Ադոյանի Չարենցը. Եղիշե Չարենցի ու Աղասի Խանջյանի մի մոռացված զրույցի մասին

 

Դեռ 1961 թվականին Ադո Ադոյանը հոդված է պատրաստում՝ նվիրված Աղասի Խանջյանի ծննդյան 60-ամյակին: Չգիտենք, արդյոք հենց նույն թվականին հոդվածը տպագրվում է, թե` ոչ, սակայն քսան տարի անց այդ նույն հոդվածը տպագրվում է Գարուն ամսագրում՝ որոշակի կրճատումներով և փոփոխություններով (տե՛ս Ադո Ադոյան, «Անձնազոհ գաղափարականը», Գարուն, հոկտեմբեր 1980 թիվ):

Ներկա վավերագրի մի հատվածը վերոնշյալ հոդվածի մեկ այլ` չտպագրված տարբերակն է, որտեղ ներկայացվում է Եղիշե Չարենցի և Աղասի Խանջյանի անմիջական զրույցը, որին ներկա էր նաև Ադո Ադոյանը: Զրույցը կապված էր Չարենցի Գիրք ճանապարհի գրքույկում տեղ գտած «Պատմության քառուղիների»  ճակատագրի թելերին, որոնք հյուսվեցին 1932 թվականից և հատկապես խճճվեցին 1933 թվականին: Այդ գրքի շուրջ հատկապես ծավալվեցին ազգայնականության մեղադրանքները` ուղղված Չարենցի և նրա ընկերների` մասնավորապես  լուսավորության ժողովրդական կոմիսար Ներսիկ Ստեփանյանի «խմբի» դեմ:

Ներկայացվող հատվածում Խանջյանը հորդորում է Չարենցին վերանայել «Պատմության քառուղիների» նիհիլիզմը,  չփորձել հայ հոգևորականությանը և ազնվականությանը անմասն թողնել հայկական մշակույթի կերտման գործից և կրկին վերանայել հայ պատմիչներին` այդ հակասությունը շտկելու համար: Այս հորդորները Խանջյանը անում է այն ժամանակ, երբ արդեն  պախարակում էին «ազգայնական» թեքումով գրական ստեղծագործությունները: Այդ ընթացքն է՛լ ավելի է խորանում, երբ գրող Մկրտիչ Արմենը 1933 թվականի ապրիլին Գրական թերթում տպագրում է «Չարենցի և հարակից խնդիրների մասին» աղմկահարույց հոդվածը: Չարենցը, ըստ հեղինակի, ներկայացնում է հայ գրականության ազգային հատկանիշների խտացված դիրքորոշումը:

Խանջյանը կանխազգում էր ազգային հատկանիշների տարրալուծման վտանգը և նաև հենց այդ պատճառով էր անհանգիստ զրույցի ժամանակ: Նա ցանկանում էր և´ փրկել Չարենցին վերահաս վտանգից, և´ միաժամանակ պահպանել ազգային միասնության գաղափարը գրական երկերում, մասնավորապես «Պատմության քառուղիներում»:

 Բայց արդեն  1933 թվականի նոյեմբեր 14- ին ՀԿ(բ) կ Կենտկոմը Աղասի Խանջյանի բացակայությամբ որոշում է ընդունում «Հայպետհրատի արտադրանքի իդեոլոգիական անկայունության մասին»։ Ըստ այդմ որոշվում է  արգելել Չարենցի Գիրք ճանապարհիի հրապարակումը և հեռացնել Չարենցին պետհրատի գեղարվեստական սեկտորի վարիչի պաշտոնից:  Ադոյանը մեկնում է Գագրա՝ Խանջյանին շուտափույթ վերադարձնելու համար, և Չարենցին վերականգնում են իր պաշտոնում, իսկ Գիրք ճանապարհին տպագրվում է` ենթարկվելով սակայն լուրջ փոփոխությունների:

Խանջյանի և Չարենցի այս զրույցի բացահայտումը նոր լույս է սփռում Խանջյանի և գրողների փոխհարաբերության վրա, որոնք պտտվում էին ազգային խնդիրների և հատկանիշների վեր հանման և պահպանման շուրջ: Եվ Խանջյանը մեղադրում էր Չարենցին ոչ թե նացիոնալիզմի մեջ, ինչպես  ներկայացնում էին պաշտոնական լրահոսում, այլ  փորձում էր Չարենցին համոզել չկասկածել հայ ժողովրդի ստեղծած արժեքների կայունության վրա, որոնք կերտել են հանրության բոլոր խավերը: Այս տեսակետն էին կիսում  նաև Ներսիկ Ստեփանյանը և Ակսել Բակունցը, որոնք և խնդրագիր գրեցին Ստալինին` Չարենցի գրքի արգելքի դեմ բողոքելով: Գիրք ճանապարհի շուրջ ծավալված  նրանց ազգային ընդվզումներն էին պատճառը, որ Ստալինը իր մաքրումները Հայաստանում սկսեց հենց իրենցից:

Իսկ որ այդ ընդվզումները արդեն շիկացած էին, կարելի է հասկանալ Ադոյանի` իր հոդվածում արդեն հայտնի զրույցի վերաբերյալ իր կարծիքից: Այդ զրույցի թեման նա կապում է «հայ ժողովրդի հոգևոր արժույթների, պատմության, հասարակական-քաղաքական հոսանքների պատմական ընթացքի, ազգային-ազատագրական շարժման ողբերգական ելևէջների» հետ, որոնք հատկապես այժմեական էին ցեղասպանությունը վերապրածների մոտ:

Հրապարակվում է ըստ` ՀԱԱ, Ֆ.1304, ց.89, գ.17, թթ. 38-43:

 

Մեր Աղասին

(հատված)

 

1933 թ. աշնանն էր, կիրակի օր: Մոտենում եմ զանգող հեռախոսին: Աղասի Խանջյանի ձայնն է:

– Ողջո´ւյն:

– Ողջո´ւյն, ընկեր Խանջյան:

-Տանն ամեն ինչ կարգի՞ն է:

-Այո,- պատասխանում եմ:

-Դե, որ այդպես է, կանչիր ավտոմեքենան, գնա Եղիշեին տնից վերցրու ու եկեք ինձ մոտ:  Ես նրան ասել եմ:

Նրա կարգադրությունը կատարեցի և Չարենցի հետ մեկնեցինք Դիլիջան, ուր նա հանգստանում և բուժվում էր:

Հասանք Խանջյանի տնակը, որը Դիլիջանի սանատորիայի ետևի ձորակումն էր:

Բարևելով, նա ժպտադեմ հրավիրեց մեզ նստել հասարակ մի սեղանի շուրջը եղած ամենասովորական աթոռների վրա:

– Ռոզա՛,- ասաց նա կնոջը,- հյուրասիրենք ընկերներին մեր լավ դոլմայով:

– Ճանապարհին չհոգնեցի՞ր, Եղիշե,- հարցրեց Խանջյանը: Ադոյին չեմ հարցնում, որովհետև նա մարզված է, զորս պատվիրեցիր:

– Չեմ հոգնել, Աղասի, մեքենան կարծես թե սողում էր ու ամենևին չէր ցնցում: Սակայն վտանգավոր արագընթաց էր:

Չարենցը Ռոզային խնդրեց մի քիչ լավաշ բերել մեզ: Նա բերեց և մենք Խանջյանի մոր ուղարկած դոլման անուշ արինք, վերջում սառը թան խմեցինք: Խանջյանը ոգելից ոչինչ չէր խմում:

Այժմ Խանջյանին հետաքրքրում էր Սովետական գրողների միության համագումարի նիստերից մեկում, Դ. Սիմոնյանի ելույթ-հերքումը Գաբրիել Սունդուկյանի վերաբերյալ: Մոտ մեկ ժամ Եղիշեն պատմեց համագումարի ընթացքի մասին, շեշտելով.

– Աղասի, քո հեռագիրը ժամանակին հասավ և Դրաստամատին նեցուկ դարձավ: Թե ոչ, մենք փոքր-ինչ շփոթվեցինք:

– Ձեր ելույթները բավականին հաջող էին և արդիական,- ասաց Խանջյանը Չարենցին:

Խոսքը մեր գրողների պատգամավորության ղեկավար Դ. Սիմոնյանի, Ե. Չարենցի ու Ա. Բակունցի համագումարում ունեցած ելույթների մասին էր: Երևում էր, որ Խանջյանը հոգեպես անդորր վիճակում չէր: Նա վերցնելով իր գավազանը, առաջարկեց մեզ զբոսնել: Բռնեցինք Իջևան տանող ճանապարհը: Մի քանի րոպե անց նա կանգ առավ ու հարցրեց:

– Ադո´, չմոռացա՞ր բանաձևի նախագիծը բերել:

– Ոչ, ընկեր Խանջյան, բերել եմ՝ հինգ էջ ծավալով, թողեցի ձեր փոքրիկ սեղանի վրա:

– Գալիք տարվա գեղարվեստական գրականության հրատարակման պլանը կազմեցի՞ք, Եղիշե:

– Այո,- ասաց Չարենցը և հատկապես արծարծեց կլասիկների ու սովետահայ առաջավոր գրողների տպագրվելիք երկերի հարցը:

Բավականին հեռացել էինք Խանջյանի «ամառանոցից», երբ նա դուրս գալով ճանապարհից, ասաց.

– Եկեք մեր զրույցը շարունակենք այն սալաքարի վրա, ուր ես կապույտ երկնքի անհունին նայելով, հաճախ եմ հանգստանում: Դե´հ, նստե´ք տեսնենք:

– Թանկագին Եղիշե, տրամադիր չե՞ս շարունակելու մեր վաղուց ընդհատված բանավեճը «Պատմության քառուղիներով» երկի մասին:

– Ինչու չէ՞, Աղասի, ես լավ հիշում եմ քո առարկությունները և փաստարկումները: Քո դրույթի առանցքն այն է, որ ես իբր դեռ ձերբազերված չեմ (այս երկում) նիհիլիզմի ազդեցությունից: Մինչդեռ, ոչ ոք չի կարող հերքել, որ ցարդ և ոչ մի հայ պոետ ինձ չափ և դասակարգային առումով, չի մարմնավորել մեր ժողովրդի ստեղծագործական անցյալը: Ճիշտ չէ՞:

– Այդ առումով, դու անտարակույս իրավ ես: Սակայն հարցի էությունն այն է, որ խնդրո առարկա քո «Պատմության քառուղիներով»-ի էջերն ակներև հակասալի են: Եվ մերկախոս չլինելու նկատառումով,- ասաց Խանջյանը,- խնդրում եմ կարդաս եզրահանգումը:

Մելամաղձոտ ու մեղմիվ ձայնով՝ Չարենցը կարդաց.

-Եվ այսպես-պատմության քառուղիներով
Անցել ենք մենք անղեկ ու անգաղափար,
Շառագունված անվերջ ուրիշների հրով,-
Եվ մեր ճանապարհը անփայլ
Եղել է ճանապարհ ունայնության, մահի-
Եվ չենք կարող այսօր ձեզ մեծարել,
Օ՜, նախնիներ մեր խեղճ, առաջնորդներ մեր հին,-
Մեր պատմություն անդեմք ու անհանճարեղ…
Ահավասիկ ելած ձեր աներազ քնից
Նզովում ենք մենք ձեր եղկությունը մթար-
Օ՜, կերտողներ չնչին մեր անհանճար հնի
Եվ հերոսներ անքանքար  մեր պատմության…
Մոլորակի վրա այս խայտաբղետ,
Աշխարհի սկզբից մինչև վախճանը
Երևի առաջին ժողովուրդն ենք մենք,
Որ կամենանք անգամ-դավաճանել
Անկարող ենք փառքին մեր ու պատմությանն անցած,-
Որ կանգնած ենք ահա ապագայի հանդեպ
Զարմանալի թեթև, զարմանալի անդեմ՝,
Մերկության պես տկլոր ու անանցյալ… (Ե.Չարենց, Երկերի ժողովածու, հ.4, էջ 212-213):

– Ըստ իս, – ասաց Խանջյանը,- տվյալ եզրակացությունը շատ է հոռի, ծայրահեղ միակողմանի ու անիրական: Քո ընթերցողը կարող է ասել, թե ըստ Չարենցի, մեր ժողովուրդը միշտ ընթացել է «անղեկ ու անառագաստ, անգաղափար, անվերջ այլոց հրով լուսավորված»: Քո անփոփոխ մտքի համաձայն, աշխարհում մենք միակ ժողովուրդն ենք, 

«Որ կանգնած ենք ահա ապագայի հանդեպ
Զարմանալի թեթև, զարմանալի անդեմ՝…»:

– Սա քո ինքնատիպ և լուսավառ ճանապարհի վրա խավար ստվեր է:  Քո երկերում քանիցս գրել ես, թե հայ ժողովուրդը «եղել է հանճարեղ», «կառուցող», «խոր խավարում արև է երազել», նա «երգել է իր ռամկական հանգով իր խոհերն արդար ու վսեմ»: Ահա քո իսկ դրվատած հանճարեղ ժողովուրդն իր ստեղծած հեքիաթում հանճարեղ, անգամ ունեցել է «իր ապագա կյանքի գաղափարը կարմիր»:

Այս ճշմարիտ մտքերը, սիրելի Եղիշե, ներհակ են քո ընդհանրացմանը և մանավանդ՝ պատմական իրականությանը: Ինչո՞ւ պնդենք, որ հայ ազնվականությունն ու հոգևորականությունը ևս, ինչպես այլ ժողովուրդների կյանքում է եղել, քո դրվատած «ճարտար ճորտերից» բացի, ոչ մի հոգևոր գանձ չեն ներդրել ժողովրդի ձեռքով կերտված տաճարներում: Հայոց պատմությունը մեզ հիմքեր չի տալիս ժխտելու, որ «հոգու սրբազան վաստակը» հատուկ է և ժողովրդի վերնախավին, որն ունեցել է և´ «դեմք, և´ գաղափարներ», ինչպես այլ ժողովուրդները:

– Ցավոք,- ասաց Խանջյանը,- քո «Պատմության քառուղիներով»-ի բացասական գույները շատ են խտացված ու հասցված ինքնաժխտման: Չես գտնու՞մ որ ժխտման օրենքն այս դեպքում ոչ թե ստեղծարար, այլ լոկ տիկ-տկլոր բացասում է:

– Մտածել է պետք, Աղասի, որոշ պատմաբանների հետ վերստին զրուցել է հարկավոր, թեկուզ և Խորենացու, Փարպեցու, Ագաթանգեղոսի, Կողբացու, Եղիշեի, Գանձակեցու և այլոց հետ:

– Այո, դու մեթոդոլոգիան ունես, իսկ այդ պահանջում է համակողմանի վերառնել զննվող ու վերստեղծվող իրողությունները, որոնք հաճախ շատ են բարդ ու դժվար հասկանալի: Ինքդ լավ գիտես, որ «սուրբ վաստակը» ծովացած նյութերից քամված բան է, որը համեմատաբար մնայուն է: Կցանկանամ, որ քո հասուն և սքանչելի գործերում ոչ մի շիթ չմնա «Երեք»-ի դեկլարացիայից: Համոզված եմ, որ իմ առարկություններից երբևէ չես եզրակացնի, որ ես հակված եմ ՌԱՊՊ-ական դիրքերից քեզ քննադատողներին հարելու: Քա՛վ լիցի: Հայ ժողովրդի դրսևորած արարչական մեծագործությունները՝ կառուցողական, գրական, նկարչական, գիտական-իմաստասիրական, տիպիկ ժողովրդական երկերում մասնակցել է մեր ողջ հանրությունը,-ավարտեց Խանջյանը:

Մայրամուտի շողերը վառ լուսավորում էին Դիլիջանի անտառի արդեն դեղնած երբեմնի կանաչ կատարները: Աղասի Խանջյանը մեզ հրավիրեց թեյելու իր տնակում: Կես ժամ անց մենք ուղևորվեցինք Երևան: Երբ Դիլիջանի գալարուղիներից վեր ելանք, Չարենցն ասաց.

– Ա´յ տղա, էս մեր Աղասին շատ մանրազնին ուսումնասիրում է հայոց թե´ գրականությունը, թե´ պատմությունը: Տեսա՞ր գրասեղանին Լենինի 9-րդ ժողովածուն, Գերցենի հատորը, Արիստակես Լաստիվերցու, Լեո-ի «Անցյալից»-ը և «Խոջայական կապիտալ»-ը: Հա, երբ մոտեցանք ավտոյին, ինչու՞ ասաց՝ կգաս, կգնանք միասին, ուզում եմ երկրորդ անգամ տեսնել: Ի՞նչն էր ուզում երկրորդ անգամ տեսնել,- հարցրեց Չարենցը:

– Հաղարծինը, -ասացի ես: Մի ամիս առաջ ինձ կշտամբեց, որ այդ ճարտարապետական հոյակապ կոթողը չեմ տեսել: Խոսքն այդ մասին էր:

– Ա´յ տղա, թե մեկնես, զանգահարիր, գնանք միասին,-ասաց Չարենցը:

Սակայն դա չիրականացավ, քանզի կուսակցական կյանքում լուրջ իրադարձություններ եղան, երբ Խանջյանն ստիպված էր ընդհատել ապաքինումը և Երևան վերադառնալ: Նրա բուժումը կամ հանգիստը հաճախ է ընդհատվել մանավանդ իր մահվանը նախորդող երեք տարիներին:

Ահա մի օրինակ այն բանի, թե ինչպես էին գործում Խանջյանին «օգնող» որոշ ղեկավար գործիչներ, ովքեր բոլորովին անիրազեկ էին հայ ժողովրդի հոգևոր արժույթներին, պատմությանը, հասարակական-քաղաքական հոսանքների պատմական ընթացքին, ազգային-ազատագրական շարժման ողբերգական ելևէջներին ու վախճանին: Այդ մարդիկ ոչ մի գաղափար չունեին հայ ժողովրդի անցյալի կտրած ճանապարհի վերաբերյալ: Նրանց ուղեղում իշխում էր այն խղճուկ «հասկացությունը», որ ինչ ազգային է` ազգայնական է: Բայց իրենք ծնված էին հայ ընտանիքներում: