Իդեալական վարդապետություններն ու հայերի իրական կյանքը. ուսանող Միաբանի նամակը Փարիզից

 

1881 թվականին նախկին ճեմարանական և ապագա հայտնի հայագետ հոգևորական Գալուստ Տեր-Մկրտչյանը (Միաբան) ճամփա է ընկնում Ֆրանսիա՝ Փարիզի քաղաքական գիտությունների ազատ դպրոցում սովորելու։ Գիտնականի կյանքի ուսանողական այս շրջանի մասին ամենաառատ նյութը տրամադրում են 1882 թվականին գրված իր թղթակցությունները Մեղու Հայաստանի թերթին։ Երկու տասնյակի հասնող հրապարակումների այս շարքի թեմաները ձգվում են Դարվինի տեսությունից ու Գարիբալդիի կերպարից մինչև Թիֆլիսում այդ տարի գումարվելիք Ընդհանուր ուսուցչական ժողովն ու Կովկասի ժողովրդի տնտեսական վիճակի մասին իր հայեցակետը։ Ներկա վավերագիրը վերջինն է, որ գտնում ենք Մեղու Հայաստանի թերթում Տեր-Մկրտչյանի թղթակցություններից։ Չնայած ուսանողը վերջում խոստանում է շարունակել միտքը մյուս նամակում՝ հոդվածը հատկանշորեն ամփոփում է այն հիմնական մոտեցումները, որոնցով 1884-ին Կովկաս վերադառնալուց հետո պետք է աշխատեր գիտնականը։ 

Կովկասահայ հասարակական կյանքից դուրս գալով՝ եվրոպայից գցված հայացքը Տեր-Մկրտչյանին նոր անկյուն է տվել գնահատելու իրերի դրությունն իր հայրենիքում։ Իր ընտանի միջավայրը վերանայող ուսանողն այս հոդվածում մտորում է հայ ուսանողության՝ հայրենիքում գործելու մղումների մասին։ Մի հարևանացի հայացքով ուրվագծելով խոսողի իր դիրքը՝ հեղինակը վեր է հանում իր մտածողությունը ձևավորած երկու հենարանները՝ ժողովրդական կյանքն ու սերտ առնչությունը «նոր և տիրապետող», այն է՝ 1870-ականների վերջին Կովկասում տարածում գտած ու ազգային շրջադարձ ապրող նարոդնիկական շարժումներին։ Երկու կողմի պապերից եկող, սերնդեսերունդ փոխանցված հոգևորական ժառանգությունը ծխական քահանայի նարոդնիկ որդուն թույլ է տալիս նկատել հայ ուսանողության կազմած նախագծերի անհաղորդ լինելն այն տեղին, հանուն որի դրանք պետք է իրականացվեն։ Այդ տեղը՝ հայրենիքը, ունի գործիչներ և սկսված գործ, այլ կերպ ասած՝ լավ թե վատ ժառանգություն, որի թելը պետք է բռնեն ուսանողները, ըստ հոդվածագրի, եթե ուզում են դարմանել նույն այդ հայրենիքի տրոփող կարիքները։ Ի տարբերություն այս մոտեցման՝ նոր աշխարհներ բացահայտող ուսանողները Տեր-Մկրտչյանի ուրվագծած պատկերում հետևում են «տիրապետող հեղինակութիւններին ու վարդապետութիւններին»՝ կարծելով, թե մի խոպան տեղում են սկսելու իրենց գործունեությունն ու ամեն մեկը մի շարժման պարագլուխ դառնան։ 

Ստացած եվրոպական կրթության և հայրենիքին իրապես օգտակար գործ անելու այս լարումը հոդվածագիրը դնում է «իդեալականի» ու «րեալականի» միջև, ուր «[ա]ռաջինը չը պէտք է մոռանալ, բայց երկրորդին պէտք է հետևիլ»։ Այս սկզբունքն առանցքային է հասկանալու այն դրդապատճառները, որ քաղաքագիտության նախկին ուսանողին դարձրին Մայր Աթոռի դպիր։ «Միաբան գործնէութեան հակամէտ գլուխներ սնուցանելուց» զգուշացնող Տեր-Մկրտչյանի «Միաբան» ստորագրությամբ հայագիտական հոդվածները մի քանի տարի անց կհայտնվեն Մայր Աթոռի պաշտոնական ամսագրի՝ Արարատի էջերին։

Հոդվածը հրապարակվում է ըստ՝ Տ. Ս. «Փարիզ, 5 սեպ.  (24 օգոստ.)», Մեղու Հայաստանի, 1882, թիվ 96։ 

 

Փարիզ

5 սեպ.  (24 օգոստ.)

(Թղթակցութիւն «Մեղու Հայաստանի» լրագրի)

 Շատ անգամ կարծիքների, համոզմունքների բացատրութիւնը լրագրական թեթև յօդուածներում այն հետևանքը չէ ունենում, ինչ նպատակով գրում է յօդուածագիրը։

Պատճառը շատ պարզ է։

Ընթերցողը արագութեամբ անցնում է, աւելի ճիշտ, սահում է կարդացած յօդուածների վերայից և յաճախ համաձայնում այնպիսի մտքերի հետ, որոնց կամ առաջ կամ յետոյ հակակարծիք է գտնուելու և մինչև իսկ հակառակելու։

Ով չէ ճանաչում այդպիսի անձնաւորութիւններ, կամ նոյն իսկ իր վերայ չէ փորձել այսպիսի դէպք, որ կարդում է երկու միմեանց հակառակ գրուածներ և երկուսին էլ մտքով համաձայնում, առանց հասկանալու թէ այս գրութիւնների մտքերը անհաշտելի են և չեն կարող համաձայնել – քանի որ նրանք միմեանց վերաբերութեամբ բացասական են։

Այս առաջ է գալիս, ի հարկէ, չհասկացողութիւնից և թեթև ըմբռնողութիւնից։

Եւ մի՞թէ կարելի է պահանջել ամենքից խորասուզվել, մանաւանդ մասնագիտական հարցերում, և ունենալ որոշ, յայտնի գծերով սահմանաւորուած տեսակէտ, ճշմարտութիւնը իւր բոլոր նուանսներում, նուրբ դարձուածքներում, արդարակշիռ չափելու կրիտէրիում։ Այս անկարելի է, որովհետև անհնար է։

Թողնենք ամբոխը, թողնենք ժողովրդեան ամենամեծ մասը, գանք աւելի զարգացած սակաւաթիւ դասին և սոցա մէջն էլ ահա ամեն օր կը հանդիպենք նոյն երևոյթին, այն պայմանաւ միայն, որ խնդիրը չը լինի մաշուած, ծեծուած և միայն բանակռիւը շարունակելու նպատակաւ յամարութեամբ ձգձգուած։

Դեռ այս տեսակ խնդիրներումն էլ մոլորվում է անզարգացած ընթերցողների միտքը շատ անգամ ու այս և այն կողմը տատանվում։

Այս հետաքրքիր երևոյթը պատահում է ոչ միայն ընթերցողին, այլ նոյն իսկ իրան գրողին, երբ վերջինս չ’ունի սեպհական որոշ համոզմունքներ, կամ ունեցածները հիմնած է յայտնի վարդապետութիւնների և հեղինակութիւնների վերայ, առանց իրան հաշիւ տալու այդ վարդապետութիւնների կամ հեղինակութիւնների որակութեանը։

Եւ ե՞րբ է ամենից յաճախ կրկնվում գրողներիս մէջ այդ անորոշութիւնը, այդ համոզմունքների տատանմունքը, ընդմիջաբար հակա […]. – այն ժամանակ, երբ հետևում [ենք] ամենանոր և ընդունուած հեղինակութիւններին, երբ գտնվում ենք տիրող ազդեցութեան տակ։

Իսկ երիտասարդութիւնը մանաւանդ, ամեն երկիրներում, ազատ չէ այդ տիրող ազդեցութիւնից։

Այս մեղադրանք չէ, որ մենք անում ենք, այլ խոստովանում ենք մի պարզ իրողութիւն, որն և շատ բնական է։

Տիրող ազդեցութիւնից բարձր կանգնելու համար հարկաւոր է արդէն մեծ և մշակուած ոյժ, սեպհական տեսակէտ, նուրբ քննադատութիւն, միով բանիւ շատ բան։

Եւ ո՞վ իրաւունք ունի այդ պահանջելու նոր հասնող, դեռ կեանքի մէջ չը մտած սերնդից, այդչափ շատ,- կարծեմ ոչոք, միայն ցոյց տալ այդ տիրող ազդեցութեան թոյլ և թիւր կողմերը հասկացողի կողմից պարտականութիւն է։

Մենք մեզ բարձր չենք դասում մեր զարգացած երիտասարդների շատերից, բայց պէտք է ասել, որ պատահմունքների շնորհիւ գտնուել ենք բացառիկ հանգամանքներում։ Ռուսաստանից չը հեռացած մօտ ծանօթ ենք եղել նոր և տիրապետող շարժմունքներին, մօտ ենք գտնուել երիտասարդութեանը, միասին ապրել ենք, միասին խորհել, իսկ միւս կողմից բաղդի բերմամբ մեծացել ենք ժողովրդի մէջ։ Մենք զգում ենք, որ այդ մի առաւելութիւն է, մանաւանդ որ պահպանողական, նեղ ազգասէր անուանուած կուսակցութիւնն է եղել մեր դաստիարակողը, ուրեմն և այդ կուսակցութեան խորքերին ծանօթ ենք, եթէ կան մեր մէջ կուսակցութիւններ, այս բառի բուն նշանակութեամբ։

Արտասահմանում, հայ հասարակութիւնից, առօրեայ տպաւորութիւններից, կարճ ասել, շարժումից դուրս գտնուիլը մեզ շատ օգնեց մեր կարծիքները սահմանաւորելու, բաղդատելու և վերջապէս հեռուից նայելու այն անորոշ և սաղմնային դրութեան մէջ գտնուող մարմնոյն, որ կոչվում է հայ երիտասարդութիւն։

Մեզ հարկաւոր էր մի հեռուից ձգուած հայեացք, որ ամբողջութիւնը ամփոփէր իւր մէջ, և այդ մեզ տուեց Եւրօպան։

Բայց չենք կամենում ամբողջապէս օգտուիլ մեր դիտողութիւններից, որ դեռ մշակութեան և ժամանակի կարօտ են, չենք ուզում նաև ընդհանուր թեթև հայեացքով ծրագրել այն, ինչ որ մեր կարծիքով մանրամասն և հետազննին քննութեանց է արժանի, այլ աչքի առաջ ունենալով ընթացիկ քաղաքական անցքերը և շարժումները զանազան տէրութեանց մէջ, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով ունենալու են իւրեանց ազդեցութիւնը մեր ապագայ վիճակի վերայ, մի քանի հիմնական նկատողութիւններ ենք անելու մեր ընկերների ամենալուրջ և հասկացող մասին, խնդրելով միանգամայն նոցա սթափ ուշադրութիւնը և խորամտութիւնը։

Աւելացնում ենք նախապէս և այս, որ մենք չենք դիպչելու այնպիսի խնդիրների, որոնք առանց մեր մասնակցութեանն էլ շատ պարզ են և կամեցողին հասկանալի։

Անցնելու ենք նաև այն հարցերի վերայով, որոնք բացի տարաձայնութիւնից, ոչինչ նոր և կենսական չեն աւելացնում մեր ամենքիցս այնչափ սիրուած և փայփայուած գաղափարներին – մեր ազգութեան խնդրին։ Առանց այդ էլ կրօնական վէճերով լցվում են մեր լրագիրներից՝ իրանց ամենից ազատամիտ կարծողների էջերը և մեզնից յարգուած խմբագիրներից մէկը – պ. Գրիգոր Արծրունին իրան յաղթող է հրատարակելու այն օրը, երբ առաջին անգամ ստանայ մի հայ-մահմէտականից մի թղթակցութիւն, մի յօդուած, մի լուր…

Ահա թէ ինչ է նշանակում սենեակում սուր խաղացնել, օդում մենամարտել։

Մենք թողնում ենք այս ամենը մեր նկատողութիւններն սկսելու համար։

Այն անձինք և ուսանողները, որոնք իրանց պատրաստում են ազգի, հասարակութեան համար, չենք խօսում այնպիսիների վերայ, որոնք իրանց կօսմօպօլիտներ են անուանում, զբաղուած են իւրեանց անձնական կրթութեամբ, իւրեանց մասնագիտութեամբ, աչքի առաջ ունենալով ապագայում օգտակար լինել հայրենիքին։ Բայց ուշադրութեան արժանի է այն, որ իւրաքանչիւրը նոցանցից պատրաստվում է այնպէս, իբրև թէ իւր ապագայ գործնէութեան տեղը մի օազիս լինէր, ուր չէ հանդիպելու իւր նման ուրիշներին, ուր հէնց ինքն է սկիզբն դնելու գործի. կողմնակիցներ է գտնելու կամ հետեւողներ ժողովելու. միով բանիւ դառնալու է մի պարագլուխ, մի կենդրոնական ոյժ իւր առանձին պրօգրամներով, պլաններով։ Մինչդեռ հայրենիքում կայ գործ և գործիչներ, այդ գործը շատունց է սկսուած և սկսողներից շատերը չեն ապրում արդէն, հարկաւոր էր միայն նոր ոյժ այդ սկսված գործը առաջ տանելու համար։

Այս երևոյթը կարծես թէ հակասում է մեր յայտնած նախընթաց մտքին թէ ուսանողների, երիտասարդների մեծ մասը տիրող ազդեցութեան տակ է գտնվում, մինչդեռ նրանցից իւրաքանչիւրը մինչև անգամ ինքնուրոյն նախագծեր է կազմում։

Բայց այս հակասութիւնը արտաքին է միայն։ Իւրաքանչիւր ուսանողի ապագայ գործնէութեան որոշ կամ անորոշ նախագիծը մի պարզ ընդօրինակութիւն է, երբեմն նաև անգիտակցաբար կատարուած, այն տիրող վարդապետութիւնների և հեղինակութիւնների ուսմունքին, որոնց ազդեցութեան տակ գտնվում է։ Հարցնելն անգամ աւելորդ է թէ որևէ կապ ունի արդեօք այդ նախագիծը հայրենիքի բուն պահանջների հետ, որովհետև այժմեան ուսանողութիւնը թէև չէ արհամարհում իւր լեզուն, իւր պատմութիւնը, բայց ոչթէ նորա համար, որ այդ միջոցով հայրենիքի պահանջներին ծանօթանայ, այլ այն նպատակով միայն, որ իւր նախագիծը կարողանայ իրագործել այնտեղ։ Ի՞նչ հարկ կայ գիտնալ հայրենիքի պահանջները, մտածում է ուսանողը, ես համոզուած եմ իմ համոզմունքների ճշմարտութեանը և կ’աշխատեմ նոցա իրագործել իմ հայրենիքում, և […] լինի հայրենիքի օգուտը։ […] հայրենիքին իսկապէս օգուտ [կտա], թէ վնաս, դրա վերայ շատ չէ մտածում ապագայ գործողը, որովհետև առաջնորդվում է ո՛չ թէ իւր հայրենիքի բուն պահանջներով, այլ իւր սիրած և յարգած հեղինակութիւններով, վարդապետութիւններով։

Ինչպէս տեսնում էք, այստեղ գործ ունինք մենք ոչթէ կոպիտ և անհիմն սխալմունքների, կոշտ զանցառութիւնների, այլ աւելի նրբութիւնների հետ։

Բայց նախագիծ ունենալը դեռ ապացոյց չէ ինքնուրոյնութեան։

Եթէ մի ինքնուրոյն բան կայ այդ տեսակ նախագծի մէջ, այդ այն է, որ այդպիսի իւրաքանչիւր նախագիծը անհաշտելի է որևէ ուրիշ ներկայ կամ ապագայ գործողի գործնէութեան կամ նախագծի հետ։

Եւ եթէ մի արժանաւորութիւն ունին այդ նախագծերը, այդ այն է, որ ուսանողի կեանքի մէջ մտնելու երկրորդ օրից արդէն ցոյց են տալիս իւրեանց յատկութիւնը՝ յօդս ցնդելով և թողնելով իւրեանց կազմողին, իւրեանց տիրոջը անորոշ և ճապաղ մտածմունքների մէջ, որին երբէք չէ կարող հետևիլ կանոնաւոր գործողութիւն։

Եւ միակ հետևանքը, որ թողնում են այդ նախագծերը, այդ՝ անհաշտելի բնաւորութիւն, ընդհանուր և միաբան գործնէութեան հակամէտ գլուխներ սնուցանելն է, որոնք և երբէք դուրս չեն գալու անձնական գործերի նեղ շրջանակից, թէև նոցա նախագծերը շատ ընդարձակ էին և մեծ բովանդակութեամբ։

Եւ եթէ այդ տեսակ նախագծերը զանազան անձնաւորութեանց մօտ զանազանվում են միմեանցից, այդ՝ այդ զանազան անձնաւորութեանց մասնագիտութիւնների անդրադարձութիւնն է միայն, որ առանձին գոյն է տալիս իւրաքանչիւրի նախագծին։

Զարմանալի էլ չէ, որ բժիշկն ամեն բանում հիւանդութիւն է տեսնում, մանկավարժը ամեն տեղ աշակերտներ, երկրագործը երկրագործական դպրոցներ և այլն։

Սրանով չենք ուզում քամահրել մասնագիտութիւնը։ Լաւ է գոնէ մի բան գիտենալ, քան թէ ոչինչ, որովհետև մեր մէջ իրանց էնսիկլօպէդիստ համարողները իսկապէս ոչինչ չը գիտեն։

Մենք միայն մատնանիշ ենք լինում զանազան տիրապետող ազդեցութիւններին և կրկնում ենք, որ ոչ թէ յարգած հեղինակութիւնների կամ վարդապետութիւնների, այլ հայրենիքի պահանջներին ենք ծառայելու։

Կարող են մեզ տիրապետող հեղինակութիւնները և վարդապետութիւնները արդար և ուղիղ լինել, բայց թէ որչափ պատշաճ մեր հայրենիքի այժմեան պահանջներին, այս մի հարց է, որի վերայ պէտք է մտածել։

Այլ է թէ ինչպէս պէտք է լինի այս կամ այն բանը իսկապէս, այլ է թէ ինչպէս կարող է լինել այժմ։

Առաջինը իդեալական է, երկրորդը րէալական։ Առաջինը չը պէտք է մոռանալ, բայց երկրորդին պէտք է հետևիլ։ Այս նոյնն է ասել թէ ոչթէ հեղինակութիւնների, այլ հայրենիքի պահանջներին ենք հետևելու. կամ թէ՝ եթէ պէտք է ընդունել իսկապէս մի հեղինակութիւն և նորան հնազանդիլ, այդ հայրենիքի պահանջներն են լինելու։ Դժբաղդաբար մեր մէջ գրեթէ ամենքը, որ իրանց րեալականներ են անուանում, անկարող են եղել մինչև այժմ այս տարբերութիւնը հասկանալ, ուստի և ընկել են միշտ հակասութեանց մէջ, հետևեալ նամակում մենք այդ ցոյց կը տանք։