«Թշվառ հավասարությունն» ու բանվորի շահագործումը. կանանց կրթության շուրջ Գալուստ Տեր-Մկրտչյանի մտորումները

 

1881 թվականին նախկին ճեմարանական և ապագա հայտնի հայագետ Գալուստ Տեր-Մկրտչյանը (Միաբան) համայնքային միջոցներով ուղևորվում է Ֆրանսիա՝ սովորելու Փարիզի քաղաքական գիտությունների ազատ դպրոցում։ Գիտնականի այս փորձառության և ուսանողական շրջանում իրեն զբաղեցրած մտքերի մասին մեզ պատմող քիչ աղբյուրներից է 1882-ին Մեղու Հայաստանի պարբերականին Փարիզից գրած իր նամակ-թղթակցությունների շարքը։ Ուսանողի երկու տասնյակից ավելի հրապարակումների նյութը ձգվում է Փարիզի անցուդարձից, ուսանողական միությունների աշխատանքից, Դարվինի ու Գարիբալդիի մասին ակնարկներից մինչև տաճկահայերի ճակատագրի ու կովկասի ժողովուրդների տնտեսական վիճակի քննարկումները։ Այս շարքում կարևոր տեղ ունեն երեք մասով հրապարակված իր առաջարկությունները նույն տարում անցկացվելիք Թիֆլիսի ընդհանուր ուսուցչական ժողովին։ Ներկա վավերագիրն այս նյութին վերաբերող վերջին հոդվածն է, որտեղ ուսանողը ներկայացնում է իր մոտեցումը կանանց կրթության՝ դարավերջին հայ մամուլում լայն քննարկումների նյութ դարձած հարցի մասին։

Մինչ Եվրոպա ուսումնառության մեկնելը՝ 1879-1881 թվականներին, Տեր-Մկրտչյանն ուսուցչություն էր արել Շամախու և Ախալցխայի դպրոցներում։ Այս փորձի արդյունքն է Ռուսահայաստանում կրթության վիճակը ներսից իմացողի այն հայացքը, որով ուսանողն իր առաջարկներով մոտենում է ուսուցչական ժողովին։ Ուսուցչական գործունեության նույն շրջանում էր նաև, որ ապագա հոգևորականն անդամակցում էր Թիֆլիսում գործող և նարոդնիկական գաղափարներով տոգորված մի փոքրիկ ինքնազարգացողական հայկական խմբակի։ Սոցիալիզմի նարոդնիկական ըմբռնումը խոր ազդեցություն է թողել Տեր-Մկրտչյանի վրա, որը հատկապես վառ արտահայտված է կանանց կրթության հարցի շուրջ նրա դիրքորոշման մեջ։ Այստեղ հոդվածագիրը հստակ ձևակերպում է աղջիկների կրթության վերաբերյալ իր  դիտակետն ու կապում այն ժողովրդի տնտեսական վիճակի շուրջ նախորդ հրապարակումներում արտահայտած մտորումներին։ Փոքր ժողովուրդների զորացման նարոդնիկական եղանակն է, որ հիմք է տալիս Տեր-Մկրտչյանին երևակայելու, թե դրամատիրական համակարգի մուտքը Կովկաս հնարավոր է կանգնեցնել և նպատակադիր գործունեությամբ փոխել դրա զարգացման հունն այս տարածաշրջանում։ «Դրամատիրական սիստեմի»՝ ըստ էության անխուսափելի առաջընթացին հանդիման գրական իր ջանքերով պայքարող ուսանողի ընդհանուր այս տեսլականում է դիտելի և կանանց հարցը։ 

Կանանց և տղամարդկանց թմբկահարվող հավասարությունը «թշվառ» է երևում ուսանողին, քանի որ խոսքով ընդունվելուց հետո իրական կյանքում՝ գործարանում պարզ շահագործման ևս մեկ լծակի է վերածվում։ Ծանր ֆիզիկական աշխատանքում տղամարդուց ավելի պակաս հմտություններ և ուժ ունեցող կանանց մուտքն աշխատաշուկա, ավելացնելով աշխատուժի մրցակցությունն իբրև ավելի ցածր՝ կես գնով աշխատողներ, ըստ Տեր-Մկրտչյանի, կնշանակեր ընդհանուր բանվորության օրավարձի իջեցում։ Այս վիճակը հոդվածագրի համար նախ և առաջ իր ազդեցությունն էր թողնելու ընտանիքի մթնոլորտի վրա, որի խաղաղությունն ու հանգստավետությունը նա նույնպես կապում է տնտեսական պայմանների հետ։ Ապագա հայագետի հայացքում ուշագրավն իրերի առկա դրությունը լուրջ ընդունելու, իր իմացած կյանքը ոչ թե գաղափարական չափանիշին ենթարկեցնելու, այլ եղածի հետ հնարավորն անելու մոտեցումն է։ Այստեղ ասելիքը չի ավարտվում ակնհայտ անարդարությունը բարոյապես ձաղկելով։ Անարդարությունն ընդունվում է իբրև ելակետ, որի գործնական դարմանը գերադասվում է զուտ խոսքով հաստատվող «թշվառ հավասարութիւնից»։ 

Հրապարակվում է ըստ՝ Տ. Ս., «10 (23) օգոստոսի. (Թղթակցութիւն «Մեղու Հայաստանի» լրագրի)», Մեղու Հայաստանի, 1882, թիվ 91։ Ներկա հրապարակման վերնագիը տեքստը բացող նախադասության առաջին հատվածն է։ Գալուստ Տեր-Մկրտչյանի հայրական ազգանունն է Տեր-Սարգսյան, որի սկզբնատառերով՝ «Տ.Ս.»,  գիտնականը ստորագրել է 1882 թվականին Մեղու Հայաստանում հրապարակած իր բոլոր հոդվածները։ 

 

Կինը իբրև մայր պէտք է ազատ լինի 

Կինը իբրև մայր պէտք է ազատ լինի կոպիտ աշխատանքներից, ընկճող վաստակից և այդ իրաւանց յափշտակութիւն չէ, ընդհակառակն դա մի արտօնութիւն է, որ այր մարդիկ տալիս են կանանց, որովհետև բնութիւնն էլ է շնորհել այդ արտօնութիւնը։ Եւ մեր աղջկանց դպրոցները ոչ մի պատճառանքով չը պէտք է համարձակուին հեռանալ այդ տեսակէտից. նրանց սանուհիներից ամենամեծ մասը մայրացուներ են և պատրաստվում են հայկական ընտանիքի համար։

Ամուսնական օրէնքների յարմարութիւնները կամ անյարմարութիւնները ուսումնարանական գործին ուղղակի չեն վերաբերում, թէև կապուին սորա հետ, ուստի և նրանց մասին առ այժմ լռում ենք։ Իսկ թէ կինը անպատճառ կօշկակարութիւն պէտք է գիտենայ ազատ լինելու համար, մենք թէև միջնադարեան համարուինք, այդ չենք կարող ընդունել։ Նոյն իսկ կոշկակարութիւն գիտցող այր մարդը, ոչ թէ անկախ չէ, այլ գտնվում է, ինչպէս և միւս բոլոր բանւորները, մի տեսակ տնտեսական ստրկութեան մէջ։

Մենք մի երկու անգամ առիթ ենք ունեցել թէև ոչ ամբողջապէս, գոնէ կիսատ կրճատ կերպով մեր տնտեսական կարծիքների մասին խօսել հասարակութեան հետ։ Մենք ցոյց ենք տուել այդ յօդուածներում տնտեսական մեծ շարժումների հակառակ ընթացքը, երկրի և հասարակութեան հարստութիւնների տարբերութիւնը։ Մատնանիշ ենք եղել դրամատիրական և անձնական սիստէմների վատ և լաւ կողմերի վերայ և թէ ինչպէս առաջինը յաղթում և փոխարինում է երկրորդին։ Վերջապէս ակնարկել ենք մի երրորդ սիստէմի, որն իւր մէջ ամփոփելու է դրամատիրական և անձնական սիստէմների միմիայն լաւ կողմերը, պահելով առաջին սիստէմի ձևը գործի ժամանակ, երկրորդի ձևը – աշխատանքը (արդիւնքը) բաժանելիս։ Հէնց այդ երրորդ սիստէմն է, որ երկրի երկու տեսակ հարստութիւնների հակառակ ընթացքը հաշտեցնելու է։

Այս բոլորից յետոյ զարմանալի չէ, որ բացի ուրիշ դիտումերից, մենք աղջկանց արհեստանոցների վերայ նայում ենք հէնց գլխաւորապէս տնտեսական կէտից։

Այժմեան հանգամանքներում, երբ աշխատանքից գոյացած զուտ արդիւնքը պատկանում է սակավաթիւ դրամատէրներին, կանանց մարդկանց դժուար աշխատանքներին մասնակցելը ոչ միայն չը պէտք է թեթևացնէ հասարակութեան տնտեսական վիճակը, այլ վատթարացնէ։ Մենք այդ կ’ապացուցանենք։ Գոնէ լուսաւորեալ աշխարհի պատմութիւնը այդ ապացուցել է մինչև այսօր անհերքելի փաստերով։

Կանանցից ո՞րոնք արդեօք այր մարդկանց դժուար առնացի աշխատութիւնները բաժանելու ցանկացողները պիտի լինին, արհամարհելով իւրեանց կազմուածքի ֆիզիքական քնքոյշ կողմերը (մայրութիւն, յղութիւն, ստնտուութիւն և այլն)։ Ի հարկէ ոչ նրանք, որոնք ապահովուած են նիւթապէս, ոչ նրանք, որոնք ընտանիք կառավարողներ են, վարժուհիներ և ուրիշ կանացի՝ թեթև աշխատանքներով պարապողներ թէ՛ ընտանիքում և թէ՛ ընտանիքից դուրս, ոչ գիւղացի կանայք, որոնք բացի տնտիկիններ և մայրեր լինելուց, յաճախ մասնակցում են նաև դաշտային պարապմունքներին։[1]Այսուամենայնիւ ոչ հաւասարապէս այր մարդկանց հետ։ Հնձում են, օրինակ, այր մարդիկ, փոցխում են կանայք, սայլերը որայով բարձում են մարդիկ, արտը հաց տանում կանայք և այլն։ Ո՛չ, այդ նոր կանայքը լինելու են մի նոր դասակարգ բանւորների, արհեստաւորների, որոնք մրցելու են այր մարդուն հետ ամեն մի ասպարիզում, թերևս իւրեանց հաւասարութիւնը ապացուցանելու համար։

Դժբաղդաբար այդ թշուառ հաւասարութիւնը, որ ընդունվում է խօսքերով՝ գործարանում, իրական կեանքում, վարձատրութեան ժամանակ, գնահատվում է կէս գնով, երբեմն էլ աւելի պակաս։ Ինչու՞ նուխեցի թել մանող բանւորը ստանում է ամսական 15-25 ռ. մինչդեռ շուշեցի բանւորուհին 7-12 ռ., (կէսից պակաս)։ Ինչու՞ ձեր տան աղախինը սպասաւորի կէս ռոճիկովն է, մինչդեռ նրանից աւելի է աշխատում։ Գնահատութեան ժամանակ այդ թշուառ հաւասարութիւնը ցնդում է մառախուղի պէս։

Պարզ և համոզիչ օրինակ մեր առաջ գտնվում է Եւրօպան։ Այստեղ կայ արհեստաւոր կանանց այդ դասակարգը և կազմուած է մեծ մասամբ, եթէ ոչ ամբողջապէս, հողազուրկ գիւղացիների աղջիկներից և անյագ դրամատէրներին ծառայող բանւորների թշուառ ընտանիքից։ Այս դասակարգն է, որ մատակարարում է ներկուած, շպարուած կոկոտներին, Փարիզի կաֆէների զարդարանքներին, հասարակաց տների մսավաճառներին։ Փառք Աստուծոյ, Կովկասումն էլ դրանցից շատ ունիք և օրեցօր աւելի ունենալու գրաւական։ Եթէ արհեստներ գիտենային, հասարակաց տուն չէին մտնի կը պատասխանեն ինձ։ Հազար ներողութիւն։ Գեղեցիկ աղջիկների մեծամասնութիւնը օրական 10-12 ժամ դժուար և կիսավարձ աշխատանքին, խոնաւ և անլոյս նկուղներում ապրելուն ստիպուած է նախադասել մի քանի տարուայ, թէև կարճ, բայց հրապուրելի և տռփալից կեանքը։

Բարոյականութիւն, մանաւանդ աղքատների համար, կը պատասխանեն մեզ։

Դժբաղդաբար քաղցած փորը շատ անգամ մոռանում է բարոյականութիւնը։ Քաղցածը և մերկը ոչ թէ մարմինը, այլ գաղափարներն ու հաւատքն էլ կը ծախէ։ Բացառութիւն կազմողները իսկ որ բացառութիւն են։ Պոռնկութիւնը հաւատավաճառութիւնից, համոզմունքի կաշառուելուց ոչնչով չէ տարբերվում։

Գործարաններում, արհեստանոցներում, երկաթուղիների գծերի վերայ, զանազան խանութներում և հաշուէտներում ծառայող կանայք ոչ միայն չեն թեթևացնում այր մարդու աշխատանքը իւրեանց մասնակցութեամբ, ընտանիքի ապրուստ հայթհայթելը ոչ միայն չեն դիւրացնում, այլ ընդհակառակն մրցութիւն պատճառելով պակասեցնում են բոլոր բանւորների օրավարձը։

Առաջ երբ միայն ընտանիքի հայրն էր աշխատում և իւր վարձով կառավարում կինը, մի երկու որդիքը, երբեմն նաև ծերացած ծնողքը, այժմ ընտանիքի և հայրն է աշխատում և մայրը և երկուսի վարձը միասին չէ բաւականում ընտանիքին, որովհետև կինը աշխատութեան դիմելով, իբրև թոյլ արարած շատ պակաս պայմաններով յանձն է առնում աշխատել և անուղղակի կերպով ստիպում է այր մարդուն նոյնպէս ցած գնով աշխատել, աւելացնելով միայն դրամատիրոջ բէնէֆիսը։

Առաջ բանւորը տուն դառնալիս հանգստանում էր գոնէ օրուայ դառն աշխատանքից յետոյ ընտանիքի գրկում, որովհետև կինը տանն էր մնում և տնտեսութեամբ պարապում։ Մանուկները փափուկ հասակում գէթ խնամվում էին մօր քնքոյշ հոգածութեամբ, իսկ այժմ այդ ամենից և ոչ մէկը կայ։

Երեկոյան բանւորը, եթէ փող կայ, գնում է գինետուն։ Մայրը-բանւորուհին, եթէ դեռ թարմ է, մեծ քաջութիւն պէտք է ունենայ պատահած անցորդի թևը չ’ընկնելու համար, իսկ որդիքը հէնց որ օրէնքով թոյլատրուած տարիքը հասաւ, սալայատակի վարժարանից գնում են գործարանի ցուցակում գրուելու։ Լուսաւորեալ Փարիզում դեռ այսօր 8 հազար մանուկ կայ, որոնք ոչ մի վարժարան չեն յաճախում։

Վիճակագրութիւնը ցոյց է տալիս, կը պատասխանեն մեզ, որ բանւորների վարձը տարէցտարի աւելանում է, ուրեմն և սխալ է այն, որ բանւոր աղջիկների մրցութեամբ օրավարձը պակասում է։ Վիճակագրութիւնը նոյնպէս ցոյց է տալիս, կը պատասխանենք մենք, ապրուստի թանգանալը, անհրաժեշտ պիտոյքների գնի եռապատկուիլը, հնգապատկուիլը։ Չենք խօսում բնակարանների վարձի մասին, այդ հարցրէք տանտէրներին։ Միայն այս կը նկատենք, որ առանց համեմատութեան և բազմակողմանի բաղդատութեան վիճակագրութիւն չը կայ։ Եղածն էլ սխալ եզրակացութիւնների է հասցնում։

Անցեալ տարիները Թիֆլիզի լրագիրներից մի երկուսը Ռուսիայի թերթերից արտատպել էին, որ Սարատօվում (եթէ չեմ սխալվում) կանայք բացի միւս աշխատանքները սկսել էին բեռնակրութեամբ պարապել, շալակով փայտ կրել։ Խեղճութիւնը ամեն ինչ կ’ստիպէ անել և մեզանից ո՞վ ականատես չէ եղել աւելի տխուր տեսարանների։ Միայն ուշադրութեան արժանին այն էր, որ յիշեալ լրագիրները այդ դէպքը շնորհաւորել էին իբրև մի յառաջադիմական և օրինակելի գործ։

Ես իմ կողմից գոնէ չէի ցանկանալ, որ մայրս, քոյրս կամ կինս շալակով փայտ կրէին և այդ դէպքին ուրախացող պարոնները առաջինը չէին լինի, կարծեմ, իւրեանց պատուելի ընտանիքը հրապարակ ուղարկողները։

Բայց թողնենք այս բոլորը։  

Ես վերջացնում եմ առանց եզրակացնելու ասածներիս բոլոր հետևութիւնները։ Ինչ վերաբերում է հայոց դպրոցներին, մասնաւորապէս աղջկանց ուսումնարաններին նրանց ոչ միայն չը պէտք է ձգտին քանդել ընտանիքը, այլ ընդհակառակն, կարելի եղածին չափ նորա ամրութեան և հաստատութեան են ծառայելու։

Եթէ ճշմարիտ է, որ ոչինչ չը կայ անշարժ, կայուն, հաստատուն աշխարհիս վերայ և ամեն բան փոխվում է ժամանակի հետ, մենք կը ցանկանայինք, որ մեր մէջ գտնուած օգտակար կամ գէթ անվնաս կարգերն ու սովորութիւնները շատ դիմանային և ամենից ուշ տեղի տային ժամանակի կամ նորաձևութեան այդ հոսանքին։ Պ. Սպանդարի ասածի նման, վատ ժամանակներում ենք ապրում. ամեն բան ընդունել, որպէսզի յետադէմ չը համարուիլ, ամեն բան ընդունել, որովհետև ուրիշ տեղում այդ ընդունել են, ամեն բան ընդունել վերջապէս, միայն նրա համար, որ նոր է, այդ մեր գաղափարների շրջանից դուրս է սրտանց ցանկանում էինք, որ ընդհանուր ուսուցչական ժողովն էլ այդ շրջանակը չը թևակոխէր։

Ծանոթագրություններ

Ծանոթագրություններ
1 Այսուամենայնիւ ոչ հաւասարապէս այր մարդկանց հետ։ Հնձում են, օրինակ, այր մարդիկ, փոցխում են կանայք, սայլերը որայով բարձում են մարդիկ, արտը հաց տանում կանայք և այլն։