Ճեմարանական, կուսակրոն սարկավագ Կարապետ Տեր-Մկրտչյանը Գերմանիայի բողոքական աստվածաբանական ֆակուլտետներում իր կրթությունը շարունակելու մեկնեց 1889 թվականին՝ կաթողիկոս Մակար I-ի օրհնությամբ, ով հուսով էր, որ եվրոպական կրթություն ստացած վարդապետներն Էջմիածնում կարող են «Ե. դարու» թարգմանչական ծաղկունքին նմանող մի ալիք հրահրել։ 1893 թվականին Լայպցիգում պաշտպանելով իր «Պավլիկյանք Բյուզանդական կայսրության մեջ և նրանց ցեղակից աղանդավորական երևույթները Հայաստանում» ավարտաճառը՝ Տեր-Մկրտչյանը վերադառնում է Էջմիածին և ուսուցչական ու վարչական մյուս աշխատանքների կողքին ստանձնում նաև Արարատ ամսագրի կրոնական բաժնի խմբագրությունը։ Ներկայացվող վավերագիրը, որ լույս է տեսել ամսագրի այս նույն բաժնում, Տեր-Մկրտչյանի փորձն է՝ հայերենով հասու դարձնել Եվրոպայում պաշտպանած իր աշխատության որոշ արդյունքներ։
«Մծղնէից աղանդը» հոդվածը քաղվածք է հեղինակի ավարտաճառի երկրորդ՝ հայերին վերաբերող գլխից, որտեղ Տեր-Մկրտչյանը պարզում է Շահապիվանի ժողովի (444 թ․) կանոններում հիշատակվող և հայերի շրջանում տարածված Մծղնէից աղանդի ծագումնաբանությունը։ Քննարկելով նյութին վերաբերող վավերագրերն ու արդեն կատարված հետազոտությունները՝ վարդապետը հակվում է այն եզրակացության, որ աղանդն օտար ծագում ուներ և Հայաստան էր ներթափանցել Ասորեստանի հետ հայ եկեղեցու՝ քրիստոնեության հաստատման առաջին շրջանում ունեցած սերտ կապերի արդյունքում։ «Բոլոր աղանդների բուն Ասորիքի» տգետ և կոպտաբարո քարոզիչների բերած կրթությունը սկզբունքորեն կասկածելի է գիտնականի համար, ով ըստ այդմ նաև հավանական է համարում նրանց կողմից ամեն տեսակ մոլորությունների քաջալերումը հայերի մեջ։
Հոդվածում միջին արևելյան ժառանգություն համարվող, միանշանակորեն դատապարտելի այս շարժմանն ի հակադրություն հեղինակը բերում է Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթևի և իրենց աշակերտների առթած թարգմանական շարժումը, որն ըստ նրա՝ «արևելյան ժողովրդին» հասու դարձրեց հույնի մտածողությանը և հնարավորություն դարձավ քաղաքակրթության ժառանգորդ մյուս ազգերի հետ համընթաց քայլելու։ Թարգմանիչների կատարած շրջադարձային այս արարքն, ուրեմն, անդառնալիորեն փոխել էր հայ ժողովրդի մտավոր-հոգևոր աշխարհն ընդդեմ նրա «արևելյան» զգացմունքների ու ձգտումների։
Արևելյան և արևմտյան ավանդույթների այս հակադրության մեջ է գիտնականը տեղակայում անբարոյականության և օրինազանցության օջախ նկատվող Մծղնէից աղանդը։ Հինգերորդ դարից թարգմանական ալիքի թափ առնելու և հունական տարրի գերակշիռ դառնալու հետ կապելով հայ եկեղեցու ներքուստ ամրանալն ու սեփական վարդապետությունը կայացնելը՝ հետևողական գիտնականը, սակայն, կարծես իրեն թույլ չի տալիս չնկատել այն հրապույրը, որ ունեին աղանդները ժողովրդի համար։ Այս կետում է երևան գալիս հայերի՝ իբրև էությամբ արդեն իսկ քրիստոնյա ժողովրդի՝ եկեղեցով հետահայաց հաստատված ըմբռնումը, ըստ որի «Մինչև Ե. դար մեր ժողովուրդը ինքնուրոյն կրթութիւն չունենալով՝ չէր կարող դեռ որոշել, թէ որն է հարազատը, որը խորթ, որը ճշմարիտ քրիստոնէականը և որը քրիստոնէութեան անուան տակ ծածկուած մոլորութիւն»։ Գիտնականի այս ձևակերպմամբ՝ ժողովրդին հարազատ տարրերը նույնանում են ճշմարիտ քրիստոնեական վարդապետության հետ՝ «արևելյան» հրապույրները, զգացմունքներն ու ձգտումներն ինքնըստինքյան կապելով խորթ և օտարամուտ մոլորություններին։
Հայ եկեղեցու բարենորոգմանը նվիրված ուսյալ հոգևորականն իր գիտությունը նույնպես տեսնում է դեռևս հինգերորդ դարից սկիզբ առնող թարգմանական դպրության ծիրում։ Հայ ժողովրդին՝ իբրև եկեղեցու հավատավոր հոտի վերաբացահայտելու, նրան Առաքելական եկեղեցու ուղղադավանությանը մոտեցնելու և եվրոպական արդի գիտության ջահով լուսավորելու գիտնականի անձնվեր մղումները, սակայն, իրենց ստվերում հաճախ պահում են «արևելյան ժողովրդի» դեռևս կենդանի հրապույրները։
Հոդվածը հրապարակվում է ըստ՝ Կ. Ա., «Մծղնէից աղանդը», Արարատ, 1895, թիվ Ա, էջ 3-8։
Մծղնէից աղանդը[1]ծան. Լրագրութեան մէջ արդէն մի քանի անգամ խօսք է եղել իմ գերմաներէն լեզուով հրատարակած՝ «Պօղիկեանք Բիւզանդական կայսերութեան մէջ եւ ազգակից աղանդաւոր երեւոյթներ Հայաստանում» գրուածքի մասին։ Շատերն ինձ առաջարկել են այդ գրքի հայերէն թարգմանութիւնը լոյս ընծայել, բայց ամբողջական թարգմանութիւնը մեր հասարակութեան համար աննպատակ գտնելով եւ նորանոր ուսումնասիրութիւններով ճոխացրած աւելի նպատակայարմար աշխատութիւն ընծայելու միջոց չունենալով՝ տալիս եմ այստեղ այդ գրուածքից մի նմուշ, ըստ ձեւին ի հարկէ փոփոխած բոլորովին եւ ամսաթերթիս նպատակին … կարդալ ավելին
Աղանդաւոր կամ հերետիկոս անունը նախնական ժամանակներից ի վեր եկեղեցին տալիս է այն մարդոց, որոնք իրենց քրիստոնեայ են անուանում, բայց առաքեալների աւանդած ճշմարիտ հաւատքից շեղուելով՝ ինքնահնար մոլորութիւնների են հետևում։
Բնական է որ այդպիսի մոլորութիւններ նոյն իսկ քրիստոնէութեան առաջին քարոզութեան միջոցին մուտ գործէին եկեղեցւոյ մէջ։ Թէ հրէաները և թէ հեթանոսները քրիստոնէութիւն ընդունելով՝ բերին իրենց հետ նախկին հայեացքները և սովորութիւնները, որոնք մասամբ միայն աւետարանին յարմարուել և նորա ստեղծագործող ազդեցութեան ներքոյ կերպարանափոխ լինել կարող էին. մնացորդից զանազան խառնուրդներ գոյացան, որոնք քրիստոնէութեան անուն կրելով՝ ձգտում էին իսկական քրիստոնէութեան տեղ անցնել և Ս. Աւետարանը օտար նպատակների ծառայեցնել։ Առաջին քրիստոնեաները հրէաներ էին և առաջին մեծ արգելքը, որին աւետարանը պիտի յաղթէր՝ փարիսեցիական օրինապահութիւնն եղաւ։ Արտաքին կարգերի, մանրակրկիտ ձևակերպութեանց սովորած մարդիկ հեշտութեամբ չէին կարող հաշտուել աւետարանի ազատ ոգու հետ, կամենում էին այդ ազատ վարդապետութիւնը օրէնքի նեղ սահմանների մէջ փակել և շարունակելով խտրութիւն դնել հրէի և հեթանոսի մէջ պահանջում էին, որ հեթանոսն էլ քրիստոնեայ լինելուց առաջ հրէայ լինի, աւետարանի հետ օրէնքի ծանր լուծը վրան առնի։
Պօղոս առաքեալը խորտակեց այդ լուծը և հեթանոսների համար ազատ ճանապարհ բաց արաւ. այնուհետև հրէաներից շատ քչերը յօժարեցին այդ ճանապարհով գնալ և ասպարէզը շուտով հեթանոսներին մնաց։
Սակայն այստեղ ևս շատ չանցած նոր արգելքներ և վտանգներ հանդէս պիտի գային։ Աւետարանի պարզ, անուսումն քարոզիչները յունական փիլիսոփայութեամբ կրթուած ճարտասանների հետ գործ ունէին, որոնք իրենց հայրենի կրօնի սնոտիապաշտութիւններից ձանձրացած՝ նոր կրօն էին փնտռում, պատրաստ էին ճանաչել և ընդունել աւետարանի բարձր բարոյական սկզբունքները, բայց ձգտում էին նոցա իրենց քմքի համաձայն բացատրել, իրենց իմաստութեանն ու գիտութեանը յարմարեցնել։ Այսպիսով նոքա աւետարանը, որ մինչև այն ժամանակ կենդանի քարոզ էր և մարդոց կեանքի ճանապարհն էր ցոյց տալիս՝ մի նոր ուսումն, մի տեսակ փիլիսոփայութիւն, զանազան իմաստասիրական վէճերի ասպարէզ դարձրին, մինչև որ եկեղեցին ստիպուած եղաւ նոյն զէնքը ձեռք առնել, նոյնպիսի իմաստասիրական միջոցներով ճշմարիտ ուսումն մոլարից որոշել և մերժել իւր միջից այն բոլորին, որոնք իւր տուած կանոնին չէին հնազանդում։ Այս տեղի ունեցաւ երկրորդ դարու ընթացքում հետզհետէ, երբ ինքը եկեղեցին որոշ կազմակերպութիւն ստանալով՝ հաստատուն կանոններով իւր արտաքին ու ներքին կեանքը կանոնաւորեց և ստիպեց նոյնն անել և իւր մէջ ծագած աղանդներին։ Սոքա էլ սկսեցին այնուհետև իբրև եկեղեցուց բաժան անկախ մարմիններ գոյութիւն ունենալ և իրենց պահպանութեան ու տարածման համար աշխատել։
Ամենից գործունեան և ամենից տևականը սոցանցից Մարկիոնի աղանդն էր, որ երկրորդ դարու կիսում յառաջ եկաւ և շատ չանցած ոչ միայն հռովմէական աշխարհի մէջ, այլ նաև հարևան երկրներում հետևողներ ձեռք բերաւ։ Ինչպէս Խորենացին վկայում է[2]Տես Գիրք Բ. գլուխ ԿԶ. Գ. դարի սկզբին այդ աղանդը մուտք էր գործել նաև Հայաստանում, այնպէս, որ երբ մի ուրիշ աղանդաւոր՝ Բարդածան Եդեսացին, այստեղ եկաւ իւր ճանաչած քրիստոնէութիւնը քարոզելու, մաքառել սկսեց նաև Մարկիոնեանց դէմ։ Եզնիկի «Եղծ Աղանդոց» Դ. գիրքը սոցա դէմ ուղղուած լինելով՝ հաւանական է կացուցանում, որ նոքա Ե. դարում դեռ շարունակում էին իրենց գոյութիւնը Հայաստանում։ — Յամենայն դէպս Խորենացու մեզ համար թանգ արժէք ունեցող վկայութիւնը ցոյց է տալիս, որ քրիստոնէական ճշմարտութեան քարոզիչների հետ մէկ տեղ շատ վաղ ժամանակներից արդէն մեր աշխարհում զանազան աղանդաւորներ ևս դեր են խաղացել։ Դժբաղդաբար մեր տեղեկութիւնները առհասարակ հայոց եկեղեցու Ե. դարից առաջ ունեցած վիճակի մասին այնքան մութն են, որ այդ աղանդաւորների գործունէութեան վերայ ենթադրութիւններ անգամ անել չենք կարող։ Այսքանը միայն հաւաստի կերպով ասել կարելի է, որ յունական աշխարհում, յունական փիլիսոփայութեան և քաղաքակրթեալ կեանքի արտադրած մոլորութիւնները ոչ հետաքրքրական և ոչ հասկանալի կարող էին լինել հայոց պէս մէկ լեռնական, բոլորովին տարբեր կեանքով, տարբեր պայմանների մէջ ապրող ժողովրդի։ Այս արևելեան ժողովուրդի վերայ ազդեցութիւն ունենալու համար աղանդները ուրիշ բնաւորութիւն պէտք է ունենային, նորա սեփական կեանքի ծնունդը պէտք է լինէին։ Եւ յիրաւի մենք ունենք վկայութիւններ, որոնք ցոյց են տալիս թէ մեր մէջ սկզբից և եթ աղանդներ յառաջ են եկել նոյն կերպով՝ ինչպէս և ընդհանուր եկեղեցւոյ մէջ, բայց տարբեր ոգւով։ Ինքը Խորենացին Ս. Մեսրոպի Գողթան գաւառում ունեցած գործունէութեան մասին խօսելով՝ ասում է. «Եւ որ ի նմա ղօղեալ աղանդն հեթանոսական, թագուցեալ յաւուրցն Տրդատայ մինչև ցայն ժամանակս և ապա յայտնեցաւ ի վատթարել թագաւորութեանն Արշակունեաց՝ զայն եբարձ օգնականութեամբ իշխանի գաւառին, որում անուն էր Շաբիթ։ … Եւ ոչինչ յայնցանէ պակաս արարեալ գտանի և Սիւնեաց աշխարհին, օգնականութեամբ Նորին իշխանին, որ կոչէր Վաղինակ»։ Սորանով այդ հեթանոսական աղանդը արմատախիլ չէ լինում. Ս. Մեսրոպ ստիպուած էր տարիներ յետոյ կրկին կռուել նորա դէմ.[3]Տես Գիրք Գ. գլուխ Կ. «տեղեկանայր ևս, եթէ չարեաց վարդապետացն նախագոյնք ի բաղասականն են կողմանս։ Որ երթեալ զբազումս յուղղութիւն ածէ և զսակաւս անդարձս յիշխանութիւն հոնաց հալածականս առնէ»։ Շարունակելով այսպէս նոյն աղանդի հետքերը գտնում է նա Գարդման գաւառում և Գուգարաց աշխարհում ևս ու նոյնպիսի յաջողութեամբ յառաջ տանում իւր քարոզութեան գործը։
Հարց է այժմ, թէ արդեօք այս աղանդ ասածը լոկ հեթանոսութեան մնացորդ էր, թէ ուրիշ աղանդների պէս քրիստոնէութեան ազդեցութեան ներքոյ յառաջ եկած մի նոր երևոյթ։ Յայտնի հայագետ Լանգլուան այս հեթանոսներին նոյնն է համարում ինչ որ են կրկին Խորենացու պատմութեան մէջ յիշուած Բորբորիտոնները։[4]Տես Ատտիկոսի նամակը. Խորենացի Գիրք Գ. Գլ. ԾԸ, եւ գլ. ԾԹ։ Բայց այդ ենթադրութիւնը ոչ մի փաստի վերայ չէ հիմնուում։ Բորբորիտոն անունը եկեղեցական հայրերը (Եպիփանիոս, Օգոստինոս) տալիս են Գնոստիկեան աղանդների մի ճիւղին, որ ընդհանրապէս Բաբելո-Գնոստիկեան է կոչուում և Ասորիքում տարածուած է եղել։ Խորենացին և Կորիւն միայն Մեսրոպի նոցա դէմ հանած հալածանքն են պատմում, իսկ նոցա աղանդի ծագման և բնաւորութեան մասին ոչինչ չեն յիշում. այնպէս որ այստեղ ևս մենք միջոց չունենք ստուգելու՝ արդեօք նոքա Ասորիքի Բորբորիտոնների հետ որ և է կապ ունէի՞ն։ Գուցէ նոցա ծագումը տարբեր էր և «Բորբորիտոն» կոչուում էին սոքա, ինչպէս և միւսները իրենց կեղտոտ վարքի համար միայն։[5]Յունարէն «բորբորոս» բառը տիղմ, աղբ է նշանակում։ Սակայն նոյն իսկ այդ օտար անունը ցոյց է տալիս, որ նոքա հաւանականաբար օտար ծագումն ունէին։[6]Պրոֆեսոր Կարրիէր ցոյց է տուել ինձ Ունիթորների ժամանակից մնացած մի լատինական գրուածք, որ հետաքրքիր տեղեկութիւններ է պարունակում բորբորիտների մասին. բայց դժբաղդաբար այդ գրուածքը ի մօտոյ ուսումնասիրելու միջոց չեմ ունեցել։ Բոլոր աղանդների բունն Ասորիքն է եղել, իսկ մեր եկեղեցին ինչպէս յայտնի է երկար ժամանակ ամենամօտիկ յարաբերութեան մէջ էր Ասորւոց հետ, ասորական դպրոցի մէջ է կրթել իւր պաշտօնեաներից շատերին։ Ինչ կասկած, որ նոցա բերած կրթութեան հետ շատ կասկածելի տարրեր ևս կարող էին մեր մէջ ներս սպրդել։ Մինչև Ե. դար եկեղեցին նոցա վերայ ուշադրութիւն դարձնելու միջոց չունէր. հարկաւոր էր որ նա ներքուստ և արտաքուստ ամրանար, ունենար իւր սեփական վարդապետները, գիտնական մարդիկ, որպէս զի սոցա քարոզած ուղիղ վարդապետութեան, հարազատ սկզբունքների վերայ չափէր և որոշէր անհարազատ թիւր ուսմունքներն ու վարքը։
Յայտնի է Ս. Մեսրոպի և նորա աշակերտների կատարած մեծ դերը, բայց նոցա պատմական նշանակութիւնը ինչպէս հարկն է բազմակողմանի կերպով ամենևին դեռ չէ պարզուած։ Նոքա միայն գիր ու գրականութիւն չեն տուել մեզ և Աւարայրի համար հերոսներ դաստիարակել. զուր տեղը չէ որ նոքա պատմութիւնից թարգմանիչ անունն են ժառանգել. այդ բառի ներքոյ շատ իմաստ կայ թագնուած։ Արևելեան մի ժողովուրդի համար նոքա թարգմանել են արևմտեան աշխարհի ուսման և գիտութեան արդիւնքները, միջոց տուել հայերին յունական հասկացողութեամբ դաստիարակուելու, յոյնի մտածողութեան եղանակը իրեն սեփականելու և իբրև քրիստոնեայ ժողովուրդ այնուհետև քաղաքակրթութեան ժառանգորդ մնացած արևմտեան քրիստոնեայ ազգերի հետ զուգընթաց առաջ շարժելու։ Մինչև Է. դար հայ դպրոցի մէջ գերակշռողը արևելեան տարրն էր՝ ասորականը, այդ ժամանակից ի վեր յունականը դարձաւ. անշուշտ այդ երկու ոգիների մէջ երկարատև յամառ կռիւ տեղի պիտի ունենար, որ և անմիջական կապ ունի մեր ի նկատի առած աղանդի պատմութեան հետ։
Այս կռուի մի թեթև արձագանգն է անշուշտ, որ մենք գտնում ենք Ղազար Փարպեցու նշանաւոր թղթի մէջ, իսկ այդ թուղթը բաւական նիւթ է տալիս մի քանի եզրակացութիւնների համար, որոնք շատ մեծ նշանակութիւն ունին նոյն ժամանակի պատմութիւնը պարզաբանելու գործում։[7]Այս նշանակութիւնը աշխատել եմ ես մի քանի խօսքով ցոյց տալ իմ գրքի մէջ, եր. 47 շ. Պրոֆեսսոր Մարր, ինչպէս երեւում է առանց ի նկատի ունենալու իմ ասածները, հետաքրքիր զուգադիպութեամբ՝ մասնաւոր ուշադրութիւն է դարձնում նոյն խնդրի վերայ իւր նորերս հրատարակած մի բրոշիւրի մէջ – О начальномъ Исторiи Арменiи Анонима եր. 297 շ.․ որ արտատպած է Византiйски Временникъ. 1894, II. թերթից։ Զուր տեղը չէ որ հին կարգով, ասորական դպրոցում, կրթուած աբեղաները արևմուտքից վերադարձող Խոսրովիկի հասցէին. «Ահա, ո՞ւր գայ միւս թարգմանն» թշնամալից խօսքերն էին ուղղում, այդ թարգմանների գործունէութիւնը անդառնալի կերպով կործանել էր նոցա ազդեցութիւնը հայ ժողովրդի վերայ, կերպարանափոխ էր արել վերջինիս մտաւոր, հոգեկան աշխարհը։ Ինքը Ղազար, որ իբրև ամենաջերմ յունասէրներից մէկը շատ հալածանք էր կրել հին դպրոցի աշակերտների կողմից, թուելով նոցա իւր դէմ գործածած զէնքերը՝ մէջ է բերում նաև մի աղանդի համառօտ նկարագիրը, և թէև նորա անունը տալ արժան չէ համարում, բայց յայտնի նշաններով ցոյց է տալիս, թէ մենք ում հետ գործ ունենք։ Ղազարին հակառակորդները աղանդաւոր էին անուանել և նա հերքում է այդ մեղադրութիւնը այն հիման վերայ, որ ինքը քաջ ծանօթ է աղանդաւորների դէմ ուղղած եկեղեցական նշանաւոր հայրերի գրուածքներին և նոցանցից ուսած ճշմարիտ վարդապետութեան շնորհիւ ապահով ամեն տեսակ մոլորութիւններից։ Ապա աւելացնում է. «Եւ արդ թէպէտ և գըթեալ սոքա (յունական աշխարհի աղանդաւորները) անբժշկութեամբ կաղան ի հաւատն, այլ սակայն բանիւ և ոչ գործով. զի ըստ մարմնոյ պարկեշտութեան յամենայն ճգնութիւնս մի զմիով ելևելս առնեն և մանաւանդ ի կերակուրս և ըմպելիս և ի գիջութեան ժուժկալութիւնս։ — Իսկ հայոց աշխարհի աղանդ՝ զոր ասեն, անանուն է ըստ վարդապետի և անգիր ըստ բանի։ Ի հաւատոյ և յուսմանէ տգէտք երևին և ի գործս ծոյլք և անժոյժք. յորոց՝ ըստ անգիտութեանն, որ է ի նոսա, և ըստ անկարգ վարուց այդպիսի իսկ արդարև աղանդոց վայել էր բուսանել, ըստ յօդուածոյ առասպելաբանութեանն, թէ «ըստ խոզի հարսնացելոյ՝ կոյաջուր բաղանիք»…. բայց ես թէև գիտէի զոք յայնպիսեացն՝ ընդ լրոյ դատել և կամ պարտաւորել ամենևիմբ ոչ կամէի. վասն որոյ կարծէին չարաթոյնքն, թէ և ես նմանիցիմ նոցա»։
Փարպեցու ժամանակ ուրեմն մի աղանդ կար տարածուած, որ նորա կարծիքով հայոց ժողովրդական կեանքի ծնունդ էր և համապատասխան այստեղ իշխող վարք ու բարքին, որի հետ գործ ունենալը մինչև իսկ անվայել էր նորա պէս հելլենական կրթութիւն ստացած, զարգացած մարդու համար։ Բայց իրա՞ւ է արդեօք, որ այդ աղանդը հայոց աշխարհում է առաջ եկել և օտար երկրներում իւր նմանը չունէր։ — Չորրորդ դարու նշանաւոր հայրերից մէկը Ս. Եպիփանիոս, որ մի շատ ընդարձակ գրուածք է թողել մինչև իւր ժամանակ յայտնուած 80 աղանդների դէմ, ներկայացնում է 80րդը իբրև մի աղանդ, որ բոլորովին տարբեր բնաւորութիւն ունի քան թէ միւսները, որի «ոչ սկիզբը յայտնի է և ոչ ծայրը, ոչ գլուխը և ոչ արմատը» և որ ճիշդ Փարպեցու նկարագրին պէս ոչ մի որոշ անուն ունի և ոչ հաստատուն օրէնքներ։ Այդ Մեսսաղեանների աղանդն է, որ չորրորդ դարում յառաջ եկաւ Միջագետքում և շուտով տարածուեց Ասորիքի և Հայաստանի վերայով մինչև հեռաւոր երկիրներ։ Թէ նոքա Հայաստանում գործունէութիւն են ցոյց տուել՝ այդ յայտնի է, և եթէ մենք ուրիշ վկայութիւններ ևս չունենայինք, այնուամենայնիւ հեշտութեամբ կարելի էր ենթադրել, թէ Փարպեցու խօսքը այս աղանդաւորների մասին է։ Բայց մենք ունենք վկայութիւններ որոնց նշանակութիւնը պարզ չէ եղել մինչև այժմ միայն մի թեթև թիւրիմացութեան շնորհիւ։
Վարդանանց պատերազմից մի քանի տարի առաջ կայացած Շահապիվանի եկեղեցական ժողովը, որի նպատակն էր առաջն առնել Ս. Սահակի և Մեսրոպի մահից յետոյ եկեղեցու մէջ մուտ գտած անկարգութիւնների, իւր կանոններից 19րդը և 20րդը ուղղում է մի ինչ որ մծղնէութեան հետևողների դէմ և նոցա համար ամենախիստ պատիժներն է որոշում։ Մծղնէայ բառը Մխիթարեանների բառարանում «պիղծ, պղծագործ աղանդաւոր» է թարգմանած, բայց բաւական է նորա մօտ դնել ասորական Մըցըլլին անունը, որ Մէսսողէանի նախնական ձևն է և «աղօթողներ» է նշանակում, որպէս զի մենք հեշտութեամբ նկատենք այդ երկու բառերի նոյնութիւնը, տարբեր տառադարձութեամբ՝ տարբեր լեզուների մէջ։ Մծղնէութիւնը ուրեմն ուրիշ ոչինչ է, եթէ ոչ եկեղեցական պատմութիւնից յայտնի մի նշանաւոր աղանդ, որի իսկական բնաւորութիւնը թէև դեռ չէ որոշուած, բայց ինչպէս շատ նշաններից երևում է աչքի ընկնող դեր է խաղացել զանազան քրիստոնեայ ազգերի և մասնաւորապէս մեր ժողովուրդի կեանքի մեջ։
Պատմագէտների կարծիքով այս աղանդը, ինչպէս և մի քանի ուրիշ նման աղանդներ, կապ ունի չորրորդ դարում մեծ ծաւալ ընդունած կրօնաւորական կեանքի հետ և նորա մի ծայրահեղ երևոյթն է ներկայացնում։ Բայց ըստ իս այդ կարծիքն անհիմն է։ Արդարև Մծղնէութիւնը շատ անգամ ընդունելութիւն է գտել վանքերում և կրօնաւորական զգեստի տակ թագնուած՝ կարողացել է աւելի ազդեցութիւն ունենալ ժողովրդի վերայ, բայց նա առաջնորդուում էր կրօնաւորութեան բոլորովին հակառակ սկզբունքներով և, ինչպէս Շահապիվանի կանոններից պարզ երևում է, իւր մէջ ընդունում էր ոչ միայն հոգևորականներ, այլ ամեն սեռի, հասակի և դասակարգի պատկանող մարդիկ։ Եպիփանիոս քրիստոնեայ Մեսսաղիաններին տարբերում է համանուն հեթանոս աղանդաւորներից և պնդում է, թէ նոքա ոչ մի կապ չունէին իրար հետ. բայց ընդհակառակը, հէնց միայն նոցա, միևնոյն անունն ունենալուց՝ աւելի հաւանական է եզրակացնել, թէ նոցա ծագումն էլ միևնոյնն է, նոյն հեթանոսական արմատից։ Գոնէ մեզ ծանօթ քրիստոնեայ Մեսսաղեանները միայն անունով են քրիստոնեայ, իսկ իրենց բարքով և սովորութիւններով աւելի հեշտութեամբ կարող են համեմատուել մահմետական դերվիշների հետ։ Այստեղ թէ այնտեղ հաւանականաբար նոյն՝ արևելեան ժողովուրդների յատուկ, զգացումներ և ձգտումներ մի նոր կրօնական շարժման ազդեցութեան տակ նոյնօրինակ երևոյթ են արտադրել։ Արհամարհանք դէպի ամեն տեսակ հասարակական կարգեր և արտաքին արարողութիւներ, մանաւանդ դէպի ձեռքով աշխատանքը՝ Մեսսաղեանների գլխաւոր յատկանիշն է։
Այր և կին միասին խումբերով նոքա ման էին գալիս և ողորմութիւն էին հաւաքում. մկրտութիւն, հաղորդութիւն և այլ եկեղեցական կարգեր աւելորդ էին համարում և մշտական աղօթքներով աշխատում էին արտաքսել, իրենց կարծիքով ամեն մարդու մէջ ի ծնէ բնակուող՝ չար դևին։ Միւստիքական պարով նոքա յափշտակութեան մէջ էին ընկնում և այդպէս ձգտում էին այս աշխարհից կտրուած ցնորքների գրկում երջանիկ ժամեր գտնել։ Այսպիսի մի կեանք բնական է որ շատ շուտով ամեն տեսակ անբարոյական ախտեր արտադրէր, և հաւանականօրէն այդ է պատճառը, որ նոցա մասին այնպէս զզուանքով և սոսկումով են խօսում։
«Եթէ ոք մի մծղնէութեան գտցի (ասում է Շահապիվանի 19րդ. կանոնը) կամ երեց սարկաւագ կամ ի հաբեղայից՝ քահանայութիւնն լուծցի, աղուեսադրոշմ ի ճակատն դիցէ, և ի տեղի մի ճգնաւորաց յապաշխարութեան տացեն։ Ապա թէ դարձեալ ի նոյն գտցի, զջիղսն կտրեսցեն զերկոսեան և ի գոգինոցն տացեն»։ Նոյնպիսի խիստ պատիժներ որոշում է յաջորդ կանոնը նաև աշխարհականների համար. «Կամ իշխան ոք կամ ընտանիք նորին գտցին ի մծղնէութեան, նոյնպէս նզովեալ եղիցին և ի հրապարակ մի իշխեսցեն գալ»….[8]Այս կանոնները մէջ են բերուած մասամբ Չամչեանի Հայոց պատմութեան մէջ եւ աւելի ընդարձակ, բայց նոյնպէս թերի կերպով Աբէլ Արքեպիսկոպոսի «Պատմութիւն ժողովոց հայաստանեայց եկեղեցւոյ» գրքում։ Ինչքան մեծ էր խստութիւնը մծղնէութեան դէմ, այնքան էլ մեծ պետք է եղած լինի սորա հրապոյրը ժողովրդի համար, որ այսպէս քահանայ ու իշխան, ամենքին իւր կողմն էր գրաւում։ Կրօնաւորութեան պահանջած ճգնական կեանքը այս հրապոյրը չունէր. մինչդեռ գաղտնի անբարոյականութեան, օրինազանցութեան, միւստիքական սովորութիւնների ու նախապաշարումների՝ տգէտ և մեղկ ամբոխի վերայ ազդեցութիւն անելը դիւրաւ հասկանալի է։ Ջղերը կտրելու պատիժը հաւանականաբար նորա համար էր, որ աղանդաւորներին արգելուի իրենց խորհրդաւոր պարը շարունակելու։
Եթէ ի նկատի ունենանք, որ Շահապիվանի ժողովը գումարողները Ս. Սահակի և Մեսրոպի աշակերտներն էին և որ նոցանցից առաջ եկեղեցին օտարի ձեռքով էր կառավարուում, որոշ ազգային կերպարանք դեռ չէր ստացել, հասկանալի կլինի, թէ ինչու այս աղանդի վերայ ևս նոքա առաջին անգամ ուշադրութիւն դարձրին։ Մինչև Ե. դար մեր ժողովուրդը ինքնուրոյն կրթութիւն չունենալով՝ չէր կարող դեռ որոշել, թէ որն է հարազատը, որը խորթ, որը ճշմարիտ քրիստոնէականը և որը քրիստոնէութեան անուան տակ ծածկուած մոլորութիւն. և ասորի քարոզիչները, որ հաւանականաբար մեծ մասամբ տգէտ էին և անոպայ վարքի տէր՝ գուցէ իրենք նոյն իսկ արծարծել և քաջալերել էին այսպիսի աղանդներ, ինչպէս էր Մծղնէութիւնը, ինչպէս վերև յիշուած հեթանոսական մնացորդները։ Սահակ և Մեսրոպ և նոցա աշակերտները որոշ կարգեր ու կանոններ սահմանելով՝ կռիւ սկսեցին բոլոր այն տարրերի դէմ, որ խորթ էին և օտարամուտ, և այդ կռիւը նոցա մահով չվերջացաւ։ Կրօնական պատերազմները առ ժամանակ զբաղեցնում էին ամենքի ուշադրութիւնը այնպիսի մեծ և կարևոր խնդիրներով, որ աղանդների հետ զբաղուելու միջոց չկար. իսկ երբ պատերազմը վերջացաւ, այդ աղանդները, ինչպէս Փարպեցու գրութիւնից տեսնում ենք, կրկին գլուխ բարձրացրին և, հաւանականօրէն իրար խառնուեով մծղնէութեան թևի տակ՝ դեռ դարեր շարունակ գոյութիւն ունեցան և պատմութեան մէջ մի քանի անգամ էլի երևան եկան նորանոր անուններով։
Ծանոթագրություններ[+]
↑1 | ծան. Լրագրութեան մէջ արդէն մի քանի անգամ խօսք է եղել իմ գերմաներէն լեզուով հրատարակած՝ «Պօղիկեանք Բիւզանդական կայսերութեան մէջ եւ ազգակից աղանդաւոր երեւոյթներ Հայաստանում» գրուածքի մասին։ Շատերն ինձ առաջարկել են այդ գրքի հայերէն թարգմանութիւնը լոյս ընծայել, բայց ամբողջական թարգմանութիւնը մեր հասարակութեան համար աննպատակ գտնելով եւ նորանոր ուսումնասիրութիւններով ճոխացրած աւելի նպատակայարմար աշխատութիւն ընծայելու միջոց չունենալով՝ տալիս եմ այստեղ այդ գրուածքից մի նմուշ, ըստ ձեւին ի հարկէ փոփոխած բոլորովին եւ ամսաթերթիս նպատակին յարմարեցրած։ Գուցէ ապագայում կհետեւեն նաեւ ուրիշ հատուածներ նոյն գրքից։ |
---|---|
↑2 | Տես Գիրք Բ. գլուխ ԿԶ. |
↑3 | Տես Գիրք Գ. գլուխ Կ. |
↑4 | Տես Ատտիկոսի նամակը. Խորենացի Գիրք Գ. Գլ. ԾԸ, եւ գլ. ԾԹ։ |
↑5 | Յունարէն «բորբորոս» բառը տիղմ, աղբ է նշանակում։ |
↑6 | Պրոֆեսոր Կարրիէր ցոյց է տուել ինձ Ունիթորների ժամանակից մնացած մի լատինական գրուածք, որ հետաքրքիր տեղեկութիւններ է պարունակում բորբորիտների մասին. բայց դժբաղդաբար այդ գրուածքը ի մօտոյ ուսումնասիրելու միջոց չեմ ունեցել։ |
↑7 | Այս նշանակութիւնը աշխատել եմ ես մի քանի խօսքով ցոյց տալ իմ գրքի մէջ, եր. 47 շ. Պրոֆեսսոր Մարր, ինչպէս երեւում է առանց ի նկատի ունենալու իմ ասածները, հետաքրքիր զուգադիպութեամբ՝ մասնաւոր ուշադրութիւն է դարձնում նոյն խնդրի վերայ իւր նորերս հրատարակած մի բրոշիւրի մէջ – О начальномъ Исторiи Арменiи Анонима եր. 297 շ.․ որ արտատպած է Византiйски Временникъ. 1894, II. թերթից։ |
↑8 | Այս կանոնները մէջ են բերուած մասամբ Չամչեանի Հայոց պատմութեան մէջ եւ աւելի ընդարձակ, բայց նոյնպէս թերի կերպով Աբէլ Արքեպիսկոպոսի «Պատմութիւն ժողովոց հայաստանեայց եկեղեցւոյ» գրքում։ |