Եղիշե Չարենցի Երկիր Նայիրի վեպի ընթերցումները, հրատարակության առաջին օրերից ի վեր, տարամիտել են գեղարվեստական ու գաղափարական հարցերի շուրջ: Հասարակական-քաղաքական գործիչ, հրապարակախոս և գրաքննադատ Արտաշես Կարինյանն առաջիններից էր, որ այն արժևորեց իր ծննդյան իսկ պահին` 1920-ական թթ. հասարակական-քաղաքական մեծ փոփոխությունների համատեքստում:
Սոցիալիստական հեղափոխության կայացման առաջին տարիներին պրոլետարական դասակարգի հեղափոխական հաղթանակի անկյան տակ անցյալի քննադատական վերաիմաստավորումը գրականության հարց ըմբռնող Չարենցը գրականությունը զատված չէր տեսնում պրոլետարական ընդհանուր պայքարից: Սրանից ելնելով էր նա քննադատում գրականության այն ընկալումը, թե գրականությունը իրականության կրավորական արտացոլումն է: Այս պատկերացմանը հակադիր նա շեշտում էր գրականության ներգործուն, առաջմղիչ ուժը: Նրա գրականության այս երեսակը նկատի առնելով` 1925-ին գրած իր «Չարենցը» հոդվածում Կարինյանը Չարենցի բանաստեղծական գործունեության մեջ ընդգծում է նաև նրա հրապարակախոս լինելու հանգամանքը: Սրանից ելնելով նա կարևորում էր այն, որ Չարենցը, ժամանակի հեղափոխական ընդհանուր ըմբռնումների համատեքստում, «հասարակական նոր ուժի միջազգայնությունն» ու «ասիական Արևելքի» միջավայրը միմյանց շաղկապելու հետնախորքին «կարողացել ե կիրառել պրոլետարական շարժման սկզբունքները հայ միջավայրի առանձին պայմանների մեջ», ինչն իր հերթին նշանակում էր, որ, ըստ Կարինյանի, Չարենցը վեպով հընթացս բացահայտում էր միջազգայնացող «Արևելքի» այս հատվածում պարփակված մինչհեղափոխական կյանքը:
Ուշադրություն դարձնելով հատկապես վեպի ատաղձը կազմող «իրոնիային»` Կարինյանը վերջինիս գեղարվեստական արժեքը տեսնում էր նրա քննադատական լիցքի մեջ: Կոպիտ, ինչ-որ առումով ռամկական այս եղանակի բանեցմամբ էր, ըստ նրա, Չարենցը կարողացել ներկայացնել երկու աշխարհների` անցյալի հայ քաղքենիության ու ներկա պրոլետարիատի բախումը` միևնույն ժամանակ տալով «հին աշխարհի քայքայման, տարրալուծման և մահացման պատկերը»։ Այսպես, Կարինյանը Երկիր Նայիրին տեղակայում էր մինչհեղափոխական անցյալը քննադատաբար վերըմբռնելու հեղափոխական մտայնությունների ծիրում` միևնույն ժամանակ ընդունելով, որ նոր ժամանակների գեղարվեստական արձակի առաջամարտիկը հանդես եկող այս վեպն ինքը նման մի օրինակ է գեղարվեստական իր աշխարհի սահմանների մեջ:
Կարինյանի «Չարենցը» հոդվածը, որի մի մասն է Երկիր Նայիրի վեպին նվիրված «Պրոզան» կտորը, հրատարակվել է 1925 թ. Խորհրդային Հայաստան թերթի օգոստոսի 30-ի համարում: 1972 թվականին այն ներառնվել է հեղինակի Եղիշե Չարենց գրքույկում (Ա. Բ. Կարինյան, Եղիշե Չարենց (Երևան: Հայկ. ՍՍՌ ԳԱԱ հրատ.,1972) էական խմբագրումներով: Վերահրատարակությունն իրականացվում է ըստ առաջին հրատարակության:
Պրոզան
Չարենցը պետք ե հանդես գար:
Դեռ այն ժամանակ, յերբ բանվորական շարժումը Անդրկովկասում նոր եր միայն ծավալվում և յերբ ողջ հայ գրականությունը տարվում եր ազգայնացման ռոմանտիզմի և հոռետեսական ինդիվիդուալիզմի հույզերով, մեզ մոտ շեշտվում եր նոր պոեզիայի կազմակերպման անհրաժեշտությունը։
«Նոր ուժի»՝ «չորրորդ դաս»-ի գալիք պոետը պետք ե կարողանար տրադիցիոն հին մոտիվներին հակադրել իր նոր խոսքը, հակադրել վոչ միայն այն դատարկահնչյուն վոտանավորներով, այլև կոնկրետ պատկերներով, ավելի ակտիվ և հայ իրականության պայմաններին մոտ մեթոդներով։
Նա – այդ «նոր» պոետը պիտի կարողանար հասարակական նոր ուժի միջազգայնությունը շաղկապել ասիական Արևելքի կոլորիտով – և հենց այդ կոնկրետ ֆոնի վրա ել հյուսել իր հեղափոխական երգերն ու պատկերները։ Յեվ այդ բոլորը կատարել առանց հայ մեշչան հասարակությանը հատուկ լալկանության կամ սանտիմենտալիզմի – գուցե մի փոքր անտաշ, մի փոքր կոպիտ – սակայն առաջ շարժվող և անդադար պայքարող ժողովրդական մասսաներին հարազատ կտրուկ լեզվով և վոճով։
Չարենցը՝ ահա հենց այդ պոետն ե։
Մեր եպոխայի և մեր եպոխայի առաջամարտ ուժի – «չորրորդ դաս»-ի իսկական պոետն ու նկարիչը։ Հենց այն պոետը, վորի գալուստը վաղուց ի վեր նախատեսել են մարքսիզմի առաջին ուսուցիչները կովկասահայ իրականության մեջ։ Այն պոետը, վորի պոեզիան և ստեղծագործությունը պետք ե հիմնավորեր արվեստին հատուկ պրիոմներով մարքսիզմի հաղթանակը հայ կյանքում։
Չարենցն պետք ե համարվի այդ պոետը նաև նրա համար, վոր նա ե կարողացել կիրառել պրոլետարական շարժման սկզբունքները հայ միջավայրի առանձին պայմանների մեջ – և լեցնել իր յերկերն իրական կյանքից, հողից և ռեալական միջավայրից հանված կենդանի պատկերներով։
Այդ կողմից նրա դերը հավասարազոր ե Րաֆֆիի կատարած գործին – այն տարբերությամբ միայն, վոր Րաֆֆին հիմնավորել ե հայ նացիոնալիզմի և ազգայնական մեսիանիզմի շարժումը, իսկ Չարենցը այդ նացիոնալիզմի դեմ ե ուղղել իր գրիչը և խոսքը: Դրա համար ել նրա «Յերկիր Նայիրին» կարող ե ամենայն իրավամբ հակադրվել Րաֆիի «Խենթ»-ին:
Այն, ինչ վոր յերգում և փառաբանում ե «Սամվել»-ի հեղինակը, որպես բարձրագույն հասարակական իդեալ, «բարի, հին անցյալը», ռոմանտիքական գույներով լուսազարդված հին ավատական Հայաստանը, նայիրյան «հզոր» և «մեծ» Հայաստանը – Չարենցի մոտ փլչում ե, քանդվում և անհետանում սապոնի բշտիկների նման – և ցցվում իր իսկական եյությամբ վորպես հասարակական մի խիմերա «ուղեղային մորմոք»:
Իզուր չե պոետը խոշորագույն իր գործը մկրտել «Յերկիր Նայիրի» անունով։
Դա այն անունն ե, վորով հայտնի եր հին որերին վաղեմի Վասպուրականը, Վանա լճի շուրջն ընկած «մեծ» և «հզոր» նախահայկական ուրարտական այն պետությունը, վորի ֆանտաստիքական տեսիլներն այսոր ել լեցնում են հայ բարեմիտ քաղաքացու սիրտը առանձին հրճվանքով։
«Յերկիր Նայիրին» յերգել ե յեվ Վահան Տերյանը։
Տերյանի համար «նայիրյան աշխարհը» եղել ե «Վոսկե հեքիաթ», «Ավետյաց երկիր», ապագա և «հոգևոր» Հայաստանի սիմվոլիքական մեկ խտացումը։
․․․«Յերկիր Նայիրի»-ի մասին երազել ե վողջ հայ քաղքենիությունը, և մտավորականությունը գրեթե կես դարից ավելի և վառված այդ երազով ել նա մոտեցել ե առորյա բոլոր խնդիրներին։ Ամեն տեղ և ամեն վայրկյան արհեստանոցում, ակումբներում և սրճարաններում նա, այդ միջին սովորական հայ մտավորականն առաջադրել ե իր ազգային մեսսիանիստական քարոզը և կոչ ե արել խմբվել հենց այդ իդեալի շուրջը։
Բայց ահա գալիս ե ռանչպար ժողովուրդը, գալիս են վարի խավերը և մեսսիանիզմի առաջվա զոհերը – և քանդելով պոետիքական ցնորքների կախարդական ցանցը, դեն են նետում այդ ցանցը հյուսողներին ու մերկացնում են Նայիրյան աշխարհի ներքին դատարկությունը․․․
Յեվ դրա հետ միասին գալիս ե և պոետը, վորը մերկացնում ե արվեստագետի նուրբ ստիլետով Նայիրյան աշխարհի թշվառ առորյան և ծիծաղելով ու ռամկորեն ծաղրելով անցյալի մանեկեններին, կոչ է անում կառչել ավելի ամուր կերպով «կոշտ ու կոպիտ կյանքին»։
Ընթերցողը, վորը համբերություն կունենա մինչև վերջը կարդալ Չարենցի գործը, անհրաժեշտաբար կհանգի ռեալիստական այդ եզրակացությանը։
․․․Ի՜նչ ել լիներ դոխտուր Արշակի կարծիքը, ասում ե իր վեպի վերջում ինքը Չարենցը, մի բան պարզ ե մեզ համար, և այդ պարզ բանն այն ե, վոր վաղուց արդեն պատմությունը, այդ, կարծում ենք, ավելի հանճարեղ բժիշկը, քան դոխտուր Արշակը,– պրակտիկայում կիրառել ե վերոհիշյալ միջոցը և չենք կարծում, վոր պատմության այդ փորձերն ապարդյուն են անցել․ արյուն, ճիշտ ե, շատ ե հոսել, սակայն կենդանի մնացածներն արդեն ազատ են վերոհիշյալ ուղեղային մորմոքից ու սրտի հիվանդությունից յեվ այսօր իրենց երկիրն են շինում – մի երկիր, սակայն, վորի գոյական լինելը ճշտելու համար կարիք չկա դիմելու Մանուկ Աբեղյանին, վորովհետև այդ պարզապես տեսնում են բոլոր նրանք, ովքեր գործ ունեն հողի ու աշխատանքի հետ․․․ («Յերկիր Նայիրի», 3-րդ մաս, «Նորք», 1925 թ., գիրք 5, էջ 65-66):
Այսպես ե վերջացնում Չարենցն իր «Յերկիր Նայիրին»։ Յեվ պետք ե ասել այդ վերջաբանը բղխում ե անմիջապես «վեպ»-ի ընդհանուր բովանդակությունից, յեթե միայն կարելի ե «վեպ» անունը տալ այդ տարորինակ ստեղծագործությանը։
«Յերկիր Նայիրին» իրապես չի կարելի անվանել վոչ «պատմվածք» սովորական իմաստով, վոչ «նորավեպ» և ոչ ել «վիպական» գործ։ «Յերկիր Նայիրին» չունի վորևե վորոշ ֆաբուլա։ Դա ավելի շուտ պատմություն ե, մի «պատմություն», վոր գրված ե էպիքական գործի պարզությամբ և վորի իրոնիական տողերի մեջ հաճախ յերևում ե ամեն ինչ մերկացնող և ամեն ինչ ջախջախող հեղինակը․․․ Յեվ չնայած դրան, Չարենցի վեպը տալիս է հին Հայաստանի, յերեկվա – Նայիրյան Հայաստանի պատկերը։ Նրա բոլոր հերոսները և այդ հերոսների խոհերն ու արկածները կարծես անցնում են մեր աչքերի առաջ, այնքան արտահայտիչ ներկերով են նկարված նրանք։ Իզուր չէ դաշնակցական «Հայրենիք»-ի մատենագիրը զայրացել․․․ Այդ տիղմոտ միջավայրում խեղդվող հերոսների մեջ նա նշմարել է իրեն և իր ընկերակիցներին։ Յեվ դրա համար ել չափազանց զայրացել ե անդուրեկան ճշմարտություններն արձանագրող հեղինակի լուսանկարների դեմ։
* * *
Ամենից բնորոշը սատիրական այդ պոեզիայի մեջ այն ե, վոր կա այդտեղ և լրջություն և իրոնիա: Պատմողն ինքը նայիրցին է, Նայիրյան աշխարհի շատ սովորական քաղաքացին: Յեվ պատմում ե նա իր սեփական լեզվով, իր տերմիններով, իր վոճով: Բայց միաժամանակ դրա հետ այդ պատմողի կողքին ընթերցողը նշմարում ե անկյունում կանգնած հեղինակին, վորը կարծես մեֆիստոֆելյան ժպիտը դեմքին հետևում ե իր հերոսի պատմությանը և Նայիրյան աշխարհի անցուդարձին։
Դրանումն ե Չարենցի պոեզիայի յուրորինակ ուժը։ Սկզբից մինչև վերջ դա «հրապարակախոսություն» ե և որպես այդպիսին, սկզբից մինչև վերջ, լի ե սուր քննադատությամբ։ Սակայն, այդ բոլորը չի վնասում ամենևին գործի գեղարվեստական կառուցվածքին և ամբողջությանը։
Նկարները և պատկերները մնում են կենդանի և հյութեղ։ Առանց իմանալու նույնիսկ, թե վոր քաղաքումն են կատարվում հեղինակի նկարագրած դեպքերը, մենք ճանաչում ենք այդ քաղաքը, ուր ամեն ինչ ընթանում ե դանդաղ տեմպով, դարերի ընթացքում հաստատված կանոնների հիման վրա, մի անգամ ընդմիշտ ընտրած քարե հունով – և առանց վորևէ պայքարի․․․
Վեպի մեջ գործող բոլոր հերոսներն ել մեզ հայտնի և կարծես վաղուց ի վեր ծանոթ դեմքեր են։ Գիտենք դրանց։ Դեռ մի յերեք, հինգ տարի առաջ դրանք բոլորը յերևում եյին մեզ «լուրջ» և բնականոն մարդիկ։ Այժմ դրանք զավեշտական և «տարորինակ» են բոլորն ել։ Յեվ մենք հասկանում ենք հեղինակին, վորը կանգնած իր հերոսների կողքին ծիծաղում և ընդգծում ե նրանց «նայիրականությունն» ու շեշտակի կերպով մերկացնում անցած օրերի թշվառագույն տիրակալների կյանքի տափակությունը։ Մերթ ընդ մերթ, յերբ հետևում ենք Նայիրյան աշխարհի հերոսների այդ քայլերին ու խոսքերին, թվում ե նույնիսկ, թե դրանք կենդանի մարդիկ չեն, այլ ինչ վոր մեռած քաղաքի ստվերներ, ինչ վոր դիմագծեր և մանեկեններ․․․
Բայց և այնպես յեղել են նրանք, իրապես ապրել և խորհել են այդ մարդիկ, նայիրցիներ, նայիրյան հասարակապետության ներկայացուցիչներ և պաշտպաններ։
Լավ ենք տեսնում մենք և պատմա-աշխարհագրական ֆոնը – այն քաղաքը, վորը թատերաբեմ է հանդիսացել անցյալի այդ ներկայացուցիչների համար։ Չարենցի ուժն ի միջի այլոց նրանումն ե, վոր նա արտասովոր թափով կարողանում ե ստեղծել մի քանի ընդհանուր գծերի և շեշտերի միջոցով չափազանց սուր և խիստ պատկերներ, դեպքեր ու դեմքեր։ Յեվ դրա համար չի դիմում առանձին բարդ պրիոմների․․․ «Նայիրյան այդ հնամյա քաղաքը, այդպես է սկսում իր պատմությունը Չարենցը, ամեն ինչով նմար էր նայիրյան բոլոր հին ու նոր քաղաքներին․ փոքր եր, վոչ բազմամարդ, խարխուլ ու փոշոտ․ ժամանակակից լեզվով այդպիսի քաղաքներին ասում են – գավառական հետամնաց քաղաք»։ Կարճ այդ խոսքերով արդեն գծվում ե ընդհանուր ֆոնը: Յեվ ապա ճիշտ այդ ձևով ել նկարվում են «Նայիրյան քաղաքի» բնորոշ անկյունները – «ցածլիկ, մի հարկանի, տափակ կտուրներով» տները և այդ տների «միորինակ տափակության» մեջ աչքի զարնող մի քանի նոր տներ, վորոնք ունեն արդեն «թիթեղե կարմիր կամ կանաչագույն կտուրներ», բերդը, Վարդանի կամուրջը․․․ Առաքելոց եկեղեցին․․․ Նայիրյան այդ տների և հիմնարկությունների մեջ ցրված են խանութները և «հասարակության» հավաքատեղիները – «Մազութի Համոյի» գրասենյակը և այլ նման անկյունները։ «Մազութի Համոյի» գրասենյակը «նայիրյան գործերի կենտրոնն է»։ «Մազութի Համոն – ամենախելացի և գործունյա անձնավորությունն ե ամբողջ քաղաքում, դիրքի տեր ե, ռոճիկավոր պաշտոնյա յե թեկուզ՝ բայց սեփական տուն ունի և մի քիչ ել հող,– մի խոսքով՝ հարուստ ե, խելացի, հասարակական լայն կապեր ունի, և, վոր ամենագլխավորն ե ՝ Մազութի Համոն անդամ ե․․․ «Ընկերության» – և այն ել՝ ազդեցիկ անդամ․․․ Նա արտասահմանից «Դրոշակ» է ստանում և գաղտնի կերպով տարածում ժողովրդի ստորին խավերում։ Գավառապետը գիտե այդ և Համո Համբարձումովիչի հեղափոխական գործունեության վրա մատների արանքից ե նա նայում և – համարում է այդ «միամիտ չարաճճիություն»։
Յես դիտավորությամբ բերում եմ հենց Չարենցի խոսքերը, վորովհետվ նրանք լավ են ուրվագծում մեր իրականության մեջ մի ժամանակ իշխող ամենաժողովրդական տիպարի բնույթը։ Կարդացեք «Հայրենիք»-ում զետեղված Աբրամ Գյուլխանդանյանի հոդվածաշարքը Բագվա դաշնակցականների մասին և դուք կը տեսնեք, վոր «Մազութի Համոն» իրական և վոչ մտացածին մի տիպ է։
Նայիրյան քաղաքում «Մազութի Համոյի» հետ մրցում է Նշան Մառանկոզյանը։ Շատ սուր ե նկարում Չարենցը այդ նայիրցու խանութը, «վորի ցուցանակի վրա նկարված կային յերկու հրացան, երկու փախչող նապաստակներ, մի ձիու պայտ և մի հատ ել չգիտես – ձիո՞ւ, թե շան գլուխ՝ պայտի մեջ մտցրած։ Այսպիսի մի նշանավոր ցուցանակ ուներ այդ խանութը և ցուցանակի վրա, վերոհիշյալ նկարների մեջտեղը, գրված եր ռուսերեն՝ Магазин «Охота» Нишян Маранкозян. Այս նշանավոր ցուցանակը կպցրած եր խանութի ճակատին, սակայն խանութի լայն վիտրինի աջ ու ձախ կողմը կպցրած կային յերկու ուրիշ ցուցանակներ, վորոնց վրա՝ թեկուզ նկարներ չկային, բայց գրությունը հայերեն եր․ «Ծախում եմ որսորդական զանազան» – գրված էր մեկի, և «Ապրանքներ Նշան Մառանկոզյան» – մյուսի վրա»։ Յեվ ահա այդտեղ եյին հավաքվում նայիրցիները։ Հետագայում «Նշան Մառանկոզյանը» գնում ե Բուլղարիա` ամբողջովին հեղափոխական գործին նվիրվելու, իսկ նրա պատմական անցյալ ունեցող հեղափոխական խանութում բիթլիսցի Արշակի յեղբայրը՝ Ամերիկայից վերադարձած բիթլիսցի Մանուկը, հիմնում է «Տիր» կոչված հիմնարկությունը։
Այդ բոլորը կատարվում է «գավառական քաղաքում», վորի բնակիչները «յելնում են, յելնում են տներից ու քայլում են դանդաղ, անշտապ»։
…Ու բացվում են խանութներն իրար հետևից․ հացագործ, մանրավաճառ, կոշկակար, կողքին՝ մրգեղենի խանութ, կողքին՝ կտորեղեն, խալիներ, բրինձ։
Խիտ ներկերով ե նկարված խանութների այդ շարանը և նրանց ընդհանուր պատկերը վեպի առաջին մասում։ Պատկերը հիշեցնում ե Գոգոլի և Լեսկովի մանրակրկիտ նկարները։ Նա տալիս ե նայիրյան աշխարհի վոգու ընդհանուր բնորոշումը – նրա առորյա կյանքի զանազան մոմենտների, բարքերի, սովորությունների, ձգտումների և տենչերի նկարագրությունը։
Վոչ մի դետալ հեղինակը բաց չի թողնում։ Նա մանրամասնորեն նկարում ե և փողոցը, և խանութները, և գավառական քաղաքի «ամբոխի կյանքը»։ «Առավոտվա կանուխ պահերին, ասում ե նա, յերբ գյուղերից յեկած հոսանքը դեպի մեյդան ե շտապում, փողոցի յերկու կողմը շարված խանութները շատ չնչին ուշադրության են արժանանում դեպի մեյդան շտապող գյուղացիների կողմից, վերջը, կեսորից հետո, յերբ իր բարիքը ծախած գյուղացին յետ` դեպի գյուղ ե շտապում նույն Լորիս-Մելիքյան փողոցով – այս անգամ վոչ թե փողոցով – այս անգամ վոչ թե մեջտեղով, ինչպես այդ վայել ե սայլերին ու նախիրներին, այլ մայթերի վրայով»…
Յերկար շարքերով անցնում են այդ ֆոնի վրա մարդիկ՝ «Հաջի Ոնիկ Մանուկոֆ Էֆենդին», «մանրավաճառ Պողոս Կոլոպոտյան», «կաթոլիկ Սիմոնը», «գինեվաճառ Նիկոլ Արզումանովը», «վարսավիր Վասիլը»․․․
Յեվ ահա այդ դանդաղաշարժ, պրիմիտիվ և նեղ այդ միջավայրում ել ծլում ե «ուղեղային մորմոքը» – յերազը «նայիրյան աշխարհի» մասին, այն օրերի մասին, յերբ «կը հեռանան սոխերը և նորից կը հաստատվի «հայկական թագավորությունը»։
Յեվ միևնույն այդ միջավայրում ել նայիրյան այդ հեղափոխականությունը շաղկապվում ե սերտորեն նայիրյան առօրյա բամբասանքների, մանր հանցանքների և անիրավությունների, ստորությունների և ամենազազրելի արարքների հետ…
Յեվ այդպես ել ընթանում է կյանքը։
Մարդիկ առավոտ ելնում են դանդաղ կերպով, «հոգսերով» ծանրաբեռնված գնում են խանութ կամ տուն, հանդիպում են միմյանց, բամբասում են, «նարդի»-ի շուրջը հավաքվում և խաբում միմյանց մինչև երեկո․․․ և հետևյալ որը նորից կրկնում են այդ բոլորը․․․
Այնքան միորինակ և միատեսակ ե այդ առորյան, վոր միանգամայն աններդաշնակ բան ե յերևում տաղտուկ այդ ֆոնի վրա հեղափոխական շարժման վայրկենական արձագանքը…
«Յերկիր Նայիրի»-ի երրորդ մասը նվիրված ե հենց դրան – Նայիրյան աշխարհի կախարդական այլափոխությանը։
Անցնում են «Նայիրյան անդորրության և խաղաղության» «որերը»։
Բռնկվում է հեռավոր հյուսիսում հեղափոխությունը։
Նայիրյան քաղաքը մնում ե, իհարկե, անդորր, թեև նայիրցիները գիտեյին, լսել եյին, վոր ինչ վոր բան պատահել ե ներսերում, բայց այդ մասին վախենում եյին խոսել – իրենց գործը չե։ Յերեք որ եր արդեն, վոր պըտըտվում եյին շշուկները․․․
Յեվ ահա մի որ քաղաքում գտնվող զորքերը սկսում են շարժվել։ Նայիրցիները խանութները փակում են։ Յեվ աշխատում են իրենց դանդաղաշարժ ուղեղների միջոցով բացատրել նոր յերևույթը։ Տաղանդավոր կերպով ե նկարել Չարենցը պրիմիտիվ նայիրյան այդ տարակուսանքը նոր դեպքերի հանդեպ։
– Հը՞, բան մը կհասկընա՞ք սա ղալաբալըղեն– հեգնախառն հարցրեց Հաջի Ոնիկ եֆենդին սրճարան մտնելով:– «Ընչի՞ չենք հասկընա որ»– կտրուկ պատասխանեց տելեֆոն Սեթոն։ «Զորքին պրիկազ է եկե վոր ռևոլյուց ենեն»– վերջացրեց Սեթոն ու տիրեց լռություն․ հեռվից, գավառապետի բնակարանի կողմից, լսվեց մի հազար բերան «ուռռա»․ գրոհի գնացող զինվորների ցնծալից ու ահավոր աղաղակ եր դա․․․» («Նորք», V, եջ 21)։ Այլ կերպ չի կարող լուսաբանել հայկական այդ Միրգորոդի բնակիչը կատարվող բարդ յերևույթը։ Նա զգում ե միայն, վոր ինչ վոր կետ նրա ոտքերի տակ ցնցվում ե, սարսափով հետևում ե «հեռավոր աղմուկին» և աշխատում յուրաձև կերպով բացատրել յերևույթները – «Կըսեն բերդեն թոփի են կապե նաչալնիկի տունը»– արտահայտեց ընդհանուրի միտքը պ․ Աբոմարշը, վոր նույնպես գտնվում եր սրճարանում, բայց հավանություն չգտավ։– «Զևզեկ զևզեկ չխոսես նե, հայվա՛ն, քո ի՞նչ խառնվելու գործդ ե»– բարկացավ Հաջի Ոնիկ եֆենդին ու ավելացրեց, մի փոքր լռելուց հետո, չոր ու խրատական– «Ատ սինլքորներու զուռնան ետքը կիմանանք, յավրո՛ւմ»– ու դուրս գնաց ձեռնափայտը գետին խփելով – չոր ու խրատական» («Նորք», եջ 21)։
Յես չեմ կանգնի այլևս փառահեղ տաղանդավոր ռեալիստ նկարիչներին հատուկ ներկերով գծված մյուս էջերի վրա – վորոնք արտասովոր շեշտված տալիս են յերեկվա Հայաստանի տիրակալների խիստ սուր պատկերը։ Չարենցը նկարագրական իր այդ ձևով և «վեպի» ընդհանուր կառուցվածքով, հիրավի նոր եջ ե բաց անում մեր գրականության համար։
Յուրաձև այդ մոտեցումով նա կարողանում ե նկարել յերկու աշխարհի – հնի և նորի – այնքան բնորոշ բաղխումը նայիրյան խաղաղ անդաստանում։ Յեվ, միաժամանակ, այդ բոլորի հետ – ոբյեկտիվ նկարագրական այդ տողերի հետ միասին կարողանում ե տալ հին աշխարհի քայքայման, տարրալուծման և մահացման պատկերը։
Դրանում ե գուցե «Յերկիր Նայիրի»-ի տարբերությունը Ավ․ Իսահակյանի «Ուստա Կարո»-ից։ Յես այդ գործի բոլոր կտորները չեմ կարդացել։ Իմ ձեռքն են անցել միմիայն «Արեգ»-ի և «Հայրենիք»-ի մեջ զետեղված մի քանի գլուխներ։ Այդտեղ կան տաղանդավոր էջեր։ Գյումրին, ավելի ճիշտ «Հին Գյումրին» և «հին գյումրեցիները» գտել են իրենց հարազատ նկարչին հանձին Իսահակյանի։
Բայց Իսահակյանը – նկարիչ չէ միայն, այլ նաև հրապարակախոս և այդ հրապարակախոսն ել գունավորել ե ուրույն ռոմանտիքական կոլորիտով «Ուստա կարոների» կյանքը։ Նա չի նկատել կամ, ավելի ճիշտ, չի ցանկացել տեսնել հայրենի քաղաքի տիղմը։
Չարենցը – այդպես չե։
Նա տեսնում է այդ տիղմը։ Գծում ե հենց այս տղմոտ միջավայրը ամենից առաջ, ծաղրում, նշավակում և խարազանում…
Դրանումն ե կայանում նրա վեպի հասարակական-հեղափոխական մեծ արժեքը։
Նայիրյան աշխարհը Ավ․ Իսահակյանի մոտ լուսաբանվում ե իդեալիստական տեսակետից։
Չարենցի մոտ այդ աշխարհը գծվում ե այնպես, որպես նա կա, իր կոշտ և իսկական եյությամբ։ Յեվ հենց դրանով ել նրա նկարը դառնում ե հին աշխարհի դեմ ուղղված ամենասուր քննադատությունը։