1967 թվականին ՀԿԿ կենտրոնական կոմիտեի օրգան Սովետական Հայաստան թերթում տպագրվում է Հայաստանի լուսավորության ժողովրդական կոմիսար Արտո Եղիազարյանի գրախոսությունը նվիրյալ ազգային գործիչ Ներսիկ Ստեփանյանի մասին պատմող ռուսալեզու գրքույկի վերաբերյալ: Տվյալ վավերագիրը ընտրել ենք այն պատճառով, որ 1967 թվականի դրությամբ հետստալինյան հայկական իրականության մեջ մամուլում թերևս առաջին անգամ տպագրվել էր ծավալուն նյութ մի անձնավորության մասին, ով մտքերի հեղաշրջում էր կատարել 1930-ական թվականների սկզբին Խորհրդային Հայաստանի հասարակական և մշակութային կյանքում: Նույնիսկ հիմա Ներսիկ Ստեփանյանի գործունեությունը թերի է ուսումնասիրված: Վավերագրի ընտրության մյուս պատճառը Արտո Եղիազարյանի դեպքն է Ներսիկ Ստեփանյանի «խմբի» գործում, որի համատեքստում տվյալ վավերագիրը մի առումով մեղայագիր է:
1936 թվականի օգոստոսի 19-ին Անդրկովկասի մարզկոմի առաջին քարտուղար Լավրենտի Բերիան Պրավդայում տպագրեց տխրահռչակ «Փոշիացնել, հողմացրիվ անել սոցիալիզմի թշնամիներին» հոդվածը, որտեղ Երևանի գերագույն վտանգը իշխանության համար անվանեց Ներսիկ Ստեփանյանի «հակահեղափոխական՝ տրոցկիստական նացիոնալիստական խմբակը»: Ստեփանյանն էր, որ բոլորից գաղտնի գիրք է գրում և վերնագրում Անդրկովկասյան բոլշևիկների իրական պատմությունը: Այս գրքում նա շարադրում է, որ Ստեփան Շահումյանը ավելի կարևոր դեմք էր, քան Ստալինը և տարածում է այն պետական համալսարանի շրջանակներում, սակայն չի հասցնում տպագրել և հանրահռչակել: Ստեփանյանը ոչ պակաս համարձակ քայլեր կատարեց նաև ազգային մշակույթի աջակցման և ազատագրական տրամադրությունների սփռման համար: Այս մասին հանգամանորեն ներկայացվում է սույն վավերագրում: Այս կետից է, որ բազմաթիվ հայ գրողներ և մշակութային գործիչներ Աղասի Խանջյանի սպանությունից և Ստեփանյանի ձերբակալությունից հետո մեղադրվում են վերջինիս նացիոնալիստական խմբի մի մաս լինելու մեջ: Այդ մեղադրանքով է և ձերբակալվում Ադո Ադոյանը, ինչպես նաև Արտո Եղիազարյանը:
Աքսորից վերադառնալուց հետո Արտո Եղիազարյանը, հենվելով 1936 թվականի՝ Ներսիկ Ստեփանյանի գործով առնչվող Ադո Ադոյանի անունը շոշափող մի փաստաթղթի վրա, արտաբերում է նույն Ադոյանի անունը, երբ նրան հարցնում են, թե ովքեր են բացասական դեր խաղացել Ներսիկ Ստեփանյանի գործում: Ադոյանի պահանջով նա վերստուգում է տվյալները և «համոզվում» Ադոյի անմեղության մեջ, երբ իմանում է, որ վերջինիս անունը վկայակոչվել է երրորդ մարդու ցուցմունքների հիման վրա: 1963 թվականին նա հայտարարում է Ադոյանի անմեղության մասին Պատմության ինստիտուտի ժողովին ( տե՛ս Հայաստանի ազգային արխիվ, ֆ.1304, ց.89, գ.117, թ.28):
Ակներև է Ադոյանի համախոհությունը Ներսիկ Ստեփանյանի հետ, ով Աղասի Խանջյանի և Եղիշե Չարենցի մտերիմ ընկերն էր: Ստեփանյանի ակտիվ քարոզչական աշխատանքի շնորհիվ է տպագրվում Չարենցի Գիրք ճանապարհին, որն ամեն կերպ խափանում էր Բերիայի խմբակը Հայաստանում: Դավադրությունների շիկացման պահին Ադոն ուղևորվում է Գագրա՝ Խանջյանին տեղեկացնելու գրքի տպագրության կասեցման մասին, որից հետո վերջինս շտապում է Երևան: Այդ ձևով անհաջողության է մատնվում «հեղաշրջման փորձը» և Բերիան ետ է կանչում խռովարարներին: Արդեն հասկանալի է դառնում նաև Ադոյանի պահվածքը երևանյան բանտում, երբ նա դառնում է ազգային արժեքների ակտիվ պահապան և ջատագով: Միևնույն ժամանակ կարողանում էր համոզել խցակցին չգրել բանաստեղծություններ Ստալինի մասին, որն «այսօր կա, իսկ վաղը` ոչ»( տե՛ս ՀԱԱ, ֆ.1191, ց.1, գ.3, թ.21):
Այս կետում շոշափելի կարևորություն է ստանում Ադոյանի և Եղիազարյանի դեպքը, որոնք երկուսն էլ Ստեփանյանի ջատագովներն էին: Եղիազարյանը , ի տարբերություն Ադոյանի, լինելով այլ սերնդի ներկայացուցիչ, չկրելով ծնողազրկության և կոտորածի հետևանքները, ամեն դեպքում մատնում է Ադոյանին: Ադոյանը միայն ազատվելուց հետո պահանջում է նրանից ռեաբիլիտացնել իր ազնիվ պատիվը` բանտարկության ժամանակ ամեն գնով չմատնելով ոչ ոքի: Նրա համար Ներսիկ Ստեփանյանի խումբը, ավելին էր քան քաղաքական օրակարգ: Կեղեքված ժողովրդի խնդիրներից դուրս եկած ազգանվեր մարդկանց մի կոլեկտիվ էր դա, որոնք բռնել էին ազատագրման պայքարի մի ուրույն ձև` տարածելով այն գիտության և մշակույթի մեջ: Հենց որբի ակտիվ միջամտությունը և զոհաբերությունն այդ գործընթացին առավել քան պատեհ էր: Որբի պատկերացմամբ կորուսյալ հայրենիքի վերակառուցման փորձը միաժամանակ նաև ծնողի և ընտանեկան օջախի վերակենդանացման իղձ էր:
Հրապարակվում է կրճատումներով ըստ` Արտո Եղիազարյան, «Ճշարտացի խոսք Ներսիկ Ստեփանյանի մասին», Սովետական Հայաստան, 11 օգոստոսի, 1967։
Ճշարտացի խոսք Ներսիկ Ստեփանյանի մասին
Ա․ Եղիազարյան
… Մի քանի փաստեր Ներսիկ Ստեփանյանի բոլշևիկյան խիզախության և անվեհերության մասին։ 1917 թվականի սեպտեմբերին Ներսիկ Ստեփանյանը 19 տարեկան հասակում հարում է բոլշևիզմին։ Գանձակի կուսակցական կոմիտեի առաջադրանքով, այն ժամանակվա դժվարին պայմաններում նա իրեն հատուկ եռանդով և անձնվիրությամբ կազմակերպում է մասսայական միտինգներ, ժողովներ, որտեղ Ասքանազ Մռավյանի և ուրիշների հետ միասին կրակոտ ճառով հանդես է գալիս նաև ինքը։ Նա ձերբակալվում է Գանձակի ոստիկանապետ Յանովսկու կողմից։ Սակայն, դա երբեք չի ընկճում երիտասարդ բոլշևիկին։ Մեկ տարի հետո, արդեն մուսավաթականների իշխանության օրոք, երբ կոմունիստական կազմակերպությունն արգելված էր և ընդհատակում էր աշխատում, մուսավաթականների կողմից հրավիրված երիտասարդական մի միտինգում, բոլորի համար անսպասելի, ելույթ է ունենում Ներսիկ Ստեփանյանը և դիմում հավաքվածներին․ «Ընկերներ, կորչի՛ հակահեղափոխական մուսավաթ կառավարությունը, կորչի՛ դաշնակցական կառավարությունը Հայաստանում, կորչի՛ մենշևիկյան կառավարությունը Վրաստանում, Անդրկովկասում կհաստատվի սովետական իշխանությունը»։ Ներսիկ Ստեփանյանն անմիջապես ձերբակալվում է, նետվում բանտ և ապա՝ աքսորվում։
1920 թվականի հունիսի 12-ից Ներսիկ Ստեփանյանը գլխավորում է Ալեքսանդրապոլի կուսակցական քաղաքային ընդհատակյա կոմիտեն։ Նույն թվականի հուլիսի 24-ին ձերբակալվում է դաշնակցական իշխանության կողմից։ Նրան մահվան են դատապարտում։ Սակայն, հետագայում մահվան պատիժը փոխարինում են տասը տարվա բանտային կալանքով։ Այս մասին երբ հայտնում են Ներսիկ Ստեփանյանին, նա բացականչում է․ «Դուք ինքներդ կվերանաք Հայաստանից տասը օրից հետո»։
… Ներսիկ Ստեփանյանի հոգեկան կերպարի մյուս բնորոշ կողմը – նրա բարձր ինտելեկտն է, նրա մարքսիստական- լենինյան տեսական խոր պատրաստությունը։ Բացի հայերենից, նա լավ տիրապետում էր ռուսերենին, ֆրանսերենին և գերմաներենին։ Նա խորապես ուսումնասիրել էր Մարքսին, Էնգելսին, Լենինին։ Տակավին 1927 թվականին, Մոսկվայում կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտն ընդունվելիս, Ներսիկ Ստեփանյանը ներկայացնում է «Դոկտոր Շտոկմանը որպես Մարքսի քննադատ» քննական ընդունման աշխատությունը, որն արժանանում է անվանի մասնագետներից կազմված հանձնաժողովի բարձր գնահատականին։
Հայտնի է նրա հոդվածաշարը՝ լույս տեսած «Խորհրդային Հայաստանում» (1933 թ․ № 208, 209 և 210) նվիրված Մարքսի «Կապիտալի» առաջին հատորի հայերեն հրատարակությանը՝ Թադևոս Ավդալբեկյանի թարգմանությամբ։ Որոշակի տեսական արժեք է ներկայացնում Ներսիկ Ստեփանյանի աշխատությունը՝ նվիրված աշխատանքի բաժանման պրոբլեմին կոմունիզմի ժամանակ։ Այդ աշխատությունը տպագրված է «Научные записки ЗКУ. Тифлис, 1931 год» ժողովածուում։ Արժեքավոր են և խոր դրույթներով հարուստ նրա քննադատական ակնարկները «Կապիտալիզմի զարգացումը Անդրկովկասի գյուղատնտեսության մեջ» (1932 թ․) և այլն։
Մոսկվայում, Բաքվում, Թիֆլիսում և Երևանում նա կարդացել է քաղաքատնտեսության դասընթացը, որը հագեցված է եղել գիտական խորությամբ, աշխույժ, կենդանի և մատչելի շարադրանքով և արժանացել է հազարավոր ունկընդիրների ջերմ և երախտապարտ վերաբերմունքին։
Ներսիկ Ստեփանյանի կերպարի բնորոշ գիծն է նաև նրա ինտերնացիոնալիզմը։ Նրա միջավայրը միշտ էլ եղել է ինտերնացիոնալիստական։ Նրա պայքարի ընկերները տարբեր ազգություններից են եղել․ Գանձակում նրա ընկերներն էին ադրբեջանցիները, ռուսները, Թիֆլիսում՝ վրացիները, ռուսները, ադրբեջանցիները, Մոսկվայում՝ ռուսները, գերմանացիները և այլ ազգությունների ներկայացուցիչներ։ Հավատարիմ մարքսիզմ-լենինիզմի գաղափարախոսությանը, Ներսիկ Ստեփանյանը անհաշտ թշնամի էր մերկապարանոց կոսմոպոլիտիզմին և ազգային նիհիլիզմին։ Նա ջատագովում էր անդրկովկասյան ժողովուրդների բարեկամության ամրապնդումը և Անդրկովկասյան ֆեդերացիայի ուժեղացումը։
1931 թվականին, որպես անդրկովկասյան կոմունիստական համալսարանի ռեկտոր, Ներսիկ Ստեփանյանը համալսարանի ուսանողներին դիմում է հետևյալ խոսքով․ «Ինտերնացիոնալիզմը կայանում է ոչ թե նրանում, որպեսզի մեծամտորեն անտեսել, արհամարհել ազգային խնդիրները։ Ո՛չ, իսկական ինտերնացիոնալիզմը պահանջում է հատուկ ուշադրություն բոլոր մեծ, փոքր և փոքրագույն ժողովուրդների ազգային պահանջներին… պահանջում է ամրապնդել Անդրկովկասյան ֆեդերացիան և ստեղծել այն սոցիալական պայմանները, որոնց առկայության ժամանակ կվերանա ամեն մի հիմք ազգային երկպառակության և կամ գժտության» (էջ 31)։
…Վերջապես Ներսիկ Ստեփանյանի կերպարի մյուս բնորոշ կողմը նրա խոր հայրենասիրությունն էր խարսխված ինտերնացիոնալիզմի և ազգային ներդաշնակ միասնության վրա։ Հատկանշական են նրա թափած ջանքերը՝ հայերեն լույս ընծայելու Մարքսի, Էնգելսի և Լենինի աշխատությունները։ 1932 թվականին նա նշանակվում է Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի կուլտուրայի և պրոպագանդայի բաժնի վարիչ։ Նրա առաջին գործն է լինում ձեռնամուխ լինել մարքսիզմ -լենինիզմի կլասիկների հայերեն թարգմանությանը։ Ստեղծվում են հատուկ խմբագրական կոլեգիաներ՝ փիլիսոփայական, տնտեսագիտական և սոցիալ-քաղաքական։ Ինքը՝ Ներսիկ Ստեփանյանը, ղեկավարում է կլասիկների տնտեսագիտական գործերի թարգմանությունն ու հրատարակությունը։ 1936 թվականին Ներսիկ Ստեփանյանը պատրաստեց Կ․ Մարքսի և Ֆ․ Էնգելսի նամակների հայերեն հրատարակության առաջին հատորը։
1933 թվականին, որպես Հայաստանի լուսավորության ժողովրդական կոմիսար, նա հետևյալ միտքն է զարգացնում։ Հայ ժողովրդի պատմության ուսումնասիրման բնագավառում չշրջանցել ուսումնասիրելու այնպիսի հարցեր, ինչպիսիք են XIX և XX դարերի հայ ազատագրական շարժումները, առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայ կամավորական շարժումը, մարքսիստական-լենինյան դիրքերից տալ հայ հասարակական հոսանքների և քաղաքական կուսակցությունների սոցիալ-քաղաքական բնութագիրը և այլն։ « Մի՞թե կարելի է լուծել հասունացած հարցերը,- նշում է Ներսիկ Ստեփանյւանը, – որ մենք երես ենք դարձնում դրանցից, անտեսում ենք դրանք… Չէ՞ որ այդպիսով մենք ասում ենք, որ ամբողջ անցյալը, հետևաբար և ամբողջ ազգայինը, պատկանում է դաշնակցությանը» (էջ 12)։
Հայ ժողովրդի պատմության վերը հիշատակված պրոբլեմներն ուսումնասիրելու գործում Ներսիկ Ստեփանյանն առաջարկում էր ներգրավել գիտակ և տեսականորեն պատրաստված այնպիսի մարքսիստների, ինչպիսիք էին Արշավիր Մելիքյանը, Հայկ Ազատյանը, Սարգիս Կասյանը, Աշոտ Հովհաննիսյանը և այլն։
Իր պետական և կուսակցական լարված աշխատանքի հետ միաժամանակ, նա ձեռնամուխ է լինում հայ հասարակական մտքի պատմության ուսումնասիրմանը։ Ներսիկ Ստեփանյանը մտնում է մի խմբագրական կոլեգիայի մեջ, որի անդամներն էին Ա․ Խանջյանը, Ս․ Տեր-Գաբրիելյանը, Ե․ Չարենցը, Ա․ Վշտունին, Վ․ Ալազանը, Հ․ Գյուլիքյոխվյանը և ուրիշներ։ Կոլեգիան պետք է ավելի բազմակողմանի պատրաստեր և հրատարակեր «Հայաստանի պոեզիան» ժողովածուն, որն առաջին անգամ լույս է տեսել 1916 թվականին՝ Բրյուսովի նախաձեռնությամբ։
Նա շատ մոտ հարաբերությունների մեջ էր անվանի գրողներ Շիրվանզադեի, Ավետիք Իսահակյանի, Դ․ Դեմիրճյանի, Ե․ Չարենցի, Ակսել Բակունցի և այլ գրողների, բանաստեղծների և կուլտուրայի գործիչների հետ, հարգում էր նրանց և ինքն էլ վայելում նրանց հարգանքն ու սերը։