջև. Արամ Մանուկյանի հուշերից

 

Գուրգեն Մահարին Այրվող այգեստաններ վեպը գրելիս բացի մանկական իր հիշողություններից և ընտանեկան պատմություններից մեծապես հենվել է նաև 1960-ական թթ. ազգային կուսակցությունների գործունեությունը վերագնահատող քննարկումների վրա: Դրանց մեջ կարևոր տեղ էին գրավում դաշնակցական գործիչների հուշերը, որոնք փորձում էին հետահայաց գնահատել ազգային քաղաքական իրենց գործունեությունը: Մահարու համար առանձնակի կարևորություն են ունեցել Վանի վերջին նահանգապետ և ինքնապաշտպանության գործիչ Արամ Մանուկյանի հուշերը, որոնք վերջինս գրել է մեծ աղետից կարճ ժամանակ անց, 1917 թ.` մղված գալիք սերունդներին իրենց գործերն ըմբռնելի դարձնելու ներքին կարիքից:

Ներկայացվող հատվածը դրվագ է այդ հուշերից, որտեղ դաշնակցական մեծ գործիչը քննադատական հայացքով փորձում է վերաներկայացնել իր կուսակցության գործունեության մի երեսակ՝ թե ինչպես էր իրենց գործունեությունն ըմբռնվում հասարակ ժողովրդի կողմից: Մանուկյանն ընդունելով, որ կուսակցական գործունեությամբ և դրա հետևանքներով իրենք հիմք էին տվել, որ ժողովուրդն իրենց արածը տեռոր ըմբռնի, միևնույն ժամանակ բացահայտում է կուսակցական գործունեության ներքին մի այնպիսի հակասականություն, որը թույլ է տալիս հասկանալ քաղաքական գործունեության ներքին խութերը ներսից: Ժողովրդի ազատագրությանը նվիրված կուսակցական գործունեությունը դարասկզբին, ըստ այս հատվածի, բնականորեն ձևավորել էր որոշակի վերնախավ և կուսակցական գործնական կյանքից բխող կենսակերպեր: Դրանով հանդերձ այն ներսից ծվատվում էր այն պատճառով, որ Արևելյան Հայաստանից Վան մեկնած գործիչներն իրենք, փարված իրենց գաղափարականությանը, անտեսել էին այն, որ չեն մերվել ժողովրդական լայն խավերին: Սա ստեղծել էր մի այնպիսի հեռավորում, որը լցվում էր բազմապիսի լեգենդներով` կամ թե ակամա խորացնելով կուսակցական գործիչների ու ժողովրդական խավերի միջևանդունդը:

Մանուկյանի հուշերից վերցրած այս կտորը յուրօրինակ է նրանով, որ գրողն ընդհուպ շոշափում է խորը արմատներ ունեցող մի խնդիր` ժողովրդի ցավերով մտահոգ գործիչների ու նույն այդ ժողովրդի միջև հուզականորեն խզված կապի առաջ բերած վտանգները, մի բան, որն այնքան հատկանշականորեն իբրև մարդու և գործչի միջև փեռեկում է երևում հատկապես հատվածի վերջում, երբ Արամն իր անձնական կյանքով հասնում է վանեցի տատիկի սրտին, իսկ քաղաքական գործունեությամբ շեղվում դեպի դպրոցներում գործող մտավորականություն:

Վավերագիրը վերահրատարակվում է ըստ` Արամ, «Յուշեր», Հայրենիք, թիվ 10, 1923, էջ 136-137:

 

Դէպի հայրենիք (VIII) (հատված)

Քաղաքի կազմակերպուած ընկերների մեծ մասը պատանի կամ շատ երիտասարդ տարրերն էին։ Նրանց վրայ մեծ յոյս չէր կարելի դնել, մանաւանդ դրանցով չէր կարելի գործ կատարել։ Բոլոր ընկերները գտնում էին, որ մեզանից դուրս արմենականներին մօտիկ կամ չէզոք տարրեր կան, որոնց մեզ հետ ունենալն անհրաժեշտ է՝ ժողովրդական լայն գործունէութիւն վարելու համար։

Այն ժամանակ Դաշնակցութեան մասին կար եւ մի այլ թիւր կարծիք,– այն, թէ նա միայն մի հայդուկային կազմակերպութիւն է, մանաւանդ երկրի մէջ։ Դաշնակցականը զինուոր պիտի լինի, տեռօր պիտի կատարէ, անպայման փախստական պիտի դառնայ։ Այսպիսի թիւր կարծիքների ստեղծման եւ տարածման մէջ մեծ դեր ունէինք հէնց մենք՝ Դաշնակցականներս, որովհետեւ իրօք քիչ էինք հոգացել դպրոցներ ստեղծելու, բացի ծովափնեայ վայրերից – Պօլիս, Իզմիր, Տրապիզոն,– այլ միշտ արտայայտուել ենք մեր ռազմական կողմերով։

Վանումն էլ այդ մտայնութիւնը կար։ Այդտեղ երկու դասակարգ կար մերոնց մէջ՝ «պարոններ» եւ «զինուորներ»։ Այդ շերտաւորումը կար եւ երկրի միւս վայրերի կազմակերպութեանց մէջ։

Պարոն ասելով նախ եւ առաջ հասկացւում է կրթուած մտաւորական մարդ. բայց պարոն էին կոչւում եւ նրանք, որոնք յեղափոխական որոշ անցեալ, գործունէութիւն, որոշ դիրք էին ստեղծել իրենց համար։ Գործը մի տեսակ ազնուականութեան հանգամանք էր տուել մարդկանց։ Թուրքահայերը նեղ, տեղական իմաստով, կրթուած մարդուն «էֆէնտի» էին ասում. պարոն բառը վերապահուած էր յեղափոխական, հասարակական, քաղաքական գործիչներին։ Ով պարոն է, կը նշանակէ գործի ազնուականութեան ցէնզ ունի։

Բայց, ինչպէս ասացի, Վանում պարոնը գործ է ածւում մերոնց նեղ շրջանակում եւ մի քիչ արհամարհական իմաստով։ Ով պարոն է, կը նշանակէ լաւ զէնք գործ ածել, լաւ կռուել եւ լաւ քայլել չը գիտէ. եւ վա՜յ այն ընկերներին, որոնք բաւարար չափով այդ երեք յատկութիւնները, ինչպէս եւ առողջութիւն եւ դիմացկունութիւն չունէին։ Մարդի տեղ բռնելու, պայմաններին յարմարուելու համար կամաց-կամաց պէտք է կոշտանար, ինտելիգենտութիւնը կորցնէր, հայհոյել սովորէր,– կարճ՝ «զինուոր» դառնար։

Այս գծերի մշակումն եւ արտայայտութիւնը բաւական էին, որ տեղական տատանուող, երկչոտ եւ դեռ չը կազմակերպուած բնաւորութիւն ունեցող տարրերին մեզնից հեռու պահէին, մանաւանդ վախեցնէին։

Աւելին կար. արմենականները չէին խնայում մեզ որակել ամէն կարգի ածականներով – որ իբր թէ Դաշնակցականները բախտախնդիրներ են, Ռուսաստանի, Սիբիրի փախստականներ, ոճրագործներ, որ պէտք չէ ոչ մեր կեանքը խնայել, ոչ մեր պատիւը եւ ոչ էլ ինչքը…

Ժողովրդի մէջ այսպիսով ստեղծուել էին զանազան հրէշաւոր առասպելներ մեր մասին։ Այս առասպելները տարածւում էին եւ այն պատճառով, որ մենք հասարակութեան լայն խաւերի հետ չէինք շփւում. մարդիկ մեզ անձամբ չէին տեսնում։ Սրան նպաստում էր եւ մեր գործողութիւնների արդիւնքը, որ առհասարակ հասարակական պրօպագանտայի տեսակէտից այնքան էլ նախանձելի չէր։ Օրինակ, ամէն մի տեռօր մի քանի անմեղ մարդ էր բանտը ձգում։ Ամէն մի ընդհարում պատճառ էր դառնում բազմաթիւ ձերբակալումների, սպանութիւնների եւ հրկիզումների եւն.։ Կար, ի հարկէ, մետալի եւ միւս երեսը։ Հասարակութեան մէջ իրականութեան չափազանցութիւն էլ կար. որ Դաշնակցականները մեծ մարդկանց որդիներ են, ազնուական ցեղից. մանաւանդ մեծ կարծիքներ ունէին Ղարաբաղցիների մասին (չգիտեմ՝ ինչի՞ վրայ հիմնուած), հարուստի տղաներ են, լաւ կրթութիւն ունին, անձնազոհ են, գաղափարական, կտրիճ, ցրտից, սովից չեն վախենայ եւ այլն։

Երկու կարծքներն էլ իրենց հիմքերն ունէին. ի հարկէ, ճիշտ էր միջին դրութիւնը։ Այս տպաւորութիւններն ունեցող մեզ անծանօթ ընտանիքները, երբ մեզ տեսնում էին, հիասթափւում էին, մանաւանդ նկատելով, որ մենք էլ իրենց նման հասարակ քաղաքացու պէս հագնուած եւ գլխերնիս մեծամեծ փափախներ, ոտներնիս երկարավիզ կօշիկներ չկան։ 

Շատ յաճախ այդպիսիների մէջ կանայք, մանաւանդ պառաւ կանայք մեզ ամենալայն լրջութեամբ հարցնում էին. 

Եարաբ, պ. Արամ, դու մէր, քոր, ունի՞ս։

Չէ, մայրի՛կ, ես երկնքից եմ ընկել։

Յետոյ, երբ կատակը մի կողմը էինք թողնում եւ նկարագրում էինք մերոնց, մեր տունը, մեր նախկին պաշտօնը, գործերը, սկսում էին լալ եւ աղօթել։

Եա՛, Տէր Աստուած, դու բարին բերես էս մարդկանց համար, որոնք իրենց տուն ու տեղ, հէր ու մէր թողել եկել են «ազգի» համար։

Ինչպէս վերը նկատեցի, ընկերներով խորհում էինք մի ճար գտնել մեզնից հեռու մնացած, մանաւանդ վստահելի եւ յեղափոխական ոգի ունեցող տարրերին մեր կողմը քաշելու։ Մանաւանդ, շատ էինք ուզում քաղաքի երիտասարդ, լաւագոյն ուսուցիչներին մեզ հետ ունենալ, նրանց միջոցով դպրոցների մէջ թարմ ոգի մտցնելու նպատակով։

Իսկ այդպիսի երիտասարդ, պատրաստւած տղաներ կային Վանի դպրոցների ուսուցչական խմբերի մէջ։ Այդ ժամանակ, մանաւանդ, դրանց շարքում աչքի էին ընկնում երկու երիտասարդ ճեմարանականներ – Համազասպ Բաղէշցեան եւ Ղեւոն Մելօեան. եւ նրանց շուրջը եղած բաւական թուով տեղական ուսուցիչներ եւ ոչ-ուսուցիչ երիտասարդներ։