Ռուսոյի Հասարակական դաշինքի առաջին հայերեն թարգմանությունն իբրև հեղինակի հակասականության մերկացում

 

Մեզանում արդի մտքի և լուսավորական գաղափարների հետ առաջին ծանոթությունները զուգորդվել են այդ գաղափարների ներքին հակասականության և դրանց հեղինակների զգացմունքային պառակտվածության մասին քննարկումներով։ Բարոյական և հուզական երկփաղկումների անկյան տակ էր, օրինակ, 1827 թվականին մխիթարյան միաբանության անդամ Ղուկաս Ինճիճյանը պատկերում 18-րդ դարի կարևորագույն լուսավորիչներից մեկին՝ Ժան-Ժակ Ռուսոյին (տե՛ս այստեղ)։ Ներքին հակասականության տեսակետից Ռուսոյին դիտելու շատ բնութագրական օրինակ է փիլիսոփայի Հասարակական դաշինք աշխատության հայերեն առաջին, ցայսօր անտիպ թարգմանության վերջում զետեղած թարգմանչի «վերջաբանութիւնը»։ Թարգմանիչը՝ Հովհաննես Չամուռճյանը, Ռուսոյի աշխատությունը թարգմանել է գրաբար և վերնագրել՝ Դաշն ընկերական։ Իր վերջաբանում Չամուռճյանը բացատրում է թե ինչու է ձեռնարկել թարգմանել մի գիրք, որն իր գնահատմամբ «հաւէտ ’ի հուր արկանել արժան էր»։ «Անաստուած» Ռուսոյի միտքը հակադրելով ներդաշնակ աստվածաբանական ճշմարտությանը՝ Չամուռճյանը ջանում է, ցուցադրել Ռուսոյի փիլիսոփայության հակասականությունը (բնական օրենքի աստվածային սկզբի և բնական օրենքից բխեցվող անաստված հետևությունների միջև) և չեզոքացնել դրանում առկա վտանգները (անաստվածություն, քաղաքական հուզումներ)։ Ինքը՝ Չամուռճյանը ճշմարտության աղբյուրը համարում է աստծու գոյությունը, որի հիման վրա կառուցվում է մեկը մյուսի հետ փոխկապակցված ճշմարտությունների մի ողջ շղթա։ Վերջինիս տարբեր օղակների միջև կապերը հաստատվում են արիստոտելյան տրամաբանության միջուկի շուրջ կառուցված սխոլաստիկ տրամաբանության կանոններով։ Արդյունքում հառնում է աստվածային կարգն արտացոլող մի համակարգ, որում ամեն ինչ արտածվում է Աստծու գոյությունից և հանգեցվում դրան։

Տրամաբանությամբ պահվող աստվածաբանական ճշմարտության այս շղթայից ցանկացած շեղում թարգմանիչն ըմբռնում է իբրև հակասականություն. և հակառակը՝ ցանկացած միտք, որը սխոլաստիկ տրամաբանության չափանիշներով պարունակում է հակասություն, անհրաժեշտաբար շեղվում է աստվածային այս սկզբից։ Ուրեմն, երբ Չամուռճյանը Ռուսոյին ըմբռնում է իբրև իր մտածողության մեջ հակասություններով լի հեղինակ, նրան տալիս է հստակ աստվածաբանական գնահատական։ Ավելին, Չամուռճյանը Ռուսոյի փիլիսոփայության տրամաբանական հակասությունների մեջ տեսնում է հեղինակի զգացմունքային և բարոյական պառակտման հիմքը՝ նրա տագնապենրի գլխավոր աղբյուրը։ Այս առումով Չամուռճյանը մի կողմից համաձայնում է Մխիթարյան միաբանության անդամ Ղուկաս Ինճիճյանի հետ, որը ժնևցի փիլիսոփային ըմբռնում է իբրև ներքին բարոյական ու հուզական հակասություններով, «արտառոց մաղձոտ սրտնեղ երկսայրի մարդ» (տե՛ս այստեղ), իսկ մյուս կողմից ինքն է գալիս հիմնավորելու այդ գնահատականը՝ խնդրո առարկան բարոյականից բերելով աստվածաբանական տեսական մակարդակ։

Հրապարակվում է ըստ՝ Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարան, ֆոնդ Ատոմ և Նվարդ Տերոյենցի, գործ 46, էջ 332-335։ Բնագրի ուղղագրությունը հիմնականում պահել ենք նույնը այն տարբերությամբ, որ միօրինակության ենք բերել մեծատառերի ուղագրությունը և ձեռագրում հանդիպող բազում հապավումներ բացել ենք։

 

Վերջաբանութիւն

Թերևս տարակաուսեսցի ոք՝ թէ ընդէ՞ր զայսպիսի գիրս՝ զոր հաւէտ ’ի հուր արկանել արժան էր՝ ես արժանաւոր դատեցի ’ի հայ լեզու թարգմանութեան։ Յայտնի պատճառ՝ և առ բազումս ’ի գրչաց սովորեալ այն է. զի բանք պիտանիք գոն ’ի սմա. և այլն։ Այլ ես չունիմ այսպիսեօք արդարացուցանել զիս։

Բազում անգամ լուեալ է իմ. թե բանք անաստուած աղանդաւորաց՝ կախադրիչք են մտաց. մինչև մոլորեցուցանել և զընտրեալս. և թէ չի՛ք ուրուք պարանեալ ’ի վարմս նոցա և ապրեալ։ Առ ճշմարիտ լինելոյ այսմ. հա՛րկ էր և բանիցն ասացելոց լինել ճշմարիտ, կամ ո՛չինչ երևելի հակասութիւնս պարունակել. քանզի միտք հակին ’ի ճշմարիտն իսկապէս կամ առ աչօք. իսկ կանոն ճշմարիտ է՝ ո՛չ փակել յինքեան զհակասականս։ ուստի առ աչօք ճշմարիտ ասին՝ որոց հակասութիւնք ո՛չ ամենայն աչաց են տեսանելիք. այլ ճարտար դատման և երկայնամիտ խուզողութեան կարօտին. ուստի զանզգոյշս և զկարճամիտս և զվաղադատս կարեն ըմբռնել ’ի ծուղակի։ Սոցա աղանդ ո՛չ ինչ ունի յայսպիսեաց.  ուստի և սո՛ւտ է կախարդիչ մտաց լինել սոցա։ Յապացոյց սորա ահաւասիկ յանձն առանք թարգմանել զսա, որ մի յերևելի իմաստասիրաց եւրոպացւոց է՝ իւրոյ ժամանկին. մինչև իբր առասութեամբ կոչիլ ճինէվրացի իմաստասէր. և թէ էին գաղտնիք ինչ՝ մտաց յանկուցիչք՝ ’ի սմա պարտին գտանել. այլ այս մատեան լի է հակասութեամբ. որպէս ’ի ծանօթութիւնս անդ յորս ըստ մերում խակամտութեանս աշխատասիրեցաք, ակն յայտնի տեսանի. այլ և առաւել ևս ’ի վերջին ճառի անդ ’ի չորրորդ գլուխն յայտնի արարաք ընթերցողին։

’Ի վերջէ զայն ինչ յուշ առնել բարւոք համարիմ. զի որպէս ասէ Լայպնից, և մեք կրկնեցաք ’ի յառաջաբանութեան. մին և ճշմարիտն կրկին յատկութիւնք էակի անաբաժանելի՛ք են ’ի միմեանց. ճշմարտութիւն  թէ՛ և բազմապատիկ՝ աղխաղխեա՛լէ ընդ միմեանս շղթայօրէն. որոյ առաջին անուր է գոյութիւն Աստծոյ. և վերջին՝ օգուտ արարածոց իւրոց՝ զորոց ինքն խնամս ունի. ’ի մէջ երկուց կետից միում ուղղորդի միայն հնա՛ր է գալ. որ շեղի ’ի միոջէ յայսցանէ՝ հարկիւ հակասութիւն ինչ յինքեան պարունակէ. ուստի և զմիտս ո՛չ յանկուցանէ։ Այս պատճա՛ռ է՝ զի որք ընդ արտուղի գնան յուղղութեան ճանապարհէն՝ միտք նոցա, կամ որ նո՛յն  է ասել՝ խիղճ մտաց նոցա տագնապէ զնոսա և ստգտանէ։

Ուստի փառս տացուք աստծոյ մեք քրիստոնեայքս, որ արժանիս արարեալ զմեզ ’ի սուրբ հաւատս իւր դաստիարակիլ՝ յայդպիսի խայթից խղճի մտաց և ’ի տագնապէ անխորշելի հակասութեանց փրկեաց ըզմեզ։ Բազմաստուածութիւն հեթանոսաց բարձաւ. անաստուածութիւն յատուկ է անկիրթ ազանց. Աստուած անխնամ աշխարհի նո՛յն է թէ եղիցի և թէ ո՛չ. խնամեալ նորա զաաշխարհս  առանց ումեք յայտնելոյ զկամս իւր՝ է՛ թողուլ զմարդն անխնամ. զպատուականագոյնն ’ի ստեղծուածս իւր որ յաշխարհի յայսմիկ։ Յայտնեաց մեզ աստուածաշունչ գրովք իւրովք, նոր և հին կտակօքն, յորոց ուսանիմք զամենայն կամս և զամենայն տնտեսութիւն աստուածային. ապա չի՛ք բանաւոր և՛ մտաց յանկուցիչ հաւատք ’ի սկզբանէ աշխարհի մինչև ցայժմ. բաց ’ի հաւատոցն հիմնելոց յաստուածային յայտնութիւնսն. և ո՛չ այլ կարէ լինել։ Քանզի արդարանայ և յայսմիկ առաքելոյն ասել. «մի հաւատք»։