Ալեքսանդր Մյասնիկյանի «որբերը» և տեղական համատեքստը

 

Արևմտահայ գաղթական, որբ, կոմունիստ հասարակական գործիչ Ադո Ադոյանը տասնհինգամյա աքսորից վերադառնալուց հետո առաջին նյութերից մեկը, որ տպագրում է հայ խորհրդային մամուլի գլխավոր օրգանում` Սովետական Հայաստան թերթում, Հայկական ԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհրդի (Ժողկոմխորհ) առաջին նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանի հիշատակին նվիրված հոդվածն էր :

Նոր կառավարությունը` Մյասնիկյանի գլխավորությամբ, աչքի էր ընկնում իր հանդուրժող քաղաքականությամբ, որի շնորհիվ  բազմաթիվ արտոնություններ ընձեռվեցին ամերիկյան որբախնամ կազմակերպությանը` նաև հողատարածքներ տրամադրելով որբերին հողագործություն և գյուղատնտեսություն սովորեցնելու նպատակով: Հոգատարությամբ պարուրելով որբերին` այնուամենայնիվ,  1921 թվականին Մյասնիկյանը գրում էր, որ խորհրդային Հայաստանը այլասերվող և ապամարդկայնացված գաղթականների ու որբերի մի վայր է (տե՛ս «Հին և նոր Հայաստան», Ալեքսանդր Մյասնիկյան, Խորհրդային Հայաստան, նոյեմբեր 29, 1921), իսկ արդեն 1923-ին Եռամյա Սոցիալիստական Հայաստանի առօրյա խնդիրները շարադրելիս նա առանձին հատված է հատկացնում նաև որբերին, որտեղ Հայաստանը արդեն որակում է «որբերի երկիր»` որբին շաղկապելով երիտասարդ կոմերիտականների հետ: Սա բնավ չի խոսում Մյասնիկյանի հոգատարության բացակայության մասին, այլ որ նա տեղյակ էր Լուսավորության ժողովրդական կոմիսարիատի նոր ծրագրին: Այդ ծրագիրը գրվել էր ըստ Արոն Զալկինդի տեսության, ով մանկաբանության գլխավոր տեսաբաններից էր և խորհրդային ֆրոյդիզմի առաջատար գաղափարախոսներից մեկը: Նա էր, որ անապաստան երեխաներին ուղիղ համեմատության մեջ դրեց հանցագործների, հոգեխանգարմունք ունեցողների և սեռավարակակիրների հետ: Այս համատեքստում պիտի դիտել Մյասնիկյանի` որբերի վերաբերյալ բնորոշումը: Սեռական դաստիարակությունը դարձնելով ուղենիշ` Զալկինդը մշակում է կոլեկտիվ շփման եզրույթը, որը դառնում է կոմերիտական կազմակերպության ստեղծման առիթը: Կոլեկտիվ շփումը համարվում էր ամենաարդյունավետ միջոցը` երեխայի և պատանու սեռական էներգիան օգտակար գործունեության, այս դեպքում` հեղափոխական արդի կոմունիստական հասարակարգ մղելու համար:

Մյասնիկյանի դեպքում «այլասերվող որբը» զուտ  պարտադրված եզրույթ էր, որն իր տեքստում թաթախված էր վշտի ու դառնության ապրումներով: Նրա բնորոշումը որբերի վերաբերյալ չի կրում նույն համատեքստը, ինչը կա ռուսական ծրագրի մեջ, նա սեռականության խնդիր չի տեսել բնավ որբերի դաստիարակման հարցում, քանզի առաջնային խնդիրը նրա համար որբերին հացով և ջերմությամբ շրջապատելն էր: Եթե ռուսների համար որբը մարդու նոր տեսակ է և բնավ չունի ընտանիք ու նոր կոլեկտիվի մեջ պետք է ստեղծի իր օջախը, ապա Մյասնիկյանը վստահ է, որ միայն բանվորն ու գյուղացին կարող են ոտքի կանգնեցնել որբացած երկիրը, միայն հողի հետ անդադար շփումը կբուժի որբին:

Հատվածը հրապարակվում է ըստ` «Եռամյա Սոցիալիստական Հայաստանի առօրյա խնդիրները», Ալեքսանդր Մարտունի, Խորհրդային Հայաստան, նոյեմբերի 29, 1923, էջ 2։

 

Վորբերը

Ընդհանրապես մեր յերիտասարդության և մասնավորապես կամսոմոլի խնդիրները հարակից են, ավելի շուտ միացած են վորբերի հարցին։ Հայաստանը վորոշ իմաստով վորբերի յերկիր ե։ Տասնյակ հազարներով վորբեր են սնվում ու դաստիարակվում այնտեղ հազարներով վորբեր են պահվում և արտասահմանում։ Սակայն ի՜նչ մեծ տարբերություն կա այդ 2 հատվածների դրության մեջ։ Այս տարվա հունիսի 22 թվագրով Հունաստանի հայ վորբերը «Տառապող վորբություն» ստորագրությամբ մի գրություն են բաց թողել՝ «վորբերու կոչ ընդհանուր հայության։ Ճգնաժամը հասած ե», վորտեղ ասված ե. «Ստույգ նամակներե քաղված տեղեկությանց համաձայն, այլ և այլ կղզիներու հայ վորբուհիները 14-են վեր սկսած են հույներուն ծառայություն տալ։ Ահավասիկ տխուր և ցնցող պարագա մը ևս, վոր մեզ ալ զայրացում կը պատճառե։ Պահ մը յենթադրենք թե մենք վորբերս տանել կրնանք ըլալ ամենեն հուսահատական վարկյաններն իսկ, բայց յերբեք չեյինք հուսար, թե վորբուհիներն ալ մեզի բաղդակիցներ պիտի ըլլան։ Վողբի նամակներ են անոնք զորս գրած են մեզի այդ տարաբաղդ վորբուհիները, աղերսելով ազատություն միայն»։ Գրվածքում նկարագրված ե վորբերի ծանր դրությունը վորբանոցներում, վերջում կցած ե՝ «Անհանդուրժելի ե այլև, պետք ե փրկել վորբերը, փրկել վորբուհիները, անոցմե պիտի կազմվի ապագա հայ սերունդը։ Ահա վերջին կոչը կուղղենք ամբողջ հայ ազգին քանի դեռ չենք գլորված անդունդը։ Հասցուցեք ձեր ձեռքերը և փրկեցեք մեզ անդունդի յերեսին»։ Միանգամայն պարզ և հասկանալի ե այդ պատկերը գաղութներում ու բուրժուական յերկրներում։ Այժմ լսենք Հայաստանի վորբերի ձայնը։

Հայաստանի վորբերի փոքրիկ մասն ե միայն սնվում պետական վորբանոցներում, վորոնց դրությունը նյութականի ու դաստիարակության տեսակետից բավարար ե։ Խոշորագույն մասը գտնվում ե ամերիկական վորբանոցներում։ Վերջիններս իդեականի կողմից գտնվում են Խորհրդային իշխանության լիակատար հսկողության ներքո։ Արդեն այդ վորբանոցների համար յերկրագործական համայնավայրեր են ստեղծվում։ Ամերիկական վորբանոցների ընդհանուր վերահսկիչ Ե. Յարրոի Ամերիկայի յեվրոպական ներկայացուցչին (Զվիցերիայում) այս տարվա սեպտեմբերի գլխին ուղղած նամակում, ի միջի այլոց, ասված ե. «Կառավարությունը (արդի Հայաստանի,- Ա. Մ.) հղացել ե մի քանի սքանչելի ծրագիր հողերի վոռոգման վերաբերյալ, մի քանիսն արդեն իրագործվում են, իսկ մյուսները, վորոնց հաջողությունն անպայման ե, միջոցների սղության պատճառով հետաձգվում են։ Կառավարությունը հանձնել ե ամերիկական կոմիտեյին վորոշ քանակով հող, վորը կառավարության հսկողության տակ պիտի բաժանվի վորբերին։ Այլ յերկրներից Հայաստան տեղափոխվելիք յերեխաների հարցը միանգամայն այլ կերպ ե դրված, քանի վոր նրանք վոչ թե միայն ապահովված են լինելու նյութականապես, այլ և անհրաժեշտ ե ունենալ միջոցներ հողի մշակության համար, վորոնք պետք ե հատկացվեն վորբերին»։ Այստեղ խոսքը վերաբերում ե արտասահմանից Հայաստան փոխադրվելիք վորբերին։ Ինչպես հայտնի յե, այդ խնդիրներն այսոր շատ ե զբաղեցնում հայկական մի քանի գաղութների։ Այդպես ուրեմն, ամերիկացին լավ ե ըմբռնել, վոր Խորհրդային իշխանությունը վորբերին ցանկանում ե դարձնել հողագործ, արհեստավոր ու գործունյա քաղաքացիներ։ Այդ ուղղությամբ ե տարվում աշխատանքն ամերիկական վորբանոցներում։ Անշուշտ, այնտեղ մթնոլորտը դեռ ևս այն չե, ինչ մենք տեսնում ենք խորհրդային վորբանոցներում։ Յեվ այս հարցն ե, վոր մեզ անհանգստացնում ե։