Կարսը յուրօրինակ դիրք է գրավել 20-րդ դարասկզբի ազգային հեղափոխական շարժումների պատմության մեջ: Արևելյան Հայաստանի կողմից սահմանակցելով Ալեքսանդրապոլին, իսկ մյուս կողմից` Արևմտյան Հայաստանի գավառներին` նա մի կողմից հանգրվան է եղել Երկիր անցնող քաղաքական գործիչների համար, մյուս կողմից` զինամթերք պահելու ու տեղափոխելու տարանցիկ ճանապարհ: Այսքանով հանդերձ Կարսը հատկանշվել է ազատագրության գաղափարներով ներծծված իր յուրօրինակ հասարակական միջավայրով:
Ազգային հեղափոխական պայքարի անմիջական դերակատարների՝ Առաջին հանրապետության անկումից հետո գրված կարևորագույն էջերից են Ռուբէն Տէր-Մինասեանի ստվարածավալ հուշերը: 1904-ից ի վեր Ռուբէնը, ներգրավված լինելով ազգային ազատագրության նախապատրաստական աշխատանքներում, ինչպես ինքն է վկայում, հեղափոխական իր «մկրտությունը» ստացել էր Կարսում: Ավելի ուշ գրված հուշագրության առաջին հատորը Կարսին նվիրելով` նա անգնահատելի աշխատանք է կատարել 20-րդ դարասկզբի Կարսի ներքին կյանքը վկայագրելու առումով:
Վերահրատարակվող այս փոքրիկ կտորում Ռուբէնը շեշտում է, որ վարքուբարքով նահապետական այս քաղաքը միևնույն ժամանակ հասարակական այնպիսի մթնոլորտ ուներ, որտեղ ազգային հոգսն առաջնային էր: Վերջինիս տակ պետք էր հասկանալ ինչպես ազգային ազատագրության գաղափարներին գործնականորեն աջակցելը` նյութապես և զինվորագրությամբ, այնպես էլ զինվորագրված զավակների հանդեպ հոգածությունը` թե՛ ֆիզիկական խնամքի, թե՛ բարոյական աջակցության առումով: Կարսի այս մթնոլորտը հեղափոխական մկրտության յուրօրինակ ավազան էր դառնում քաղաքով անցնող գործիչների համար: Մյուս կողմից` Ռուբէնի հուշերն ակնհայտ են դարձնում ազգային հեղափոխական գործիչների` ժողովրդի ու հայրենի աշխարհի հետ կապվածության յուրօրինակ կապեր: Վերջիններս, ինչպես կարելի է տեսնել հրապարակվող հատվածից, որպես ընդլայն ընտանեկան կապեր են ըմբռնվում, իսկ հեղափոխական գործը` հայրենի աշխարհի փրկության գործ: Ուստի, պատահական չէ, որ հայրենի աշխարհով անցքը ջերմեռանդ ուխտագնացություն է պատկերանում քաղաքական գործիչներին, իսկ ազատագրության գաղափարներին որդեգրումը` անձնական կյանքը հայրենի աշխարհի փրկության բարձր իդեալին զոհաբերում:
Ռուբէնի հուշագրությունը, ազգային հեղափոխական շարժումների պատմության արժեքավոր աղբյուր լինելով, միևնույն ժամանակ արժեքավոր է հասկանալու համար, թե ինչ մթնոլորտում էին պատանի Եղիշե Չարենցի մոտ ձևավորվում հեղափոխական իդեալները: Հրապարակվում է ըստ` Ռուբէն, Հայ յեղափոխականի մը յիշատակները. Կարսի հնոցին մէջ (1904). Դէպի Երկիր (1904), հատոր Ա (Լոս Անճէլըս: Հորիզոն տպարան, 1952), էջ 119-122:
Կարսի անցեալէն (Գլուխ Գ)
Երբ կը հարցնես մէկուն թէ` որո՞ւ տղան ես, ան իր հօրը անունը կուտայ, թէկուզ իր հօր ազդեցութիւնը իր վրայ չնչին լինի: Չի տար իր մօր անունը, թէեւ հաստատ գիտէ թէ ով է իր մայրը, եւ որ անորմէ կախուած է իր ամբողջ էութիւնը եւ անոր պարտական է իր բոլոր յատկութիւնները:
Բոլոր մայրերու նման. Կարսն ալ անծանօթ կը մնայ, թէեւ ան եղած է մայրը յեղափոխական դաստիարակութեան, անոր գորովագութ ծնողը, որ իր ամէն ինչը նուիրած է բոլոր հայերուն` անխտիր կերպով:
Թո՛ղ օրհնեալ լինին Յովսէփ Տէր Դաւթեանը եւ Համօ Օհանջանեանը, որոնք ինձ ըսին` «Մինչեւ որ Կարսի ջուրը չը խմես, օդը չը շնչես եւ ժողովրդի բարքերը չը մարսես, ոչ մի տեղ չը գնաս»: Եւ ինձ տոմս մը տալով` նախ ճամբեցին Կարս, որ վարժուիմ հոն եղած մթնոլորտին: Ես այդ ըրի, եւ տեսայ որ հայութեան մայրը Կարսն է: Եւ եթէ ինձ հարցնէք, թէ որո՞ւ զաւակն ես, ես չեմ սխալիր երբ ձեզի ըսեմ թէ Կարսի մանչն եմ, թէկուզ ես հոս ծնուած չեմ:
Կարսի զաւակներն են բոլոր անոնք, որոնք անոր հողերով անցած եւ անոր ջրերը խմած են: Իսկ եթէ չեն խմած, միեւնոյնն է, Կարսը մամիկ մըն է, որ բոլոր հայերը իր հարազատ զաւակը կը համարէ, թէկուզ զանոնք տեսած չը լինի: Կարսը անոնց անխտիր կ’օգնէ, անոնց համար կը ցաւի, կ’ուրախանայ, թէկուզ ոչ ոքի ուշադրութիւն չգրաւէ:
Կարսը իր շրջաններով նստած էր Երկիր տանող ճանապարհներուն վրայ: Անոր փէշերուն տակէն էր որ կարելի էր գնալ Բագրեւանդ, Էրզրումի շրջանները, Խնուս եւ Ախլաթ, Հարք եւ Ապահունիք, Հեռաւոր Քաջբերունիք եւ Տմորիք, Վարդօ, Տարօն եւ լեռներու մէջ կորած Սասնոյ աշխարհն ու աւելի հեռուները, մէկ խօսքով՝ ամբողջ Բարձր Հայքը եւ Հայաստանի կեդրոնը: Կարսը հիւսիսային եւ հարաւային Հայաստանի օղակն ու բանալին էր:
Անոր բերած օգուտները հետեւեալներն էին Երկրի համար.
1.– Ստեղծած էր իր ծոցին մէջ այնպիսի նահապետական եւ ազգային մթնոլորտ մը, որ ամէն մէկ հայ, անկախ իր ծագումէն եւ դասէն, իրեն հարազատ ընտանիքի մը մէջ կը զգար, կը մոռնար իր հատուածական, հայրենակցական նեղ եւ վնասաբեր զգացմունքները եւ կը տոչորուէր ընդհանուր հայութեան ուրախութեամբ ու վշտով: Իր գոյքն ու արիւնը չէր խնայեր անոր ինքնուրոյնութեան ու ազատութեան համար: Հոն բարոյապէս կը մեռնէին այն բոլորը, որոնք իրենց եսականութեամբ եւ օտարամոլութեամբ արգելք կը հանդիսանային հայութեան դատի լուծմանը:
Տեսանք, որ այդ նպատակին հասած էր Կարսի շրջանը իր ինքնավար յեղափոխական ներքին կառավարութեամբ: Եւ այդ հոգեբանութիւնը ան կ’արտահանէր Երկիր եւ հիւսիսային Հայաստան:
2.— Իբրեւ կայան հիւսիսային եւ հարաւային Հայաստաններու, կը խրախուսէր եւ ամէն ինչով կ’օժանդակէր բոլոր այն մտաւորական եւ ոչ-մտաւորական անհատներու, որոնք մէկ կողմէն միւս կողմը կ’անցնէին՝ ազատութիւնը կերտելու նպատակով: Բոլոր գործիչները եւ մարտիկները որոնք նահատակուած են միջին Հայաստանի մէջ, մեռած են երախտագիտութեան զգացմունքով դէպի Կարսը՝ իրենց հետ տանելով անոր գորովը եւ խրախուսանքը: Արաբօն, Դերսիմի Քեռին, Սոխորտի Սերոբը, Ռոստոմը, Հրայրը, Ժիրայրը, Սասնոյ Մուրատը, ո՛ր մէկը յիշեմ, ամէնքը Կարսի ջուրը խմած են եւ անոր ժողովրդի ոգիէն բան մը սորված ու իրենց հետ տարած:
Կարսը, դրանով ալ չբաւականանալով, Վան է ճամբած իր հարազատ զաւակներէն Պետօն, որ սկիզբն է դրած Դաշնակցութեան: Քանի մը անգամ ճամբած է Սասուն Ջալլաթը եւ Տուրբախը, որոնք ժամանակին ժողովրդական դէմքեր էին եւ Կարսի մտայնութիւնը տարածողներ: Ճամբած է եւ ուրիշներ, ինչպէս Մալոյեանը եւ Շաւրօն, որոնք իրենց նպատակին չհասած՝ սահմաններու վրայ սառած կամ սպաննուած են: Բայց այդ չէր վհատեցուցած կարսեցին: «Կուժը ջրի ճամբան կը կոտրուի» ըսելով՝ ան մխիթարուեր էր եւ նահատակներու թիւը բազմպատկեր:
3.– Ապաստարան կուտար ազգի համար տառապողներուն, փախստականներուն, յոգնած մարտիկներուն, ջարդերէն փախած բազմութիւններուն: Բայց այդ ապաստանարան տալը չէր նկատեր իբր մէկ շնորհ, իբր ազգային ծառայութիւն մը հանդէպ աղէտեալներուն, այլ իբր անոնց բնական իրաւունքը, ինչպէս բնական իրաւունքն է յոգնածներու եւ վիրաւորներու համար՝ իրենց տունը վերադառնալը եւ իրենց մայրիկի խնամքին ենթարկուիլը: Կարս եկողները ինքզինքնին ոչ «գաղթական» եւ ոչ ալ օտարական կը զգային: Այդպիսի բան ես ոչ մէկ ուրիշ տեղ հանդիպած եմ, բացի Տարօնի աշխարհէն: 1894-96-ի կոտորածէն փախած շուրջ 25,000 հայութիւնը ապաստան էր գտած Կարսի շրջանի մէջ, հակառակ թուրք եւ ռուս իշխանութեանց հալածանքներուն: Նորեկները կը պաշտպանուէին եւ կը խնամուէին Կարսի հայերուն կողմէ իբրեւ իրենց հաւասար իրաւատէր աշխատողներ:
4.– Կարսի շրջանն ունէր նաեւ հետեւեալ հոգեբանութիւնը.– Երկիրը առաջին վտանգի տակ է: Զայն պէտք է ազատագրել: Ազատութիւնը, ապահովութիւնը չի տրուիր, եթէ դու ոյժ չունիս: Ոյժը չի կարող ստեղծուիլ, քանի դու կատարելագործուած զէնք չունիս: Ուրեմն, նախ՝ զէնք պէտք է ձեռք բերել: Երկրորդ՝ ձեռք բերուած զէնքը պէտք է հասցնել բոլոր անոնց, որոնք կը կռուին Երկրի մէջ: Եւ երրորդ՝ պէտք է պատրաստել զինական խմբեր եւ հասցնել զանոնք կռուողներու օգնութեան: