19-րդ դարի թե՛ արևելահայ, թե՛ արևմտահայ պարբերական մամուլը լի է հրապարակումներով, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են նոր «բարոյական կեանք» կերտելու, առաջադիմական նոր հասարակություն ստեղծելու հայ մտավորականների հույսերն ի թիվս այլ հեղինակների կապված Ժան-Ժակ Ռուսոյի գաղափարների հետ։ «Իրաւադատութեան», մարդու բնածին ազատության, մարդկանց հավասարության Ռուսոյին հաճախ վերագրվող լուսավորական սկզբունքների մեջ էին տեսնում տեղական մտավոր շրջանակները հայ ազգի քաղաքակրթական հնարավորությունները։ Իսկ այս գաղափարների իրական կենսագործման գլխավոր ասպարեզը համարվում էր կրթությունը, որի միջոցով Լուսավորությունը մանուկ հասակից պետք է տեղ գտներ հայի սրտում։ Ընդ որում կրթություն ասելով առաջին հերթին նկատի էր առնվում ընտանիքում, այլ ոչ թե ծխական դպրոցներում կամ մասնավոր վարժարաններում ստացվող կրթությունը, այսինքն՝ ընտանեկան կրթությունը։ Այսպես, 19-րդ դարի հայ իրականության մեջ Ռուսոյի գաղափարների զգալի դրոշմը կարելի է նշմարել կրթության բովանդակության և ձևի շուրջ ծավալված բանավեճերում։
Միևնույն ժամանակ ընտանեկան կրթության խնդիրն ինքնին 19-րդ դարի հայ իրականության մեջ ամենաշատ արծարծվող թեմաներից էր, և որպես այդպիսին սերտորեն կապված էր կանանց կրթության հիմնահարցի հետ։ Մի կողմից՝ ընտանեկան կրթություն ասելով հայ հեղինակներն առաջին հերթին հասկանում էին այն կրթությունը, որը մանուկները ստանում էին իրենց մայրերից, որոնց դիմելով այսպես է գրում Միքայել Նալբանդյանը. «շատ շնորհակալ կը լինինք, եթէ դուք ձեր հայկական իստակ կաթի հետ տաք ձեր զաւակներին նախ, մեր լեզուն, երկրորդ, հոգով և սրտով հայութիւն, և երրորդ անձնազոհ սէր դէպ ի ազգութիւն, դէպ ի մեր ազատ կրօնը»։[1]Ըստ՝ Լուսինե Չերգեշտյան, «Սեռականության սահմանագիծը. Կնոջ դաստիարակության վերաիմաստավորումը 19-րդ դարի հայ պարբերական մամուլում», տե՛ս Սեռականությունը հայկական համա[տեքստերում], կազմ. և խմբ.՝ Ժաննա Անդրեասյան և այլք (Երևան։ Սոցիոսկոպ, 2019), էջ 304։ Սա իր հերթին նշանակում էր, որ մանուկներին կրթողն ինքը պետք է լինի կրթված, և ուրեմն՝ առաջ էր գալիս կանա՛նց կրթելու հարցը։ Ընտանիքում մորից ստացած լուսավորյալ և հայրենասեր կրթությունն էր, որ երեխային պետք է դարձներ առավել մեծ ընտանիքի՝ հայ ազգի արժանի զավակ։ Մյուս կողմից՝ կանանց կրթվելու հնարավորություն տալը նաև դիտարկվում էր որպես կանանց և տղամարդկանց իրավահավասարության հարց, որը նույնպես կապվում էր մարդկանց հավասարության սկզբունքի մեծ ջատագով Ռուսոյի անվան հետ։ Ուրեմն, կարելի է տեսնել, որ առկա էր Ռուսոյի մանկավարժական և հասարակական հայացքների և հայ իրականության մեջ կանանց կրթության հիմնահարցի միջև ոչ միայն բովանդակային կապ, այսինքն՝ լուսավորական (մասնավորապես Ռուսոյի) սկզբունքները ոչ միայն պետք է ներկա լինեին այն բովանդակության մեջ, որը հայ մայրերը տալու էին իրենց մանուկներին, այլև ինքնին այդ կրթության հնարավորությունը զգալիորեն կապվում էր այդ սկզբունքների հետ։ Այսպես, ուրեմն, կրթությունը մասնավորապես կանանց կրթությունը, այն ասպարեզն էր, որը գործնականում դառնում էր հայ իրականության մեջ Ռուսոյի գաղափարների և դրանցով ազգային նոր կարգ ձևավորելու հույսերի փորձադաշտը. այստեղ էին փորձվելու դրանց կենսունակությունն ու ուժը։ Ու թերևս պատահական չէ, որ Ռուսոյի գլխավոր մանկավարժական երկը՝ Էմիլը, ոչ թե մեկ, այլ երկու անգամ է թարգմանվել հայերեն, այն պարագայում, երբ մատների վրա կարելի է հաշվել հայերեն մեկից ավելի անգամ թարգմանված որևէ փիլիսոփայի երկ։
Ստորև ներկայացված առաջին տեքստը՝ Մատթեոս Մամուրյանի «Ընտանիք» հոդվածը, առաջին անգամ հրապարակվել է 1873 թվականին Զմյուռնիայում հեղինակի խմբագրությամբ լույս տեսնող Արեւելեան մամուլ պարբերականում։ Հոդվածը մասնակիորեն է կապված Ռուսոյի հետ, սակայն հստակ գաղափար է տալիս այն ազգային ակնկալիքների մասին, որոնք հայ մտավորական շրջանակները կապում էին ընտանիքը բարեփոխելու, լուսավորելու և կրթելու հետ։ Երկրորդ տեքստն արդեն Ռուսոյի Էմիլի առաջին հայերեն թարգմանության առաջաբանից մի հատված է։ Տեքստի թարգմանիչն ու առաջաբանի հեղինակը բանասեր և մանկավարժ Իսահակ Հարությունյանն է, որը Ռուսոյի մանկավարժական գրվածքը Թիֆլիսում հրատարակվող Լումայ հանդեսում ներկայացնում և կարևորում է նախևառաջ որպես ընտանեկան կրթության համար վճռական նշանակություն ունեցող մի հանգանակ։ Վերջապես երրորդ տեքստը Մշակ պարբերականում լույս տեսած մանկավարժ Ալեքսանդր Զախարյանցի «Իգական սեռի ներկայ վիճակը հայերի մէջ» վերնագրով հոդվածն է, որտեղ հասարակության առաջընթացի հիմքում դրվում է կանանց կրթության և իրավահավասարության գաղափարը, որն էլ հեղինակը սկզբից ևեթ կապում է Ռուսոյի հետ։
***
Տեքստերը հրապարակվում են ըստ՝ [Մատթեոս Մամուրյան], «Ընտանիք», Արեւելեան մամուլ, թիվ 6, 1873, էջ 257-261; «Ընտանիք. Բ», Արեւելեան մամուլ, թիվ 8, 1873, էջ 346-349; Իսահակ Յարութիւնեանց, «Ժան-Ժակ Ռուսօն եւ իւր Էմիլը», Լումայ, թիվ 1, 1903, էջ 102-103; Ա. Ա. Զախարեանց, «Իգական սեռի ներկայ վիճակը հայերի մէջ», Մշակ, 20 մայիսի, 1876 թ․, էջ 2։
Ընտանիք
Ա
Մեր մէջ ընտանիքն օր ըստ օրէ իր նուիրական և ազգաշէն պաշտօնը մոռնալու և տեսակ մ’ անկայուն և շինովի հիմնարկութիւն դառնալու վրայ է. վասն զի ընտանիքի հիմն, ամուսնութիւնն՝ իր բնութիւնն ու նպատակը հետզհետէ կ’փոխէ և պայմանական գործողութիւն մը, շահադիտութիւն մը կ’դառնայ, վասն զի ամուսնութեան միայն նիւթական, միայն հաճոյական, միայն վաղանցուկ կողմը կ’նկատուի, և առ հասարակ հայք կ’հետևին Եւրոպայի այն ազգերու դրութեան, որ՝ ամուսնութիւնն իբրև անբնական վիճակ համարելով՝ թեև իրօք ընտանիքը չեն ջնջած, բայց անոր անունը միայն կ’պահեն, ինչպէս կ’պահեն կին և զաւակներ առանց ճշմարիտ սիրոյ և միութեան, ինչպէս կ’պահեն պապական դաւանութիւնն առանց որ և է կրօնի, ինչպէս ազատութիւն և հաւասարութիւն կ’քարոզեն առանց ազատ և հաւասար լինելու։ Եթէ բարեկիրթ ազգ ու ազինք, եթէ իմաստասէրներ անգամ՝ չհաստատէին որ ամէն ընկերութեան կենսական զօրութեան, յարատևութեան և զարգացման խարիսխն ու պայմանն ընտանիքի ծոցն է, դարձեալ հայք կարող էին՝ պատմութիւն ’ի ձեռին, ցոյց տալ որ արդարև ընտանիքը կ’վերաշինէ ազգ մը, ընտանիքը կ’կործանէ ազգ մը։
Երբ Հայաստանի բոլոր բնական պատուարները փլան, երբ թագաւոր, իշխան և նախարար ցիր ու ցան եղան, բարոյական ամբարտակ մը միայն մնաց կանգուն, և այս ամբարտակն էր, եկեղեցիէն առաջ, ընտանիքը, որմէ խնճի ազատութեան և ազգայնութեան համար նահատակուելու պատրաստ զինւորներ ելան։ Ո՞վ պատրաստեց, կազմեց այս բանակը. ամուսնական սերտ կապը, այն երկնային սէրն որ ամէն աշխարհային նկատումներէ զերծ՝ կ’վառէր հայրենեաց ամենէն անշուք տնակին ներքև, և կին, ամուսին ու զաւակ պարտուց և անձնական անկախութեան մէջ կ’կրթէր։ Այս անգամ բարոյական հայրենեաց ազատարարն ոչ սուրն եղաւ և ոչ խաչն, այլ շինականին խոփը, ժողովրդեան զաւակին ընտանեկան սէրն, որու մէջ կ’ամփոփէր իր հոգին. իր եկեղեցին, իր լուսաւորութիւնն, իր ազատութիւնն ու Հայաստանի վերաշինութեան ակնկալութիւնը…։ Այլ երբ բուռն պարագաներ եղծեցին այս ընտանեկան կապն օտարութեան մէջ, երբ կրօնամոլութիւնն ու փառամոլութիւնը քանդեցին այս ամբարտակը, շատ գաղթական հայեր գայլերու որս ընկան և իրենց ընտանիքի հետ կորուսին իրենց անունն ու գոյութիւնը…։
Արդ՝ ո՞վ կ’արգիլէ մեզ այժմ մեր ընտանիքը վերականգնելու և անով ազգը։ Կա՞յ տէրութիւն մ’ որուն օրէնքը մեր յետին ապաւէնը կործանելու ճգնի. եթէ կայ, այս օրէնքն մեր օտարոտի խնամութիւն ըրած ժամանակը կրնայ ոյժ ունենալ միայն և ոչ թէ ուղղակի մեր ներքին կենաց վրայ ներգործել։ Ուստի՝ ըստ մեզ՝ թէ ’ի Թուրքիա և թէ այլուր, մեր ընտանեկան վիճակին քայքայման բուն պատճառը մեր մէջն է, ամուսնութեան վրայ մեր ունեցած թիւր ըմբռման, մեր աշխարհասիրութեան մէջ է։
Առ հասարակ սէր չկայ արդի ամուսնութեանց մէջ, և հետևապէս առաքինութիւն։ մեր մէջ ոմանք կարծեն թէ ամուսնութիւնն պարզապէս վայելք մ’ է, հարսնիք մ’ է որու մեղրի ամիսը յարաժամ կ’տևէ, ուստի կ’ընտրեն ինչ որ մարմնական փայլ, սեթևեթ, հրապոյր ունի և չեն փնտռեր ընտրելոյն մէջ այն բարոյական և մտաւոր հանգամանքն որ միայն կարող են կազմել ընտանեկան յարատև երջանկութիւն և բարօրութիւն։ Ոմանք հարստութեան և փառաց միջոց կ’նկատեն զայն և անոնց հասնելու համար անձնական անկախութիւն մինչև անգամ ազգութիւն կ’զոհեն, այլք՝ իբրև հիւանդապահ կ’առնուն կին, որ իրենց ծերութեան վշտալի օրերը խնամեն։ Սակայն քանի քանի նպատակներ ունի ամուսնութիւնը, սակայն ամուսնութիւնն, ինչպէս կ’ըսէ Ահրէնս,[1]Հեղինակը նկատի ունի գերմանացի լեզվաբան Ֆրանց Հայնրիխ Լուդոլֆ Ահրենսին (1809-1881)։ սրտի ու մտքի անխառն միութիւնն է…։ Պարզապէս մարմնական միութիւն մը ամուսնութիւն չէ, մարդս այս կերպով անբանի կարգը կ’իջնէ. նոյնպէս զուտ ոգեկան սէրն ամուսնութիւն չկազմեր. ըստ որում պլատոնական սէրը լոկ բարեկամութեան կապ մը կ’յօրինէ տարբեր սեռէ անձերու մէջ…։ Ամուսնութիւնն իր երկնային կերպարանին նկատմամբ, միութիւն մ’ է որու Աստուած հաստիչ զօրութիւն մը հաղորդեց. սերնդական սրբավայրն է այն, ներքին վառարանն ուր ամէն ինչ որ երկնային և մարդկային է կ’մշակուի։
«Ամուսնութիւնը՝ բնութեան նկատմամբ դատելով՝ Աստուծոյ մէկ խորհուրդը կ’երևի, որպէս զի նիւթական աշխարհի մէջ դաշնաւորէ, այր ու կնոջ դիմադարձութենէ ծագած երկուութիւնը։ Հոգեկան կենաց վերաբերութեամբ ամուսնութիւնն այր ու կնոջ մէջ կ’կատարելագործէ մտքի այն հանգամանքն որ նուազ զարգացած են։ Միտքն՝ որ ’ի մարդ գեր ’ի վեր է, զգացումով կ’լրանայ, որ կնոջ մէջ գեր ’ի վեր է։ Մարդս ընտանեկան յարկին ներքև սրտի անդորրութիւն և գոհութիւն կ’գտնէ և անկից գործունէութեան նոր ոյժ կ’քաղէ. կինն իր ամուսնոյն մէջ աւելի անկախ կամք և վերագոյն ծանօթութիւններ կ’գտնէ. և երկուքն ալ իրենց միութեան մէջ մտքի ներդաշնակ կեանքը կ’ընծայեն։
Մարդկային ճակատագրին վերաբերող ամէն մասնաւոր նպատակները՝ ամուսնութեան մէջ միացած են։
Նախ ամուսնութիւնն այր ու կնոջ կրօնական բարձրութեան համար միութիւն մ’ է, Աստծոյ ճանաչումն ու զգացումը զարգացընելու համար ներքին աղբիւր մը, որոնք ընտանիքի ծոցը պարտաւոր են ազատ մշակութիւն մը գտնել, և սոյն մշակութեան վրայ արտաքին իշխանութիւնները բնաւ ներգործութիւն չունին։
Ապա ամուսնութիւնն այր ու կնոջ յառաջադիմական դաստիարակութեան համար միութիւն մ’ է, նոյնպէս գիտութեանց և արհեստից մէջ միասին կրթուելու միջոց մը, որոց մշակութիւնը նոր կապ մը կ’յօրինէ ամուսնուց մէջ ոգեկան յարաբերութիւններն աւելի սերտ և բազմապատիկ գործելով…։
Ամուսնութիւնն նաև մարդոց բարոյական զարգացման, նոյնպէս զանազան պարտուց կատարման համար միութիւն մ’ է. նախ ընտանեաց մէջ ամենէն կարևոր առաքինութիւնները կ’գործադրուին, որով ամուսինք կ’զօրանան կենաց ծանրութիւններն ու աղէտքը միասին կրելու և անոր բարիքը վայելելու։ Ահա այս միութեան մէջ կ’զարգանան և ոյժ կ’առնուն անձնուրացութեան, անշահախնդրութեան և արգահատութեան զգացումները, զոհողութեան չափաւորութեան և խոհեմութեան պարտիքն, ամենէն սրտագին, քաղցր և անոյշ յօժարութիւնները, որով կարելի լինի մարդիկն իրարու կապել։ Ընտանիքն այն կեդրոնն է ուսկից ընտիր սովորութիւններ կ’սփռին ընկերութեան վրայ, որու բարոյութիւնն ընտանեաց բարոյական ոգւոյն հետ կ’բարձրանայ կամ կ’ցածնայ։ Ընտանեկան կապակցութեան և ոգւոյն տկարանալն ընկերութեան մէջ ծանր աղէտք կ’պատրաստէ, և միւս կողմէ, ընտանիքը կրնայ մնալ իբրև սրբավայր և պատսպարան՝ ուր ապականելի քաղաքական ընկերութենէ արտաքսեալ առաքինական զգացումներ կրնան ապաւինիլ և անեղծ պահուիլ։ Վերջապէս, ինչպէս կ’ըսէր Ռուսօ, «Ընտանիքն է փոքրիկ հայրենիքն որով մեծին կապուած ենք» կ’տարածէ նա մեր բնիկ հողին վրայ առաջին զօրաւոր յիշատակաց մթնոլորտն, որ բոլոր կենաց մէջ մեզ ամենէն սիրական կ’մնան։ Անհատական անձն ու ընտանիքն այլափոխելով է որ քրիստոնէութիւնն մարդկային ընկերութեան այլափոխութիւնը գործեց և արդի ընկերութեան հասած մեծ չարիքն անհատական մարդուն և ընտանեաց վերաշինութեամբը միայն իրենց դարմանը պիտի գտնեն։»
Արդ՝ եթէ այս նշանաւոր իրաւագէտն ընտանիքի ուղղութիւնն այսպէս գեղեցիկ գծելէն, ամուսնութեան վեհ նպատակները ցոյց տալէն ետև՝ եւրոպական ընկերութեան չարեաց միակ դեղ ընտանիքի վերակազմութիւնը կ’առաջարկէ, որչափ ևս առաւել մենք պարտինք օգուտ քաղել այս իմաստուն խօսքերէն, մենք որ մեր էութեան միակ նեցուկ և մեր վերակենդանութեան միակ յոյս և ապաւէն ընտանիքն ունինք։ Արտաքսենք մեր ընտանեաց ծոցէն շռայլութիւն, նորասիրութիւն և օտարասէր հակումներ. թող համեստութեան, պարզութեան և ճշմարիտ դաստիարակութեան սրբավայր մը դառնայ այն և իր մէջ ծլին ծաղկին նախ պարտուց և իրաւանց ոգին, մարդկային ազատութեան և արժանապատուութեան զգացումներն որ ապա հայ ընկերութեան վրայ պիտի ներգործեն։ Թո՛ղ մեր երիտասարդութիւնն՝ որ կամ ընտանեկան շրջանէն դուրս հանգիստ և ուրախութիւն կ’փնտռէ և պատրանք ու վիշտ կ’գտնէ, կամ ամուսնութեան մէջ հարստութեան առիթ մը կը տեսնէ և բաղդին խաղալիկ կ’դառնայ, մասնաւորապէս սիրոյ և առաքինութեան երկրպագու լինի որպէս զի անկորուստ երջանկութիւն և ընտանեկան բազմադիմի անգին հաճույքը վայելելով՝ կարող լինի նաև հայ ազգին վերաշինութեան նպաստել…։
Բ
Նախորդ յօդուածով մ’ ընտանիքի և ամուսնութեան նշանակութիւնն ու կարևոր նպատակները փոքր ’ի շատէ բացատրելէն ետև՝ անօգուտ չենք համարիր ամուսնութեան մի քանի ուրիշ կերպարանները նշանակել։ Այս կենսական խնդիրը թէև ինքնին պարզ է պարզասէր և կրօնասէր մարդոց համար, օր քան զօր ծանր վէճեր կ’յարուցանէ թէ իր բնութեան, թէ իր նպատակին, թէ իր անլուծութեան մասին, քաղաքակրթութեան զեղծումներն ընտանեկան կենաց շրջանին մէջ սպրդելով՝ և ամէն ազգ իւր ընկերական սովորութեանց համեմատ զայն լուծելու կամ լաւ ևս ըսել, շինելու կամ գլխովին քանդելու կ’նկրտի։ Բարեկիրթ անուն ունեցող ժողովրդոց գաղափարներն ու մոլութիւններն հայ ընկերութեան մէջ ևս տարածուելով՝ առաքինասէր տանուտէրներու ահ ու դող կ’ազդեն և այլ և այլ տեղեր անոնց դառն արդիւնքը կ’տեսնեն։ Արհաւրօք կ’դիտեն գայթակղական դէպքեր, այր ու կնոջ վէճեր ու դատեր, որ ընտանիքը կ’վրդովեն, կ’քայքայեն և հասարակաց բարոյականին մեծապէս կ’վնասեն։ Ուստի ոմանք այս վիճակին դարման բերելու համար եկեղեցական օրինաց անաչառ խստութիւնը կ’պահանջեն, ոմանք վերանորոգում կ’ուզեն, հինաւանդ կանոններն ընտանեկան կենաց անդորրութիւնն և յարատևութիւնն ապահովելու անբաւական համարելով։
Արդարև ամէն ամուսնական օրէնք՝ որ բնութեան, կրօնից և իրաւանց վրայ չեն հիմնեալ, բուռն են և ’ի հարկէ նախապաշարմանց և ժամանակին ներածին չափ հետզհետէ պիտի այլայլին։ Ինչպէս ամէն քրիստոնեայ ժողովուրդ՝ մեր եկեղեցին ալ աւետարանական պատգամին հետևելով՝ ամուսնութիւնն իբրև երկնային հիմնարկութիւն կ’նկատէ, սուրբ, անքակտելի կ’քարոզէ և ընտանեկան յարաբերութիւններ կարգադրելու համար ունի կանոններ՝ որ եթէ երբեմն բնութեան, ազատութեան և իրաւանց ուժով կ’խանգարին, շատ անգամ ալ մոլի կրից, բռնասէր հարստութեան և սուտ լուսաւորութեան միջոցաւ ոտնհար կ’լինին։ Հետևապէս այս օրէնքն՝ որ բարուց և վարուց պարզութեան և կերպ մը նահապետական անմեղութեան և տգիտութեան ժամանակ ոյժ ունէին, այժմ այս մեր շփոթ, խառնակ և վատշուէր ընկերութեան մէջ անզօր են սանձել ուխտադրուժներն, որ անպատիժ մնալու համար կամ կրօնափոխութեան կամ լրբութեան մէջ ապաւէն կ’փնտռեն և ուր ուրեմն յանուն ազատութեան և իրաւանց դատարանները կ’դեգերեն…։
Այլ սակայն արդի ամուսնութեան օրինաց հեստող, անոր անլուծութիւնը բնութեան հակառակ համարող անձինք իսկ բոլորովին անտես կ’առնեն այն բնական կամ ներքին պայմաններն որ ապագայ ամոլից բնաւորութեան, հոգւոյն, կացութեան և ուրիշ բարոյական հանգամանաց կ’վերաբերին և որ կարևորագոյն են քան արտաքին պայմաններն որ քաղաքային կամ կրօնական ձևերու կ’պատկանին։ Ուստի երբ այնպիսիք ամուսնութեան մէջ դժբաղդ լինին, իրենց անխորհուրդ ընտրութիւնը, թեթևամտութիւնը, անհեռատեսութիւնը դատապարտելու տեղ կ’դատապարտեն օրինաց խստութիւնն և անոնց լուծը թոթուելով կամ պարտազանցութեան մէջ կ’գլորին, կամ կ’պնդեն որ իրենց անձնական հաճոյից համար ընդհանուր օրէնք ջնջուին և նորեր դարբնելու ելնեն։ Բայց աշխարհիս մէջ օրէնսդրութիւնները զգացումներու, յօժարութիւններու և կրից վրայ չեն տրամադրեր, մարդուս կամքը չեն բռնաբարեր։ Օրենքը չըսեր անճարակ կամ ժլատ պատանւոյն – քառսուն տարեկան տգեղ, վարար այլ հարուստ աղջկան մը հետ մի կարգուիր։ Չըսեր մեծատուն և սեթևեթող ծերուկին – տասնհինգ տարեկան պճնասէր, թեթև օրիորդի մը հետ մի կապուիր։ Չպատուիրեր թեթևսօլիկ, փառամոլ օրիորդին – ոսկի, ադամանդ մի սիրեր, մարդ, սիրտ, ազնուութիւն, գործունէութիւն ընտրէ։ Չհրամայեր բարեսիրտ աղջկան – փայլուն այլ նանրասէր, անփորձ և ախտաժէտ երիտասարդի հետ մի կապուիր, այլ իւրաքանչիւրն իր ընտանեկան շրջանին մէջ և ծնողաց հսկողութեան ներքև ազատ կ’թողու յարաբերութիւն հաստատել, տեսակցիլ, ընտրել և որոշել, և ապա եղած ընտրութիւնը կ’ճանչէ՝ առանց մանր քննելու յարմարութեան կամ անյարմարութեան պարագաները, և կ’կապէ կրօնապէս այր ու կին որ կապուելու համար արտաքին պայմաններ, այս է որոշեալ տարիք մը, անարենակցութեան աստիճան մը, և մանաւանդ հաւանութիւն ունին, և բնաւ ներքին շարժառիթներ՝ որ ընտանեկան կեանքը վրդովելու և երբեմն դժոխք դարձընելու որոմներ են, չհետազօտեր։ Եւ երբ այնուհետև ամուսնական անդորրութիւն պակսի, երբ գանգատ, դժգոհութիւն, անտարբերութիւն, զզուանք պատահին, որո՞ւ է յանցանքը, օրինա՞ց թէ ոչ ընտրութիւնն ընող անձանց, ընտրութիւն մ’ որ եթէ ուր ուրեմն տգիտութեան, շատ անգամ կամաւոր կուրութեան վրայ հիմնեալ է։
Եթէ ժ. Սիմօն գաղղիական ընկերութեան համար կ’ըսէ թէ՝ ըստ մեծի մասին ամուսնութեանց շարժառիթը դրամն է, իսկ ամուսնութենէ դուրս սէրն է, և սակայն ի՞նչ սէր, նիւթական, անբան սէրն, որ՝ շահամոլութենէ զատ, մի շատ միութեանց պատճառ է, գրեթէ նոյնը կրնանք ըսել նաև այն հայոց համար որ եւրոպացւոց մօտ են և իրենց ցուցամոլութեան և շռայլութեան տենչը գոհ ընելու համար՝ չէ թէ ընտիր կենակից մը, հոգեկից ընկեր մը կ’ընտրեն, չէ թէ պարզասէր, հարդարտ և աշխատասէր ընտանիք մը կազմելու կ’փափաքին, չէ թէ հայրենեաց և առաքինութեան համար զաւակներ մեծցնել կ’տենչան, այլ միայն իրենց կեանքն ու ինչքը զեղխութեանց և ցոփութեան մէջ սպառելէն և վատնելէն ետև՝ ամուսնանալու որոշում կ’ընեն և ամենէն շատ դրամ տուող յիմար օրիորդին և ասոր յիմարագոյն ծնողացը դուռը կ’զարնեն։
Ուրեմն եթէ ուշի ուշով փնտռենք անյարմար և չարաբաղդ ամուսնութեանց գլխաւոր պատճառը կրթութեան և դաստիարակութեան թերութեան մէջ պիտի գտնենք։ Ուր որ սիրտ ու միտք մշակուած են, կամ գոնե պարկեշտ և անկեղծ են, ուր որ աղջիկ ու երիտասարդ իրենց ծնողաց օրինակէն ամուսնութեան սրբութիւնն ու պարտքը սորված են, ուր որ երջանկութիւնը մի միայն հարստութեան, գեղեցկութեան և փառասիրութեան մէջ չեն փնտռեր, ուր որ բարի վարքն և ուղիղ բանը կ’վարեն ճշմարիտ սէրը, հոգիներն ալ անարատ, ազնիւ և ընտիր զգացումներով կ’վառին, ամուսնութիւններն չէ թէ միայն պսակի արարողութեամբ կամ պայմանագրի ուժով, այլ սիրոյ և հաւատարմութեան ոգւով իրապէս օրհնեալ և բարեբաստիկ կ’դառնան, այր ու կնոջ զատ զատ պարտաւորութիւնները հեշտ ու դիւրատար, ընտանեկան անուշութիւնները յարատև, դառնութիւնները վաղանցուկ և վերահաս աղէտքն անգամ՝ միաբան և երկայնամիտ արիութեամբ շատ թեթև կ’երևին։ «Վասն զի ամուսնութիւնը սրբավայր մ’ է, ինչպէս կ’ըսէ Ահրէնս, ուր կ’մշակուին՝ սերտ մտերմութեան մէջ՝ Աստծոյ, բնութեան և մարդկութեան հետ՝ մարդուս ունեցած բարձրագոյն յարաբերութիւնները։ Պէտք է որ անով միտքն ու սիրտը բարձրանան դէպ ’ի ճշմարտութեան, բարութեան, գեղացկութեան աղբիւրները. և որչափ խորունկ է սէրը, այնչափ կ’սրբէ նիւթական տարրն, որ պէտք է ներդաշնակ լինի մարդկային բնութեան միւս հանգամանաց հետ։ Բայց այս ընդհանուր նպատակը կատարելու համար միջոցներ կամ պայմաններ պէտք են. պէտք է որ ամուսնական միութեան դիմադրող կամ անոր բնութիւնը խանգարող արգելք չլինին ամուսիններուն մտաւորական և նիւթական կազմութեան մէջ։ Արդ՝ ամուսնութիւնն իրաւունքի միջոցաւ կարող է իր էական գրոշը պահել։
«Ուրեմն ամուսնութիւնը նաև իրաւական հիմնարկութիւն մ’ է։ Իրաւունքը զայն չստեղծեր, բայց կ’նուիրագործէ և կ’երաշխաւորէ՝ անոր բնութեան յարմարելով։ Օրէնքը յարգել կ’տայ ամուսնութիւնն և անոր հիմնական նպատակներուն հակառակ հրաման մը չկրնար տալ։ Ամուսնութեան իրաւունքն՝ ամուսնական կենաց կազմութեան, պահպանութեան և զարգացման համար կարևոր եղած պայմանները կ’բովանդակէ։» Ասոնց վրայ ուրիշ անգամ պիտի գրենք։
Ժան-Ժակ Ռուսօն եւ իւր Էմիլը
Ութսունական թուականներին, երբ մեր եկեղեցական դպրոցների թիւն հետզհետէ աւելանում էր, հայ հասարակութեան մէջ հետաքրքրութիւն էր առաջացել մանկավարժական և դաստիարակչական խնդիրների վերաբերմամբ. ո՛չ թէ միայն մասնագիտական-մանկավարժական ամսագրեր էին գոյութիւն ստացել, այլ նոյն իսկ մեր օրաթերթերի էջերն էլ լի էին լինում մանկավարժական կամ դպրոցական խնդրին վերաբերեալ յօդուածներով ու թղթակցութիւններով։ Գրում էին թէ մեր սակաւաթիւ մասնագէտ մանկավարժները և թէ թեմական դպրոցներում մանկավարժութեան այբուբենն ուսած ուսուցիչները, մի խոսքօվ՝ դաստիարակութեան խնդիրն արծարծւում էր և մուտք գործում ժողովրդի բոլոր խաւերի մէջ։ Իսկ թէ ինչ արդիւնք ունեցաւ այդ բոլորը, յայտնի է ամեն մի բանիմաց հայ մարդու։
Այժմ մեր հասարակութեան մէջ, տարաբաղդաբար, այդ հետաքրքրութիւնը չկայ դաստիարակութեան վերաբերութեամբ և ամեն բան թողնուած է բաղդի բերմունքին. ասում ենք տարաբաղդաբար, որովհետև դաստիարակութիւնից է կախուած մեր ապագայ սերունդների մտքի և բարոյական գաղափարների կազմը, աւելի ևս, ապագայ սերունդների ինքնուրոյնութեան գոյութիւնը։ Գուցէ մեզ առարկեն, թէ քանի որ դպրոցներ համարեա թէ չունենք, էլ ինչ նշանակութիւն կարող է ունենալ դաստիարակութեան խնդիրներով զբաղուելը. այդպիսի հայեացքը բոլորովին անճիշտ կլինի։ Դաստիարակութիւնը, ճիշտ է, կապ ունի նաև դպրոցի հետ, սակայն նրա անմիջական և աւելի էական սերտ կապն ընտանիքի հետ է. ընտանիքն է դաստիարակութեան բուն կենդրոնը, սկզբնակէտն ու վերջնակէտը։ Ընտանեկան դաստիարակութիւնն է պահպանում ազգերի առանձնայատուկ և դարերի ընթացքում ձեռք բերած ինքնուրոյնութիւնը. այն հասարակութեան մէջ, ուր ընտանեկան դաստիարակութիւն չկայ, սերունդները շատ շուտ են ենթարկւում շրջապատող հանգամանքների ազդեցութեանը և մոռացութեան տալիս սեպհականը. իսկ ընդհակառակն ընտանեկան հիմնաւոր դաստիարակութիւն ունեցող սերունդները դիմադրում են շրջապատող ժամանակաւոր աննպաստ հանգամանքներին և շուտափոյթ չեն կորցնում այն, ինչ որ երկար դարերի ընթացքում ձեռք են բերել, ինչ որ իրենց գոյութեան հիմքն է կազմում և որոնց ոչնչացմամբ՝ իրենք էլ պէտք է ոչնչանան։
Ուրեմն հայ հասարակութիւնը, անկախ դպրոցական խնդրից, երբէ՛ք չպէտք է մոռացութեան տայ դաստիարակութեան խնդիրը և մեր պարբերական մամուլն ևս պէտք է նպաստէ, որ այդ խնդրին վերաբերեալ հետաքրքրութիւնը միշտ վառ մնայ մեր ժողովրդի մէջ։
Քսան տարի է ահա՛, որ մեր տկար գրիչը բանեցնում ենք հայ գրական ասպարիզում և միշտ սիրոց ենք շօշափել մանկավարժական խնդիրները, որքան հարկաւ թոյլ են տուել արտաքին հանգամանքները. մենք միշտ այն կարծիքի ենք եղել, որ մեր ժամանակակից մանկավարժական նորագոյն գաղափարները չեն կարող մեր մէջ հաստատուն արմատներ բռնել, եթէ մեր ըմբռնողութիւնը նախապատրաստուած չէ պատմական անցեալի հիմնական հայեացքներով։ Նորագոյն մանկավարժական տեսութիւնների սաղմերը պարունակւում են Պեստալոցցու, Ժան-Ժակ Ռուսօի, Նիմայէրի և այլ նշանաւոր մանկավարժների տաղանդաւոր գրուածքների մէջ. ուստի և առաջինները լաւ ըմբռնելու համար պէտք է գիտենալ և հասկանալ վերջինները։ Այս տեսակէտից առաջնորդուած ահա՛ մենք հայերէն թարգմանել և հրատարակել ենք Պեստալոցցու ամենանշանաւոր գործը – Լինհարդ և Գերտրուդը – և այժմ էլ տալիս ենք Ժան-Ժակ Ռուսօի ամենայայտնի աշխատութիւնը – Էմիլը, որ իւր ժամանակ մեծ աղմուկներ է յարուցել և կարելի է ասել, որ մինչև այժմ էլ դեռ չէ կորցրել իւր թարմութիւնը։
Իգական սեռի ներկայ վիճակը հայերի մէջ
Իգական սեռի, գործնական և ընկերական կրթութեան կարևորութիւն զգացող անձերից գրեթէ առաջինը եղաւ Րուսօ։
Մարդուս բնական դաստիարակները, – ասում է այդ աշխարհածանոթ մատենագիրը – մայրերը լինելով, մարդկային կեանքը նոցա նախախնամական ձեռքով կաճի և կը կազդուրվի. նոքա համաշխարհական բարելաւութեան սահմանեալ փիւնիկները, անցեալի հունձը, ներկայի սիրտը և ապագայի առաքեալներն են։
Քաղաքակրթութեան առաջ մարդիկ ամենևին սեռականութիւն չունեն։ Յառաջադիմութեան զգացումը բնական և ընդհանուր է և արգասիքը հաւասարազօր։ Օրինաւոր քաղաքակրթութիւնը վերաբերում է երկու սեռին ևս։
Իգական սեռի դաստիարակութեամբ ներկայի և ապագայի մէջ յառաջանալու օգուտները անուրանալի են։ Կանանց դաստիարակութեամբ միայն կը հալածվեն մի հասարակութեան մէջից՝ այն ամեն նախապաշարմունքները, որոնք չինական պարիսպների նման միշտ արգելք են հանդիսացած լուսաւորութեան յառաջադիմութեանը։
Մանկական փափուկ կեանքը, որ մինչև իւր կատարելութիւնը ենթարկված է իւր մօր ազդեցութեանը, նորանից պիտի քաղէ իւր ապագայ կրթութեան պտուղները։ Մանկան կենաց վերայ տիրապետող բոլոր միտումները, իւր սկզբնական դաստիարակուհու, իւր մօրը՝ տիպարներն են։
Զգալով այդ ամենը, մենք ուշ դարձնենք այն երևոյթի վրայ՝ ի՛նչ կը լինի արդեօք այն մանկան ապագան, որ իւր մանկութեան թարմ տարիները անցրել է մի այնպիսի մօր ազդեցութեան տակ, որ ենթարկված լինելով խաւար նախապաշարումներին, մի և նոյն ոգին ներշնչացած է իւր մանկան մէջ. այնպիսի մանուկից ինչ կարելի է յուսալ ապագայում, քանի որ նորա գաղափարները սահմանափակված են այնպիսի անիրական սահմաններով, որոնք միշտ արգելք պիտի հանդիսանան նորա գործունէութեան յառաջադիութեանը։ – Բայց մի և նոյն ժամանակ ինչ բարիքներ չը յուսացվի այն մանուկի ապագայից որ դաստիարակվելով մի գործնական և բարոյական կրթութեամբ դաստիարակված մօրից, կը ծծէ նորանից կաթի հետ և այն ուղղութիւնը, որ մի լայն ասպարէզ պիտի դառնայ նորա յառաջադիմութեան քայլերուն և վերջում պիտի հանդիսացնէ նորան հասարակութեան օգտաւէտ անդամներից մէկը։
Ապագայի քաղցր երևակայութեանց իրագործումը մանկան համար, կախումն ունի միայն մօր ստացած դաստիարակութենից։
Ներկայ ժամանակումս իգական սեռի դաստիարակութեան կարևորութիւնը մի հարց է դառած մեր հայերիս մէջ։ Եւրօպական լուսաւորեալ ազգերը ի վաղուց նկատած լինելով հաւասարազօր դաստիարակութենից յառաջացող օգուտները մարդկութեան երկու տարրերի, այն է՝ արական և իգական սեռի մէջ, ամենայն ջանք գործ են դրած և գործ են դնում, որքան կը ներէ կրթութեան լոյսը, այնքան յառաջացնելու նոցա լուսաւորութեան ասպարիզի մէջ։
Բայց ի՞նչ են անում մեր հայերը։
Մեք ասացինք որ նոքա ևս հետաքրքրվում են այդ հարցով։ Այո՛, անտարբեր չեն մեր լրագրութիւնքը, նոքա գոչում են միշտ լուսաւորութիւն, լուսաւորութիւն, կանայքը պիտի կրթվեն և այլն։
Բայց հայ հասարակութիւնը, արդեօ՞ք հետևում է այդ խրատներին, – ցաւօք սրտի պիտի ասենք, – ո՛չ, վասն զի մեր հայ հասարակութեան (ի հարկէ բացառութեամբ մի քանիսի), միտքերը այնքան պաշարված, այնքան սահմանափակված են նախապաշարումներով, որ երբէք մի առողջ գաղափար, մի վսեմ դատողութիւն չէ կարողանում ներս մտնել նոցա ուղեղի մէջ,- և ահա այս է պատճառը որ կրթութիւնը որքան խորթ այնքան ևս զզուելի է թւում նոցա ականջներին։ Կինը չունէ նոցա մօտ այն պատիւը, այն իրաւունքը, որ մենք նկատում ենք ուրիշ առաւել լուսաւորեալ ազգերի մէջ, կինը, մի յետին ստրուկ, մի աղախին է նոցա համար, կարծես նա նախասահմանութենից նշանակված է միմիայն ստրուկ լինելու, միմիայն թէ կամայ և թէ ակամայ հնազանդվելու մարդու կոշտ հրամաններին։
Եւրօպացին պարծանք է համարում իւր կնոջ և ընտանիքին իրա հետ ի միասին բոլոր իր կեանքի ուրախութիւնները և զուարճութիւնները և նոյնպէս ցաւերը բաժանել տալ, բայց մեր հայերը ամօթ են համարում իրանց կնոջ և ընտանիքին մասնակցել տալ հասարակութեան բոլոր բարոյական ուրախութիւններին և բարոյական ցաւերին։
Այն հին արևելեան աննախանձելի սովորութիւնները, թուրքերից և պարսիկներից առած, այն է՝ կանանց հիւրերու առաջ չերևալը մինչև այսօր տիրապետում է մեր հայերի մէջ, թէպէտ այդ ասիական բարբարոսութեան սովորութիւնը մասամբ վերացած է Թիֆլիսի և կովկասեան մի քանի քաղաքների հայ հասարակութեանց միջից, բայց մի և նոյն ժամանակ շատ տեղեր, ինչպէս Շամախի, Ղարաբաղ և այլն, դեռ տիրապետում է այդ հին բռնաւորութիւնը։ Կանանց ազատութիւնը բոլորովին սահմանափակված է այդ կողմերում, նոքա ոչ միայն իրաւունք չունեն հիւրերին կամ տան սպասաւորներին երևալու, այլ մինչև անգամ արգելված է նորանց պատուհանից դուրս նայելն էլ։ Եւ հակառակ դէպքում պակաս չէ նոցանից ծեծը և հայհոյանքը, – ահա այդ է իրանց մարդու զէնքը դէպի այդ տկար արարածները։
Ցաւալի է երբեմն նկատել, այն քնքուշ, մատաղ կնօջ դրութիւնը, որ իբրև տներու ամենածածուկ խորշերու մէջ մենացեալ պաճուճանք, ամբողջ օրերով միայնակ փակված չորս պատերի մէջ, չէ համարձակվում դէպի դուրս նայել, մի փոքր թարմ օդ ծծելու…
Այժմ հարցնենք մեր հայրերից։ Կինը որ իւր մարդու ուրախութեան և տրտմութեան միակ ընկերն է, ի՞նչու պիտի այդքան անարգվի նորանից, նա որ նախ կեանք և ապա զգացում շնորհեց մարդուն։ Ի՞նչու չը պիտի մեր կանայքը ևս մասնակցէին ազգային և ընկերական զուարճութիւնների. ի՞նչու պիտի հեռու պահենք նոցա պատուաւոր ընկերութիւններից, որոնց զարդն են միմիայն կիները։ Ի՞նչու մեք ամօթ պիտի զգանք մեր ընտանիքը մեզ հետ մասնակցել տալ կեանքի բոլոր երևոյթներին։
Այս մի անարդարանալի նախապաշարումն է, այս կանայքը մարդ չը համարելու հետևանքն է։
Նախապաշարումը պատռելու՝ յանդգնութիւն պէտք է։
Եթէ մեր կանանց ընդհանրապէս տղամարդու նման մատչելի լինէր կրթութիւնը, նախ նոքա կը պատռէին նախապաշարման վարագոյրը. բայց դժբաղդաբար այդ վիճակից զուրկ են։
Նախապաշարումը պատռելու համար շատ զօրեղ ձեռքեր, ազդու գրիչներ և ազգի ապագայ բարօրութեան համար աշխատող ուսումնականներ պէտք են։
Բայց ուր են այդ ուսումնականները, արդեօ՞ք անցան թէ նոր պիտի գան։
Այն հասարակութիւնները որոնք զուրկ են իգական սեռի ազդեցութենից, զուրկ են նաև բնութեան ստեղծագործական, նուրբ զգացմունքներից։
Թող կանայքը ազատվեն իրանց ներկայ դրութենից, ապրեն լուսի, ազգականաց, բարեկամաց և ընկերութեանց մէջ, դաստիարակվեն մարդու հետ միահաւասար, – մի խօսքով ապրեն հասարակութեան մէջ, և ոչ թէ հասարակութենից դուրս,- այն ժամանակ կը տեսնէք ինչքան վսեմ մտածութիւններ, ինչքան երևելի գրիչներ, նշանաւոր ընդունակութիւններ, որք անյայտ չքացած են մինչև այժմ, զրկված լինելով ծառայութիւններ մատուցանելու թէ ազգին և թէ ընդհանուր մարդկութեան,- յանկարծ կը յայտնվեն, կը յարուցվեն, կը ստեղծվեն։
Այժմ ինչ օգուտ ունեն ուսումնարանները, օրինակ Շամախու նման մի քաղաքում, ուր օրիորդը մի կամ երկու տարի ուսանելուց յետոյ, կրկին ենթարկվում է այն նախնական ողորմելի կեանքին, որի մէջ ապրելիս են եղել նորա մայրերը…
Այս մասին մեր կարծիքով նախ պիտի վերանայ կանանց վերայից մարդու այն ապօրինի իշխանութիւնը, որով ճնշված են եղել մինչև այժմ կանայք, վերանայ նոցանից ամեն թշուառութեանց գլխաւորագոյնը՝ ծեծը և հայհոյանքը, շնորվի նոցա տղամարդոց հաւասար ազատութիւն, այն ժամանակ միայն մեզանում հիմնվող օրիորդական դպրոցները կը հասնեն իրանց նպատակին, այն ժամանակ միայն մեր իգական սեռին տրվող դաստիարակութիւնը և կրթութիւնը արդիւնաւոր կը լինի։
Ա. Ա. Զախարեանց