«Զգույշ յեվ առանց հարայ-հրոցի» հեղափոխելու քաղաքական պահանջը. մշակութային հեղափոխության խոտորումը 1920-ականների կեսին

 

1920 թվականին խորհրդային կարգերի հաստատումը Հայաստանում միաժամանակ նշանակում էր, որ երկիրն այսուհետ անխուսափելիորեն բռնում է նաև մշակութային հեղափոխության ուղին: Նոր պետության պայմաններում նոր՝ սոցիալիստական հասարակարգ կառուցելու հիմնարար պահանջն էր՝ տեղում իշխող նահապետական կենցաղի ու նիստուկացի փոփոխությունը և լայն իմաստով մշակույթն արդիականացնելու քաղաքական հրամայականի կենսագործումը: 1920-ականների առաջին տարիներին հին մեծամասնականների գլխավորած կառավարությունը, որի շարքերում զգալի թիվ էին կազմում ազգային կուսակցություններից ելած քաղաքական գործիչները (ինչպես Ալեքսանդր Մյասնիկյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Պողոս Մակինցյանը, Ֆլորա Վարդանյանը և այլք), հակված էր խորհրդային իշխանություն ու նոր մշակույթ երկրում հաստատել ելնելով ու հաշվի առնելով տեղական առանձնահատկություններն ու պայմանները: Դրանով էր մեծապես պայմանավորված վերջիններիս հետևողական քաղաքակության մի կողմից գործնականությունը, մյուս կողմից կենցաղի ու մշակույթի վերափոխման երկարաժամկետ գործընթացում մեղմ ու շրջահայաց մոտեցումներ որդեգրելու հաստատակամությունը

1920-ականների կեսին սակայն մշակութային հեղափոխության պետական ծրագրի գործնական ներդրումը սկսեց ի հայտ բերել ոչ միայն քաղաքականությամբ մշակույթը վերափոխելու ողջ բարդությունն ու հարուցած խնդիրները, այլև ինքնին այդ քաղաքականության ներքին այլափոխման ընթացքը: 1925 թվականին Ավանգարդ թերթում տպագրված Համո Հովհաննիսյանի[1]Հոդվածը ստորագրված է Հ. Հովհաննիսյան։ Դատելով հոդվածի շեշտադրումներից ու գրելաոճից, կարելի է ենթադրել, որ հեղինակը Համո Հովհաննիսյանն է, որ այս շրջանում Ավանգարդ թերթի խմբագիրն էր: Համո Հովհաննիսյանի մասին մեզ, ցավոք, շատ բան հայտնի չէ: Հովհաննիսյանը եղել է կուսակցական աշխատող, լրագրող: 1904-ին Վանում ծնված Հովհաննիսյանը Կոմունիստական կուսակցության անդամ է դարձել 1924-ին: 1928-ին ավարտել է Մոսկվայի ժուռնալիստիկայի կոմունիստական ինստիտուտի վերապատրաստման դասընթացները, 1932-1935-ին սովորել է Մոսկվայի կարմիր պրոֆեսուրայի պատմափիլիսոփայական … կարդալ ավելին «Զգույշ յեվ առանց հարայհրոցի» հոդվածը հակակրոնական քարոզչության խնդիրների քննարկմամբ բացահայտում է մշակույթի վերափոխմանը կոչված, բայց հենց այդ մշակույթի հետ հարաբերման արդյունքում անխուսափելիորեն փոփոխված քաղաքականության խնդրականությունը

Հոդվածում հստակ ամրագրված հակակրոնական պայքարի ձևերը հիմնովին փոփոխության ենթարկելու քաղաքական պահանջն ինքնին վեր է հանում այդ պայքարի ձևական ու հռետորական դարձած լինելու խնդիրը: Հովհաննիսյանի առանցքային դիտարկումը, որ հակակրոնական քարոզչություն վարող երկրում անընդունելի է սեփական քաղաքացիների կրոնական զգացմունքները վիրավորելը, դեռևս արձագանքում է հին մեծամասնականների մեղմ քաղաքականություն վարելու կոչերին: Այդ կոչերը տասնամյակի կեսին ուղղված էին կանխելու հին կենցաղի ու հաստատված մշակույթի վերափոխման գործում աստիճանաբար հաստատուն դարձող անհանդուրժողական ու ծայրահեղ միջոցների կիրառումը:

Հովհաննիսյանի հոդվածը 1920-ականների կեսի այն վճռական շրջափուլին է անդրադառնում, երբ հին մեծամասնական պետական ղեկավարությունը ջանք էր գործադրում նոր կենցաղի դեմ պայքարում որդեգրված ծայրահեղ ու ձևական միջոցները վճռականորեն հայտարարել «անթույլատրելի», այդ կերպ փորձելով վերահաստատել քաղաքական այն լայնախոհությունը, որը մշակութային հեղափոխության կենսագործման համար անհրաժեշտ էր համարում «զգուշությունը» և «լրջությունը»:

Հրապարակվում է ըստ՝ Հ. Հովհաննիսյան, «Զգույշ յեվ առանց հարայհրոցի», Ավանգարդ, 30 դեկտեմբեր 1925 թ.:

 

Զգույշ յեվ առանց հարայ-հրոցի

Հակակրոնական ղալմաղալները միայն կրոնամոլության ջրաղացի ջուրն են ավելացնում. այս ծննդին ամեն մի կոմյերիտական իր զգուշությամբ յեվ լրջությամբ պիտի ապացուցի, վոր յուրացրել ե հակակրոնական աշխատանքի նոր գիծը

Դեռ անցյալ տարի մենք յեկանք այն համոզման, վոր հարկավոր ե մեր հակակրոնական պայքարի ձեվերը հիմնովին փոփոխության յենթարկել։ 

Անկասկած, այդ համոզումը հիմնված եր վորոշ փորձի վրա։ Մինչ այդ մենք մի կողմ թողած լուրջ և խորացրած հակակրոնական աշխատանքը, միայն կամպանիաներին եյինք զոռ տալիս։ «Կոմյերիտական ծնունդ», «կոմյերիտական զատիկ» և այլն, սրանք այն որերն եյին, յերբ կոմյերիտմիությունը քաղաքում թե գյուղում դուրս եր գալիս իր ղալմաղալով «յերկինքը ռմբակոծելու»։ 

Քիչ չեն յեղել դեպքեր, յերբ մենք չափազանց կոպիտ կերպով վիրավորել ենք աշխատավորության, դեռ զանազան նախապաշարումների ազդեցության տակ գտնվող տարրերի կրոնական զգացմունքները։ Նրանց ծաղր ու ծանակի յենթարկելով, միայն կրոնամոլության ջրաղացի ջուրն ենք ավելացրել։ Նրանք մի տեսակ իրենց «հալածվածներ և նահատակներ» զգալով, մոլեռանդության գիրկն են ընկել։ Յեվ յերբ այդ կամպանիաները վերջացել են, մենք մոռացության ենք տվել հակակրոնական ամեն մի աշխատանք։ Ինչպես վերեվում շեշտեցինք, տակավին անցյալ տարի միությունը զգաց, վոր այդպես չի կարելի շարունակել։ Սակայն, մի շարք բջիջներ (մանավանդ գյուղում) և առանձին կոմյերիտականներ, դժվարացան հաշտվել այդ մտքի հետ։ Նրանք «ծնունդին» և զատկին, նորից աղմուկի քամակից ընկան և վորոշ անախորժությունների տեղիք տվին։ Յեվ, ի հարկ ե, այդ ամենը միայն այն արդյունքն ունեցան, վոր մենք այս տարի արդեն ավելի վճռական և վորոշակի կերպով ենք դնում այդ վնասակար յելույթներին վերջ տալու հարցը։ 

Այժմ վոչ միայն թույլատրելի, այլ յեվ ներելի չե հնի մեջ համառել։ 

Այս մոտակա «ծննդին» ամեն մի կոմյերիտական իր զգուշությամբ և լրջությամբ պիտի ապացուցի, վոր միության հակակրոնական աշխատանքների նոր գիծը լավ ե յուրացրել։ Հարայ-հրոցի կարիք չկա։ Հարկավոր չե, վոչ կարիկատուրա (ծաղրանկար), վոչ կարնավալ, վոչ ճչան ճառեր, վոչ առհասարակ «կոմյերիտական ծնունդ»-ի տոնակատարությունը, վորը ինքնին մի թյուրիմացություն ե (այլապես, ինչ ե նշանակում «կոմյերիտական ծնունդ»)։ Յեկեք ավելի խելոք գործ բռնենք։ Յեկեք առանց ճչալու այդ կրոնական տոներին ակումբում և խրճիթ-ընթերցարանում կրոնական հարցերի մասին գիտական լուրջ դասախոսություններ և զրույցներ կազմակերպենք (յեթե, ի հարկ ե, լավ դասախոսներ կը ճարվեն) հակակրոնական գրքեր կարդանք ու բացատրենք (մասնակից դարձնելով, ի հարկ ե, անկուսակցական մասսաներին) և այլն։ Իսկ մեր ուրախ յերեկոներով, լավ-լավ ներկայացումներով, խաղերով, պարերով և այլն, մենք ենպես գրավենք բոլորին, վոր ժամ գնացողն ել փոշմանի, թե ինչու մեզ մոտ չեկավ։ Մեր այդ առողջ զվարճությունները մենք պետք ե հակադրենք քեֆերին և հարբեցողության, վորոնք կրոնական տոներին մեծ ծավալ են ստանում։

Այսպես պիտի աշխատել։ Թե չե են հին ձեվերը միայն մեր հեղինակությունը կը գցեն, մասսաները մեզանից կը հեռացնեն և դեռ խավարամիտ տարրերին անտեղի կոմյերիտմիության դեմ կը լարեն։ Ներկայումս յուրաքանչյուր կոմյերիտական պիտի հասկանա, վոր հակակրոնական աշխատանքը կամպանիա չի, այլ մեր ամենորյա խնդիրը։ Ծավալենք յեվ ուժեղացնենք գյուղում գյուղատնտեսական բնագիտական խմբակներ։ Քաղաքում ակումբներին կից անաստվածների խմբակներ հիմնենք։ Անկուսակցական մասսաներին այդ խմբակների շուրջը համախմբենք։ Յեվ վոր ամենից գլխավորն ե, ինքներս մեզ վրա աշխատենք յեվ զինվենք հակակրոնական հիմնավոր պատրաստությամբ, վորպեսզի կարողանանք վոչ թե հայհոյել կրոնը, այլ ապացուցել նրա վողջ կեղծիքը։ Այդպես պիտի փորել կրոնի հիմքերը։ Մնացածը քամի յե և վնասից զատ վոչ մի արդյունք չունի։ 

Ծանոթագրություններ

Ծանոթագրություններ
1 Հոդվածը ստորագրված է Հ. Հովհաննիսյան։ Դատելով հոդվածի շեշտադրումներից ու գրելաոճից, կարելի է ենթադրել, որ հեղինակը Համո Հովհաննիսյանն է, որ այս շրջանում Ավանգարդ թերթի խմբագիրն էր: Համո Հովհաննիսյանի մասին մեզ, ցավոք, շատ բան հայտնի չէ: Հովհաննիսյանը եղել է կուսակցական աշխատող, լրագրող: 1904-ին Վանում ծնված Հովհաննիսյանը Կոմունիստական կուսակցության անդամ է դարձել 1924-ին: 1928-ին ավարտել է Մոսկվայի ժուռնալիստիկայի կոմունիստական ինստիտուտի վերապատրաստման դասընթացները, 1932-1935-ին սովորել է Մոսկվայի կարմիր պրոֆեսուրայի պատմափիլիսոփայական բաժանմունքում։ 1921-1924-ին Խորհրդային Հայաստանի տարբեր շրջաններում եղել է կոմունիստական երիտասարդական միության շրջանային կոմիտեի քարտուղար: 1924-1928-ին զբաղեցրել է Ավանգարդ, իսկ 1928-1932 և 1935-1937-ին՝ Խորհրդային Հայաստան թերթերի խմբագրի պաշտոնը։ Եղել է Կենտրոնական կոմիտեի և Կենտրոնական գործագիր կոմիտեի անդամ։ Հեղինակն է Կապիտալիզմի անհավասարաչափ զարգացման հարցի շուրջը (1935), Հին ինտելիգենցիայի հարցի շուրջը (1931) ուսումնասիրությունների։ 1937-ին մահացած Հովհաննիսյանը հավանաբար ստալինյան բռնաճնշումների զոհ է դարձել: