Հայեցակարգ

 

Բազմագիտակարգ հումանիտար հետազոտությունների նախագիծ

 

«Մշակույթ և արդիականացում» ծրագիրը Հովհաննիսյան ինստիտուտի Հայկական արդիությունների ուսումնասիրման նախագծի մասն է։ Ծրագիրն ուշադրության կենտրոնում է պահում ավանդված վարքուբարքի և արդիականացման ծրագրային գործընթացների փոխակերպվող կապերը՝ հակասություններն ու սերտաճումները։ Հայությանը պատմականորեն բաժին ընկած խոր ցնցումների պատճառով արդիականացման նախագծերը ոչ այնքան մշակվել են տեղական իրականության սոցիալ-մշակութային կացության ըմբռնումից ելնելով, որքան ծնվել հրատապ քաղաքական կարիքներից՝ որպես ազատագրման բաղձալի ծրագրեր։ Եթե հայության վարքուբարքն իր առանձնահատկություններով ավանդաբար եղել է Հարավարևմտյան Ասիայի ժողովուրդների մշակույթի մասը, ապա այն արդիականացնելու քաղաքականությունները մեծապես սնվել են եվրոպական քաղաքակրթական հարացույցներից։ Արդյունքում պաշտոնական քաղաքականություններն ավանդաբար լարման մեջ են հայտնվել ժառանգված մշակութային այն դրվածքի հետ, որով ապրել է հայ ժողովրդի մեծամասնությունն առօրյա կյանքում։

Ինչպես ցույց է տվել մտքի պատմաբան Աշոտ Հովհաննիսյանը (1887-1972), այս բևեռացումն արտահայտվել է հայ ժողովրդի երկու ուղենշային ազատագրական մտայնությունների մեջ․ մի կողմից վերնախավերի «ազատագրական լեգենդն» էր, որը հայերի ազատագրումը կապում էր քաղաքական-դիվանագիտական գործունեության և արտաքին ուժի միջամտության հետ, մյուս կողմից ժողովրդական ներքնախավերի բաղձանքներն էին, որոնք ազատագրումը կապում էին իրենց հողուջրից ելած «քաջանց տան» հետ։ Այսպես, քաղաքականությունն ու բարքը, օրենքն ու օջախը, քաղաքացիական հարաբերություններն ու արյունակցական կապերը հայտնվել են լարման մեջ՝ երկուստեք փոխակերպելով իրար։

Մշակույթի արդիականացման քաղաքականություններն՝ ընթանալով հրատապության ռեժիմում, անհրաժեշտաբար ունեցել են չծրագրված սերտաճումներով լի կիսակատար հետևանքներ, որոնք չեզոքացնելու միտված նոր՝ որպես կանոն առավել արմատական քաղաքականություններն իրենց հերթին վերարտադրել են այս կիսակատարությունը նորովի և այսպես շարունակ։ Արդյունքում գոյացել է հայաստանյան խառնակերտ այն իրականությունը, որը հասկանալ հնարավոր է, եթե ուշադրության կենտրոնում են պահվում մշակույթի և արդիականացման միջև լարումներն ու դրանց սերտաճումները։ Հայոց կյանքի տարբեր կողմերն այսօր ուսումնասիրվում են մի շարք ուղղություններով, բայց մշակույթի և արդիականացման քաղաքականությունների միջև այս լարումն իր բարդ ու փոխակերպվող հետևանքներով չի դարձել հետևողական գիտական հետազոտության առարկա։ Որպես կանոն լարման բևեռներն ուսումնասիրվում են առանձին և չեն ըմբռնվում որպես անքակտելի ու նաև արտադրող ներհակություն։ Արդյունքում հաճախ մի կողմը խաղարկվում է ընդդեմ մյուսի, ինչը չեզոքացնում է դրանց փոխադարձ ու հակադարձ կապերը հասկանալու և փոփոխման հեռանկարներ ուրվագծելու հնարավորություններ։

«Մշակույթ և արդիականացում» հետազոտական ծրագիրն իր թեմատիկ մոդուլներով հետևողական բազմագիտակարգ հետազոտության նյութ է դարձնում մշակույթի և արդիականացման գործընթացների միջև լարումների ու սերտաճումների դինամիկան իր տարբեր կողմերով։ Ծրագիրը պատմագիտական, արվեստաբանական, փիլիսոփայական ու գրականագիտական խաչվող դիտանկյուններից կոնկրետ նյութի հիման վրա ուսումնասիրում է մեր կյանքը զգալիորեն սահմանող այս բարդ դինամիկան։