Ստորև ներկայացվող՝ նկարիչ Գաբրիել Գյուրջյանի (1892-1987) և ճարտարապետ Հովհաննես Մարգարյանի (1901-1963) հոդվածներն ուղենշային են խորհրդային արդիականացման նախագծի համատեքստում արվեստի և կենցաղի բարդ կապը հասկանալու տեսակետից: Հոդվածները ցույց են տալիս, թե նոր՝ հեղափոխական պետության պայմաններում արվեստագետներն իրենց սկզբունքային տարբերություններով ինչպես էին հասկանում նոր կենցաղի խնդիրն ու կենցաղի հետ ինչ հարաբերության մեջ էին տեսնում նոր՝ խորհրդային արվեստի ստեղծման հրատապությունը:
1923 թվականի իր հոդվածում Գյուրջյանը սոցիալիստական շինարարության շրջանում հայ կերպարվեստագետների առջև ծառացած խնդիրը ձևակերպում է իբրև «վոճի պրոբլեմ՝ նոր կուլտուրայի պայմաններում»: Ոճի ստեղծումը Գյուրջյանի համար ենթադրում էր «մերձենալ հայրենի կենցաղին», սակայն այդ մերձեցումը չէր հատում նոր արվեստի խնդիրը գլխավորապես իբրև նկարչական ոճի ստեղծման խնդիր ըմբռնելու սահմանը: Սկզբունքորեն մերժելով իրականությունից կտրված արվեստի գոյության սկզբունքը՝ Գյուրջյանը սոցիալիզմի կառուցման գործում հատկանշորեն «օժանդակ» դեր է հատկացնում արվեստին: Այսպիսով, նոր կերտվող սոցիալիստական մշակույթի պայմաններում, ըստ Գյուրջյանի, նոր արվեստը պետք է կայանար կենցաղի հետ «մերձենալու» և ըստ այդմ՝ նոր գեղարվեստական ոճ մշակելու ճանապարհով։
Գյուրջյանի այս մոտեցումը բացահայտում է 1920-ականներին Խորհրդային Հայաստանի կառավարության, մասնավորապես հին մեծամասնականների՝ թե´ կենցաղի, թե´ արվեստի հանդեպ որդեգրած տեսակետը: Կենցաղի ու արվեստի միջև սահմանագիծը հստակ է․ արվեստը միայն իրեն հատուկ խնդիրների անկյան տակ ու իրեն հատուկ միջոցներով է հանդես գալիս որպես «օժանդակ մի մարմին» նոր մշակույթի ստեղծման գործում: Այս կերպ նոր պետության մեջ տեղական վարքուբարքի իր առանձնահատկություններով դեռևս իշխող «հայրենի կենցաղի» վերակառուցումն արվեստագետների համար քաղաքականապես սահմանվում էր դրան «մերձենալու» և գեղագիտական մակարդակում այն վերափոխելու արարքով:
1928-ի Մարգարյանի հոդվածն արդեն կրում է 1920-ականների երկրորդ կեսին ստալինյան առաջին հնգամյակով պայմանավորված կենցաղի վերափոխման քաղաքականությունների կնիքը: Մարգարյանի պնդումը, թե անցյալի սովորություններն ու բարքերն արդեն իսկ «ոտնակոխ» արված են, վկայում է, որ կենցաղին «մերձենալու» ժամանակը 1920-ականների երկրորդ կեսին արդեն սպառված է: Նոր կենցաղի շուտափույթ կառուցմանն այժմ անմիջականորեն զինվորագրված էին արվեստագետներն իրենք, նրանց թվում նաև Մարգարյանը: Այն, որ Մարգարյանի խոսքով պրոլետարիատը ներկայում ուներ անցյալին սկզբունքորեն հակադիր նոր պահանջներ, միաժամանակ նշում է, որ արվեստն աներկբայորեն պետք է բռներ ներկայի կողմը՝ ստեղծելով նոր մշակույթին ու կենցաղին համապատասխան «տարածության կազմակերպման նոր ձևեր»: Այսպիսով, Մարգարյանի համար արվեստն այլևս «օժանդակ» դեր չուներ նոր կենցաղի ստեղծման խնդրում. այն կոչված էր լուծելու խիստ գործնական՝ նոր կենցաղը ճարտարապետական ձևերով կազմակերպելու հրատապ խնդիրը:
Մարգարյանի հոդվածը 1920-ականների երկրորդ կեսի այն ծրագրային տեքստերից է, որոնք ազդարարում էին արվեստի ու կենցաղի նոր փոխհարաբերության մասին: Այսուհետ կենցաղի վերակազմակերպման պահանջից պետք է ելնեին արվեստի և ճարտարապետության ֆունկցիոնալությունն ու ձևերը՝ կառուցվելիք շինությունների նոր տեսակներից մինչև բնակարանների ներքին կահավորում:
Առաջարկվող տեքստերը բացահայտում են կենցաղի վերափոխման՝ քաղաքական սկզբունքորեն տարբեր հրամայականներով սահմանված 1920-ականների արվեստային խնդիրները։ Եթե առաջին դեպքում նպատակը «հայ արվեստի զարգացման յեվ ժողովրդականացմանն» աջակցելն էր, մյուս դեպքում «եպոխայի սոցիալիստական կենցաղը բյուրեղացնող որգանիզմներ» ստեղծելը:
Բնագրերը հրապարակվում են ըստ՝ Գ․ Գուրջյան, «Կերպարար արվեստագետների ընկերությունը», Վերելք, 1924, թիվ 1, էջ 63-64 և Ովիկ Մարգարյան, «Ճարտարապետական շինարարության խնդիրներից (մտքերի փոխանակության կարգով)», Խորհրդային Հայաստան, 8 հուլիսի 1928 թ.:
Կերպարար արվեստագետների ընկերությունը
Նկարիչ Մարտիրոս Սարյանի նախաձեռնությամբ կազմակերպվել ե կերպարար արվեստագետների ընկերությունը։ Նմանորինակ կազմակերպության հանդես գալը պետական մեր շինարարության այս յեռուն շրջանում ավելի քան նպատակահարմար ե։ Հայաստանի արվեստագետների առջեվ ծառացած ե վերին աստիճանի կարեվոր յեվ անհրաժեշտ մի աշխատանք, վորը թեյեվ դժվար ե, սակայն՝ չափազանց հետաքրքրական, այն ե – նախապատրաստել Հայաստանը արվեստների գալիք բարգավաճ որերի համար։ Այն պահին, յերբ ամենուր հսկայական աշխատանք ե տարվում կոլլեկտիվ յեվ պլանաչափ ջանքերով, պարզ ե, վոր բնավ նպատակահարմար չեն մեր կերպարար արվեստագետների մեկուսացած աշխատանքները։
Մեր իրականության պայմաններում հոգեվոր մերձեցումն մեր արվեսագետների միջեվ անհետաձգելի մի պահանջ ե՝ սուր յեվ հրամայական։ Հայաստանում ժողովված նկարիչներն ոտար են իրար։ Իրանց կրթությունն առած զանազան դպրոցներում՝ նրանք խոսում են իրար հետ գեղարվեստական տարբեր բարբառներով յեվ չեն կարողանում գտնել իրար միավորող լեզուն յեվ հողը։
Մենք ծարավի յենք այնպիսի մի դպրոցի, վորը հենվելով մեր ժողովրդական պարզ յեվ խորունկ արվեստի նմուշների վրա յեվ ուսումնասիրելով մեր հին վոճերը, կարող լիներ կերտել յեվ ստեղծել մեր որերին յեվ նրանց շնչին համապատասխան այսորվա նոր արվեստը։ Ուրիշ խոսքով՝ այսորվա մեր հայ նկարիչ յեվ կերպարար արվեստագետների առջեվ կանգնած ե վոճի պրոբլեմը՝ նոր կուլտուրայի պայմաններում։ Չափազանց բարդ յեվ դժվարին ե այս խնդիրը, մանավանդ այն պատճառով, վոր վոճը չի՛ հորինվում, չի՛ գտնվում, այլ շոշափվում ե զորեղացրած յեվ անկեղծ աշխատանքի պրոցեսում։ Յեվ այդքանն արդեն արվեստագետների մի քանի սերունդների գործ ե, վորպիսին սակայն այժմից իսկ պետք ե սկսել։
Ընկերությունը պետք ե ջանա բարենպաստ պայմաններ ստեղծել՝ այդ աշխատանքները բնականոն հունի մեջ դնելու նպատակով։ Անհրաժեշտ ե վոր արվեստագետները մերձենան հայրենի կենցաղին, ի մոտո ճանաչեն հին հայկական վոճերը, հետաքրքրվեն ժողովրդական ստեղծարարությամբ։
Այդ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ են հաճախակի կազմակերպվող ցուցահանդեսներ, վորոնց կրթա-դաստիարակչական նշանակությունն անժխտելի յե։
Միաժամանակ ընկերությունը կանգնած ե այն տեսակետին, վոր իրական կյանքից կտրված արվեստ գոյություն չունի յեվ վոր արվեստը մեր ընդհանուր շինարարության մեջ ոժանդակ հսկայական դեր ե կատարում։ Այդ իսկ պատճառով, ընկերությունը միավորելով նկարիչներին, ճարտարապետներին, քանդակագործներին, արվեստի պատմագետներին ու գեղարվեստական քննադատներին յեվ իր կենտրոնը հաստատելով Յերեվանում՝ աջակից յեվ ոժանդակ մի մարմին ե դառնալու պետությանը՝ նրա ընդհանուր կուլտուրական շինարարության պրոցեսում։
Ընկերության գլխավոր նպատակն ե – ըստ ամենայնի աջակցել հայ արվեստի զարգացման յեվ նրա ժողովրդականացման։
Այսոր մենք ապրում ենք մի յերկրում, վորն անցյալներում ունեցել ե գեղարվեստական հսկայական կուլտուրա, սակայն այժմ կանգնած ե մի այլանդակ յեվ ավեր ու ավերակ իրականության առջեվ։ Ընկերությունը պարտավոր ե ընդառաջ գնալ այն մասսաներին, վորոնք իրանց հոգեվոր աշխարհի խորքերում անհամար գանձեր պահելով, դարեր շարունակ զուրկ են յեղել այդ ամենը դրսեվորելու հնարավորությունից։ Ընկերությունն ամեն կերպ աշխատելու յե ի հայտ բերել արվեստի դեմոկրատիզացիա յեվ պրոլետարիզացիա։ Այդ նպատակով նա անհրաժեշտ ե համարում կառուցել շարժական պատկերահանդեսներ, ստուդիաներ, արհեստանոցներ յեվ ձեռնամուխ լինել սեփական ակումբի կառուցման, վորպիսին հնարավորություն կտա կազմակերպել զրույցներ, դասախոսություններ, դիսպուտներ յեվ հրատարակել սեփական պարբերականը։
Ի նկատ առնելով այն ծանր պայմանները, վորոնց մեջ ապրում են Հայաստանի նկարիչները յեվ կերպարար այլ արվեստագետները, ընկերությունն աշխատելու յե գեթ տարրական հարմարություններ ստեղծել նրանց համար՝ աշխատանքների նպաստավոր ընթացքն ապահովելու նպատակով յեվ առաջին հերթին աշխատելու յե մատակարարել նրանց այն բոլոր նյութերն ու պարագաները, առանց վորի նրանք անզոր են կատարել իրենց անհետաձգելի աշխատանքները։
Գ. ԳՈՒՐՋՅԱՆ
Ճարտարապետական շինարարության խնդիրներից (Մտքերի փոխանակության կարգով)
Վոր մեր ճարտարապետական շինարարությունը մինչև այժմ տարվել ե սխալ ուղղությամբ, դա արդեն աղաղակող փաստ ե։ Փաստ ե նաև այն, վոր մենք դատապարտելի անտարբեր վերաբերմունք ենք ցույց տվել դեպի այդ բացը։
Մինչև այժմ մենք բավականացել ենք միայն մասնավոր բնույթ կրող բանավեճերով այդ հարցի վերաբերյալ, առանց մամուլի միջոցով դրան մասսաներին մասնակից անելու վերևե փորձի։ Այս տեսակետից «Խ. Հ.»-ի վերջին համարներում լույս տեսած ընկերներ Հալաբյանի և Մազմանյանի հոդվածներն այդ բացերի դեմ պայքարի հրավիրող առաջին կոչնակն են, պայքարի, վորը պետք ե շարունակել մինչև հաղթական վերջը։
—
Յեթե մենք մեր որերից մի քանի դար հետ նայելու լինենք, այդ դարերի ճարտարապետական շինարարության և մեր այսորվա շինարարության մեջ մեթոդական շատ քիչ տարբերություն կգտնենք։
Մինչդեռ շինարարության մյուս ճյուղերում (կամուրջների, հիդրոտեխնիքական և այլն) կառուցողական արվեստը հսկայական քայլերով առաջ ե գնացել, ճարտարապետությունը շարունակում ե նույն մեռյալ կետում մնալ՝ նույն մոտեցումը դեպի ճարտարապետական խնդիրները և տարածության կազմակերպումը, նույն «վոճերը» և կառուցողական նույն մեթոդները։
Մեր դարում – մեքենայի դարում, – յերբ պահանջվում ե նյութի և ժամանակի առավելագույն տնտեսումը, կառուցումները տարվում են պապենական որինակով, ստեղծելով մասսիվ սյուներ, պիլյաստրներ, ֆրոնտոններ և զանազան խայտաբղետ որնամենտներ, վատնելով այդ կառուցումների վրա մի քանի անգամ ավելի նյութ ու ժամանակ, քան այդ թույլ ե տալիս տեխնիկայի այժմյան դրությունը։
Գործադրելով այդ փտած ֆորմաների ստեղծելու համար մեքենաներ, մեր շինարարները համառորեն չեն ցանկանում (կամ չեն կարողանում) յուրացնել կառուցման այն շիտակ սկզբունքները, վորոնց ծնունդ են այդ մեքենաները։ Յեվ իրավացի յե ամերիկացի ականավոր ճարտարապետ Ռայտն ասելով՝ «և նրանք անում են այդ մեքենայի ոգնությամբ, վորի իսկական կոչումն ե հենց այդ մեռած ֆորմաների վոչնչացնելը»։
Յեթե նման դրությունը շարունակվում ե կայուն մնալ բուրժուական յերկրներում անցյալի «չմարվող ֆորմայի և գեղեցկության» պաշտողների համակրանքը և հովանավորությունը վայելելով, մեր հասարակակարգում, վորտեղ վաղուց արդեն վոտնակոխ են արված անցյալի բոլոր սովորությունները և «բարքերը», նման յերևույթն ավելի քան անհանդուրժելի յե, առավել ևս մեր ներկա տնտեսական վիճակում։
Պատմական վոճերը, ինչպես նաև վերջին տասնամյակների բուրժուազիայի եստետիքայի քմահաճույք – «մոդեռնը» մեր որերի համար, մեզ մոտ դառնում են անպետք և անթույլատրելի։
Այսոր սոցիալական նոր սպառողը – պրոլետարիատն ունի իր ուրույն պահանջներն անցյալին միանգամայն հակադիր. նոր արտադրողական-կենցաղային պրոցեսները պահանջում են տարածության կազմակերպման նոր ձևեր։
Հոկտեմբերի ծնած թեմաներն առաջադրում են ճարտարապետական նոր որգանիզմների ստեղծումը, վորոնց պետք ե տալ նոր ձևավորում այդ թեմաները թելադրող բանվորագյուղացիական մասսաների նպատակաձգտումներից յելնելով և միշտ կանգնած լինելով տեխնիկայի բարձունքների վրա։
Գեղարվեստական մոմենտն այդ յերկերի մեջ պետք ե գտնել մասերի ուտիլիտար-կոնստրուկտիվ դասավորումով։
Գեղարվեստական արտահայտչությանը (выразительность) պետք ե հասնել միայն աշխատող ելեմենտների կոնստրուկտիվ կազմակերպության միջոցով։
Յեվ այսոր մենք հնարավորություն ունինք իրագործելու այդ բոլորովին նոր կառուցողական մեթոդներով, նոր նյութերով։
Ահա խնդիրներ, վորոնցով պետք ե մենք զբաղվենք։ Վորո՞նք են դեպի այդ խնդիրների լուծումը տանող ուղիները։ Թվենք մի քանիսը։
Մեր շինանյութերը դեռ շատ քիչ են ուսումնասիրված, մանավանդ նորերը։
Մինչև այսոր մեզ մոտ չկա շինանյութերը հետազոտող մի մարմին։ Յեզակի թվով հին կամ նոր նյութերի ոգտագործման նոր հնարավորությունները գտնելու փորձերը տարվել են պատահական և աննպաստ պայմաններում, վորի հետևանքն ե յեղել, համարյա միշտ, անհաջող արդյունքը։ Սակայն մեր շինանյութերից մի քանիսը նպատակահարմար գործադրումով, կարող են վորոշ ասպարեզներում հաջողությամբ փոխարինել ներմուծվող նյութերը (որինակ պեմզան և արթիկի տուֆը – փայտը)։
Հարթ կտուրների պրոբլեմը, վորը մեզ համար այդքան ակտուալ ե, մինչեվ այժմ դրական լուծում չի ստացել կատարյալ կոնստրուկցիայի տեսակետից. բավարար կոնստրուկցիաները բավականին թանգ են։ Սա յե պատճառը, վոր նա շահել ե մեծ թվով հակառակորդներ, թեպետ պետք ե ասել, վոր մեզանում շատ անգամ անկատարելիության մեջ մեղավոր ե լինում վոչ թե կտուրը, այլ նրա անհաջող շինողը։
Հարթ կտուրի եժան և կատարյալ կոնստրուկցիայի գտնելը հարվածային խնդիր ե։
Շինարարության ռացիոնալիզացիայի և եժանացման նախապայմաններն են՝ մեխանիզացիան և մասսայական արտադրումը։
Մեխանիզացիայի համար մեզ մոտ շատ քիչ ե մտածվում. իբրև փոխադրական միջոց կառուցումների վրա ամենուրեք դեռևս բանվորի մեջքն ե աշխատում, ույժի աղբյուր – բազուկը։
Յեղել են դեպքեր, վոր սխալ ոգտագործման հետևանքով մեքենան դեն ե դրվել և նորից անցվել ե ձեռքի աշխատանքի։
Շինարարության ռացիոնալ մեխանիզացիան մեր անհետաձգելի խնդիրն ե։
Մասսայական արտադրությունը պահանջում ե նորմալիզացիա և ստանդարտիզացիա, սակայն ստանդարտ բառը չպետք ե հասկանալ այն իմաստով, ինչպես մեզ մոտ՝ ամեն մի մեծաքանակ արտադրվող իր կոչում են ստանդարտ։
Ստանդարտը – փորձի ընթացքում բարեփոխված նորմայի (կամ տիպարի) վերջնական արդյունքն ե։ Այստեղից բղխում ե, վոր մի մարդ մի որում ստանդարտ ստեղծել չի կարող, ինչպիսի յերևույթ մեզ մոտ շատ հաճախ ե լինում։
Հարկավոր ե ստեղծել մեր պայմաններին համապատասխանող իսկական ստանդարտներ։
Սոցիալական-կենցաղային բազային հենվելով, հարկավոր ե անցնել ճարտարապետական մեծությունների հիմնական վերափոխմանը, ինչպես նաև նորերի գտնելուն։ Հասարակական կյանքի տեմպն արագացնելու տեսակետից հասունացած խնդիր պետք ե համարել սոցիալիզմի առեչք-կոմունայի տների կյանքում իրագործելը։ Նոր ակումբային շինարարությունը նույնպիսի հրատապ խնդիրներից ե։ Գոյություն ունեցող ակումբային շենքերը հարմարեցված չեն նրա պահանջներին և խանգարում են կուլտ-կրթական և հասարակական աշխատանքների ծավալմանը։
Նոր կառուցվող բնակարաններից իսպառ պետք ե վերացնել ընտանիքի հոգսի հիմքը, կանանց լիակատար ազատագրմանը խանգարող ամենաուժեղ գործոններից մեկը – խոհանոցը, փոխարինելով այն ամենաանհրաժեշտ բնակարանի հետ կապված կարիքներին հարմարեցված, ելեքտրականացված մի անկյունով։
Սա նույնիսկ հրամայական պահանջ ե բնակարանային ներկա ճգնաժամում։
Վոչ պակաս հեղաշրջում մնում ե կատարել և բնակարանի ներքին սարքավորման գործում։ Բնակարանների նախագծման մեջ կահավորումը պետք ե դիտել վորպես ամբողջ որգանիզմի անբաժան մի մասը։ Այստեղ պետք ե իշխի – տարածության մաքսիմում ոգտագործման սկզբունքը։
Այս հարցի մանրամասն անալիզը բերում ե դեպի պարզ, թեթև ու ծալվող կահ-կարասիքի և շարժական միջնորմների (перегородки) գործադրումը, անշարժ կարասիքի (որ. պահարանների) տեղավորումը պատերի մեջ կամ դրանցից միջնորմ կազմելը։
Այս հանգամանքը մի կողմից նպաստելով բնակարանի սանիտարական դրությանը, ազատելով նրան փոշու բներից, մյուս կողմից հնարավորություն ե ընձեռում միևնույն տարածությունը մի քանի անգամ մի քանի կերպ ոգտագործելու. սա ևս բնակարանային ճգնաժամը վերացնելու միջոցներից մեկն ե։
Սոցիալիստական շինարարության շրջանում, ճարտարապետական շինարարության ասպարիզում ամեն մի հարցին պետք ե ունենալ հնարագիտական (изобретательский) մոտեցում, զինված լինելով գիտության և տեխնիկայի նորագույն նվաճումներով և ամեն անգամ ամենայն ուշադրությամբ և հանգամանորեն ուսումնասիրելով կենցաղային, տեղական և արտադրողական խնդիրները։
Հակառակ նախկին ճարտարապետների, վորոնց դերը վերածվել եր շենքերի դեկորատորների, սոցիալիստական շինարարության համար ճարտարապետից պահանջվում ե լինել և լավ ինժեներ։
Այլևս քանդվում ե այն անջրպետը, վորը մինչև որս կար ճարտարապետի և ինժեների մեջ։
Յեվ միայն շարունակ կատարելագործելով աշխատանքի յեղանակները կարելի յե ստեղծել մեր եպոխայի սոցիալական կենցաղը բյուրեղացնող որգանիզմները, և այն ժամանակ միայն մեր շինարարությունը կարտացոլի այսորվա մեր տնտեսական և կուլտուրական վիթխարի վերելքը։
Դժվարին աշխատանք ե այդ և անհատների ուժերից վեր գործ։
Բայց աշխատանքի քաշելով բոլոր կարող ուժերին և կոլեկտիվ ու մասսաների կոնտրոլի տակ անցնող աշխատանքով կարելի յե լուծել և կլուծվեն այդ դժվարին խնդիրները։