Հայ իրականության արդիացման գործընթացի առանցքային պահերից է եղել քաղաքական հաղափոխական գործունեությունը։ Վերջինիս պատմական ակունքներն ընկած էին հայ ազգային հեղափոխական կուսակցությունների կազմավորմանը նախորդած շրջանի՝ 1850-60-ականների քաղաքական շարժումների ու ակտիվացումների մեջ։ Հետագայում ձևավորված քաղաքական կուսակցությունների վրա հատկապես մեծ ազդեցություն է գործել այդ տարիներին ակտիվ Միքայել Նալբանդյանի գործունեությունն ու միտքը։ Ուրեմն հայերի քաղաքական հեղափոխական արդիացումը հասկանալու համար կարևոր է տեսնել այն գաղափարների ու փիլիսոփայական մտայնությունների շրջանակը, որից սնվում էր հայ հեղափոխական այս առաջնեկի միտքը։
Այս հարցում հսկայական աշխատանք է կատարել Նալբանդյանը և նրա ժամանակը ծավալուն երկատորյակի հեղինակ՝ պատմաբան Աշոտ Հովհաննիսյանը, ով իր հերթին լինելով նաև Խորհրդային Հայաստանի հիմնադիր հեղափոխական գործիչներից, իրեն համարում էր նույն Նալբանդյանի քաղաքական ժառանգության կրող։ Ամփոփելով Նալբանդյանի՝ բանտարկության շրջանում կատարած մտավոր աշխատանքը Հովհաննիսյանը նկատում է, որ իր կյանքի վերջին հատվածում առավել սուր հեղափոխական մտայնություններ արտահայտող Նալբանդյանը էապես ոգեշնչված էր Ժան-Ժակ Ռուսոյի մտքով։ Երկու էջից պակաս ծավալ ունեցող մի հատվածում Հովհաննիսյանին հաջողվել է փաստերի վրա հենվող պատմաբանի ճշգրտությամբ, խիտ, ամփոփ կերպով, բայց և դիպուկ ու միաժամանակ իրեն հատուկ բանաստեղծականությամբ որսալ ժնևցի փիլիսոփայի հետ հեղափոխական կալանավորի խորը գաղափարական և էլ ավելի խորը զգացմունքային սրտակցությունը։
Հրապարակվում է ըստ՝ Աշոտ Հովհաննիսյան, Նալբանդյանը և նրա ժամանակը, հ. 2 (Երևան։ Հայպետհրատ, 1956) էջ 538-540։
Ռուսսոյիզմի մոտիվներ
«Սոս և Վարդիթեր»-ի կրիտիկայի մեջ կան դիտողություններ կապիտալիստական քաղաքակրթության «նոր բաբելոնների» մասին։ Ուշագրավ են այն տողերը, ուր նկարագրվում են քաղաքներում համախմբված չքավորությունը և դրանից ծայր առնող ֆիզիկական և բարոյական այլանդակությունները, ոճիրների աճը, մանկահասակների պրոստիտուցիան, վեներական ախտերը և այլն։ Կանգ առնելով գյուղական վերնախավերի մեջ տարածված բարոյական ախտերի վրա՝ քննադատը գրում էր․ «Ազգի այս տեսակ բարոյական խոցերը․․․ ոչ միայն կարող են փթթիլ, այլև իրենց վարակիչ որակությամբ շատ կորստաբեր լինել․ սոքա ընդհանուր մարդկության խոցեր են և ոչ լոկ մեր ազգին սեփական․ թերևս շատ, ընդհանուրի խոցերից ազատ է մեր ազգը։ Չկարծեն, թե այս խոսքերը ասելով խունկ ենք ծխում ազգին, ոչ․ միայն ճշմարտությունն ենք խոստովանում»[1]Նույն տեղը, եր․ 210: Միքայել Նալբանդյան, Անտիպ յերկեր (Յերեվան, Մոսկվա։ Պետհրատ, 1935), էջ 210։ Հիշատակելով հայ գյուղի «բարոյական խոցերը» հետագա ռուս նարոդնիկությունը հիշեցնող մի մտայնությամբ՝ Նալբանդյանը դիտում է միաժամանակ նաև նրա «բարոյական անմեղությունը», որչափ նա դեռ «թունավորված չէր արվեստական բարոյականությունից», պայմանական այն էտիկետներից, որոնց տակ «տնքում է այսօր նույնիսկ լուսավորյալ Եվրոպան»։ Ռուսսոյական մտայնություն էր սա, որ բնորոշ է Նալբանդյանի վերջին շրջանի գրվածների համար։
Առաջին և վերջին հայ հեղինակը չէր Նալբանդյանը, որ արձագանքում էր մեծ ժնևցուն։ Նալբանդյանից առաջ նրան արձագանքել էր «Վերք»-ի և «Տիգրանի պատմության» հեղինակը, Նալբանդյանից հետո՝ «Սալբի»-ի հեղինակը։ Աբովյանը անդրադարձավ գերազանցորեն Ռուսսոյի էմոցիոնալ բնապաշտությանն ու մանկավարժական որոշ հայացքներին, Րաֆֆին՝ նրա ազատասիրությանն ու էգալիտարիզմին, Նալբանդյանը՝ նրա ընդհանուր հասարակահայացքին, նրա վերաբերմունքին դեպի «քաղաքակրթությունը», ընտանիքն ու մարդը։ Նալբանդյանին գրավում էր անշուշտ Ռուսսոյի ելույթը «քաղաքակրթության» բերած անհավասարության ու բարքերի ապականության դեմ, նրա բողոքը խոշոր հողատիրության և ճորտության դեմ, նրա պայքարը հանուն «բնական իրավունքի» և «հասարակական պայմանագրի» վրա հիմնված հավասարության։
Տակավին 1860 թվականին Նալբանդյանը «բնական օրենքը» հռչակում էր մարդկային բոլոր օրենքներից գերագույնը։ Բնական այդ օրենքի վրա է հիմնված նրա քարոզած՝ մարդկանց «հավասար իրավունքը» կամ «հասարակաց հավասարությունը»[2]Ե․ Լ․ Ժ․, ⅠⅠ, եր․ 303 և հետ․ և 309։ Միքայել Նալբանդյան, Յերկերի լիակատար ժողովածու, հ. 2 (Երևան։ Հայկական ՍՍՌ գիտությունների ակադեմիայի հրատարկչություն, 1947), էջ 303-305, 309։ Հայերի ընկերական կյանքը, ասում էր Նալբանդյանը, թշվառության կվերածվի, «եթե եվրոպական ընտանեկան բարքի զեղխությունքը և ավերանքը, որպես քաղաքակրթության հատկություն, պատվաստվին հայկական ընտանիքի վերա»[3]Նույն տեղը, եր․ 310: Նալբանդյան, Յերկերի լիակատար ժողովածու, հ. 2, էջ 310։
Ռուսսոյական շունչը առկա է Նալբանդյանի մոտ տակավին «Երկրագործության» էջերում, ուր նա քարոզում էր վերադառնալ դեպի «բնության գոգը»— երկրագործությունը — կամ ուր գրի էր առնում ախտակիր իր ինվեկտիվները «քաղաքակրթության» հասցեին։ «Քաղաքակրթության» արատների դեմ նախազգուշացնում էր Նալբանդյանը նաև հետագա իր երկերում։ «Սոս և Վարդիթեր»-ի կրիտիկայում և Վարդան Արևելցու «Հավաքումն պատմության» գրքի մասին գրած իր քննադատականում նա հայերին համեմատաբար ազատ էր համարում «քաղաքակրթության» բերած հանցանքներից ու ոճիրներից, չնայած որ հայոց «ազգը, անպոչ և անգլուխ, բացարձակ ստրկության մեջ էր ապրում», դրություն, որը աղբյուր կարող էր դառնալ ամեն տեսակի հանցանքների և ոճրագործության։ Եվ վերջապես, «Աղցմիք»-ի էջերում Նալբանդյանը վեր էր հանում «բնական օրենքի» արտահայտությունը մարդկանց ընտանեկան հարաբերությունների մեջ։
Բոլոր այս դեպքերում նա, ինչպես և Ռուսսոն, չէր քարոզում, հարկավ, վերադարձ դեպի բնակենցաղ մարդու պրիմիտիվ կյանքն ու մորալը։ Նրա, ինչպես և Ռուսսոյի, պահանջն էր՝ վերականգնել մարդկային հարաբերությունների բնական այնպիսի ձևեր, որոնք կարող են համերաշխել լուսավորված հասարակության կենսապայմանների հետ։ Բնական ազատություն, բնական հավասարություն ընտանեկան և հասարակական ժամանակակից հարաբերությունների մեջ — այս էր Նալբանդյանի, ինչպես և Ռուսսոյի, հիմնական պահանջը։
Այս ամենից հետո հասկանալի պիտի լինի մեզ մեծարանքի այն տողերը, որ գրի առավ Նալբանդյանը 1865 թվականին «բնության և ճշմարտության» մարդու՝ Ժ․ Ժ․ Ռուսսոյի մասին։ Պատմության անծայրածիր հարթավայրում մեծ հումանիստը վեր էր խոյանում նրա առաջ որպես բարոյական հսկա, որ երկաթե ձեռքով փշրում է ստրկության հազարամյա շղթաները, առաջնորդվելով տագնապող մարդկությունը դեպի «բնության և ճշմարտության», ազատության, հավասարության և եղբայրության հուսակայանը։
Ծանոթագրություններ
↑1 | Նույն տեղը, եր․ 210: Միքայել Նալբանդյան, Անտիպ յերկեր (Յերեվան, Մոսկվա։ Պետհրատ, 1935), էջ 210 |
---|---|
↑2 | Ե․ Լ․ Ժ․, ⅠⅠ, եր․ 303 և հետ․ և 309։ Միքայել Նալբանդյան, Յերկերի լիակատար ժողովածու, հ. 2 (Երևան։ Հայկական ՍՍՌ գիտությունների ակադեմիայի հրատարկչություն, 1947), էջ 303-305, 309 |
↑3 | Նույն տեղը, եր․ 310: Նալբանդյան, Յերկերի լիակատար ժողովածու, հ. 2, էջ 310 |