Ե. Չարենցը, 1924-ին Եվրոպա մեկնելիս, ցանկություն է ունեցել Երկիր Նայիրի վեպը հրատարակել արտասահմանում: Մինչև մեկնելը վեպի երկրորդ` արտասահմանյան հրատարակության համար առաջաբան գրելու խնդրանքով դիմել է պատմաբան, Նորք (որտեղ առաջին անգամ հրատարակվել է վեպը) ամսագրի խմբագիր Աշոտ Հովհաննիսյանին, իսկ 1925-ի սկզբին, երբ արդեն Եվրոպայում էր, Ալեքսանդր Մյասնիկյանին:[1]Տե՛ս «Ալ. Մյասնիկյանին», Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հ. 6, (Երևան։ Հայկական ՍՍՌ ԳԱ հրատ․, 1967), էջ 412-416: (խմբ.) Վեպն արտասահմանում այդպես էլ չի հրատարակվում: Մեզ չեն հասել նաև թե՛ Հովհաննիսյանի և թե Մյասնիկյանի առանձին անդրադարձները վեպին:
Հովհաննիսյանին ուղղված նամակում արժեքավոր մի դիտարկում ունենք, որը վերաբերում է վեպի հիմնական հերոսներից մեկին` Մարուքե Դրաստամատյանին: Վերջինս գավառացի հարբեցող վարժապետ էր, որը վեպի վերջում բոլշևիկ է դառնում` միևնույն ժամանակ հանդես գալով որպես դաշնակցության «անպրինցիպ հակառակորդ»: Չարենցը սա բացատրում է նրանով, որ վեպը գրել է ընդհատումներով և մտածում, որ երկրորդ հրատարակությամբ առավել արտահայտիչ կդարձնի նրա բոլշևիկյան գործնեությունը: Վեպի երևանյան երկրորդ հրատարակության համար գրված առաջաբանում (1926) նույնպես շոշափում է այս հարցը: Այստեղ արդեն կերպարի անսկզբունքայնությունը նա բացատրում է նրա կենսագրության փաստական մանրամասներին լիարժեք կերպով հասու չլինելու հանգամանքով: Այս վկայություններն ուշագրավ են նրանով, որ Չարենցը փաստորեն մտքում ունեցել է լրջորեն խմբագրել վեպը` հատկապես այս կերպարը զարգացնելու նպատակով:
Չարենցը վեպում հատուկ ուշադրությամբ էր վերաբերվում միջին մտավորականներին, նրանց մեջ` գավառական ուսուցիչներին: Այս համատեքստում վեպը շտկելու մասին վերոհիշյալ երկու վկայությունները հուշում են, որ նա ցանկություն ուներ խմբագրությամբ գավառական ուսուցչից դաշնակցության առավել սկզբունքային, այսինքն` գաղափարական քննադատությամբ կայացող բոլշևիկ գործչի տիպ ստեղծել: Սա հասկանալի էր հատկապես 1920-ական թթ. սկզբներին, երբ հասարակական կյանքում սուր նախահեղափոխական շրջանի մտավորականության գաղափարական հակասությունները դրսևորումներ էին ստանում, իսկ Չարենցն ինքը, այդ բախումների կիզակետում լինելով, միևնույն ժամանակ լծված էր նախընթաց շրջանը վերաիմաստավորելուն:
Նամակը վերահրապարակվում է ըստ` Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հ. 6 (Երևան: Հայկ. ՍՍՀ ԳԱ հրատ., 1967), էջ 410-412: Վեպի երկրորդ հրատարակության առաջաբանը ըստ` Յեղիշե Չարենց, Յերկիր Նայիրի (Յերևան: Պետական հրատարակչություն, 1926):
Ե. Չարենցի նամակը Աշոտ Հովհաննիսյանին
Սիրելի Աշոտ Հովհաննիսյան,
Ես այստեղ արդեն վերջացրի գործերս, թղթերս ստացա, գնում եմ Մոսկվա: Այնտեղից ամսվա վերջին երևի ճանապարհվեմ արտասահման: Մոսկվայից շուտ մեկնելս կախված է վիզայից, այսինքն` Սահակից. որքան նա շուտ հանեց այն, այնքան շուտ կգնամ: Մարշրուտս մոտավորապես այս է` Մոսկվա, Բեռլին, Փարիզ, Լոնդոն, Նյու-Յորք, 2-3 ամիս Ամերիկա, հետո ետ` Իսպանիա, Իտալիա, Պոլիս, Բաթում. այսպես է իմ ծրագիրը, և ես հույս ունեմ, որ հնարավորություն կունենամ այն գլուխ բերելու:
«Երկիր Նայիրին» ես մտադրություն ունեմ հրատարակել Ամերիկայում. եթե Դուք հասատատ համաձայնվում եք առաջաբան գրել, ապա լավ կլիներ, որ ես այն ստանամ մինչև Մոսկվայից մեկնելս. հետո ուղարկել դժվար կլինի, և ես վախում եմ, որ չհաջողվի այն ստանալ: Այնինչ առանց առաջաբանի ես դժվար թե հրատարակեմ արտասահմանում «Նայիրին», որովհետև առանց նրան նա դժվար թե հասնի այն նպատակին, որի համար գլխավո<րապես> և ուզում եմ հրատարակել արտասահմանում այս գիրքս: Ապա ես կուզեի մի երկու խոսք ասել այն ուղղումների մասին, որ անելու եմ «Նայիրիում». առաջին և ամենախոշոր շտկումը – դա պ. Մարուքեի պատմությունն է. վեպի I մասում նա գավառացի հարբեցող վարժապետ է, ծեծում է երեխաներին. և այլն, II մասում – Դաշնակցության անպրինցիպ հակառակորդ, III-ում – բոլշևիկ…. Այս հանգամանքը, ինչպես և մի շարք այլ թյուրիմացություններ, առաջ են եկել նրանից, որ ես վեպը գրել եմ երկար ընդմիջումներով և անմիջապես մաս-մաս հանձնել տպագրության. II հրատարակության համար ես հիմնովին կսրբագրեմ վեպս, կանեմ մի շարք կրճատումներ, կավելացնեմ մի շարք հատվածներ` ավելի ուռուցիկ դարձնելու համար բոլշևիկների արածները – մի խոսքով հույս ունեմ, որ այդ շտկումներից հետո վեպս մի բանի կնմանի: Լավ կլիներ, եթե Դուք գրեիք ինձ Ձեր նկատողություններն այն մասին, թե ինչ տեղեր հարկավոր է շտկել, ուղղել կամ կրճատել.– եթե միայն ժամանակ ունեք և կարող եք նման մի աշխատանք տրամադրել մի-երկու երեկո:
Հույս ունեմ, որ կգրեք առաջաբանը, եթե մինչև Մոսկվայից մեկնելս չկարողացաք ուղարկել, գուցե հնարավոր լինի Սահակի միջոցով ուղարկել:
Ընդունեք բարևներս և ընկերական հարգանքներս.
Ձեր` Չարենց
<1>924, 13 IX, Թիֆլիս
Յերկրորդ հրատարակության առիթով
«Յերկիր Նայիրի» վեպը լույս տեսնելուց հետո հեղինակն իր մի շարք հայրենակիցներից սկսեց ստանալ գրություններ, մեծ մասամբ բարեկամական նամակներ, վորոնցով այդ արգո նայիրցիները մի կողմից իրենց խորին գոհունակությունն են հայտնում հեղինակին, վոր նա վորոշ տեսակետով, այսպես ասած` անմահացրել ե իրենց սրտին շատ մոտ նայիրյան այդ քաղաքի որերն ու վաստակները,– իսկ, մյուս կողմից, դժգոհությունը, վոր հեղինակը, իր կամքից յերևի անկախ պատճառներով, նայիրյան այդ քաղաքի մի քանի արգո քաղաքացիների մասին արձանագրել ե տեղեկություններ, վոր չեն համապատասխանում իրականության: Այսպես, որինակ, մի շարք քաղաքացիներ հայտնում են, վոր նայիրյան այդ քաղաքի առաջին ծխականի տեսուչ յեղել ե վո՛չ թե պ. Մարուքեն, ինչպես ասված եր մեր աշխատության մեջ, այլ պ. Բյուզանդ Վարդերեսյանը, վորի և մի շարք վոչ այնքան ել գեղեցիկ արարքները ծխական դպրոցում, հիշյալ հիմնական սխալի պատճառով, վեպում վերագրված եյին պ. Մարուքեյին: Այս վերջինիս մասին մի շարք ամենաստույգ աղբյուրներ իրենց պարտքն են համարում հայտնել նաև այն, վոր նա, այսինքն պ. Մարուքեն, ավարտած ե յեղել վո՛չ թե Գեվորգյան Ճեմարանը, ինչպես ասված եր մեր վեպում, այլ – տեղական յոթնամյա քաղաքային դպրոցը, վորտեղից և, վորքան մեզ հայտնի յե, անցել ե արտասահման (Բերլին):– Սակայն այս վերջին հանգամանքն ե ահա, վոր այնպես ել մութ մնաց հեղինակին. մեզ այնպես ել չհաջողվեց ճշտել, թե յեղե՞լ ե նա արդյոք Բերլինում, ինչպես ինքն ե ասում, և յեթե այո` իրերի ի՞նչ յերջանիկ բերումով ե, վոր նա կարողացել եր նայիրյան այդ – թող ներվի ինձ ասել – բավականին հետամնաց քաղաքից թռչել – պատկերավոր ասած – այդքան հեռու:
Այս հանգամանքն ե ահա, վոր այնպես ել մութ մնաց մեզ համար ու չպարզաբանված.– և ահա, ոգտվելով առիթից, խնդրում ենք բոլոր մեր հայրենակիցներին՝ յեթե նրանք ունեն ստույգ տեղեկություններ հիշյալ կարևորագույն հանգամանքը ճշտող՝ թող բարի լինեն գրել մեզ, հետևյալ հասցեյով.–
Յերկիր Նայիրի. Յեղիշե Չարենցին.–
Ծանոթագրություններ
↑1 | Տե՛ս «Ալ. Մյասնիկյանին», Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հ. 6, (Երևան։ Հայկական ՍՍՌ ԳԱ հրատ․, 1967), էջ 412-416: (խմբ.) |
---|