1920 թվականին Հայաստանի խորհրդայնացմամբ նոր՝ սոցիալիստական հասարակարգ կառուցելու քաղաքական նախագծի կենսագործման համար առանցքային դարձավ երկրում հաստատված մշակույթի ու կենցաղի հեղափոխումը: Ինքնին քաղաքական ծրագիր լինելով՝ Հայաստանում մեկնարկած մշակութային հեղափոխությունը ենթադրում էր քաղաքական, վարչահրամայական միջամտությունների ու ուղղորդման միջոցով հին կենցաղի ու նիստուկացի փոխարեն ներդնել նոր՝ սոցիալիստական կենցաղավարություն:
Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո երկրի ղեկը ստանձնած հին մեծամասնական գործիչների (Ալեքսանդր Մյասնիկյան, Սարգիս Լուկաշին, Աշոտ Հովհաննիսյան և ուրիշների) որդեգրած քաղաքականությունն ըստ էության ստիպված էր առերեսել հին ու նոր կենցաղաձևերի բախման ողջ բարդությունը: 1920-ականների սկզբին արդեն ակնհայտ էր, որ հարյուրամյակների ընթացքում հաստատված ու արմատացած տեղական մշակույթը տեղի էր տալիս մեծ դժվարությամբ: Հետևաբար քաղաքական իշխանության առջև ծառացած էր քաղաքական կտրուկ միջոցառումների գործադրման գնով մշակութային հեղափոխության հաջողումն ապահելու խնդիրը: Փաստացիորեն սակայն 1920-ականների առաջին կեսին Հայաստանի հին մեծամասնական կառավարության քաղաքական ողջ ջանքն ուղղվեց հենց քաղաքականության ու մշակույթի միջև անխուսափելիորեն արդեն իսկ գոյացած խզումը մեղմելուն:
Ստորև ներկայացվող վավերագիրը 1921 թվականին խորհրդային կառավարության ընդունած հրամաններից մեկն է, որը վերաբերում է Խորհրդային Հայաստանում պետականորեն ընդունված տոների ցանկը լրացնելուն: Թեև ծավալով փոքր ու առանց բովանդակային հավելյալ բացատրությունների, սակայն պետական այս որոշումը դիպուկ կերպով է վեր հանում 1920-ականների սկզբին հայաստանյան կենցաղը վերափոխելու խնդրում երկրի ղեկավարության մեղմ ու չափավոր մոտեցումը: Այն բացորոշում է 1920-ականներին հին մեծամասնականների՝ քաղաքական ու մշակութային հեղափոխությունների միջև սկզբունքային տարբերությունն ըմբռնելու նրբանկատությունը: Հեղափոխությունից անմիջապես հետո ստորգրված հրամանը բացահայտում է հաստատված քաղաքական նոր պայմաններում իր վերափոխման անխուսափելի ընթացքը բռնած, բայց միաժամանակ իր կենսունակությունը չսպառած հին կենցաղավարության հետ քաղաքականապես հաշվի նստելու խորհրդային կառավարության ջանքը:
Բացի կիրակի ու խորհրդային իշխանության համար պատմական նշանակություն ունեցող տոներից՝ սույն հրամանով այդպիսիք էին հռչակվում նաև «ժողովրդի նախկին տօների մեծ մասը»: Ներկա՝ արդեն իսկ հեղափոխված քաղաքական իրադրությունում ժողովրդի կյանքի ու կենցաղի անքակտելի մաս կազմող նախկին տոների ընդունումն այս կերպ ամրագրում էր հաստատված կենցաղի հետ հաշվի նստելու, նոր կենցաղի կենսագործման ծրագրում հինն արմատախիլ չանելու, հին ու նոր կենցաղաձևերի համաժամանակյա խառը գոյակցումն ընդունելու 1920-ականների սկզբի խորհրդային իշխանությունների շրջահայաց գործելակերպը:
Հրապարակվում է ըստ՝ «Տօն օրերի լրացման մասին», Հ.Ս.Խ.Հ. դեկրետների եւ հրամանների ժողովածու, պրակ 1 (Էջմիածին: Գիտական ինստիտուտի տպարան, 1921), էջ 72-73:
ՀՐԱՄԱՆ
99 Տօն օրերի լրացման մասին
Ի լրումն Աշխատանքի ժողկոմի և Արհեստակցական միութիւնների կազմակերպիչ բիւրօի № 14 որոշման տօների առթիւ, Արհեստակցական միութիւնների կազմակերպիչ բիւրօի առաջարկութեամբ Աշխատանքի ժողկոմը որոշել է բացի կիրակի և պատմական նշանակութիւն ունեցող տօներից համարել նոյնպէս տօն 1. Ծննդեան և Մկրտութեան առթիւ 2 օր, (յունւար 6-ին և 7-ին) 2. Տեառնդառաջ մէկ օր, 3. Բարիկենդան մէկ օր, (շաբաթ օրը) 4. Աւետումն մէկ օր, 5. Զատիկն երկու օր (կիրակին հաշւելով սովորական հանգստի օր.) 6. Համբարձումն մէկ օր, 7. Վարդավառն մէկ օր, 8. Սահակ և Մեսրոպի տօնը մէկ օր:
Որոշւած 10 տօն օրերը համապատասխանում են ժողովրդի նախկին տօների մեծ մասին (նախկին հաշւով):
Աշխժողկոմ՝ Կոստանեան
Արհ. միութ. Բիւրօի նախագահ՝ Հ. Ազատեան
1921 թ. Յունւ. 16
Հր. Ком. 21 թ. Յունւ. 18 № 14