Արվեստագետների հանդեպ քաղաքական համակրանքի սահմանները 1920-ականների սկզբին. Նորքի խմբագրականը

 

1920 թվականի սոցիալիստական հեղափոխությունը Հայաստանում հաստատեց ինչպես քաղաքական, այնպես էլ մշակութային նոր իրադրություն: Քաղաքական անկայուն պայմանների հետնախորքին տնտեսապես, սոցիալապես քայքայված երկիրը պետք է բռներ սոցիալիստական պետություն ու հասարակարգ կառուցելու ճանապարհը: Այս համընդհանուր սոցիալիստական շինարարության մեջ մշակութային հեղափոխության ասպարեզի մի ճակատն էր բռնում արվեստը: Այն իր հերթին անխուսափելիորեն օրակարգում պետք է պահեր նոր մշակույթ ու նոր կենցաղ ստեղծելու քաղաքական հրամայականը: Հայաստանի խորհրդայնացումից հետո նոր արվեստ ստեղծելու գործին այդուհանդերձ ձեռնամուխ եղան ավագ սերնդի այն արվեստագետները, որոնք կրթվել և իբրև արվեստագետ կայացել էին դեռևս նախահեղափոխական շրջանում (Մարտիրոս Սարյան, Գաբրիել Գյուրջյան, Սեդրակ Առաքելյան և այլք): Այն հանգամանքը, որ նոր արվեստի ստեղծման գործը Հայաստանում վստահվեց հենց հին սերնդի արվեստագետներին անշուշտ կապված էր 1920-ականների սկզբին Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը ստանձնած հին մեծամասնական գործիչների (Ալեքսանդր Մյասնիկյան, Սարգիս Լուկաշին, Արտաշես Կարինյան և այլք) շրջահայաց քաղաքականության հետ:

Ներկա վավերագիրը 1920-ականներին Խորհրդային Հայաստանի կառավարության առաջին դեմքերից մեկի՝ Աշոտ Հովհաննիսյանի խմբագրությամբ լույս տեսնող Նորք հանդեսի առաջնորդողն է: Այն երևան է բերում տասնամյակի սկզբին թե´ արվեստի հանդեպ քաղաքական համակրանքի սահմանները, թե´ այդ սահմանները որոշարկող արվեստի ու կենցաղի միջև բարդ կապակցումները: Հոդվածում հստակ ուրվագծվում է պաշտոնական այն դիրքորոշումը, ըստ որի՝ նոր պետության պայմաններում հնի ժառանգությունը, ինչպես և հին սերնդի արվեստագետներն անհրաժեշտաբար ընդունելի էին նոր մշակույթ ու արվեստ ստեղծելու իրենց ներուժով: Նոր պետության մեջ, ուրեմն, թե´ նախահեղափոխական շրջանից ժառանգվածը, թե´ այդ ժառանգությունն իրենց մեջ կրող արվեստագետներն ըմբռնվում էին իրենց զարգացման ու փոփոխման ընթացքի մեջ: Այս մոտեցմամբ է Հովհաննիսյանն արվեստագետների գործունեության չափանիշ սահմանում նոր մտայնությունն ու դրանով նոր իրականության հետ հարաբերվելու կարողությունն ու հակվածությունը:

Արվեստագետի աչքն ուշագրավ կերպով հոդվածում ի հայտ է գալիս իբրև նոր իրականության հետ հարաբերվելու գլխավոր «գործիք»: Ըստ այդմ՝ վերջինիս նայելու ու տեսնելու կարողությունը երևում է իբրև նոր արվեստի չափանիշ. հենց արվեստագետի աչքն է, ըստ Հովհաննիսյանի, որ գալիքը տեսնելու կարողություն ունի: Միաժամանակ գալիքը ներկայում տեսնելու, դրա տարրերը նշմարելու տեղը հենց ապրվող կյանքն է՝ կենցաղը: Հետաքրքրականորեն, ուրեմն, ներկայում արդեն ապագա կոմունիստական հասարակարգ ստեղծելուն հավակնող խորհրդային նախագծում գործուն քաղաքական ղեկավարի կարգավիճակ ունեցող Հովհաննիսյանը հայացքն ուղղում է դեպի կենցաղ ու արվեստ: Արվեստի և կենցաղի միջև կապերը պատմական ընթացքի մեջ տեսնելու ու բացահայտելու այս փորձն ուրվագծում է քաղաքական գործիչ, բայց միաժամանակ պատմաբան Հովհաննիսյանի մոտեցումները: Անցյալը, ներկան ու ապագան շաղկապված տեսնելով ու դրանք ներաճուն ընթացքի մեջ մտածելով է Հովհաննիսյանը կենցաղում նշմարում գալիքը, կենցաղը դիտում իբրև պատմական ընթացքը բացորոշող տիրույթ: Պատմաբան-քաղաքական գործչի աչքում հեղափոխությամբ ազդարարված պատմական փոփոխությունը երևան է գալիս նոր հաստատվող, քաղաքական հեղափոխությամբ իր իսկ փոփոխման ճամփան բռնած կենցաղում: Իսկ արվեստագետն իր հերթին երևում է մեկը, ով, ունակ լինելով տեսնել ապրվող կյանքի ընթացքը, արվեստն առաջադրում է իբրև կենցաղն իր փոփոխման մեջ ներկայող հատուկ ոլորտ:

Հրապարակվում է ըստ՝ «Խմբագրության կողմից», Նորք, 1922, թիվ 1, էջ 5-6:

 

Խմբագրության կողմից

Նորքը լույս ե տեսնում այն պահին, յերբ Խորհրդային Հայաստանի առջև շինարարության նոր ուղի յե հարթվել։

Անցել ե քաղաքացիական կռիվների նույնքան ավերիչ, վորքան և անխուսափելի շրջանը։ Պրոլետարիատի հաղթանակը և նրա դիկտատուրայի հաստատումը — նոր շինարարության անհրաժեշտ նախապայմաններ են։ Մեր վոչ-խորհրդային հարևան-պետությունների հետ հաստատված են ամենաբարյացակամ հարաբերություններ։ Մեր՜ հարևա՛ն խորհրդային հանրապետությունների հետ, Ֆեդերացիայի հետևանքով, քաղաքական, ռազմական ու տնտեսական ամենասերտ կապ ու կենակցություն ունենք։ Այդպիսով շինարարության կարևորագույն նախապայմանը ստեղծված ե։

Ռազմահեղափոխական շրջանի իշխանության ժամանակավոր որգանների փոխարեն մենք այսոր ունինք խորհրդային սահմանադրություն և նրան համապատասխան նորմալ խորհրդային հիմնարկներ ու հաստատություններ։ Հին «դեմոկրատական» պետությունը չե, վոր վերաշինվել ե, այլ նո՛ր իրավակարգ, վորի հիմքն ե՝ պրոլետարիատի դիկտատուրան։ Մեր զորքը — Ռուսաստանի բանվորագյուղացիական կարմիր արմիայի մի մասնիկը, թե ըստ իր կազմակերպության, թե ըստ իր նպատակների, նախ խորհրդային Հայաստանի խմբապետական բանդաների հակապատկերն ե։ Ինչպես պետությունը, այնպես ել զորքը, նախկին Հայաստանում յեղել են յևրոպական իմպերալիստ պետությունների ձեռքում մի թշվառական խաղալիք, մինչդեռ ներկայումս թե պետությունը, թե նրա զորքը — Հոկտեմբերյան մեծ հեղափոխության գիտակից անդամ ու գործակիցներն են։ Հին ու նոր պետությունների միջև տարբերությունը նույնքան խոր ու խոշոր ե, վորքան այդ պետությունների ղեկավար կուսակցությունների միջև, Դաշնակցության և Կոմմունիստական կուսակցության միջև։

Ավելի քան յերեսուն տարի հայ ժողովուրդը նմանել ե իր իսկ ստեղծած հեքյաթական հերոսին, վոր դեգերում ե «մութ աշխարհի» ահավոր ուղիներում։ Հոկտեմբերյան հեղափոխության իրականացումը մեր յերկրում հանում ե մեր ժողովուրդը՝ «լույս աշխարհ»։ Այսոր պայծառորեն պատկերում ե իր նպատակը, տեսնում ամենաապահով ուղին և հաստատ քայլում դեպի նա։

Յեվ մինչդեռ առաջինը՝ մանր-բուրժուական, գյուղացիական բութումութ աշխարհի մտայնությունը մեր յերկրում տասնյակ տարիներ ե իշխել, յերկրորդը՝ հեղափոխական մարքսիզմի աշխարհայացքը, վոր այսոր քաղաքականորեն հաղթանակողն ե հանդիսանում, համեմատաբար նոր ե ծագել։ Յեվ մինչդեռ քաղաքական կյանքը մեր յերկրում կազմակերպվում ու ղեկավարվում ե հեղափոխական մարքսիզմի տեսական սկզբունքներով, հայ մտավորականության խոշորագույն մասը իր հին մտայնությունն ե վորոնում։

Իրերի այս դրությունից ահա բղխում են Նորքի գլխավոր նպատակները։

Նորքը նախ արձանագրելու յե այն արդյունքները, վորոնց հասնում ե հայ աշխատավորը նոր շինարարության ընթացքում։ Յեվ ինչպես շինարարության բոլոր բնագավառներում Խորհրդային Կառավարությունը աշխատակցության ե հրավիրում բոլոր աշխատունակ քաղաքացիներին, այնպես էլ Նորքը հրավիրում ե աշխատակցության այն բոլոր քաղաքացիներին, վորոնք տոգորված են շինարարության գաղափարով։

Ինչպես մեր ներկան ու ապագան լավագույն կերպով ճանաչվում ե շնորհիվ հեղափոխական մարքսիզմի մեթոդի, այնպես ել մեր անցյալը պիտի լուսաբանվի նույն մեթոդով։ Նորքը պիտի այսպիսով հանդես բերի մեր անելիքները քաղաքական, տնտեսական ու կուլտուրական բնագավառներում և լուսաբանի մեր անցյալը մարքսիստորեն։

Վերջապես գրական ասպարիզում մենք կոչ ենք անում բոլոր հայ գեղարվեստագետներին․․․ Մեր հին գրականությունը հանգչելու վրա յե և նոր գրական դեմքեր են վառվում։ Բնականաբար մեր համակրանքը լինելու յե նրանց կողմը, վորոնք նոր աչքով կնայեն աշխարհի և կյանքի վրա, վորոնց համար զուր չեն անցել վերջին տարիների արյունոտ վայրիվերումները, վորոնք տեսնում են գալիքը և նշմարում նրա տարրերը նոր հաստատվող կենցաղի մեջ։